ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Հավատով եկանք և այսօր մեր հավատամքի տերն ենք ու մշակը»

«Հավատով եկանք և այսօր մեր  հավատամքի տերն ենք ու մշակը»
20.10.2015 | 11:39

«Իրատեսի» հյուրն է սիրված հեռուստահաղորդավարուհի, Հայաստանի Հանրապետության ու ԼՂՀ մրցանակակիր, բազմաթիվ հեռուստածրագրերի հեղինակ ԱՐՓԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ:

-Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը՝ ինչպե՞ս կներկայացնեք այսօրը. որտեղից ուր ենք հասել:
-Ձեր հարցն ինձ տանում է շատ հեռու: Ահա, իմ ծննդավայրում եմ: Տանն ենք բոլորս՝ հայրս, մայրս՝ յուր հինգ զավակներով: Յոթհոգանոց մի ընտանիք, ուր և՛ հոգսեր կային, և՛ սեր, և՛ սեր... Մեր բակը՝ ձիգ, մաքուր, շրջանակված, ասես երկնքից իջած խաղողի ողկույզներով: Միշտ մտածում եմ, որ հենց մեր տանն եմ տեսել աշխարհը մարդկայնացնողներին: Որտեղի՞ց էին ծնողներս բարության այդ չափը վերցրել: Ո՞վ էր բաժանել: Մի պահ չշեղվելով՝ շեղվեմ: 90-ականներն էին: «Լրաբերի» օպերատոր Դեսնա Ղազարյանը, թղթակցի հետ, եղել էր մեր գյուղում՝ Չայլուում, և մեր տանը: Հիշում եմ, լրաբերյան մեր աշխատասենյակի դուռը բացվեց, Դեսնան մոտեցավ և մի փոքրիկ փաթեթ տվեց: Մասունքի պես երկար ժամանակ պահում էի: Մրգերի փունջ էր՝ հողախառը: Կարևոր էր նաև հաջորդ պահը. «Ես հիմա հասկացա, թե որտեղից է գալիս քո ձայնը, քո հպարտությունը»,- ասաց նա ու բառացիորեն ծնկի եկավ: Հիշում եմ ու այս պահերին էլ հուզվում եմ, կարոտում եմ մեր տանը, գյուղին, բոլորին: Եվ բեռնավորված այն օրերի բույր ու շշուկով, հեռու, մոտիկ, հարազատ, օտար, բոլոր ճանապարհներին, միշտ մտերիմ մի բան եմ գտնում հին ու բարի իմ պապական տան դուռը մտովի բացելու համար: Մանկությունից ենք գալիս, իսկ էն օրերին այնքան կենդանի էին զրույցները Սեյրան պապիս, Աննա տատիս մասին, որ ամեն Աստծո օր, ասես, մեզ հետ բարի լույս և բարի գիշեր էին ասում աշխարհին: Սեյրան պապս, պատմում են, ազերիների սարսափն էր, ու միաժամանակ խոնարհվում էին նրան: Մանկավարժ հայրս՝ Բախշի Մովսիսյանը, ամբողջ կյանքում որոնում էր Պարտավում, թե մոտակա գյուղերից մեկում ծանոթի տանը պահպանվող հրացանակիր պապիս լուսանկարը: Չգտանք: Իսկ հիմա աչքերս ուզում եմ փակել, որ գրկեմ տեսիլքը. մայրական տատս՝ Փառանձեմը, չորս զավակներին մենակ մեծացրած («Հիտլերի մերը մեռնի» անեծքով) սևազգեստ այրին, աղոթում է՝ փարվելով Հոռեկա վանքի պատերին. «Աստոծ, իրէսս ոտիդ տակ, առվողջություն տուր բալիս (մորս), անտեր մի թող էրեխեքիս (մեզ)»: Բայց անքննելի են Աստծո գործերը: Վաղամեռիկ մայրս իր հետ տարավ մեր տան խոսքն ու զրույցը, հեքիաթն ու «Անուշի» իր բեմադրության պատրանքը մեր բակում, երգ, պար, զրնգուն ծիծաղ...
Այս ամենով եկա, իմ ներսի լույսով: Եկա ու բախվեցի մեծ կյանքին: ՈՒրեմն, ընդգծել ուզեցի, որ մեր սերունդը ճաշակել է 50-60-ականները, 70-ականները, 80-ականները... հետոն ու այսօրը: Աներևակայելի մի ժամանակ: Անկախ, աշխարհի հետ իր կապերով երկիր, որը հենց այնպես չնվիրեցին: Ի՞նչ եղավ, նախ խոսքի մեջ եղավ, որ արձագանքվեց թամանյանական ազատախոհության տարածքից մինչև արցախյան հրապարակները, թև առավ նաև հայկական գաղթօջախներում: Երկինք ձգված ձեռքերի անտառով եղավ, բոլորիս նախնիների ճիգ ու ջանքով, տեսիլքով, օրհնանքով, Մովսես, Հովսեփ, Սեյրան ու Հարություն պապերս վկա: Նաև 20 տարի գնդակահարության պատի տակ, Սիբիրը ծաղկեցնող, գիմնազիա ավարտած, բարձրագույն կրթություն ստացած Իշխան հորեղբորս, հայտնի գինեգործ, «Թամանյան» դիվիզիայի հետ Հայրենականի ճամփաները անցած Գրիգոր հորեղբորս ճամփաներով եկանք: «Գրիգորի Օսիպիչ»՝ իր գրքերում այս դիմելաոճն է ընդգծում Սասուն Գրիգորյանը: Երբ լքվեց Չայլուն, նա հագավ մեդալներով ծանրաբեռ զինվորական վերնազգեստն ու... նահատակվեց Մատաղիսի ճանապարհին: Հպարտ այս կեցվածքով եկանք: 88-ով: Գնդակոծվող դիրքերում տեսանք ու մեր ռեպորտաժներով նաև կերտեցինք ժամանակի հերոսներին: Միամիտ եկանք, սիրահարված կյանքին, գործին, նպատակին, երբեմն՝ տաք խոսքի կարոտ, մոլորված մնացինք խաչմերուկներում: Սակայն երբեք չթաքցրինք մեր արցունքները հայոց եռաբլուրներում: Կարդացող էինք, դատող, բաղդատող, պատրաստ զոհվելու: Հավատով եկանք և այսօր մեր հավատամքի տերն ենք ու մշակը:
-Արդյոք հե՞շտ է աշխատել ներկայիս պայմաններում, հատկապես այսօրվա հեռուստաընկերություններում։
-Երեկվա հեռուստատեսությունն իր ճանապարհն է անցել, այսօրվանն ընթացքի մեջ է: Ընդհանրականը հետևյալն է. ամեն բան էլի խոսքով է լինում ու փոքր էկրանին: Մարդիկ են փոխվում: ՈՒրեմն, ամեն տեղաշարժ ի պատկերի յուրում և նմանությամբ է: Ամեն մեկն իր ժամանակն է ապրում: Ինձ հրապուրում են դասական ավանդները, վարքագրության դասական կանոնները: Ինչ էլ լինի, անթաքույց են իմ խոնարհումն ու հիացմունքը մեր մեծերի, մեր ողբերգական ու հերոսական ժամանակների հանդեպ: Չեմ ասում, թե խութեր չկան իմ ճանապարհին, սակայն մի բան հաստատ է՝ ձեռագիր պետք է ունենալ, լեզվամտածողություն, մարդկային հմայք, ի վերջո՝ շնորհ: Բոլոր ժամանակներում, աշխարհի բոլոր հեռուստատեսություններում միշտ էլ կարևորվելու է անհատական կնիքը: Եթե ունես, անշուշտ, դժվարությունների կհանդիպես, բայց անհատականության գերխնդիրը ընթացքից չշեղվելն է, ինչն էլ նշանակում է՝ սեր քո ընտրած հերոսի և հարգանք հեռուստադիտողի հանդեպ:
- Ինչի՞ վրա է բևեռացած մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը։
-Բազմաշերտ է հասարակությունը: Մի շերտը սիրում է դյուրին, մարսվող խոսք, երգ, բեմադրություն: Աստիճանաբար նա էլ կփոխվի: Այստեղ է, որ պետք է ընդգծել էկրանից ողջունողի դերը: Աղետ է, երբ լսում ես խառնափնթոր հայերեն: ՈՒղղակի վիրավորական է, երբ տեսնում ես՝ ինչ հեշտ են աղավաղում մայրենին: Իսկ խոսքի և պատկերի ընդելուզումը հենց արվեստն է: Եթե խախտվում է ներդաշնակությունը, տուժում է արվեստը:
-Մի հետաքրքիր դեպք կպատմե՞ք Ձեր կյանքից։
-Յուրաքանչյուրն էլ կարող է հետաքրքիր դեպքեր առանձնացնել: Ես փորձեմ մի-մի տողով փոքրիկ մի շարան ներկայացնել, որը մերժում է վախը, անտարբերությունը, հաստատում է ուժը, կամքը: Տեղափոխվենք 90-ականներ: Ստեփանակերտ: Պաշտպանության բանակի հրամանատար Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի պահին տարածվեց տագնապի ձայնը: Առաջին անգամ էի լսում և ուղղակի կուչ եկա: Զրուցակիցս շարունակեց, կարծես ոչինչ էլ չէր եղել: Երբ տարիներ անց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ինձ «Մշակույթի վաստակավոր գործիչ» կոչման վկայագիրն էր հանձնում «Արամ Խաչատրյանի» համերգասրահում, ես շատ էի ուզում խոստովանել, որ հենց այդ օրը ինձնից հեռու վանեցի վախի զգացումը:
-Ի՞նչն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում։
-Առհասարակ՝ անարդարությունը, անտարբերությունը, անհոգի վերաբերմունքը: Կարևոր չէ, նման հատկանիշներ կրողը կողքի՞նդ է, թե՞ որևէ պաշտոնյա:
-Ըստ Ձեզ, ո՞րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը:
-Ե՛վ մեր ժամանակի, և՛ բոլոր ժամանակների ամենամեծ վտանգը պատերազմն է: Ես երկյուղածորեն ամեն օր աղոթում եմ մեր փխրուն խաղաղության համար:
-Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:
-Մեր ամեն ինչով կարող ենք հպարտանալ: Ե՛վ գիտական մտքով, և՛ շինարարի, և՛ հողագործի բազուկներով, մեր ճարտարապետությամբ, բեմի մեր նվիրյալներով: Նրանք են մեր աշխարհը պահել աշխարհում: Փակուղիներում լույս են եղել: Սեր, ատելություն, ստեղծագործական ամեն միտք ու արար մշակույթ է: Հենց մեր մշակույթով նախանձելի եղանք ու անընդունելի օտարների համար: 1453-ից այսդին, թող ուրիշ ազգեր ապրեին, անշուշտ, անհամեմատելի, անփոխարինելի ու խորշակյալ արարատյան երկրում ու լինեին այսքան հզոր, այսքան մարդկային: Եթե հեռուստատեսային հանդիպում լիներ սա, որպես դադար, «Առավոտ լուսոն» կուզենայի լսել, որը նույն բանն է, երբ Հրանտ Մաթևոսյանն ասում է. «Աստված շնորհում է կավե հայրենիքներ: Կավե հայրենիքները ջիղով ու գրգիռով, շեշտով ու գույնով օժտում են արվեստագետները»:
-Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ապագան:
-Հզոր, ինքնավայել, բացառիկ ու ամբողջական:
-Դուք էլ, շատ շնորհաշատ մտավորականների նման, անցաք մութ ու ցուրտ տարիների միջով. ի՞նչ կարծիքի եք այն ժամանակների ու ներկայիս հեռուստատեսության մասին, ի՞նչ կարծիքի եք հեռուստահաղորդումների մասին, և ի՞նչ են տալիս դրանք հասարակությանը։
-Ես միշտ բարձր կարծիք եմ ունենալու հեռուստատեսության մասին: Այն իմ կյանքն է՝ ուղիղ իմաստով: Ես չեմ ջանում, որ հեռուստադիտողն ինձ գնահատի: Հստակ գիտեմ իմ անելիքը: Գիտեմ՝ որն է գնահատելին: Հեռուստաէկրանը, ի վերջո, գիրք է՝ ամեն օր թերթվող էջերով: Կյանքն է էկրանին: Շատ եմ կարևորում և խաղաղ եմ նայում, հաճախ էլ ներում եմ մերժողներին, հայկական ալիքները չնայողներին: Բարեկամաբար ասում եմ. «Ափսոս...»: ՈՒզում եմ ասել, որ աներկբա է հեռուստատեսության ազդեցությունը, պահանջը միշտ է լինելու: Մերժելը, ժխտելը, իբր՝ արհամարհելը բարդույթներ են կամ կեղծ կոչեր:
-ՈՒնե՞ք նպատակներ, որ չեք հասցրել իրագործել։
-ՈՒնեմ, բայց ընթացք է: Ամեն օրվա հետ անհասն է բացվում, փնտրտուքը: Հազար ցավ ենք տեսնում, վատը լավ ենք տեսնում: Թումանյանաբար, այո, փնտրում ենք մեր Աստծուն, մեր նպատակը: Անդրանիկ Զորավարի սիրած երգի տողը հիշեցի. «Նպատակիս հասնեմ միայն»: Հայրիկ Մուրադյանն է երգում:
-Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը։
-Օ՜, կարդացեք: Եթե բանի, խոսքի աշխարհով մոտենաք հեռուստատեսությանը, կմոտենաք աշխարհներին, արևներին, մեր դարերին ու փառքերին: ՈՒ կհամոզվեք, որ լեզուն է նախանձախնդիր այն տիրույթը, որ մարդուն մարդ է դարձնում, պահում: Չի ներում նրանց, ովքեր աղքատիմացությամբ խոսքի մեջ մեռցնում են գեղարվեստը, այսինքն՝ ներգործուն ուժը:
-Ինչպիսի՞ն է Արփեն Մովսիսյանը տանը։ Եթե կարելի է, պատմեք Ձեր մասին։
-Խոհանոցում, գրասեղանի մոտ, գրքեր, գրքեր, թղթեր, հետո՝ համակարգիչ: Ամենատարբեր ժամերի զրույցներ Սեդայի, Նանեի հետ... քույր, եղբայր, հարազատներ: Հետո՝ մոնտաժ, զբոսանք, համերգներ, ցուցասրահներ, հանդիպումներ: Եվ շատ սիրելի մի պահ՝ մեկ բաժակ սուրճ մայրաքաղաքի կենտրոնի որևէ սրճարանում: ՈՒ մի ափսոսանք. իսկ գեղարվեստական պատումները, որ կուտակվում են՝ ե՞րբ եմ ավարտելու:


Զրույցը՝
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ