«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Սրտով ասված խոսքը երկար արձագանքվում է»

«Սրտով ասված խոսքը երկար արձագանքվում է»
27.10.2015 | 00:42

Հարցազրույց ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-21-րդ դարից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Մեծ, անչափ մեծ: Մեր պետության ու մեր ժողովրդի համար նոր ժամանակներ են սկսվելու: Մեծ հույսեր եմ կապում ընտրությունների, նորմալ խորհրդարան ունենալու, ժողովրդի վստահության հետ: Քաղաքական պայքարը փողոցներից պիտի Ազգային ժողով տեղափոխվի, քաղաքակիրթ ձև ստանա: Մեծ հույսեր եմ կապում Հայաստան-սփյուռք հարաբերությունների հետ: Շատ շատերը ինձ հետ համաձայն չեն, անհնար են համարում սփյուռքի հետ կարգին աշխատելը: Բայց ամեն ինչ պետք է սկսել: Սկսում ես, ու մեկ էլ՝ ստացվում է: Էդ հարաբերությունները շատ են կարևոր, մեր համաշխարհային դիմադրողականությունը իսկապես մեծացնելու համար պիտի ունենանք կազմակերպված սփյուռք, որը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով: Սփյուռքի հարցերով զբաղվող ոչ մի կարգին կառույց չունենք: Վարչություն է պետք գոնե, եթե կուզես ճիշտն իմանալ՝ ուժեղ, հզոր նախարարություն է պետք՝ մեծ լիազորություններով, որ ցաքուցրիվ ուժերը հավաքի մի տեղ ու գործ անի: Պետք է ճշտել խնդիրների առաջնահերթությունը: Յուրաքանչյուր իրեն հայ համարող մարդ, որ ուզում է հայրենիքին օգտակար լինել, աշխարհի յուրաքանչյուր մասում պետք է իմանա` հատկապես ինչպես ու հատկապես որտեղ օգտակար լինի: Հզոր ուժ է սփյուռքը, եթե ճիշտ աշխատես: Դարից ի՞նչ սպասելիք ունեմ: Դարը շուռ է գալիս, էջ ենք թերթում: Նոր էջ ենք գրելու: Մեր ձեռքով: ՈՒրիշի թելադրանք չի լինելու: Հազարամյակ է փոխվում: Դա էլ իր ներքին արձագանքն է ունենալու մեր ինքնագիտակցության մեջ, հոգեբանության, ենթագիտակցության: Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունը ուժ է տալիս: 88-ը հիշիր: Սրտով ասված խոսքը երկար արձագանքվում է:
-Նոր տարին նոր չափանիշներ է բերելու, մենք պատրա՞ստ ենք դրան:
-Քիչ, շատ քիչ: Համարյա պատրաստ չենք: Ժամանակ չենք ունենում՝ մենք մեզ հասկանալու: Ինքնահոսով ենք ապրում: Ցավոք, մենք մեր ընկերների մասին էլ հաճախ թյուր կարծիք ենք ունենում: Էնքանների մասին ասացին՝ ձեր գործը կռվելն է, գնացեք կռվեք, որ սկսեցինք հավատալ: Հետո պարզվեց, որ նրանց տեղը պակաս մնաց: 1991 թվից իմ մասին ինչ ասես գրում են, ճի՞շտ է: Որ քաղաքական քննարկումների հիմքը «Վազգեն Սարգսյանը Գրաչովի աղջկա հետ կամուսնանա՞, թե՞ չի ամուսնանա» հարցն է լինում, ի՞նչ չափանիշ:
-Չե՞ք վախենում, որ ժողովուրդն իր բոլոր հույսերը Ձեզ հետ է կապում:
-Շատ եմ վախենում: Այս ընթացքում 60000 նամակ են տվել ինձ: Կարդում եմ՝ գիտես: Բոլորը կարդում եմ ու ավելի եմ վախենում: Այսպիսի վիճակ է ստեղծվել: Առանց այն էլ ինձ հետ են ամեն ինչ կապում: Կամ պիտի լեգիտիմ դարձնեմ այդ վիճակը, կամ պիտի թողնեմ-հեռանամ:
-Դրա համար պիտի նախագա՞հ դառնալ:
-Բացի նախագահից, բազմաթիվ պաշտոններ կան, բազմաթիվ դիրքեր, որտեղ քո գործը կարող ես անել քո երկրի համար: Կառավարությունը որ իր գործը նորմալ աներ, ինձ այսքան նամակ չէին տա: Ինձ համար պաշտպանության նախարարի տեղը և դերը երկրի համար ամենակարևորն է: Քանի երկիրը վերջնականապես պատերազմից դուրս չի եկել, ամենակարևորը, այնուամենայնիվ, մնում է բանակը՝ և աշխարհի հետ հարաբերություններում, և անվտանգության համար: Որ օրը ժողովուրդը տեսավ, որ բանակն էլ է ձեռքից գնում, մեր վերջին օրը կլինի: Ինձ համար չափազանց լավ կլիներ, եթե նախագահական ընտրություններից հետո միանգամից խաղից դուրս գայի, ասեի՝ շնորհակալություն, ես հիմա միայն ու միայն պաշտպանության նախարար եմ ու ուրիշ ոչնչով չեմ զբաղվում: Հավատա, որ կհերոսանայի, հավատա, որ բոլորը կասեին՝ տեսար՝ ինչ տղա է: Շանս չկար:
-Բոլորը գուցե ասեին, բայց Դուք, անձամբ Դուք կասեի՞ք:
-Ասող լինեի՝ կասեի, էլի: Երկընտրանք եղել է, բայց չեմ արել: Ինձ պաշտպանողները քիչ էին: Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացածը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:
-Ինչո՞ւ չեք փոխում: Փոխեք:
-Ես արտիստ չեմ: Ո՞նց փոխեմ: Ես քայլեր եմ անում, նորմալ ներկայացման կարիք ունեմ, նորմալ ընկալման կարիք: Նորմալ ընկալող մարդիկ թող ճիշտ ներկայացնեն: Ես չեմ կարող համ ճառ ասել, համ զանգ կախել: Այդպես չի լինում: Իմ ամպլուան չի: Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Դե դու քո կերպարը փոխի: Կփոխե՞ս: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի: Ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ՝ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար: Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը: Գալիս է պահ՝ ինքդ քեզնից հոգնում ես, հեռանալ ես ուզում: Նշանակում է՝ մեջդ այլևս էներգիա չկա: Տղամարդ եմ ասել, որ այդ պահին դիմանա: Էնքան ընկերներ ունենք, որ դրսում դարձել են քննադատ: Է, մնային, աշխատեին, վարչապետ էին, պաշտպանության նախարար էին, անվտանգության գլխավոր խորհրդական էին, ինչ ասես՝ էին, մնային, չխռովեին, չհեռանային: Գիտես՝ խռովելու ինչքան պահեր եմ ապրել, որ կարող էի հերոս-հերոս դուրս գալ, համարյա թե Արշակ Սադոյանի պես ման գալ: Մենք ուրիշ ելք չունեինք: Մնացել եմ: Մնում եմ: Աշխատելու եմ: Աշխատելու եմ, ստիպելու եմ, որ աշխատեն: Կտեսնես, որ էս երկիրը կարգին ուժեղ ու մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում:
-Նոր տարվա գիշերը ի՞նչ եք անելու: Դար է փոխվում, հազարամյակ, Դուք չե՞ք փոխվելու:
-Մարդը մի օրում, մի գիշերում չի փոխվում: Մարդը կաթիլ-կաթիլ, անընդհատ-աննկատ է փոխվում, մեկ էլ տեսար՝ դու դու չես: Բայց ես չեմ փոխվելու: Չհավատաս: Հա, նոր տարվա գիշերը Եռաբլուր եմ գնալու:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հ. Գ. Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ այս հարցազրույցը, որ տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում, արվել է 1999-ի մայիսին, «Միասնություն» դաշինքի ընտրարշավի օրերին, մարզային հանդիպումների արանքում, կարճ կանգառներից մեկի ժամանակ: Առջևում խորհրդարանական ընտրություններն էին, «Միասնություն» դաշինքի հաղթանակն էր, Կարեն Դեմիրճյանի՝ ԱԺ նախագահ, Վազգեն Սարգսյանի՝ վարչապետ դառնալն էր: Նրանց մնում էր ապրելու հինգ ամիս, Պանթեոն ու Եռաբլուր գնալու հինգ ամիս միայն: ՈՒ դեռ ոչ ոք դա չգիտեր: 16 տարի անց՝ մենք գիտե՞նք՝ ի՞նչ կորցրինք այն ժամանակ, հասկացա՞նք՝ ո՞ւմ կորցրինք՝ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի սպանվելով: Թե՞ մենք ուրացանք նրանց ու գերադասեցինք «հարմարվել» նոր ժամանակների նոր կարգերին: «Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը»՝ ի՞նչ պատասխան ունենք մենք մեզ ու մեր երկրին, թե՞ երկրի մասին մտածելն արդեն պատմական անաքրոնիզմ է, որ ավարտվեց 1999-ի հոկտեմբերին:

Դիտվել է՝ 2450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ