ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Գոյամարտի առաջին դիրքերում պիտի լինեն մտավորականները»

«Գոյամարտի առաջին դիրքերում պիտի լինեն մտավորականները»
09.10.2015 | 01:28

Զրուցակիցս է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության ներկայացուցիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ։

-Տիար Մանուչարյան, հանրապետությունում հիմնարար փոփոխությունների պատրաստ բազմաթիվ մտավորականներ ի մի են եկել «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության շուրջը։ Սակայն մտավորական այս կոհորտան թվաքանակով ընդամենը մի գունդ է, ոչ զորագունդ, առավել ևս` բանակ։ Սա այն դեպքում, երբ ողջ հանրությանն է քաջ հայտնի, որ այսօր զոհասեղանին դրված են պետականության կորստի և ազգային ինքնության ուծացման գերխնդիրները։ Սակայն այս բախտորոշ օրերում մտավորականությունը բավականին անորոշ դիրքորոշում է որդեգրել։ Ինչո՞ւ է մտավորականությունը այս աստիճանի կրավորական։
-Դժվար է պնդել, թե մտավորականությունը կրավորական վիճակում է, քանի որ նույն այդ կրավորական վիճակում է ողջ հասարակությունը։ Աշխարհում գործող և առայժմ ՀՀ-ի ճակատագիրը տնօրինող հակահամակարգը ներքաշվել է մի արժեհամակարգում, որի գերնպատակն է հնարավորինս մեծ հարստություն կուտակել և հաճույք ստանալ։ Այս արժեհամակարգը շարունակաբար քարոզվում է հեռուստաէկրաններից, դառնում է չափանիշ, ստեղծում է հակահերոսներ, որոնք շատերի համար իրական հերոսներ են։ Այն հետևողականորեն մի գաղափար է զարգացնում. այս կյանքում հաջողակ և հաղթող են նրանք, ովքեր հարստություն են կուտակում առանց միջոցների մեջ խտրականություն դնելու։ Տեսեք, ամերիկյան կինոարտադրության գերհերոս Շվարցենեգերը ¥կամ նրա կերպավորած հերոսները¤ յուրաքանչյուր ֆիլմի վերջում անպատճառ հաղթում է և ուղևորվում է զվարճանքի կենտրոն, մի ձեռքում` փողերով լի ճամպրուկը, մյուս թևատակին էլ` գեղեցկադեմ աղջիկները։ Պիտի նշեմ, որ 2000-ականներից սկսվեց հարստության ցուցադրականությունը, երբ արդի հայ մարդու կատարելատիպը դարձավ անբավ հարստության տերը, երբ սանձարձակ ծախսողը ցուցադրում է իր գերշքեղ մեքենաները, հսկայածավալ առանձնատները, «շիզոֆրենիկ» հագուկապը։ Առաջացավ հասարակության անդամի մի նոր տեսակ` գերսպառողը, երբ սպառումը հասել էր անասնականության, երբ գիշերային մոլագար խնջույքների ժամանակ կլանելով ամեն բան, խնջույքներն ավարտում էին եղած-չեղածը ջարդուփշուր անելով։ Սա, անկասկած, մարտահրավեր էր հասարակությանն ու պետությանը։ Այս ամենը, այսպես ասեմ, կոտրեց շատերին, ոմանք էլ տեսնելով, որ իրենց անկեղծ խոսքն ու անբիծ վարքագիծը մնում են ձայն բարբառո հանապատի, դադարեցնում են պայքարը, փորձում են հարմարվել, ակամա դառնալ հակահամակարգի մի մասը։
Վերջին տարիներին արդեն ողջ հասարակությունն է գիտակցում, որ այս մարդակործան հակահամակարգը երկար կյանք չունի, արդեն հանրության բոլոր խավերն են մերժում այն։ Բայց և այնպես, տագնապում են, չեն կամենում ելնել պայքարի, վախենալով, որ եղած մի կտոր հացն էլ կկորցնեն։ Սակայն պետք է թոթափել վախի շղթաները, ջուր չլցնել հակահամակարգի ջրաղացին։ Եվ այս գոյամարտի առաջին դիրքերում պիտի լինեն մտավորականները, նրանք են հակահամակարգի դեմ մղվող պատերազմի սպաներն ու գեներալները։ Եվ ահա մտավորականությունն այսօր «Հայաստան» ժողովրդական նախաձեռնություն է ձևավորել, բայց լայն մտավորական զանգվածները դեռևս սպասումների մեջ են։


Պատրաստեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ