ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ինտելեկտուալ արտադրանքը պետք է դառնա փող աշխատելու միջոց

Ինտելեկտուալ արտադրանքը պետք է  դառնա փող աշխատելու միջոց
29.09.2015 | 00:53

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության հասարակական կազմակերպությունը հայտարարել են հասարակագիտական միջգիտակարգային ոլորտներում նորարարական ու հասարակական հնչողություն ունեցող գաղափարների և նախագծերի մրցույթ: Մրցույթները Հայաստանում սովորաբար կանխատեսված ընթացք ու արդյունք են ունենում, բայց գաղափարների ու ծրագրերի մրցույթ, թերևս, նորօրյա իրականության մեջ Հայաստանում հազվադեպ է հայտարարվում: ՈՒստի «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ զրույցը մրցույթի նպատակներն ու ակնկալիքները պարզելն էր:

-Ի՞նչ նպատակ ունի մրցույթը, և ո՞ր դեպքում կհամարեք, որ հասել եք Ձեր նպատակին:
ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- Հիմնական նպատակն է մեր հանրության մեջ եղած գաղափարներն ու նախագծերը ինչ-որ չափով հաշվառել, ինչ-որ չափով աջակցել կենսագործմանը և ունենալ գաղափարների ու նախագծերի շտեմարան: Այս գործառույթն աշխարհում նորություն չէ, կան մի քանի խոշոր կազմակերպություններ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, որ զբաղվում են նման գործունեությամբ՝ փորձում են այս կամ այն թեմայի շուրջ հավաքել մտքեր, գաղափարներ և նախագծեր: Մենք այսօր, ցավոք, ականատես ենք Հայաստանում ինտելեկտուալ ներուժի նվազման, էապես պակասել է գիտաշխատողների, ճարտարագետների թիվը, երկրորդ հանրապետության ցուցանիշների համեմատ տասն անգամ քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր այսօր են զբաղվում բարդ աշխատանքով: Երկրորդ հանրապետությունում բարդ աշխատանքով՝ լավ խառատից մինչև ֆիզիկոս-տեսաբանը, զբաղվում էր 1 միլիոն մարդ, այսօր Հայաստանում` մոտ 100000: Այդ պատճառով մենք՝ «Նորավանք» հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն, որոշեցինք, մեր համեստ հնարավորությունների սահմաններում, մրցույթ կազմակերպել՝ ստանալու մտածող մարդկանց տեսակետները, գաղափարները, առաջարկները, խիստ սեղմ, երեք էջի շրջանակներում հետևյալ ամենակարևոր խնդիրների շուրջ՝ Հայաստանի և եվրասիական ինտեգրացիայի գործընթացների, տեղեկատվական անվտանգության և մեդիա հետազոտությունների, Հայաստան-սփյուռք հարաբերությունների և հայկական հանրության անվտանգության, գիտակրթական և մշակութային ոլորտում:
-Հայաստանի և եվրասիական ինտեգրացիայի գործընթացներում ի՞նչ առաջարկներ եք ուզում ստանալ:
-Բազում. կան տնտեսական, գաղափարական ու գաղափարախոսական խնդիրներ, որ շատ կարևոր են: Այսօր թափ է հավաքում նեոբյուզանդական շարժումը, որը կարող է միավորել և հայերին, և վրացիներին, և սերբերին, և հույներին, և ռուսներին, և ուկրաինացիներին՝ բոլոր նրանց, որ այս կամ այն չափով բյուզանդական քաղաքակրթության ժառանգորդ են: Երկրորդ կարևորագույն խնդիրն է տեղեկատվական անվտանգությունը: Տեղեկատվական ի՞նչ միջավայրում ենք մենք ապրում: Երկու տարի առաջ մենք հրատարակեցինք «Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական դաշտում» հետազոտությունը: «Նորավանքը» միակն է, որ տեղեկատվական անվտանգության խնդիրներով զբաղվող հատուկ կենտրոն ունի: Ես չեմ ուզում շատ խորանալ, բայց մեր տեղեկատվական դաշտը բազում թերացումներ ունի՝ սկսած ոչ օբյեկտիվ, միտումնավոր ու միակողմանի լուսաբանումներից մինչև պարզապես խնդրի չիմացություն: Հանրությունը հաճախ չի ստանում համարժեք տեղեկատվություն, հոգևոր և մտավոր աջակցություն: Սա լուրջ խնդիր է: Նկատե՞լ եք, որ «աշխատանք» բառը գրեթե չի արտաբերվում մեր հեռուստաեթերում, աշխատանքային խնդիրները չեն լուսաբանվում: Սա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք իրավիճակ փոխել: Եթե չունես հոգևոր ու մտավոր ռեսուրսներ, տեղեկատվական դաշտում ու մյուս ոլորտներում հաջողությունների չես հասնի:
-Հայաստան-սփյուռք հարաբերությունները կարո՞ղ են նոր առաջարկների հիմք դառնալ:
-Կարող են: ՈՒնենք սփյուռքի նախարարություն, որ անում է այն, ինչ ներկա պայմաններում հնարավոր է: «Նորավանք» հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն առաջիկայում նախաձեռնելու են Հայաստան-Սփյուռք համալսարանի ստեղծումը, որտեղ օնլայն կուրսեր կկազմակերպվեն՝ փոխանցելու այն գիտելիքներն ու տեղեկությունները, որ այլ կերպ կամ մատչելի չեն, կամ չկան:
-Սփյուռքի ամեն գաղթօջախ ունի իր առանձնահատկությունները, բավարար տեղեկացվա՞ծ եք Սփյուռքի խնդիրներից, որ կարողանաք անհրաժեշտ մակարդակ ապահովել:
-Այո, վերջին յոթ տարում «Նորավանքը» սփյուռքի նախարարության հետ 12 աշխատություն է հրատարակել՝ նվիրված այսօրվա համայնքներին ու այսօրվա խնդիրներին: Մենք ունենք հայկական համայնքների մտավոր ռեսուրսների լավագույն շտեմարանը: Առաջին հերթին այդ համալսարանում դասախոսելու են մեր հայրենակիցները, հայտեր արդեն ունենք Հունաստանից, Ֆրանսիայից: Մեր բոլոր համայնքներում մենք ունենք մտավոր լուրջ ներուժ, որը պետք է օգտագործենք: Անպայման նաև Հայաստանից ենք գիտնականների ընդգրկելու՝ ո՞վ ավելի լավ գիտի մեր խնդիրները: Շատ ենք խոսում Մերձավոր Արևելքից: Իսկ ի՞նչ է կատարվում այդ տարածաշրջանի հայության հետ: 2003-ից, երբ սկսվեց պատերազմը, Իրաքում մենք գրեթե կորցրել ենք մեր համայնքները: Իսկ հայկական համայնքները Մերձավոր Արևելքում արևմտահայության քաղաքակրթական կոդի կրողն են: Նաև՝ քրիստոնեության: Այս խնդիրները կարիք ունեն նոր գաղափարների: Ամենաթանկը մարդն է, ամենաթանկը մարդու միտքն է: Մենք հայտեր ենք ընդունելու հայերեն, ռուսերեն, անգլերեն՝ սփյուռքից մենք սպասում ենք արձագանքներ, տեսակետներ ու առաջարկներ:
-Գիտակրթական ու մշակութային ոլորտները անսահմանափակ տարածք չե՞ն, որ տեղավորվեն կոնկրետ առաջարկների մեջ:
-Մենք ունենք լրջագույն խնդիրներ: Տասնյակ ինստիտուտներ են փակվել, ակադեմիական հատվածը բավականին ծանր վիճակում է: Մենք ուզում ենք վիճակ փոխել: Ի տարբերություն այլ ազգերի, որոնք նույնպես սփյուռք ունեն, հայկական սփյուռքը շատ պետականակենտրոն է, միշտ նայում է Հայաստանին: Մեծ հաջողություն է, որ կա երրորդ հանրապետությունը, բայց խորհրդային տարածքը, ներառյալ Ռուսաստանը, մեծապես կորցրել է իր խորհրդային ժամանակների գիտակրթական ներուժը: Ալիխանյաններ, Մերգելյաններ, Իոսիֆյաններ, Ենիկոլոպովներ միշտ եղել են ու այսօր էլ կան, բայց այսօր նրանց պակասում է իրենց տաղանդի դրսևորման ասպարեզը:
-Մրցույթը ինչքա՞ն է տևելու:
-Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 31-ը: Բացի մրցանակակիրներից մենք բոլոր արժանի նյութերը հրապարակելու ենք Noravank.am և soyuzinfo.am կայքերում: 1-ին մրցանակի համար սահմանված է 300000 դրամ, 2-րդի համար՝ 200000, 3-րդի՝ 100000:
-Ո՞ր շրջանակների համար եք նախատեսում մրցույթի արդյունքներով ստացված առաջարկների, գաղափարների, ծրագրերի սպառումը:
-Երկու փոխազդող հարթություններում՝ հասարակական-քաղաքական, կառավարման դաշտը և գիտակրթական դաշտը: Իհարկե՝ նաև մեդիառեսուրսները, որ դառնում են կապող օղակ հանրության հետ:


-«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի գործունեության դաշտն ընդլայնվո՞ւմ է:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության ՀԿ-ն, «Նորավանքի» հետ նախաձեռնելով այս մրցույթը, առաջին հերթին նկատի ուներ, որ մրցույթը հետաքրքրելու է Հայաստանի ուսումնական հաստատություններին, երիտասարդ գիտնականներին: Մենք կարծում ենք, որ ինտելեկտուալ միտքը Հայաստանում նախ և առաջ բուհերում է կենտրոնացած: Ինտելեկտն ու գիտելիքն աշխարհում ամենուրեք համալսարանական ծագում ունեն: Մրցույթի հայտարարության առաջին հասցեատերերը լինելու են Երևանի պետական, ճարտարագիտական ու տնտեսագիտական, մանկավարժական, Բրյուսովի անվան լեզվագիտական, հայ-ռուսական, սլավոնական համալսարանները և մյուս բուհերը, որտեղ կա հետաքրքրություն դեպի գիտությունն ու նորարարությունը: Հասարակական հնչողություն ունեցող գաղափարների արտադրությունը Հայաստանում պետք է դառնա ինտելեկտի ներդրումով, գաղափարի իրագործումով փող աշխատելու միջոց: Ժամանակակից աշխարհի ամենամեծ հարստությունը մարդն է՝ նրա ինտելեկտուալ ու մասնագիտական կարողությունները: Այն ազգերն ու պետությունները, որ ունեն այդ հարստությունը, իշխում են ժամանակակից աշխարհում: Եթե մենք ուզում ենք մրցակցային աշխարհում կենսունակ լինել, պիտի ունենանք ինտելեկտով, կրեատիվ գաղափարներով հարուստ խավ հասարակության մեջ, որ կարող է մեծաթիվ չլինել, բայց պիտի իր գոյությունը զգացնի և թիրախ ու պատվիրատու լինի այսօրինակ գործընթացներում: Մենք հույս ունենք, որ այս գաղափարը խաղաղ խանդ պիտի առաջացնի պետական ու ոչպետական կառույցներում: Նրանք պիտի զարգացնեն գաղափարը իրենց ռեսուրսներով և տարբեր նորարարական ծրագրեր իրականացնելով: Եթե մրցույթը հաջող անցնի, և հավաքենք բավարար թվով հասարակական հնչողություն ունեցող գաղափարներ, կարող ենք «Նորավանքի» հետ համատեղ տարին երկու անգամ մրցույթ հայտարարել միայն մեր ռեսուրսներով: Մեզ կարող են միանալ կամ մեզնից անկախ համանման մրցույթներ կազմակերպել մեզնից հարուստ կազմակերպությունները: Գաղափարների գեներացիան և այդ գեներացիայի դիմաց հատուցում ստանալը այդպիսով կարող ենք դարձնել պրակտիկա հայկական իրականության մեջ:
-Պրակտիկան ենթադրում է պրակտիկ կիրառություն, ինչպե՞ս եք դա պատկերացնում:
-Կա երկու հարթություն՝ մարդը և նրա արտադրած գաղափարը: Ես անկեղծորեն շահագրգռված եմ, որ եվրասիական ինտեգրման ասպարեզով հետաքրքրված, ժամանակակից Հայաստանի անկախությամբ ու ամրապնդմամբ շահագրգիռ, անվտանգային խնդիրները լավ հասկացող ու պատկերացնող երիտասարդները համախմբված լինեն «Նորավանքի» ու «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի շուրջը: Մենք նրանց մասնակից կդարձնենք մեր կոնֆերանսներին ու սեմինարներին, ինքնարտահայտման ու տպագրության հարթակներ կտրամադրենք, կօգնենք եվրասիական հարթակ դուրս գալ, շփվել իրենց տարեկիցների հետ, փորձի փոխանակում ունենալ ռուսների, բելառուսների, ղազախների ու ղրղզների հետ: Աշխարհում ամեն տեղ լավ գաղափարը փող արժի, դա վերաբերում է անձին, նրա մարդկային իրավունքներին ու ինտելեկտուալ սեփականությանը: Ցավոք, մեր երկրում մինչև հիմա ինտելեկտը և գաղափարի գեներացիան ինքնուրույն աշխատանք ու ասպարեզ չեն եղել: Դա սխալ է և չի համապատասխանում 21-րդ դարում առաջադրվող պահանջներին որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանին: Մենք հույս ունենք մեր համեստ ներդրումով մեր երկրի պատկան և ավելի մեծ ռեսուրսներ տնօրինող կառույցներին մղել՝ դեմքով շրջվելու դեպի այս իրողությունները: Թող նրանք էլ մրցույթներ հայտարարեն, բուհերի ուսանողները, ասպիրանտները, միջին տարիքի գիտաշխատողները, անհատներն ու աշխատանքային խմբերը հնարավորություն ունենան որոշակի տեղում ու ժամանակում իրենց գաղափարները մրցույթի ներկայացնելու և փող ստանալու, եթե դրանք համարժեք են մրցույթի պայմաններին: Սա լուրջ խթան է մտածող մարդկանց համար:
-Նորություններ, գաղափարներ, նոու հաուներ՝ հրաշալի է, բայց ո՞րն է լինելու գնահատման չափանիշը:
-ՈՒրբաթ օրը «Նորավանք» հիմնադրամի գիտական խորհրդի նիստը տեղի ունեցավ, որին մասնակցում էին Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները: Աշխատանքային գաղտնիք է մրցութային հանձնաժողովի կազմը, վստահ եղեք, որ նրանք լուրջ, Հայաստանում ու սահմաններից դուրս ճանաչված մարդիկ են, նրանց ներկայությունը պատիվ է բերելու մրցույթին ու առավելագույնս մասնագիտացված ու արդարամիտ լինելու երաշխիք է:
-Հարցը հանձնաժողովը չէ, այլ բուն գաղափարը: Ես ունեմ գաղափար, որ ինձ հանճարեղ է թվում, որքանո՞վ է դա ընդհանրական ու անհրաժեշտ մյուսներին:
-Մենք չենք հետաքրքրվում թռչող ափսեներով ու պարանորմալ երևույթներով: Մեզ համար արժեքավոր են բանականության դաշտում քննվող, բանական, ռացիոնալ լուծումներ ունեցող գաղափարները: Երիտասարդը, որ առաջադրում է գաղափարը, պիտի կարողանա անհրաժեշտ պայմանները ստանալով՝ իրականացնել: Ժամանակակից աշխարհի հզորները Արևմուտքում, վերջերս նաև Չինաստանում լրջորեն սկսել են զբաղվել նոու հաուներով ու ինովացիոն տեխնոլոգիաներով՝ իրենց հասարակությունը ուժեղացնելու, տնտեսությունը ամրացնելու նպատակով: ԱՄՆ-ում այս գործն անում են շատ վաղուց, հարահոսի մակարդակով ու վիթխարի գումարներ են ծախսում, որոնց վերադարձելիությունը շատ ավելի մեծ է՝ տնտեսության ու հասարակության զարգացման ներուժով: Եթե մենք Հայաստանում անենք առաջին քայլն ու ունենանք առաջին մրցանակակիրները, որ ինովացիոն գաղափարներ արտադրելով ստացել են գումար և ուսման վարձը վճարել են իրենց մտքի արտադրանքով, դա ունենալու է դաստիարակչական նշանակություն ու իրական հետաքրքրություն է առաջացնելու մյուսների շրջանում:

Զրույցը վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ