ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ես ուզում եմ, որ այս հողի վրա միայն թուրքն ապրի և անբաժանելիորեն տիրապետի»

«Ես ուզում եմ, որ այս հողի վրա միայն թուրքն ապրի և անբաժանելիորեն տիրապետի»
17.07.2015 | 02:21

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Քաղաքական կուսակցությունների դերի մասին խոսեցինք, իսկ ի՞նչ էին անում հայերն ընդհանրապես, ինչո՞ւ չէին դիմադրում:
-Հայությունն իրեն սպասող աղետի շեմին՝ համարյա անմեղսունակի կարգավիճակում, մոտալուտ վտանգը կանխարգելելուն ուղղված որևէ նախաձեռնություն հանդես չէր բերում։
-Ինչո՞ւ, խաբվա՞ծ էին, չէի՞ն հավատում, որ թուրքերը նման քայլի կգնան, թե՞ նրանք ավելի արագ էին գործում, քան հայերը ինչ-որ որոշում կկայացնեին:
-Երիտթուրքերը իբրև Գերմանիայի դաշնակից Առաջին աշխարհամարտին մասնակցելու որոշմանը հաջորդող շրջանում, առաջինը դեպի Կովկաս և Իրանյան արևելյան ճակատում, այսինքն` Արևմտյան Հայաստանի տարածքում սանձազերծված պատերազմական գործողություններում ընդգրկված բանակային ուժերին զուգահեռ երկու տարուց ավելի գոյություն ունեցող իրենց գաղտնի սպասարկության՝ «Թեշքիլաթը Մահսուսա» կառույցի «ամենավստահելի» համարվող կադրերի վայրագ հարձակումներով հայությունն իր բնօրրանում բնաջնջելու գործընթացը սկսել էին։ Մեծ մասը բանտերից ազատված ծանր հանցագործություններ կատարածներից բաղկացած, ավազակությամբ զբաղվող պորտաբույծ՝ առավելապես չերքեզ, լազ ու քրդերից կազմված այս տարրերը, 1914 թ. հուլիս-օգոստոսին կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսից Տրապիզոն և Կարին-Էրզրում ուղարկված դոկտոր Բեհաէդդին Շաքիրի ղեկավարությամբ խաղաղ հայ բնակչության դեմ ավեր էին գործում։
-Դժվա՞ր էր կազմակերպության թիկունքում պետությունը տեսնելը:
-Դժվար չէր, բայց դիմադրության հնարավորությունները օրեցօր նվազում էին: Պատմության այդ ժամանակահատվածի ամենաուշագրավ եղելություններից մեկը Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության իշխանությունների կողմից մինչ օրս հնարավորինս լռության մատնված և այժմ էլ սեփական հասարակությանը կեղծիքներով մատուցվող 1914-ի դեկտեմբերի 22-ից 1915-ի հունվարի 17-ը Սարիղամիշում տեղի ունեցած ռուս-թուրքական ճակատամարտն է։ Էնվեր փաշայի ղեկավարած օսմանյան զորքերը, որ պատրաստ չէին ձմեռային խստաշունչ պայմաններին, Ալլահուկբեր լեռների մոտ ամբողջովին ջախջախվեցին: 1933-ին «Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի» տվյալներով` Սարիղամիշի ճակատամարտում զոհվել էր 109274 ասկյար, իսկ 2007 թ. դեկտեմբերի 8-ին նույն Գլխավոր շտաբը հայտարարեց, որ զոհվել և սառնամանիքից սառել է մոտ 60 հազար զինվոր: Ո՞Ւր անհետացան երկու իրարից խիստ տարբերվող թվերի արանքում մնացած 50 հազար զոհված զինվորները, թուրքական պետական գաղտնիքներից է։ Սարիղամիշի ճակատամարտից առաջ 190 հազար զինվոր ունեցող և իր մարդկային ուժի երկու երրորդը կորցնելով՝ գլխովին ջախջախված օսմանյան Երրորդ բանակի ղեկավարը կայսրության գլխավոր գերագույն հրամանատար, ռազմական նախարար Էնվերն էր, ում իր ուսերին շալակելով ռազմաճակատից հեռացնողն ու սառչելուց ազատողը Օսմանյան կայսրությունում իբրև «հավատարիմ ազգ» հիշատակվող հայ ազգից դեռևս բալկանյան պատերազմում իր սխրագործություններով աչքի ընկած սեբաստացի Հովհաննես Ակինյան անունով մի ավագ սպա էր, որ օրեր անց նույն ռազմաճակատում էլ զոհվեց:
-Ինչո՞ւ հայ զինվորները չկարողացան պաշտպանել հայերին:
-Հայոց ցեղասպանությունը կազմակերպված անցկացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ դեռևս 1914-ի փետրվարին ստեղծվել էր Երեքի գործադիր կոմիտեն՝ կազմված դոկտոր Նազըմից, Բեհաէդդին Շաքիրից և Միդհաթ Շյուքուրից: Երիտթուրքական եռապետությունը՝ Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, գործում էր այս կոմիտեի միջոցով, որի վրա դրված էր Օսմանյան կայսրության ամբողջ հայության տեղահանման և ջարդերի կազմակերպման ու իրագործման պատասխանատվությունը: Կոմիտեն, որ օժտված էր ամենալայն լիազորություններով, մանրամասն մշակել էր հայերի տեղահանության և ոչնչացման տեխնիկական հարցերը՝ նրանց տեղահանման ժամկետներն ըստ շրջանների, տեղահանման ուղիները և վայրերը, ոչնչացման նպատակով կենտրոնացման վայրերը և այլն, և այլն: Դոկտոր Նազըմը, ելույթ ունենալով կուսակցության գաղտնի նիստերից մեկում, երբ վերջնականապես որոշում ընդունվեց հայերի ցեղասպանության մասին, հայտարարել էր. «Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել հիմնովին, որ ոչ մի հայ չմնա մեր երկրում, մոռացվի այդ անունն իսկ: Այժմ պատերազմ է, այսպիսի հարմար առիթ այլևս չի լինելու: Մեծ տերությունների միջամտությունը և համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքներն աննկատ կմնան, իսկ եթե նրանք իմանան, կդրվեն կատարված փաստի առջև, և այդպիսով հարցը կվերանա: Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի ամբողջական ոչնչացման բնույթ կրեն, անհրաժեշտ է ոչնչացնել բոլորին, մինչև վերջին մարդը... Ես ուզում եմ, որ այս հողի վրա թուրքը և միայն թուրքն ապրի և անբաժանելիորեն տիրապետի: Թող կորչեն բոլոր ոչ թուրքական տարրերը, ինչ ազգության և կրոնի էլ պատկանելիս լինեն»: Առավել քան տարօրինակ էր, որ այս խոսքերի տերը ազգությամբ թուրք չէր, այլ սալոնիկցի դոնմե հրեա ու բարձրաստիճան ֆրանկմասոն։ Երեքի կոմիտեի տրամադրության տակ դրվեց «Թեշքիլաթը Մահսուսա» հատուկ կազմակերպությունը, որը ստեղծվել էր երիտթուրքերի կուսակցության որոշումով, և նրա վրա էր դրված հայերի ցեղասպանության իրագործման պարտականությունը: Նրա անմիջական ղեկավարն էր Բեհաէդդին Շաքիրը` դոկտոր Նազըմի ամենամոտ ընկերն ու ցեղակիցը: Փետրվարի 12-ին սկսվեցին հայ պաշտոնյաների պաշտոնազրկությունները, օսմանյան բանակի հայ սպաների ձերբակալությունները, զինաթափված հայ զինվորներից բանվորական վաշտերի կազմավորումը: Փետրվարի 18-ին երիտթուրքերի Կենտրոնական մարմնի լիազոր Բեհաէդդին Շաքիրի ստորագրությամբ՝ կուսակցության շրջանային պատվիրակներին հղված նամակներով հաղորդվեցին հայերի բնաջնջման որոշումն ու ծրագիրը: Փետրվարի 19-ին բանտերից ազատ արձակված մարդասպաններից և ոճրագործներից կազմվեց ջարդարար այն ուժը, որը մայիսի կեսերին պետք է կոտորեր Կարինի ռազմական գծի վրա աշխատող զինաթափված հայ զինվորներին:
-Ինչո՞ւ զինվորները չէին դասալքում:
-Երիտթուրքական ղեկավարությունը հայերի ցեղասպանության ծրագրի գործնական կիրառումը սկսեց՝ առաջին հարվածը հասցնելով բանակ զորակոչված հայ զինվորներին: Դա պատահական չէր, ձգտում էին հայերին զրկել զինվորական ներուժից: Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի՝ 1915 թ. փետրվարին արձակած հրամանով բոլոր հայ զինվորները զինաթափվեցին և, բաժանվելով 50-100-ական խմբերի, սպանվեցին: Հայությունը սկզբից ևեթ մնաց առանց զինվորական ուժի, որը կարող էր պաշտպանել հայերին, նրանց տունը, ունեցվածքը և բնակավայրերը, հայկական բնակավայրերում մնացել էին միայն ծերունիները, հիվանդները, կանայք, երեխաները և դեռահասները: Ապրիլի 8-ին արևմտահայության տեղահանությունների և կոտորածների սկիզբը դրվեց Զեյթունում: Զեյթունի ընտրությունը ևս պատահական չէր, ուզում էին վերջապես հասկանալ վերջին կես դարում «Հայոց արծվաբույն» անվամբ հիշատակվող քաջազունների այս բնակավայրի հայության նենգորեն ծրագրված աղետին դիմադրել-չդիմադրելու պատրաստակամությունը և անակնկալի գալով հասկացան, որ նույնիսկ զեյթունցիները չեն դիմադրում։ Բանակ զորակոչված հայ զինվորներին ոչնչացնելուց հետո հայերին երկրորդ ծանր հարվածը հասցվեց 1915 թ. ապրիլի 24-ին: Այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց և, առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու, աքսորվեց արևմտահայ մտավորականության ընտրանին, նրանց թվում՝ օսմանյան խորհրդարանի՝ Մեջլիսի հայ անդամներ, գրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ, թվով 800 մարդ: Բոլորը սպանվեցին աքսորի ճանապարհին կամ աքսորավայրում` տեղ հասնելուն պես: Ծրագրված ձերբակալվում և սպանվում էին հայ կուսակցական և քաղաքական գործիչները: Այդ ճակատագրին արժանացան Զեյթունի հայտնի ղեկավար Նազարեթ Չաուշը, Վանի ականավոր ազգային գործիչ Իշխանը, ՈՒրֆայի հայության ողջ ղեկավարությունը՝ մոտ 100 մարդ: Հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 20 անդամները` ականավոր քաղաքական գործիչ Փարամազի գլխավորությամբ: Օսմանյան կառավարության նպատակն էր անմիջապես գլխատել արևմտահայությանը, թողնել առանց զինական ուժի և քաղաքական ու մտավորական ղեկավարության, կազմալուծել և բարոյալքել հայությանը և կանխել դիմադրություն կազմակերպելու որևէ հնարավորություն: 60 հազար հայ զինվորների ոչնչացումը և հայ մտավորականության գլխատումը ճակատագրական եղան արևմտահայության համար: Նա կորցրեց իր կազմակերպչական և դիմադրողական ուժը, որով և բացատրվում է ցեղասպանության իրականացման համեմատաբար հեշտությունը և մեծ ծավալները: Դրանից հետո ջարդարարներն անցան հայության հիմնական մասի բռնի տեղահանմանը և ոչնչացմանն իր բնօրրանում՝ բուն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Անատոլիայի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Հայկական կոտորածները և տեղահանումն ընդգրկեցին ողջ Օսմանյան կայսրության տարածքը: Մայիս-հունիսին զանգվածային տեղահանություններ եղան հայաբնակ բոլոր վայրերում:
-Որքանո՞վ էր տեղահանությունն օրինական:
-Սուլթանի հրամանով տեղահանության մասին օրենք ընդունվեց, որի կիրառումը ռազմական նախարար Էնվերի վրա դրվեց: Օրենքը զինվորական հրամանատարությանը թույլատրում էր գյուղերի և քաղաքների բնակչությանը, անհատապես կամ հավաքականորեն, տեղափոխել և բնակեցնել կայսրության այլ վայրերում: Օրինականացվեց հայ բնակչության բռնի տեղահանումը իր հայրենիքից և աքսորը դեպի արաբական անապատներ: Մայիսի 22-25-ին Կ. Պոլսի Նուրի Օսմանիե կենտրոնում բացվեց երիտթուրքերի «Թեշքիլաթը Մահսուսայի» խառը ժողովը, որտեղ Թալեաթն անձամբ ներկայացրեց հայերի տեղահանության ձևի և ընթացքի, լքվելիք գույքի տնօրինման, հայերի գյուղերի, տների վերաբնակեցման ընդարձակ ծրագիր: Ժողովը, ավարտելով իր նիստերը, որոշում կայացրեց ամբողջապես իրագործել հայերի տեղահանության և ջարդերի երիտթուրքական ծրագիրը:
-Թուրքիայում տեղի ունեցողն ի՞նչ արձագանք ուներ երկրից դուրս:
-Դաշնակից պետությունները չէին կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում Օսմանյան կայսրությունում, և բողոքի նոտա հղեցին երիտթուրքական կառավարությանը՝ մեղադրելով հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելու մեջ: 1915 թ. մայիսի 24-ին Լոնդոնում, Փարիզում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվեց Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ պաշտոնական հայտարարությունը՝ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին. «Այս ամբողջ ամսվա ընթացքում Հայաստանում թուրքերի և քրդերի կողմից տեղի է ունենում հայերի կոտորած օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ՝ ուղղակի աջակցությամբ: Ապրիլի կեսին հայերի ջարդեր են տեղի ունեցել Էրզրումում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում: Վանի շրջակայքում գլխովին կոտորվել են հարյուրավոր գյուղերի բնակիչներ, բուն Վանում հայկական թաղամասը պաշարել են քրդերը: Միևնույն ժամանակ Կոստանդնուպոլսի թուրքական կառավարությունը ձերբակալում և անասելի հալածանքների է ենթարկում հայկական խաղաղ բնակչությանը»՝ նշվում էր հայտարարության մեջ: Անգլո-ֆրանս-ռուսական համատեղ այս հայտարարությունը վերին աստիճանի կարևոր, XX դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որը մեկ այլ կառավարությանը և նրա անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում կատարած ոճրագործությունների համար:
(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ