ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մեկ հարց՝ բազում պատասխանների ակնկալիքով

Մեկ հարց՝ բազում պատասխանների ակնկալիքով
06.10.2015 | 14:47

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում Սահմանադրության փոփոխության նախագծի ընդունումից հետո միայն ներկայացրեց իր կարծիքը: Փաստորեն՝ նա մնում է որոշակի խաղի կանոններում և մինչև երեկ լռեց, որպեսզի հետո չասվի, թե իր խոսքով ազդել է քվեարկության վրա: Թեպետ տարեսկզբից հայտնի էր, որ երկրորդ նախագահը դեմ է սահմանադրական փոփոխություններին, բայց քաղաքականության մեջ ժամանակն է ամեն ինչ որոշում: Փոխվում է կոնյունկտուրան, փոխվում են շահերն ու նպատակները՝ ինչպես իր օրինակով ապացուցեց ԲՀԿ-ն մինչև երեկ ու հատկապես երեկ՝ իր քվեարկության պատկերով:

Պատասխանելով մեկ հարցի միայն՝ ի՞նչ կտա առաջարկվող փոփոխությունը մեր երկրին, Ռոբերտ Քոչարյանը գործնականում պատասխանել է բազում հարցերի և հարուցել ավելի շատ հարցեր: Նա պնդում է, որ սահմանադրական փոփոխությունների որևէ անհրաժեշտություն չկա, առավելևս արմատական, որ երկրի բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծելի են գործող Սահմանադրությամբ, որի ֆունկցիոնալությունը կասկածի տակ չի դրվում: Նա հայտարարել է, որ նախագիծը գերազանցեց իր վատագույն սպասումները և էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ՝ դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում: «Սահմանադրության նախագծի հագեցվածությունը մարդու իրավունքների և պետության սոցիալական նպատակների մասին ընդհանրական գեղեցիկ բառակապակցություններով կարծես նպատակ ունի քողարկել Ազգային ժողովի կազմավորման բացարձակապես անընդունելի ձևը, որը բովանդակազրկում է խորհրդարանական կառավարման բուն էությունը: Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ: Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների: Իսկ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորը դարձնում է սահմանադրական նորմ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Սա առավել քան բացահայտ պատերազմ է ՀՀԿ-ի «արատավոր համակարգի վերարտադրման» դեմ: Բայց մեկ հարցով այս հարցազրույցը հարուցում է բազում հարցեր, որոնց պատասխանները Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել տալ՝ հիանալի իմանալով, որ այդ պատասխաններն են ամենակարևորը: Լավ, նա «այդպիսի ապագա» իր երկրին չի ցանկանում և միանշանակ դեմ է փոփոխություններին, բայց ինչո՞վ է արտահայտվելու դեմ լինելը: Ռոբերտ Քոչարյանը իրեն վերապահում է սոսկ արբիտրի՞ դեր, այդ հարթակում լավ տեղավորվել է Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ փորձելու է կանխել այն «մեծ սխալը», որի հետևանքները, իր խոսքով՝ «ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»: Հարցերի հարցը այս պահին ոչ թե Սահմանադրության գործող ու նոր տարբերակների համեմատականն է և գնահատական տալը, դա երեկվա խնդիրն էր, այլ՝ այլևս հանրաքվեի դրվող նախագծի ճակատագիը: Կպայքարի՞ Ռոբերտ Քոչարյանը նոր նախագծի դեմ՝ միայնակ կամ «Ոչ»-ի ճակատում, թե՞ կառաջնորդվի՝ տեսնենք ինչ է լինում, հետո կմտածենք ինչ անել սկզբունքով: Այդ տարբերակը փաստացի նշանակելու է իշխանության հետ գործարք ու որոշակի համաձայնություն՝ ապագա խորհրդարանում ներկայացվածության ու սեփական քաղաքական ճակատագրի վերաբերյալ: Իսկ եթե, այնուամենայնիվ, «երկու ղարաբաղցիների» միմյանց դեմ դուրս չգալու տաբուն խախտվի, ովքե՞ր են լինելու երկրորդ ղարաբաղցու և ովքե՞ր երրորդ ղարաբաղցու հետ: Սա բարդ հարց է, որովհետև նախագահական ժամկետը լրանալուց հետո երկրորդ ու երրորդ նախագահների կարգավիճակը հավասարվում է: Սերժ Սարգսյանն ունի մեկ առավելություն՝ նա ՀՀԿ նախագահն է, բայց հայաստանյան քաղաքական պայքարի պատմությունը վկայում է, որ ցանկացած կուսակցություն ցանկացած պահի նախընտրում է ուժը և իշխանություն մնալու կռվանները՝ բոլոր մյուս երաշխիքներից: Իսկ երբ ուժերը հավասարվում են, սկսվում է բացահայտ առևտուր, շանտաժի, կոմպրոմատների ու կոմպրոմիսների պատերազմ: Կոնկրետ այս դեպքում փաստ է նաև, որ Հայաստանի քաղաքական կյանքում վճռական ազդեցություն ունեցող Մոսկվան, մեղմ ասած, չի հասկանում, թե «եղբայրական Հայաստանն» ինչ է անում, Եվրոպան նույնպես չի հասկանում, բայց միանշանակ կողմ է խորհրդարանական կառավարմանը, թեպետ ԱՄՆ-ը չի կիսում այդ կարծիքը: Բարդ կոմբինացիա է ստեղծվում, որտեղ ամենակարևորը մինչև վերջ գնալու հաստատակամությունն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չի բացառվում, որ հենց գործող իշխանության մեջ Ռոբերտ Քոչարյանն ունի դաշնակիցներ, բայց նրանք էլ մտադիր են սեփական խաղը խաղալ, որովհետև ունեն իրենց քաղաքական ճակատագրի խնդիրը: Հանրաքվեն, որքան էլ զարմանալի է, կարող է ամենամեծ անակնկալը մատուցել: Հայաստանում կա բողոքական մեծ ընտրազանգված, որը առանձնապես հակված չէ փողոցային ելույթների՝ այդքան անգամ տուն ուղարկվելուց հետո, բայց ունակ է գնալ ու իր խոսքն ասել: «Ոչ»-ի ճակատի գլխավոր կռվանը այդ ընտրազանգվածն է, ոչ թե տարբեր հայտարարություններ անող ու չանող քաղաքական ու քաղաքացիական ուժերը, որ ոչ մի կերպ չեն կարողանում միավորվել, քիչ է, նաև ոչ մի կերպ չեն հասկանում, որ իրենց պետք չէ միավորվել, որ այս պայմաններում ցանկացած դաշինք արհեստական է լինելու, որովհետև չափազանց տարբեր են հայացքներն ու ելակետերը: Քանի տասնամյակ է՝ այդ միավորման միֆը իրականում սպանում է բուն դաշինքի իմաստն ու բովանդակությունը: Քաղաքականության մեջ, ինչպես սիրո, ամեն մեկն իր խնդիրն ու նպատակն ունի:

Դիտվել է՝ 1321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ