«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Չեմ կարող կանխատեսել քաղաքական ուժերի անելիքները»

«Չեմ կարող կանխատեսել քաղաքական ուժերի անելիքները»
30.10.2015 | 00:31

2016-ի պետբյուջեով աշխատավարձերի և թոշակների բարձրացում նախատեսված չէ, սակայն 15 մլրդ դրամով ավելացվել են սոցիալական ծախսերը։ Եթե աշխատավարձերի ու թոշակների բարձրացում նախատեսված չէ, ապա ինչի՞ վրա է ծախսվելու ավելացած 15 մլրդ դրամը։ Այս և բյուջեին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։

-Հարցը տեղին է, մինչ մանրամասնելը հիշեցնեմ, որ 2016-ի հունվարի 1-ից, ըստ նոր ծրագրի, բոլոր չաշխատող մայրերին յուրաքանչյուր ծննդաբերության համար հատկացվելու է 128 հազար դրամ։ Նվազագույն աշխատավարձի չափի բարձրացման դեպքում նախատեսված է, որ այդ գումարները ևս կավելանան, 2016-ի պետբյուջեով նախատեսված է 4 մլրդ դրամ հատկացնել այդ ուղղությամբ։ 9,5 մլրդ դրամ ավելանում է պետության կողմից տրվող կուտակային կենսաթոշակների 5 % մասնաբաժնի վրա, մյուս բոլոր գումարները փոփոխական են։
-Ինչ խոսք, ապագա սոցկարգավիճակի բարելավման համար կուտակային կենսաթոշակների ավելացումը կարևոր է, սակայն, մյուս կողմից, մարդն այսօր է ապրում և ունի սոցիալական լուրջ խնդիրներ։ Եթե սրան էլ գումարենք տնտեսական առկա ոչ բարվոք վիճակն ու գնաճը, ապա ինքնին հարց է առաջանում` որքանո՞վ 2016-ին կմեղմվի սոցբեռը։
-Եթե այսօր մեզ մոտ սոցիալական լուրջ խնդիրներ կան, դա չի նշանակում, թե պետությունը չի մտածում իր ժողովրդի վաղվա օրվա մասին։ Կուտակային կենսաթոշակային համակարգը, այո, միտված է ապագային, սակայն չմոռանանք, որ այսօր կուտակվող այդ գումարներն օգտագործվում են պետության ներսում, այսինքն, մի կողմից, նպատակային են ծախսվում` ուղղվում են տնտեսության զարգացմանը, մյուս կողմից, ապահովում են վաղվա բարձր կենսաթոշակը։ Այս առումով սիրում եմ մի օրինակ մեջբերել. երբ ուզում ես թռչնաբուծությունը զարգացնել, թխսի ձուն չպիտի ուտես։
-Այո, բայց կուտակայինի գումարները հավաքվում են մասնավոր ընկերություններում։
-Օրենքով սահմանված կարգով պետությունն այդ գումարները վերցնելու է։ Այնպես չէ, որ մասնավոր ընկերությունները կարող են կամայական մոտեցում ցուցաբերել։
-Պարոն Հակոբյան, վերջերս Դուք սոցիալական խնդիրների թեթևացման հարցում կարևորել էիք գյուղատնտեսության զարգացումը, ընդգծելով, որ այդ ուղղությամբ պետությունը զգալի ծրագրեր է իրականացնում։ Ինչ խոսք, գյուղատնտեսության զարգացումը և գյուղացու սոցիալական կարգավիճակի բարելավումը կարևոր են, բայց ի՞նչ անի քաղաքացին, եթե 2016-ին նրա եկամուտները չեն ավելանալու, ոչ էլ հող ունի մշակելու։
-Վերջին 5-7 տարիներին պետությունը զգալիորեն աջակցում է գյուղացիական տնտեսություններին ժամանակակից գյուղտեխնիկա և բարձրակարգ սերմացուներ ձեռք բերելու հարցում։ Երբ գյուղացին շատ բարիքներ է ստեղծում, բնականաբար, նա դուրս է գալիս աղքատության շեմից, մյուս կողմից, նրա ստեղծած բարիքի առատությունը նպաստում է շուկայում գների անկմանը, ինչն ուղղակիորեն բարձրացնում է մարդկանց գնողունակությունը։ Ինչ վերաբերում է քաղաքացիների եկամուտներին, այստեղ ևս նույն սկզբունքը պետք է գործի։ Քաղաքային համայնքների տնտեսական պոտենցիալը ճշտելով` պետք է աստիճանաբար նույն քաղաքականությունը տարածել քաղաքային համայնքների վրա։ Չկա այլ սկզբունք, քան այն, որ մարդը պետք է աշխատելով իր և հասարակության համար բարիք ստեղծի։ Ի դեպ, վերադառնալով Ձեր նախորդ հարցին` գնաճի պարագայում մարդկանց կենսամակարդակի նվազմանը, չեմ ժխտում, սակայն կնշեմ, որ գյուղատնտեսության զարգացմամբ պետությունը փորձում է կանխել հնարավոր դժվարությունները։ Բնական է, եթե ինֆլյացիա կա, և աշխատավարձերն ու թոշակներն ինչ-որ չափով չեն բարձրանում, կենսամակարդակը հնարավոր է նվազի։ Իսկ պետությունը պե՞տք է գնաճի հետևանքները փոխհատուցի։
-Պետությունը պետք է աշխատատեղեր ստեղծի։
-Այո, իմ ասած օրինակը գյուղատնտեսության զարգացման մասով հենց դրա ապացույցն է, իսկ քաղաքային համայնքներում յուրահատուկ մոտեցում է պահանջվում, որը ներառում է և՛ ներդրումներ, և՛ ձեռնարկությունների համատեղ աշխատանք, և՛ շուկաների զարգացում, և՛ այլ խնդիրներ։ Այդ բոլորը կառավարությունը փորձում է քայլ առ քայլ լուծել։ Կարծում եմ, եթե մենք լինենք համառ, նպատակային, ապա բոլոր հարցերը կլուծվեն։
Նկատի ունեմ քաղաքական ուժերին, գործող իշխանություններին։ Ժողովուրդը պետք է կարողանա հնարավոր ամեն բան անել աշխատելու համար։ Տեսեք, բոլորը, այդ թվում` Դուք, կարծում եք, որ պետությունն ամեն հնարավորը պիտի անի, աշխատատեղեր ստեղծի, որ մարդը գնա հանգիստ աշխատի։ Ո՛չ, մարդն ինքն էլ պետք է շահագրգռված լինի ստանալու նորմալ կրթություն, որը կապահովի նրա աշխատատեղը. կրթությունը մի կապիտալ է, որը գիշեր ու ցերեկ պետք է գալիս։ ՀԲ-ն ցանկացած երկրում, որտեղ աղքատության դեմ պայքարի ծրագիր է իրականացնում, առաջին հերթին կարևորում է մարդկանց կրթությունը։
-Դե, մեզ մոտ ինչն է շատ` կրթությունը, գրեթե բոլորը համալսարաններ են ավարտում։
-Ձեզ հետ համաձայն չեմ, մեզ մոտ բոլորը դիպլոմ են ստանում, ոչ թե կրթություն։
-Այդ դեպքում հարցին այլ կողմից մոտենանք. Հայաստանում կրթված մարդն աշխատանք չի կարող գտնել, քանի որ մեզանում հայկական սանիկ-բարեկամ տարբերակն է գործում` տանիք չունես, գործ չունես, որ բիզնես ստեղծես։ Օրինակ, մեր աչքի առաջ բոլոր փոքր խանութները վերացան հանուն սուպերմարկետների, իսկ թե ովքեր են այդ սուպերմարկետների տերերը, մենք լավ գիտենք։ Այդ դեպքում կրթված մարդն ի՞նչ անի։
-Հարցադրումը ճիշտ չէ։
-Ինչո՞ւ։
-Ես Ձեզ հարցնեմ` Դուք դե՞մ եք սուպերմարկետներին։
-Ես դեմ եմ, որ փոքր խանութները, այսինքն` փոքր բիզնեսը վերանում է։
-Այսինքն, կողմ եք, որ երկուսն էլ լինեն։ Այդ ձևակերպման դեպքում ես կպատասխանեմ Ձեր հարցին։ Կգա մի ժամանակ, որ այդ մոտեցումը կփոխվի։ Ինչ խոսք, պետք է աջակցել աշխատանքով զբաղված մարդկանց գործունեության զարգացմանը։ Ես համոզված եմ, որ Ձեր նշած խնդիրն իր լուծումը կստանա։ Ի դեպ, Ձեր նշած խնդիրը հայկական գործոն չէ, այլ շուկայի կանոններից մեկն է, որտեղ յուրաքանչյուրը ձգտում է գերիշխող դիրք հաստատել։ Դրա համար էլ կա պետություն, որը պետք է պայքարի գերիշխողների դեմ։ Չեմ ժխտի, քաղաքացին էլ, պետությունն էլ իրենց լուծելու բաժիններն ունեն։ Ինչ խոսք, պետությունը պետք է պայքարի այդ խնդրի դեմ, որ այն լուծվի։ Մի կողմից, չպետք է արգելել մեծ խանութների ստեղծումը, մյուս կողմից` պետք է պահել նաև փոքրերը։
-Վերադառնանք 2016-ի պետբյուջեին. չե՞ք կարծում, որ թոշակներն ու աշխատավարձերը անփոփոխ թողնելը սոցիալական դժգոհություն կառաջացնի, ինչը կարող է սոցբունտի վերածվել և շահարկվել տարբեր քաղաքական ուժերի կողմից։
-Չեմ կարող կանխատեսել քաղաքական ուժերի անելիքները, սակայն մեկ բան հստակ է. այն գումարները, որոնք ուղղված են աղքատության շեմին գտնվող մարդկանց փոխհատուցմանը, չեն նվազել։ Ավելին, ժամանակի ընթացքում, ըստ անհրաժեշտության, այդ գումարները կավելանան։ Հիշում եք, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ժամանակ կառավարությունը հստակ քայլ արեց։
-Այսինքն, խնդրի առաջացման դեպքում անհրաժեշտ գումարներ կա՞ն։
-Այո, մոտ 40 մլրդ դրամ է նախատեսված նպաստների մասով` աղքատության շեմին հայտնված ընտանիքներին փոխհատուցում հատկացնելու համար։


Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ