Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Աստված Հայաստանը ստեղծել է տուրիզմի համար»

«Աստված  Հայաստանը ստեղծել է տուրիզմի համար»
21.07.2015 | 01:11

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր ՌՈԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆԸ բնագավառի եզակի պրոֆեսիոնալներից է։ Նրա հետ զրույցում բազմաթիվ ուշագրավ փաստեր արձանագրվեցին, ինչն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏՈՒՐԻՍՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՈՒՄ Է 1-4 ՀԱՐԱԿԻՑ ԱՇԽԱՏԱՏԵՂ»


-Պարոն Մինասյան, այսօր հանրապետության ֆինանսական տկարությունը վերաճել է թոքաբորբի, ՀԷՑ-ը մարտահրավեր է նետել հանրապետությանը, արդյունքում ձևավորվում է քաղաքացիական անհնազանդության ճակատ։ Խնդրի խորքում երկրի անփառունակ տնտեսական վիճակն է, պետությունը վարկեր է ձեռք բերում, մի պահ դրանցով կանխում է տնտեսական անկումը, այնինչ հայկական տուրիզմը կարող է օգնել` շոշափելի ազդեցություն ունենալու տնտեսության զարգացման վրա։
-Ինձ մտահոգող հարց եք տալիս։ Ես այս երկրում եմ ապրում և, բնականաբար, անմասն չեմ նրա խնդիրներից։ Ո՞րն է տուրիզմի մեծ ներուժը։ Եթե բացառենք անվտանգության խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել տուրիստների այցը որևէ երկիր, ապա տուրիզմի զարգացման առջև կանաչ ճանապարհներ են բացվում։ Հայաստանը երևանակենտրոն երկիր է, բավական է, որ միջազգային լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեն, թե անհանգիստ է վիճակը Հայաստանում, և դա զգուշավորություն կառաջացնի տուրիզմի սիրահարների մեջ։ Սակայն շատ ավելի կարևոր հարցեր կան։ Աշխարհում դեռ լավ չգիտեն, թե որտեղ է Հայաստանը` Աֆղանստանի՞ն է սահմանակից, թե՞ Քուվեյթին կամ Իրաքին, Եվրոպայո՞ւմ է, թե՞ Ասիայում։
-Բայց աշխարհում հայերը բավականին ճանաչելի են, թեկուզ իրենց համաշխարհային դեմքերով։ Սրան էլ հավելենք Արցախի չլուծվող հակամարտությունը և այլն։
-Հանրաճանաչ մարդիկ և հանրաճանաչ երկիրը տարբեր բաներ են։ Երկիրը պիտի հանրաճանաչ դառնա որպես տուրիստական հետաքրքրությունների հանգրվան։ Անշուշտ, վերջին տարիներին բավականին գործեր են կատարվել, առողջարաններ, հյուրանոցներ են կառուցվել, ճանապարհներ են գցվել և այլն։ Սակայն Հայաստանի ճանաչելիության խնդիրը լիակատար լուծված չէ։ Երկրի նախագահի և պաշտոնական պատվիրակությունների փոխայցերը ինչ-որ չափով, իհարկե, լրացնում են բացը։ Բարձր մակարդակով և ամենակարևորը արժանապատվորեն նշվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հռոմի պապի հանրահայտ պատարագը էապես նպաստեց մեր երկրի ճանաչելիությանը։ Սակայն այս ամենով անգամ մենք չենք կարող տուրիստական լուրջ հոսքեր ակնկալել։
-Ինչո՞ւ։
-Այն դոնոր երկրներում, որտեղից հնարավոր է ապահովել տուրիստական հոսքերը, պիտի մշտապես գովազդվեն Հայաստանի տուրիստական հնարավորությունները։ Անհրաժեշտ է զարգացնել կազմակերպված պլանային տուրիզմը։ Պետական վիճակագրական տվյալների համաձայն, 2014-ին որպես տուրիստ ՀՀ է այցելել 1 միլիոն 200 հազար մարդ։ Ես այդ թիվը, բնականաբար, չեմ վիճարկում։ Սակայն նրանց մեջ շատ են այցելուները։
-Ո՞րն է այցելուի առանձնահատկությունը։
-Նա ինքնուրույն է երկիր այցելում, նա դուրս է կազմակերպված տուրիզմի ցանկից։ Իսկ կազմակերպված տուրիստը տուրֆիրմայի միջոցով է գնում ուղեգիրը։ Նախապես վճարում է այցելության գումարը, և եթե այցելությունը իրականացվում է տուրօպերատորի կողմից, կարելի հաշվարկել, թե պետության գանձարանում որքան կավելանան ֆինանսական միջոցները։ Նախ, եթե յուրաքանչյուր տուրիստ միջինը Հայաստանում հազար դոլար է ծախսում, ապա 1 մլն 200 հազարը Հայաստանում է թողնում 1 մլրդ 200 մլն դոլար գումար։ Սա ՀՆԱ-ի 12,5 տոկոսն է։ Սակայն այդ գումարը պիտի արտացոլվի մեր բյուջեում առանձին տողով, ինչպես աշխարհում է ընդունված։ Այստեղ շատ կարևոր է հետևյալը. կազմակերպված-պլանային տուրիզմը ստեղծում է աշխատատեղեր, չէ՞ որ յուրաքանչյուր տուրիստ յուրաքանչյուր հյուրընկալող երկրում ստեղծում է 1-4 հարակից աշխատատեղ։ Տուրիզմը համարվել և համարվում է տնտեսության լոկոմոտիվ։ Չէ՞ որ ցանկացած երկրում զարգացած տուրիզմը երկրի ընդհանուր տնտեսությունն է զարգացնում, սկսած գյուղմթերքների իրացումից, մինչև հուշանվերների արտադրություն, ճանապարհաշինարարություն և այլն, և այլն։ Պատահական չէ, որ տուրիզմը համարվում է ոսկե անձրև երկրի համար։ Սա ուղղակի ներդրում է, պատահական չէ, որ աշխարհի զարգացած երկրներում հիմնավոր ուշադրության է արժանանում այս ոլորտը։
-Ցավալի է, բայց հարևան Թուրքիան կարծես տուրիզմի համաշխարհային կենտրոն է դարձել։
-Միայն տուրիզմից Թուրքիայի բյուջե է մտնում 35 մլրդ դոլար։ Իսրայելում 8,5 մլրդ դոլար է այս ցուցանիշը։

«ՌՈՒՍՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»


-Ձեր առաջարկությունները։
-Տարիներ առաջ Թուրքիան հորդորում էր տուրիզմով զբաղվող իր ընկերություններին մեծացնել իրենց ծավալները։ Յուրաքանչյուր տուրիստի դիմաց պետությունը 100 դոլար էր վերադարձնում տվյալ ընկերությանը։ Այսինքն` լրջորեն խրախուսում էին տուրօպերատորներին, բայց տարիներ անց այդ խրախուսումը վերացավ, դրա կարիքն այլևս չկար։ Երկրորդ ճանապարհը հետևյալն է. վերջերս հեռուստակամուրջ էր Երևան-Մոսկվա, ինքս էլ էի մասնակցում։ Ռուսաստանի տուրիստական արդյունաբերության մամլո քարտուղար Իրինա Տյորինան և «Ռոստուրիզմի» մամլո ծառայության ղեկավար Իրինա Շչեգալկովան հրապարակեցին մեզ համար ոչ այնքան հաճելի թվեր, համաձայն որոնց, 2014-ին ՌԴ-ից ՀՀ տուրիստական ուղերթ է կատարել մոտ 53 հազար մարդ, նրանցից ընդամենը 2,5 տոկոսն են կազմակերպված տուրիստները։
-Այսինքն, պետության հետ շփվող տուրիստական ընկերությունների միջոցով ընդամենը հազար մարդ է ժամանել Հայաստան։
-Այո։ Մնացածը եկել, հանգստացել և գոհ հեռացել են մեր հանրապետությունից, այսպես կոչված, մուլտիպլիկացիոն էֆեկտի ճանապարհով։ Նա ինքնակամ գալիս է որևէ երկիր, որոշակի գումարներ է ծախսում, որոնք պետական բյուջեն շրջանցում են։ Հիմա ես ակամա մտածում եմ, գուցե մեզ ֆինանսական միջոցներ այնքան էլ պետք չե՞ն, հազարներով գալիս-գնում են, մասնավոր հատվածը ինչ-որ չափով աշխուժանում է և վերջ, երկրի բյուջեն մնում է ձեռնունայն։
-Մեզ փող շատ է պետք, ինչի քրոնիկ սակավությունը պարտադրում է ամենատարբեր վարկեր վերցնել այս կամ այն երկրից։ Սակայն իրազեկեք, մեզ մոտ կա՞ն կայացած տուրիստական ընկերություններ։
-Այո, կան հիանալի աշխատող կազմակերպություններ, որոնք նույնքան հիանալի կատարում են պարտավորությունները պետության հանդեպ։
-Թեկուզ մեկին նշեք։
-Խնդրեմ, «Ավարայր» տուրիստական կազմակերպությունը, որը գործում է 1996-ից և խոշոր հարկատու է։
-Եկեք դառնանք կառուցողական ընդդիմություն և փորձենք ներկայացնել կազմակերպված տուրիզմի զարգացման տեսլականները։
-Հեռուստակամրջի ժամանակ ես առաջարկեցի 2016-ը հայտարարել ռուսական տուրիզմի տարի Հայաստանում։ Նախ էապես կզարգանա կազմակերպված տուրիզմը և, բնականաբար, բազմապատկված գումարային հոսքերը կուրվագծվեն պետբյուջեում։ Սակայն հայտարարությունը բավարար չէ։ Մենք պիտի հենց այսօր օգտվենք ռուսական շուկայում մեզ համար առկա նպաստավոր իրավիճակից։
-Ներեցեք, ի՞նչ է կատարվում ռուսական տուրշուկայում։
-Միջազգային սանկցիաների պատճառով էապես նվազել է ռուսների հոսքը եվրոպական երկրներ։ Եվ սա ռուսական ազգային վերելքի արտահայտությունն է, ոչ թե տնտեսական ճնշումների, ռուսները համամիտ են իրենց երկրի քաղաքականության հետ և այդպես են արտահայտում իրենց վերաբերմունքը։ Սակայն չէ՞ որ նրանք շրջագայությունների սիրահար մարդիկ են և ցանկանում են հանգստանալ այլ երկրներում։ Բացի սրանից, մի այլ նրբություն էլ կա. ռուս տուրիստը կամենում է մեկնել արտասահման, սակայն դա հնարավոր է միայն արտասահմանյան անձնագրի պարագայում։ Եվ տեսեք, ռուսական ազգաբնակչության ընդամենը 30 տոկոսն ունի արտասահմանյան անձնագիր։ Սա խոչընդոտ է, մենք էլ կարող ենք այս իրավիճակից օգտվել։ Բացի սա, ՌԴ ուժային կառույցներում մոտ 4 մլն մարդ է աշխատում, ովքեր չեն մեկնում եվրոպական երկրներ հանգստանալու։ Մենք կարող ենք 2016-ի միջոցառումների շրջանակներում միջպետական համաձայնագրով թույլ տալ միլիոնավոր մարդկանց ՀՀ այցելել սովորական անձնագրով։ Ռուսները ցանկություն ունեն այցելելու Հայաստան, չկա լեզվի խնդիր, հարաբերությունները դարեդար բարեկամական են և այլն։ Իհարկե, խոսքս վերաբերում է կազմակերպված տուրիզմին։ Տեսեք, թե որքան կշահենք։ Ի դեպ, վերջերս շուրջ 50 %-ով նվազել է ՌԴ-ից Թուրքիա մեկնող տուրիստների քանակը։ Սա նշանակում է 2,5 մլրդ դոլարի կորուստ և մոտ 20 հազար աշխատատեղի փակում։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՓՆՏՐԵԼ ԵՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔԸ»


-Պարոն Մինասյան, տեղյակ եմ, որ ռուսների հետ 3 տարի գիտատուրիստական արշավներ եք կազմակերպել։ Նպատա՞կը։
-Հայաստանում ռուսական հետք ենք փնտրել։ Եվ այս փնտրտուքով հասել ենք մինչև Կարս, ուր նաև հայկական հետքն է առկա։ Արդյունքում լույս ընծայվեց «Русский след» Россия-Армения. Научные исследования туристических дестинации» գիրքը։
-Այսինքն` տուրիզմի զարգացմանը նպաստող յուրօրինակ ճանապարհային քարտեզ եք մշակել։
-Թեկուզ այդպես։ Կարսում է հետաքրքիր իրավիճակը, ռուսական հետքի մեջ կան խոր հայկական արմատներ, չէ՞ որ ռուսների կառուցած բոլոր շենք-շինությունների վարպետներն ու աշխատողները հայեր էին։ Ռուսական կողմը լիասիրտ ողջունել է այս ծրագիրը, որի շրջանակներում կկազմակերպվի տասնօրյա ուղևորություն դեպի Հայաստան։ Հինգ օր տուրիստները կլինեն ՀՀ-ում, հինգ օր էլ Կարսում, սակայն հայաստանյան հնգօրյակից մեկ օրը պիտի անցկացվի Գյումրիում։ Ինչը բոլոր ուղղություններով կազդի ընդհանուր զարգացման վրա։ Այս ծրագրի շրջանակներում մի ուշագրավ տուրիստական հետաքրքրություն ենք կամենում առաջարկել և ի կատար ածել հատուկ այն հայերի համար, ովքեր ծնվել են Ռուսաստանում, ՌԴ քաղաքացի են, սակայն երբեք չեն եղել մայր հայրենիքում։ Նրանք Հայաստանում և՛ կմերձենան հայոց լեզվին ու մշակույթին, և՛ կհարստացնեն հայրենիքը։ Ի վերջո, իրենց ինքնությամբ կմնան հայ։

«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿԱԴՐԵՐ ՏՈՒՐԻԶՄԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»


-Պարոն Մինասյան, տուրիզմը, այն էլ նման ընդգրկումներով, ենթադրում է բարձրորակ կադրեր։ Այս տեսանկյունից ի՞նչ վիճակում ենք։
-Բարդ։ Շատերն ավարտելով բուհերի համապատասխան բաժինները` չեն աշխատում տուրիզմի բնագավառում, քանի որ բավարար մասնագիտական որակավորում չունեն։
-Ձեր ղեկավարած ինստիտուտի նախկին սաների մեծամասնությունը, որքան գիտեմ, հաջողությամբ է աշխատում տուրիզմի ոլորտում։
-Ձեր գնահատականի համար, իհարկե, շնորհակալ եմ, սակայն մեր ինստիտուտն անկարող է ողջ Հայաստանի ներկա կադրային պահանջարկը բավարարել։ Անհրաժեշտ են բարձրորակ կադրեր տուրիզմի արդյունաբերության մեջ։ Այսօր այս բնագավառում հիմնականում աշխատում են մասնագիտական կրթություն չունեցող մարդիկ։ Եվ, բնականաբար, չեն կարող ժամանակի պահանջներին հարիր որակյալ ծառայություններ առաջարկել։ Մենք պիտի պատրաստ լինենք պատշաճ մակարդակով հյուրեր ընդունելու։ Հայաստանը ներկայացնողները, լինի գիդ, հյուրանոցի աշխատակից, թե այլ մեկը, նախ պիտի քաջատեղյակ լինի իր երկրի անցյալին և ներկային, կարողանա ամենատարբեր մարդկանց վերոնշյալը ներկայացնել արժանի ձևով։

«ԳԻԴԸ ՆՈՒՅՆ ԶԻՆՎՈՐՆ Է, ՄԻԱՅՆ ԹԵ ՆԱ ԶԻՆՎԱԾ Է ԳԻՏԵԼԻՔՈՎ»


-Մամուլից տեղյակ եմ, որ հանրապետությունում զարգացնում եք նոր, գիտական տուրիզմը։
-Մենք բացել ենք գիտական տուրիզմի ամբիոնը ՀՀ ԳԱԱ միջնորդությամբ։ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը դարձել է գիտական աստղադիտարանի տուրիզմի ղեկավարը։ Սա շատ եմ կարևորում։ Եթե մենք այսօր չզարգացնենք գիտական տուրիզմը, մենք կվերածվենք սպասարկող երկրի։ Տեսեք, եթե աշխարհի շատ երկրներում հյուրը պիտի տասնյակ կիլոմետրեր անցնի ինչ-որ ուշագրավ բան գտնելու համար, մեզ մոտ, կարելի է ասել, դրանք յուրաքանչյուր քայլափոխին են։
-Սա գի՞դն է ներկայացնելու։
-Այո՛։
-Ո՞վ է նա։
-Նա մեկն է, ով պիտի նախ սիրի և հպարտությամբ ներկայացնի իր երկիրը, պիտի փորձ, մասնագիտական կրթություն և համապատասխան սերտիֆիկատ ունենա և ժամանակ առ ժամանակ պետք է վերապատրաստվի։ Բացի սրանից, Հայաստանը շրջափակված է ոչ այնքան բարեկամ երկրներով։ Բազմաթիվ այցելուների թվում, ինչ իմանաս, թե ովքեր են և ինչ մտադրություններով են երկիր այցելել։ Հայաստանը պիտի նվիրյալ մասնագետներով համալրվի։ Ինչպես մեր հրաշք զինվորներն են մեր սահմանները պաշտպանում, գիդը գիտելիքով զինված նույն գործն է պարտավոր կատարել իր երկրի ներսում։ Նա պաշտպանելու և հանրահռչակելու է իր հայրենիքը։


Զրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ