ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ա»-ն «բ»-ով փոխարինելու իմաստը ո՞րն է»

«Ա»-ն «բ»-ով փոխարինելու իմաստը ո՞րն է»
16.10.2015 | 01:04

Մինչ «Ոչ»-ի ճակատն ընդհանուր մարտավարության հարցում անգամ եզրեր չի գտնում, «Այո»¬ի թիմը մեկ քայլ առաջ է մտածում։ Իշխանությունն արդեն ուրվագծում է այն սցենարը, որը կարող է լինել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո։ Կուլիսային խոսակցություններ են պտտվում, թե հանրաքվեից հետո պաշտոնին հրաժեշտ է տալու վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և նրան փոխարինելու է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը։ Այս լուրի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՆԺԿ ղեկավար ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ և վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ։

Ըստ Արամ Կարապետյանի, փաստ է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը լավ չի աշխատում, բայց եթե այդպիսի խոսակցություններ կան, ապա իշխանությունը պետք է կտրուկ փոփոխությունների գնա։ «Եթե «ա»-ին պետք է «բ»-ով փոխարինել, որը նույն քաղաքական, տնտեսական կուրսն է առաջ տանելու, փոփոխության իմաստը ո՞րն է»,- հավելեց քաղաքական գործիչը՝ շեշտելով, որ դժվար է պատկերացնել Հովիկ Աբրահամյանի ընդդիմադիր դառնալը։ Պաշտոնից հեռանալուց հետո, ՆԺԿ ղեկավարի հավաստմամբ, ընդդիմադիր է դառնում այն քաղաքական գործիչը, ով ժողովրդի մեջ քաղաքական լուրջ վարկանիշ ունի, պետական, քաղաքական գործչի համբավ։ «Տվյալ պարագայում սա չկա, կա ֆունկցիոներ, որը կատարում է որոշակի աշխատանք։ Իմ տեսակետից՝ ոչ այնքան լավ։ Հովիկ Աբրահամյանի ընդդիմություն դառնալը բացառում եմ, քանի որ չկա ընդդիմադիր լուրջ ռեսուրս։ Կարող է լինի մի մարզ, մի քաղաք, ծանոթների շրջապատ, բայց դա ընդդիմադիր ռեսուրս չէ»,- ասաց մեր զրուցակիցն ու համեմատեց Հովիկ Աբրահամյանին նրա «խարիզմատիկ» խնամու հետ։
Կարապետյանի դիտարկմամբ, Գագիկ Ծառուկյանի օրինակը ցույց տվեց, որ Հայաստանում իշխանության հետ կապված մարդկանց «հարցերի» լուծումը շատ հեշտ է լինում։ «Նրանցից ի՞նչ ընդդիմություն. մի երկու քրեական գործ, մի երկու բամփել, ու գործը փակվեց։ Հիմա մարդն ի՞նչ է անում. իր համար խաղող է մթերում, քաղաքականությամբ չի զբաղվում»,- նշեց «Իրատեսի» զրուցակիցը։
Անդրադառնալով հավանական վարչապետի թեկնածուին, Արամ Կարապետյանը նկատեց, որ խոսքը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մասին է, որին չի ճանաչում ու նրա տնտեսական կարողություններից տեղյակ չէ։ «Երկրորդեմ. բայց եթե ինչ-որ բան պետք է փոխեն, պետք է կտրուկ շրջադարձ լինի։ Տիգրան Սարգսյանին փոխեցին Հովիկ Աբրահամյանով, ի՞նչ փոխվեց, վիճակն ավելի վատացավ։ Անիմաստ փոխատեղում է լինելու»,- ընդգծեց Արամ Կարապետյանը։
Վերլուծաբան Վիգեն Հակոբյանն այս սցենարը դիտարկեց 2017-ի խորհրդարանական ընտրությունների համապատկերում։ Բնականաբար սահմանադրական բարեփոխումներից հետո, Հակոբյանի պնդմամբ, հիմնական պաշտոնների հավակնորդներ շատ են լինելու։ «Չնայած նախագահի լիազորությունները զգալիորեն նվազում են («թոշակառու» պաշտոն է), բայց դրա հավակնորդներ ևս շատ կլինեն։ Այդ իսկ պատճառով և՛ անհատները, և՛ թիմերն արդեն սկսել են պայքարը «յուղոտ» պաշտոնների համար»,- շեշտեց վերլուծաբանը՝ չբացառելով, որ հնարավոր է Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ տա պաշտոնին։ Մանավանդ Սերժ Սարգսյանը, ըստ մեր զրուցակցի, սիրում է իր շրջապատին «սյուրպրիզներ» անել։
Վիգեն Հակոբյանը համոզված է, որ եթե անգամ Հովիկ Աբրահամյանը վարչապետ չլինի, նա ընդդիմադիր չի կարող դառնալ, քանի որ կան քաղաքական գործիչներ, որոնց ընդդիմադիր լինելը դժվար է պատկերացնել։ Հովիկ Աբրահամյանը, վերլուծաբանի կանխատեսմամբ, կարող է ընդդիմադիր դառնալ, եթե երկրում աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ