ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Հրթիռներու առթած սարսափը չզգալու համար կարժե այդ սպիտակության հետ մտերմություն ստեղծել»

«Հրթիռներու առթած սարսափը չզգալու համար կարժե այդ սպիտակության հետ մտերմություն ստեղծել»
13.10.2015 | 12:00

«Իրատեսի» հյուրը արձակագիր ՄԱՐԻԱՆԱ ՊԷՐԹԻԶԼԵԱՆ-ՂԱԶԱՐԵԱՆՆ է (Սիրիա): Զրույցի առանցքում սիրիահայ գրողի վերջերս հրատարակված «Բողբոջող անմոռուկներ» գիրքն է` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

-«Բողբոջող անմոռուկներ»-ը գեղարվեստակա՞ն վեպ է, փաստավավերագրակա՞ն, թե՞ ինքնակենսագրական:
-Իբրև գիրք, «Բողբոջող անմոռուկներ»-ը այս երեք ժանրերեն ալ մասամբ իր մեջ կպարունակե, կարելի չէ բնորոշել զայն մեկ ժանրի մէջ։ Առաջին բաժինը փաստավավերագրական վիպակ է, իսկ մնացյալ բաժինները ոչ միայն ինքնակենսագրական, այլև սիրիահայ գաղութի այս վերջին տարիներուն ապրած հոգեկան վերիվայրումներուն մասին է, իմ անձնական դիտանկյունես և ապրումներուս լույսին տակ գրի առնված։ Տեղ-տեղ ալ՝ հուշագրություն: Մեծ մասը մտորումներս են մեր ապրած աստանդական կյանքին մասին, նույնիսկ նախնիներուս՝ ներկայի իրադարձություններուն լույսին տակ։
-Մարիանա, Դուք գիրքը գրել եք հիմնականում Սիրիայում, երբեմն ԱՄՆ-ում: Հայաստանում գրված հատվածների չհանդիպեցի: Կա՞ հատուկ պատճառ, թե՞ պարզապես գիրքը գրելու ընթացքում (2013-2015 թթ.) Հայաստանում չեք եղել:
-Ինչպես կռահեցիք, գիրքը գրած ընթացքիս, կամքես անկախ պատճառներով և ընտանեկան հարկադրանքներով՝ Հայաստանեն դուրս, տարբեր տեղեր եղած եմ։
-«Դարձյալ տեղահանումն էր մեր բաժինը...». պատմության հարվածներից դաս չառնելով`գաղթական դարձած հայերը նորից ու նորից վերադառնում էին իրենց տները: Տարիների հեռվից, երբ նայում ենք պատմության այդ դրվագներին, կարող ենք համարել մեծագույն միամտությո՞ւն: Ըստ Ձեզ` ի՞նչ էր դա` այդ անդադար վերադարձը:
-Հայը իր բոլոր ճիգերը կգործադրե, կարելին կընե, ամուր պահելու համար իր պապենական հողը, նույնիսկ իր ձեռքերով կառուցած ծննդավայրը։ Ծիծեռնակի և արագիլի ջանասիրությամբ ավերակ բույնը կփորձե կրկին և կրկին կառուցել, գիտնալով հանդերձ, թե գլխավերևին գիշատիչ ոսոխը զինք կհետապնդե: Միշտ ի ետև դառնալու հատկութեամբ օժտված է հայը, անոր համար ալ ամբողջությամբ իր ուժերը չկրնար լարել և կենտրոնացնել ապագան կառուցելու և անոր նվիրվելու։
-«Բարին եւ լավը այն էր, որ տակաւին կը գոյատեւէինք եւ մանաւանդ իբրեւ հայ»: «Եղեռնապուրծ թախիծը իր հետ շալակած տեղից տեղ տանող հայի» մտորումները այսօր և՞ս արդիական են:
-Հողազուրկ հայը նվազագույն բանը որ կրնա ընել՝ զինք ճնշող ցավն ու թախիծը մեղմացնել փորձելով, ինքզինք հայ պահելն է, կառչելով իր լեզվին և մոտ մնալով իր նմաններուն։ Այսօր ևս այդ մեկը գոյություն ունի, շատ անգամ հայապահպանությունը, որ էական է սփյուռքի գաղութներու գոյատևման համար, մեր վերքերուն համար ժամանակավոր սպեղանի կդառնա, միայն ցավը մեղմացնող, մեզ կենդանի պահող իբրև հայ։ Ինքզինքս լիակատար հայ չեմ կրնար զգալ, եթե սեփական հայրենի հող չունիմ ոտքերուս տակ։
-Իբրև շարունակություն հարցիս` անկեղծորեն ասում եք. «Թուրքին հարուածէն ազատեցայ, հայ մնացի, բայց զաւակներս հայօրէն չապրեցան, կը ցաւիմ»: Կարծում եմ` համընդհանուր խնդիր եք վեր հանել:
-Այո, դժբախտաբար, որքան ալ մեր հայ մնալու ճիգերը մեծ ըլլան, վստահ չենք, թե մեզի հաջորդող քանի սերունդ պիտի գոյատևե իբրև հայախոս հայ, մանավանդ արևմուտքի տարածքին։
-«Ի՞նչէ փրկուիլ` ֆիզիքական թէ՞ հոգեկան կորուստէ, գուցե երկուքին ալ ենթարկուած էի արդեն անվերադարձորեն»: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի վտանգված այսօր: Եվ հոգեկան կորուստն ի՞նչ է ենթադրում:
-Բնական է, որ այս օրերուն Սուրիո մեջ ֆիզիկական ոչնչացումն է մարդոց սպառնացողը։ Բայց ինչպես բոլորս ականատես կըլլանք, թե որքան վախն ու բռնությունները սպառնան հալեպահայերուս, այնքան մնացողները տոկունություն ձեռք կբերեն։ Միասնականության ոգին կզորանա և ցայտուն կդառնա մնացողներեն շատերուն մոտ։ Ասոր ճիշտ հակառակը, այն երկիրներուն մեջ, ուր ոչ մեկ բռնություն կսպառնա հայության ֆիզիկականին, հոգեկան կորուստները շատ ավելի կհեշտանան։ Ըստ երևույթին, հոգեկան տոկունությունը մեր նախնիներուն մեծ մասը Արևմտահայաստանեն իրենց հետ փոխադրած և մեզի ժառանգած են։ Հալեպի մեջ հազվադեպորեն կպատահեր հայու մը մուսուլմանի հետ ամուսնանալը, որովհետև մեր սրբություններն ու ավանդույթները այդպիսի բան չէին թույլատրեր։
Իսկ իմ՝ իրական կերպարներով գրված վիպակիս մեջ, Երանիկի պարագան՝ այնքան հայեցի դաստիարակված, կյանքի պայմանները կստիպեն, որ ան Հալեպի մեջ երկրորդ անգամ ամուսնանա արաբ քրիստոնյայի հետ։ Նույնիսկ ամուսնուն քրիստոնյա ըլլալը ոչ մեկ ձևով կօգնե, որ անոր երկու աղջիկները գոյատևեն իբրև հայ։ Այսպիսի պարագաներ շատ եղած են անցյալին, երբ գաղթեն վերապրած հայեր Հալեպի մեջ, քրիստոնյա արաբներու հետ ամուսնանալով և ձուլվելով ստացած են «Էրմէն Էտիմ» ծագումնաբանական մակդիրը։ Հարցը այստեղ կփորձեմ դիտել իր տարբեր երեսներով։
-«Իւրաքանչիուրս իր առանձնահատուկ բաժինը ունի, առանց մեզի չ’ամբողջանար այդ գործը»: Կա՞ այդ միասնականության գիտակցումը, թե՞, ցավոք, հակառակն ավելի շատ է մեզանում:
-Եթե յուրաքանչյուրս իբրև հայ լավապես գիտակցինք մեր վրա ինկած պատասխանատվությունը, ուր որ ալ գտնվելու ըլլանք, շատ բան կրնանք փոխել տիրող իրավիճակներեն։ Եթե եղեռնեն հարյուր տարիներ ետք տակավին կգոյատևենք իբրև հայեր, կկարծեմ, որ պարտական ենք մեր հայկական ոգիին, հայրենի պետականության և սփյուռքի կառույցներուն։ Անհրաժեշտ է բազմապատկել ջանքերը, որ հաջորդ սերունդները կուլ չերթան համաշխարհայնացման հորձանուտներուն: Պարտավոր ենք հոսանքն ի վեր թիավարելու:


-Հալեպը Դուք համարում եք «կեանք եւ երազ պարգեւող քաղաք», «բարի քաղաք», «միշտ սիրալիր էիր, հիւրընկալ, թէեւ խոցոտած եւ արիւնլուայ»: Իսկ ինչպիսի՞ն է Երևանը, եթե փորձեք համեմատել:
-«Բողբոջող անմոռուկներ»-ուն բոլոր գլուխներուն մեջ կարելի է նշմարել այն կարմիր գիծը որ կկապե զիրար։ Հալեպեն մինչև Հայաստան: Նախ Հալեպը՝ Այնթապեն ետք, եղեռնեն ետք մինչև մեր օրերը իբրև Կիլիկիոյ հայերու ապաստարան կմնա այն քաղաքը, որ իրավ կյանք և ոգեղեն գոյություն տված է բազմաթիվ սերունդներու, որոնք այժմ տարածված են ամբողջ սփյուռքի տարածքին։ Հիմնական կիզակետը գիրքիս Հալեպն է, ջարդի և տեղահանության օրերեն մինչև այսօր, նույնիսկ նախաեղեռնյան շրջանեն եկած իր փաստացի կարգ մը տվյալներով և վերջին մերօրյա բոլոր իրադարձություններով: Հալեպեն դուրս գլուխ մը ևս մուտք գործած է իմ այս հատորիս մեջ, այն էլ Հայրենիքի մեջ անցուցած ամանորներես մին է, որ կկարծուի, թե կապ չունի այս բոլորին հետ: Այնտեղ՝ մեկ նախադասությամբ ըսեմ, թե իմ սերս է, որ կարտահայտեմ ութսունական թվականներու իմ հայաստանցի հայրենակիցներուս նկատմամբ, որոնց ներկայությամբ հայրենիքի հանդեպ մեր սերը վերածվեցավ շոշափելի և գործնական սիրո: Իսկ Երևանը այն միակ բարի քաղաքն է, ուր պիտի ուզեի ապրիլ, այն սիրելի փոքրիկ, բայց լուսավոր տունը, որ միշտ գրկաբաց մոր նման պատրաստ է մեզ ընդունելու: Ինձի համար Երևանը առանձին գոյություն չունի, Երևանը Հայաստանն է իր բոլոր հեռավոր մասերով, և հակառակը:
-«Այժմ Հալէպը խողխողուած է, աղիողորմ հառաչներ կ’արձակէ: Այժմ Հալէպը կը վանէ, Հալէպէն կը փախչին...»: Դուք գրքում բարձրացնում եք «Պե՞տք է թողնել Սիրիան, թե՞ մնալ ու պաշտպանել» հարցը: Ինչպիսի՞ն պետք է լինի տեղի հայերի դիրքորոշումը:
-Ըստ երևույթին ժամանակը պիտի որոշե ամեն բան: Որոշ ժամանակ անց կհստականա շատ բան: Ինչպես մոտ մեկ դար առաջ Կիլիկիոյ հայերը, ջարդեն և տարագրությունեն ետք մեծ հույսերով կրկին վերադարձան դեպի իրենց սեփական պապենական տուներն ու հողերը, բայց համոզվեցան, որ ալ կարելի չէ գոյատևել այնտեղ` կողք կողքի, չարության հետ դրացիաբար, ինչպես՝ «Կեանք եւ երազ պարգեւած քաղաք»-ին մեջ կտեսնենք այդ մեկը, կրնա նաև նույն բանը պատահիլ մեզի, թերևս ալ՝ ոչ: Այնքան ատեն, որ սիրիահայությունը կրնա պահպանել գաղութը, պիտի պահպանե, ժամանակը ցույց կուտա ամեն բան: Միայն դուրս գալու պարագային նախանձախնդիր պետք է ըլլալ, ուղղվելու դեպի հարազատ մեր հայրենիքը և ոչ՝ օտար աշխարհներ: Արդյո՞ք ներկա Արևմտահայաստանի հայության նման ձուլումն է սիրիահայ գաղութի ճակատագիրը, ո՞վ կրնա կռահել:
Այնքան ատեն, որ մեր դպրոցներն ու եկեղեցիները հայորեն կբաբախեն և կգոյատևեն այստեղ, կկարծեմ որ տակավին գոյություն պիտի ունենանք մեր ծննդավայրին մեջ: Պաշտպանելու հարցը բավական բարդ հարց է, կխորհիմ, որ այդ մեկը մեր պատասխանատուները արդեն որոշած են իրենց միասնակամ կեցվածքով:
-«Տասնհինգի տեղահանութենէն ու թափառական պանդուխտի կեանքէն ետք, իրենց այս վերջին հանգրուանէն եւս վայրագութեամբ տեղահանուեցան»: 15 թվականի եղեռնից մազապուրծ, հայրենիքը կորցրած կնոջ գերեզմանը 100 տարի անց նույն թշնամին պղծում է գաղթականին ապաստան տված քաղաքում: Պատմությունը կրկնվում է: Մարիանա, ոչինչ չի փոխվել, ասում եք. «Մի դար հետո մազաչափ անգամ չփոխված ու չառաջադիմած մարդկություն», մինչ մենք դեռ 15 թվականի հիշողությունն ու պատմական արդարության պահանջն ենք վեր հանում... ցեղասպանությունները շարունակվում են:
-Պետք չէ հուսահատիլ: Չարության և վայրագությանց կողքին կգործե և կգոյատևե նաև բարին: Հարյուրավոր տարիներ առաջ գոյություն ունեցող պանթուրանիզմը, որու մեծագույն ղեկավարը թուրք ազգայնական շարժումն է, չի անհետացած, տարբեր ձևերով, նոր կերպարներով, ծպտված առաջնորդներով, խողխողելով, արյուն հեղելով սարսափ կսփռե ոչ միայն Հալեպի, այլև համայն մարդկության վրա: Կշարունակվի ցեղասպանությունը, աշխարհ թեև կրկին կփորձե լռել և անտեսել ցեղասպանվողներու դատը, սակայն ձեռնծալ մնացողներու կողքին, մեծ առաջնորդներ իրենց դրական արտահայտությամբ կրցան երկրագունդի մեկ հսկա փաղանգը առաջնորդել դեպի արդարության ճանաչմանը, ինչպես տեղի ունեցավ եղեռնի հարյուրերորդ տարվա նախաշեմին: Ամեն ձևով արգելք պետք է հանդիսանալ ցեղասպանություններու շարունակությանը:
-Այնուհանդերձ, գրքի վերջում անմոռուկները բողբոջում են, ասում եք նաև. «Սուրճ ըմպել սիրած էակի հետ, սիրելի քաղաքիդ մեջ, երազ մըն է ալ, անհասանելի թերեւս... ԲԱՅՑ ԿԸ ՀԱՒԱՏԱՄ ՈՐ ԵՐԱԶՆԵՐԸ ՆԱԵՒ ԿՐՆԱՆ ԻՐԱԿԱՆԱՆԱԼ»: Իրապե՞ս հավատում եք երազներին, Սիրիայի վերածննդին:
-Անկարելի բան չկայ մեր այս գոյության մեջ: Ամեն բան կարելի է, անոր որ կհավատա։ Հայը ժամանակի վերիվայրումներուն հետ, կթավալի, կշրջի քաոսին մեջ, մինչև որ գտնե իր իսկական հանգրվանն ու նպատակակետը: Հեռավոր ցամաքամաս հասնելե ետք, կրկին վերադառնալ քո հարազատ միջավայրդ, քեզի հարազատ երազներուդ, հրաշքի համազոր բան է: Ես ապրեցա այդ բոլորը, տարբեր տեղեր շրջելե ետք կրկին դարձա իմ ինքնութեանս՝ Արևելքիս…: Իսկական սուրճն ու անոր առթած հոգեկան ջերմությունը միայն քո հարազատ քաղաքը կրնա պարգևել քեզի: Այո, կհավատամ Սուրիո վերածնունդին, նաև իմ հայրենիքիս վերածաղկումին: Ժամանակը ցույց կու տա ամեն բան...
-«Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում ցուցադրվեց «Արծաթազօծ ջուր. Սիրիայի ինքնանկարը» ֆիլմը, որտեղ ասվում է՝ ռմբակոծության տակ գիրք կարդալն ուրիշ մի բան է: Կարծում եմ` Ձեզ ծանոթ զգացում է, ավելին, Դուք ոչ թե կարդացել եք, այլ գրել...
-Այդ զգացումը ծանոթ է: Քեզի հարազատ գործդ կատարած ատեն կունենաս հոգեկան գոհունակության զգացում. կանջատվիս դուրսի ցավոտ աշխարհեն: Նյութական ամեն բան կմնա դուրսը, իսկ դուն ներսը կառչած թուղթիդ իբրև լաստ կփորձես թիավարել օվկիանոսի մը բացերը, որու հետ կբաժնեկցիս ցավդ, և որ կրնա քեզի ապահովության և անհունության զգացում պարգևել: Երբ ապրածներդ կբաժնեկցիս թուղթին հետ, անոնց բեռն ու պատճառած ցավը կթոթափես ուսերեդ: Հրթիռներու առթած սարսափը չզգալու համար կարժե այդ սպիտակության հետ մտերմություն ստեղծել։


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ