«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Այսօր անկախությունը պետական մակարդակով ոչ թե արժեք, այլ բեռ է գնահատվում»

«Այսօր անկախությունը պետական մակարդակով  ոչ թե արժեք, այլ բեռ է գնահատվում»
27.10.2015 | 00:38

«Իրատեսի» հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Եթե 1999-ի հոկտեմբերի 27-ը չլիներ, ի՞նչ Հայաստանում հիմա կապրեինք:
-Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, բոլորովին այլ կլիներ կյանքի որակը, մթնոլորտը երկրում բոլորովին այլ կլիներ, ու տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության դերն ու դիրքը բոլորովին այլ կլինեին: Նաև՝ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու, հայ օլիգարխներն ու պատգամավորները «Ռոլսռոյսերով» ու թիկնազորներով չէին շրջի, Գագիկ Ծառուկյանն ու Արա Աբրահամյանը ոչ միայն հայտ չէին ներկայացնի քաղաքական դաշտ մտնելու, այլև այդ ուղղությամբ չէին էլ մտածի: ՀՀ պետական գույքը պարտքի դիմաց չէր օտարվի, պետությունը կունենար իր առաջնահերթությունները, աշխատատեղեր կստեղծվեին, և պետական մակարդակով ծրագրեր չէին մշակվի Հայաստանից ապրանքների փոխարեն աշխատուժ արտահանելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում կունենար այն ազդեցությունն ու նշանակությունը, ինչ Մերձավոր Արևելքում ունի Իսրայելը: Բայց ինչ-ինչ տերությունների ձեռնտու չէր այդ զարգացումը, որի հետևանքն էր հոկտեմբերի 27-ը:
-Ձեր գնահատականով՝ 16 տարի անց հոկտեմբերի 27-ի հետևանքները հաղթահարվա՞ծ են:
-Հետևանքները կարող էին հաղթահարվել երկու պարագայում: Նախ՝ պետության առաջին դեմքերի դեմ կազմակերպված ահաբեկչությունը պիտի բացահայտվեր կատարողների ու կազմակերպիչների մասով: Իրականում գործող համակարգը՝ նախագահից մինչև ԱԺ գործող մեծամասնություն, հնարավորն արեց, որ ոճրագործությունը չբացահայտվի: Երկրորդ՝ հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական ճգնաժամ առաջացավ, որի հաղթահարման ուղիները քաղաքական էին: Լուծման միակ ձևը ազատ ընտրությունների անցկացումն էր: Բայց 1999-ի ընտրությունները չերկրորդվեցին: Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ձևավորած «Միասնություն» դաշինքը առանց հարկադրանքի, առանց փող բաժանելու հասարակության լայն զանգվածների աջակցությունը ստացավ, որը զարգացման հնարավորություն էր տալիս: Դրանից հետո կեղծվեցին բոլոր ընտրությունները, գործող իշխանությանն այլևս չէր հետաքրքրում հասարակության կարծիքը, և քաղաքական ճգնաժամը շարունակվեց մինչև այսօր: Հետևաբար 27-ի հետևանքները առայսօր հաղթահարված չեն:
-Վազգեն Սարգսյանը ինչպե՞ս էր վերաբերվում պետական կառավարման համակարգին, ընդունո՞ւմ էր խորհրդարանական կառավարման տարբերակը:
-Վազգենը հստակ տեսակետ է ունեցել կառավարման համակարգերի վերաբերյալ, որ մամուլում նույնքան հստակ արտահայտել է: Նա միանշանակ համոզված էր, որ Հայաստանի Հանրապետության նման երկրում, որտեղ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակն է, կառավարման լավագույն մոդելը նախագահականն է: Վազգենը չէր մտածում, որ Հայաստանին Սահմանադրություն ու կառավարման համակարգ փոխել է պետք, նա գույքագրում էր՝ ինչ ունենք, և 30-50 տարվա զարգացման ծրագիր էր մշակում: Այսօրվա իշխանությունը պետականության ու տնտեսության զարգացումը մի կողմ դրած՝ Սահմանադրություն է ուզում փոխել, որովհետև դա շատ ավելի հեշտ է համարում ու չի էլ պատկերացնում, թե փոփոխությունից հետո ինչ բարդությունների առաջ է կանգնելու: Ես համոզված եմ, որ թե գործող նախագահը, թե ՀՀԿ-ն շատ արագ փոշմանելու են իրենց նախաձեռնած քայլի համար, հետևաբար դեռ ուշ չէ, կարող են հրաժարվել և մտածել, թե ինչ պետք է անել, որ մարդիկ երկիրը չլքեն, որ հայրենիքում ապրելու հույս ու հեռանկար տեսնեն, աշխատանք գտնեն: Հայաստանին այսօր ոչ թե Սահմանադրություն փոխել է պետք, այլ արդյունաբերություն վերականգնել: Մեծ թվով աշխատատեղեր ապահովում է արդյունաբերությունը՝ թե ծանր, թե թեթև: Բայց Հայաստանն այսօր արդյունաբերության նախարարություն էլ չունի, իշխանություններին չի հետաքրքրում աշխատատեղերի խնդիրը: Գործող վարչապետը կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասում է, որ աշխատատեղերի ստեղծումը կառավարության գործը չէ, իսկ խորհրդարանը հաստատում է կառավարության ծրագիրը: ՈՒրեմն՝ ումի՞ց պահանջել արտադրության վերականգնում: Ռոբերտ Քոչարյանից սկսած Հայաստանը դիտարկվեց որպես սպասարկման ոլորտի պետություն, որն ի զորու չէ ունենալ սեփական էներգետիկ համակարգ, որն ի զորու չէ ունենալ սեփական տրանզիտային էներգետիկ ցանցեր և գազատարներ, որին բացարձակ չի հետաքրքրում արտադրությունը, տասնամյակների միջով հասանք մի վիճակի, երբ Հայաստանը ի զորու չէ ինքնուրույն որոշումներ ընդունել, երբ անկախությունը պետական մակարդակով ոչ թե արժեք, այլ բեռ է գնահատվում, որից պետք է ազատվել՝ հնարավորինս արագ ու թանկ:
-Արդիակա՞ն է մնում Վազգեն Սարգսյանի «Մտածեք էս երկրի մասին» կոչը այսօր:
-Որ ասեմ ոչ, կհավատա՞ք:


Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ