«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Եթե բեռը չկա, բեռը տանողը չի գտնվելու»

«Եթե բեռը չկա, բեռը տանողը չի գտնվելու»
16.10.2015 | 00:58

«Իրատեսի» հյուրն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Նյու Յորքում Պուտին-Օբամա հանդիպումից հետո, Ձեր գնահատականով, աշխարհում ի՞նչ փոփոխություններ եղան:
-Ռազմական ու ռազմավարական մանրամասների մեջ չխորանալով՝ ասեմ, թերևս, կարևորը՝ Ռուսաստանը բարձրաձայնեց իր ներկայությունը և վերադարձավ աշխարհակարգը թելադրողների ակումբ, ու առարկողներ չեղան: Սա էական փոփոխություն է աշխարհում: Միաբևեռ աշխարհը քայլ առ քայլ հեռանում է մեզնից, և այս իրողությունը նոր իրավիճակների է հանգեցնելու ողջ աշխարհում:
-Սիրիան հեռու է և ԱՄՆ-ից, և Ռուսաստանից, բայց սահմանակից է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թուրքիային, և Սիրիայի փախստականները կամ Թուրքիայում են, կամ Թուրքիայով հեռանում են: Մեզ համար ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
-Փախստականները գլոբալ խնդրի մի մասն են միայն: Նրանց հարցը հոգեհարազատ է մեզ, նաև որովհետև մի մասը մեր հայրենակիցներն են: ԵԽԽՎ լիագումար նիստում վերջերս քննարկվեց Եվրոպային տիրած լայնամասշտաբ միգրացիոն ճգնաժամը, և մենք համաեվրոպական այդ քննարկումների մեջ նշեցինք, որ Հայաստանն այսօր երրորդ երկիրն է աշխարհում՝ ընդունած միգրանտների թվաքանակով: Նրանք մեր ազգակիցներն են, և մեր սուրբ պարտականությունն է նրանց ընդունելը, բայց և ներդրում է համաեվրոպական խնդիրների լուծման մեջ: Տարածաշրջանում ձևավորվել է բարդ քաղաքակրթական դիմակայություն, որ ներառում է բազում շերտեր, բազում շահեր ու հակասություններ, ներառյալ միջկրոնական կոնֆլիկտը, որ օգտագործվում է տարածաշրջանի ապաքրիստոնեացման նպատակով: Այս խնդիրները տարածաշրջանային զարգացումների մակարդակով են լուծումներ ստանալու, բայց և չեն կարող չլինել մեր արտաքին քաղաքական օրակարգում, որովհետև վերաբերում են և մեր ազգակիցներին, և մեզ:
-Իրաքում անկախ Քրդստանի ձևավորումից հետո հնարավոր համարո՞ւմ եք, որ Սիրիայից ևս կարող են քրդաբնակ տարածքներ անջատվել: Իսկ հետո՝ գուցե նաև Թուրքիայից:
-Անկախ քրդական պետության ստեղծման խնդիրը բավական ժամանակ Արևելքի օրակարգում է, և, կարծես, արդեն հասել է զենիթին: Ի՞նչ սահմաններ կունենա այդ պետությունը, ի՞նչ բեկորներ կմիանան քրդական պետության դրոշի տակ՝ Իրաքի՞, Սիրիայի՞, թե՞ նաև Թուրքիայի տարածքներից, ցույց կտան առաջիկա տարիները: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ տարածաշրջանային տարատեսակ՝ ստրատեգիական զարգացումների փուլում ենք ապրում և ազգային-պետական խնդիրների իմաստով պիտի լրջորեն պատրաստված լինենք:
-Նույնիսկ պատմական Հայաստանում անկախ Քրդստանի ձևավորման հնարավորությա՞նը:
-Կան իրողություններ, որ անխուսափելի են և անկախ քեզնից գոյություն ունեն կամ կարող են գոյություն ունենալ՝ ընդունո՞ւմ ես, թե՞ ոչ: Դու պիտի կարողանաս որպես պետական միավոր, ազգային շահերի կրող՝ գտնել ձևը քո շահերը պաշտպանելու համար. դու դրա համար ես կոչված: Աշխարհի իրողությունների առաջ աչքերը փակելը ոչինչ չի տալիս:
-Նոյեմբերի 1-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են: Ձեր կարծիքով՝ այս անգամ Էրդողանի «Արդարություն և զարգացումը» կկարողանա՞ հավաքել պահանջված տոկոսները՝ միայնակ կառավարություն կազմելու համար, թե՞ հունիսի պատկերը կկրկնվի:
-Եթե Թուրքիայի նախագահը վստահ լիներ, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրորդ ընտրություններում նախորդից բարձր տոկոսներ կստանա, հազիվ թե Թուրքիայում այսօր լիներ այն քաոտիկ իրավիճակը, որ կա, որ բնորոշվում է թուրք-քրդական բախումներով և այլն: Անկարան փորձեց համատեղել երկու հարցերը՝ քրդամետ քաղաքական ուժերի վարկաբեկումը հենց քրդաբնակ շրջաններում և իշխանական կուսակցության շուրջ ընտրողների համախմբումը: Եթե նկատել եք, Էրդողանը մշտապես խոսում է թուրք ժողովրդի համախմբման ու միասնության մասին: Բայց նրա ընտրած ճանապարհը շատ ռիսկային է, և հազիվ թե որևէ մեկը այսօրվա Թուրքիայում կարող է կանխատեսել, թե այս ավանտյուրաները ԱԶԿ-ի և երկրի համար ինչ հետևանքներ են ունենալու, թե նոյեմբերի 2-ին ինչ հետընտրական իրավիճակ է լինելու, և ուժերի ի՞նչ հարաբերակցությամբ ու ո՞ր ուժերն են Ազգային մեծ ժողովում լինելու:
-Նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններ են նաև Ադրբեջանում: Ձեր գնահատականով՝ ի՞նչ ընտրություններ են լինելու:
-Հակառակ Թուրքիայի՝ շատ կանխատեսելի և շատ օրինաչափ՝ հաղթելու է Իլհամ Ալիևը: Առավել ևս, որ միջազգային համարյա բոլոր կազմակերպությունները հրաժարվեցին դիտորդական առաքելություններ ուղարկել Ադրբեջան, և դա արդեն գնահատական է, թե աշխարհը ինչպես է վերաբերվում այդ պետության հռչակած և իրականացրած քաղաքականությանը: ՈՒշագրավ են վերջին զարգացումները ԵԽ-ի հետ հարաբերություններում՝ նկատի ունեմ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդի հայտարարությունը, որ ԵԽ-ն դադարեցնում է համագործակցությունն Ադրբեջանի հետ մարդու իրավունքների աշխատանքային խմբում: Ադրբեջանը քայլ առ քայլ գնում է «իզգոյ» պետություն դառնալու ճանապարհով և անգամ իր բազմաթիվ վճարովի լոբբիստները այդ հարցում ոչինչ չեն կարող անել:
-Այո, բայց ԵԽԽՎ-ն, այնուամենայնիվ, որոշեց դիտորդներ ուղարկել Ապշերոնյան թերակղզի: Ինչո՞ւ:
-Թե ինչպես է Բաքուն ԵԽԽՎ-ում հասնում իր ուզած քվեարկությանը և որևէ հարցի իր ցանկացած լուծմանը, բազմիցս ասել ենք: Ստրասբուրգում, այնուհանդերձ, բոլորն էլ հիանալի հասկանում են՝ ինչպիսի ընտրություններ են լինելու Ադրբեջանի հերթական խորհրդարանական ընտրությունները: Հիշեցնեմ, որ Ադրբեջան դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում ԵԽԽՎ-ն բնավ էլ միակարծիք չէր՝ պատվիրակների զգալի մասը դեմ էր՝ համարելով, որ դիտորդական առաքելություն ուղարկելը ևս մեկ հարված է ԵԽԽՎ-ի հեղինակությանը: Այդ բանավեճը եղել է բոլոր քաղաքական խմբերում, ոչ ոք չէր մոռացել նախորդ ընտրությունները, երբ բոլոր «հնարավոր» միջազգային կազմակերպությունները տվել էին բացարձակ խայտառակ գնահատականներ, միայն խավիարամետ ու ադրբեջանական լոբբիստներից կազմված (մեր հանրությանը հայտնի բրիտանացի ՈՒոլտերի ղեկավարած) ԵԽԽՎ պատվիրակության համար էին ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: Պատահական չէ, որ վերջին լիագումար նիստում բյուրոյի զեկույցը ներկայացնող շվեյցարացի Անդրեաս Գրոսը հստակ բանաձևեց՝ ԵԽԽՎ-ն ի դեմս Հայաստանի պրոբլեմ չունի, պրոբլեմ ունի ի դեմս Ադրբեջանի, երբ Ադրբեջանի պատվիրակը փորձում էր նորից իրավիճակը շրջված ներկայացնել:
-Տարածաշրջանի երկու պետություններում խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս հետո Հայաստանը գնում է կառավարման մոդելի փոփոխության: Մենք ի՞նչ ենք ուզում ունենալ:
-Հայաստանը փորձում է գտնել իր զարգացման օպտիմալ տարբերակը: Յուրաքանչյուր պետություն և յուրաքանչյուր քաղաքական էլիտա այդ խնդիրն ունի և պետք է լուծի՝ հաշվի առնելով բոլոր գործոնները: Հանրության մի զգալի հատված տարիներ շարունակ այդ գաղափարներն ունեցել է, տարեցտարի իր նախընտրական ծրագրերում ներկայացրել ժողովրդին և ընտրողների մի մասի հավանությունը ստացել: Ի վերջո, 90-ականների սկզբից՝ առաջին Սահմանադրության քննարկումների ժամանակից, պետական կառավարման երկրի համար նախընտրելի ձևի որոնումներում եղել են նաև խորհրդարանական կառավարման հարցերն ու հնարավորությունները, պետականության հաստատման առաջին քայլերից փնտրվում էր օպտիմալ մոդելը՝ փորձելով հաշվի առնել քաղաքական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և այլ դրույթները: Այն ժամանակ և այն ժամանակի համար համարվեց, որ նախագահական համակարգը առավել գործունակ է: Անցած տասնամյակներին կյանքը դրականի հետ մեկտեղ, զարգացման հետ մեկտեղ նաև թնջուկներ ի ցույց հանեց՝ հակառակն ապացուցելու: Առաջին և գլխավոր թնջուկը՝ ժամանակ առ ժամանակ հանրության զգալի մասի հավանությանն արժանացած քաղաքական ուժերն ու միավորները ընտրություններից հետո փոշիանում են: Վերանում է մի հսկայական ռեսուրս, որ ուներ հանրության աջակցությունը: Ի վերջո՝ երկրի համար ամենակարևորը չէ՝ ով և ում է վստահում, կարևորը, որ այդ վստահության ռեսուրսը լինում է, և դա չկորչի: Սա հակաարդյունք է՝ այն ելակետը, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, վատ է նաև հետագա զարգացումների առումով, որովհետև ոչինչ չստացողը հետագայում նաև ոչինչ է ներմուծում երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման գործընթացների մեջ: Այդ ոչինչ ներմուծելու երևույթը թիվ մեկ խարազանն է, որ չպետք է շարունակի գործել: Մյուս խնդիրը՝ երկու առաջնային մանդատների կրողների հարաբերություններում հնարավոր զարգացումները հղի են ցնցումներով: Մենք այդ օրինակները տեսել ենք և զգացել դրանց վտանգները: Եթե մենք ուզում ենք ունենալ համախմբված հասարակություն ու քաղաքական կայունություն, պիտի լուծում տանք այդ թնջուկներին, և ես ողջունում եմ նախագահ Սերժ Սարգսյանի կամքը և վճռականությունը՝ չխուսափելու, քաղաքական և քաղաքացիական համարձակությամբ այս բանավեճի մեջ մտնելու, տեղի չտալու և երկրին, ապագային այս թնջուկները ժառանգություն չթողնելու նպատակադրումով:
-Դա քաղաքական կամքի՞, բարոյահոգեբանակա՞ն խնդիր է, թե՞ օրենսդրական: Սահմանադրությունն ինչո՞վ պիտի նպաստի այդ խնդրի լուծմանը:
-Ես չեմ կարծում, որ այս խնդիրը բարոյահոգեբանական մթնոլորտով ու կամքով է լուծվում: Այդպես լիներ, գոնե մեկ անգամ մթնոլորտն ու կամքը կգործեին: Հիմքը պետք է այնպիսին լինի, որ թույլ տա հավաքական ներուժին մասնակցել երկրի զարգացումներին: Իր գոյության երրորդ տասնամյակում Հայաստանի Հանրապետությունն ունի այդ հնարավորությունը, ինչո՞ւ չօգտագործի: Սա համակարգային փոփոխության, մտածողության փոփոխության, եթե կուզեք, փիլիսոփայության փոփոխության խնդիր է, որ ամեն օր չի կարող դրվել: Նախադրյալներ են պետք: Ի վերջո, ոչ ոք դեռ չի ժխտել, որ խնդիրները ձևավորվում են, երբ առկա են լուծման նախադրյալները:
-Խորհրդարանը հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունների նախագծին, հանրաքվեի օրն էլ նշանակված է: «Այո»-ի ճակատը հստակ է, «Ոչ»-ի ճակատը որոնումների մեջ է, չե՞ք կարծում, որ երկուսի միջև ունենք անտարբեր ժողովուրդ:
-Դպրոցական դասագրքից հիշում եմ ցարական ժամանակներին վերաբերող լուսանկարը՝ «Տվեք մեզ Սահմանադրական ժողով» կարգախոսով, բայց այլևս չեմ տեսել ու չեմ հիշում ոչ պատմական օրինակներ, ոչ մերօրյա դեպքեր, որ որևէ երկրում ժողովուրդը ոտքի կանգնի ու հանրահավաքներով Սահմանադրության փոփոխություն պահանջի: Ինչ վերաբերում է անտարբերությանը, այդ մասին խոսողները պարզապես ցանկալին իրական են ներկայացնում: Հանրաքվեի օրը նշանակվելուց ու քարոզարշավը սկսելուց հետո, վստահ եմ, որ բազմաթիվ քաղաքական ուժեր՝ թե «այո», թե «ոչ» ասող, կներկայացնեն իրենց փաստարկները, և այդ թվացյալ անտարբերությունը կցրվի: Ի վերջո՝ համեմատեք նախնական տեքստը և վերջնականը, կտեսնեք ինչքան տարբերություններ կան: Դա վկայությունն է էական աշխատանքի, որ կատարվել է ողջ հանրության կողմից՝ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, իրավաբանների, փորձագիտական հանրության: Այդքան առաջարկություններ կազմելը, ներկայացնելը, քննարկելը բազմաթիվ մարդկանց համընդհանուր աշխատանքի արդյունք են, որը հերքում է անտարբերության գոյությունը: Արդեն չեմ ասում, որ նախագիծը խորհրդարանում 104 կողմ ձայն է ստացել՝ ընդդիմադիր էական ներկայացուցչության պարագայում:
-Այսինքն՝ Դուք պնդում եք, որ հանրաքվեի գնացող իշխանությունը լուծելու ունի մեկ խնդիր՝ «այո» ստանալ հանրաքվեում, թե՞ երկու խնդիր ունի լուծելու՝ նախ գան, հետո ինչ կասեն՝ կասեն:
-Ես կարծում եմ՝ ի սկզբանե հարցը բաժանարար գծեր է դնում, որը սկզբունքային սխալ է: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն խորհրդարանական կամ նախագահական ընտրություն չէ, անձերի ու կուսակցությունների չի վերաբերում, վերաբերում է ամբողջ հանրությանը և որքան իշխանության, նույնքան հանրության խնդիրն է թե հանրաքվեին մասնակցությունը, թե «այո» ասելը, թե «ոչ» ասելը: Պետք չէ կեղծ բևեռներ ձևավորել հետո քանդելու համար: Սահմանադրության փոփոխությամբ լուծվող խնդիրները իշխանության խնդիրները չեն, գործող Սահմանադրությունը իշխանության համար վատագույն տարբերակը չէ, որից պետք է ձերբազատվել իշխանություն մնալու համար: Սա միանշանակ է: Իշխանությունը մտածում է պետության մասին ու վաղվա օրվա, որ իր անմիջական գործառույթն է: Իշխանությունը մտածում է հանրային համախմբման ու քաղաքական կայունության ու փոխվստահության մասին: ՈՒզում եմ հիշեցնել, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարության մեջ շեշտվում էր, որ սահմանադրական բարեփոխումների հասցեատերը ոչ միայն քաղաքական դաշտն է, այլև ամբողջ հասարակությունը, և հանրաքվեն եվրոպական բարձր չափանիշներով անցկացնելու կոչը ուղղվում էր ամբողջ հանրությանը:
-Չունե՞ք զգացողություն, որ «Ոչ»-ի ճակատն ավելի ակտիվ է այս փուլում, բայց ոչ թե ընդդեմ հանրաքվեի, այլ հանուն իր կայացման:
-«Ոչ»-ի ճակատը կայանալու ավելի լուրջ խնդիր ունի, որովհետև միավորման հիմք է պետք գտնել: Մինչև այսօր այդ ճամբարից հակասահմանադրական որևէ լուրջ փաստարկ չի հնչել, միայն մեղադրանքներ իշխանության հասցեին՝ լավը չեք, լավ չեք աշխատում, Բուքիքիոյին եք կաշառում, և այլն... Ինչո՞ւ է ամեն ինչ պտտվում ասեկոսեների շրջանակում: Քննարկման թեման իշխանությունն է, Սահմանադրության նախագծի առարկայական քննարկում «Ոչ»-ի կողմնակիցների կողմից չկա: Եթե իրոք ընդդիմությունը համարեր, որ փոփոխությունն անհրաժեշտ չէ, կամ ներկայացվող փոփոխությունները տեղին չեն, բովանդակային փաստարկներ կունենար: Ես բոլորովին այն կարծիքին չեմ, որ չեն կարդացել կամ չեն հասկացել, լավ էլ կարդացել են, լավ էլ հասկացել են, ու պարզ տեսնում են, որ իրենց «ոչ»-ը հիմնավորող բովանդակային հիմքեր, փաստարկներ չկան, մնում են ֆլեշմոբերն ու… Բուքիքիոյին անդրադառնալը:
-ՀՀԿ-ն այսօր լուծում է նաև 2017-ի՞ խնդիրը:
-Հաջորդ ընտրություններին նախապատրաստվելը սկսվում է նախորդ ընտրության հաջորդ օրը՝ սա հայտնի պոստուլատ է, որ ՀՀԿ-ն չի սահմանել: Քաղաքական ուժերը պետք է անընդհատ նպատակային աշխատեն իրենց քաղաքական ծրագրերի կատարման կամ քարոզչության համար: Մենք հիմա նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետի կեսին ենք հասել, բնական ու օբյեկտիվ վիճակ է, որ անկախ Սահմանադրություն է փոխվում, թե չի փոխվում, քաղաքական ուժերը սկսել են պատրաստվել ընտրությունների: Նորմալ քաղաքական համակարգում քաղաքական ուժերն արդեն պիտի ընտրեն իրենց քաղաքական հարթակը և դիրքավորվեն՝ դա քաղաքական մրցակցության տրամաբանությունն է թելադրում: Հիմնարար ծրագրերն ու գաղափարները արդեն պիտի սկսեն հնչել ու բյուրեղանալ՝ մնացել է ընդամենը երկու տարի՝ մինչև խորհրդարանական ընտրություններ: Ոչինչ ՀՀԿ-ի վարքագծում այդ իմաստով չի փոխվել և քաղաքական դաշտի վարքագծում էլ չպիտի փոխվի, ամեն ինչ ունի իր ժամանակը և արվում է իր ժամանակին՝ ոչ ուշ, ոչ շուտ:
-Առաջարկվող Սահմանադրությունն ընդունվելու դեպքում խորհրդարանը նոր դեր ու նշանակություն է ստանում, փոխվո՞ւմ են պատգամավորներին ներկայացվող պահանջները:
-Քաղաքական համակարգի զարգացման խնդիր է դրված, երկրի տրամաբանական զարգացման հաջորդ փուլի նախապատրաստման և իրականացման խնդիր, որի լուծման մեջ քաղաքական գործչի տեսակին, կերպարին ներկայացվող պահանջները փոխվում են. դա բնական է ու օրինաչափ:
-Իսկ ասվում էր, որ մինչև բազմակուսակցական համակարգը չկայանա, ի՞նչ խորհրդարանական կառավարում: Պատճառահետևանքային կապը խախտվո՞ւմ է:
-Դա միշտ կարելի է ասել՝ 20 տարի առաջ, այսօր ու 20 տարի հետո: Եթե այսօր խնդիրները չեն դրվում, եթե բեռը չկա, բեռը տանողը չի գտնվելու: Փոխկապակցված գործընթաց է: Պատճառահետևանքային կապը չի խախտվում, այս գործընթացում մեկը նպաստում է մյուսի զարգացմանը:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ