Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Պատգամավոր եք ընտրվել, ա՛յ ձեր խիղճը մեռնի»

«Պատգամավոր եք ընտրվել, ա՛յ ձեր խիղճը մեռնի»
07.07.2015 | 00:58

Հայաստանի խորհրդարանում հայերենն այնքան է աղճատվում, խեղաթյուրվում, որ հատուկենտ պատգամավորների խոսքը կարող ես գրագետ համարել: «Խորհրդարանական» լեզվի հարցը մշտապես բարձրացնում է ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Նախորդ շաբաթ հրավիրված արտահերթ նիստն այս առումով բացառություն չէր: Քննարկվում էր «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որտեղ ընդդիմադիր պատգամավորը գրագիտության առումով բազմաթիվ թերություններ էր գտել` տառասխալներից մինչև շարվածքային վրիպակներ: Ըստ Արամ Մանուկյանի՝ ոչ միայն պատգամավորներն են ոչ ճիշտ հայերենով խոսում, այլև պաշտոնական փաստաթղթերն են «խայտառակ» վիճակով ներկայացվում ԱԺ:

-Ամոթ է: Անգրագետը կարող է լինել վարորդ, հավաքարար, այդ մասնագիտությունների համար խիստ պահանջներ պետք չեն, բայց անգրագետը լինի խորհրդարանի անդա՞մ, ամոթ է անգամ այդ մասին խոսելը,- ասում է ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: -Ինչպե՞ս կարող է նախարարը, կառավարության ներկայացուցիչը «ռուբլով» բառը գրել «ռուբլիով», այն էլ՝ պաշտոնական փաստաթղթում: Ամաչում ես, որ խորհրդարանում հաշված թվով մարդիկ են նկատում դա: Մի փաստաթղթում տասից ավելի բառ կպած է իրար, բա դա մի գրագետ մարդ չի նկատե՞լ: Ամեն մեկը տասը օգնական, փորձագետ, խորհրդական ունի, հազար դոլարից ավելի աշխատավարձ են ստանում, բա նրանցից մեկը չի նայո՞ւմ այդ փաստաթուղթը: Ախր դրանք դուրս են գնում, չէ՞: Այդ վիճակով փաստաթուղթ կներկայացնե՞ն:
-Ո՞րն է պատճառը, որ պաշտոնական փաստաթղթերում լեզվի հարցը երկրորդական է համարվում:
-Ինձ համար դա արժանապատվության հարց է: Պաշտոնյայի գրագետ չլինելը խայտառակություն է բոլորի համար, այնինչ մարզպետարաններում, կառավարությունում անգրագիտություն է տիրում, բուժհիմնարկներում գրագրությունը ռուսերեն է: Լեզուն քո տեսակն ու անձնագիրն է, որով պետք է հպարտանաս: Քեզ անաղարտ, մաքուր լեզու են ժառանգել, որը պիտի պահպանես, բայց դու կեղտոտում ես, հարամում: Շարքային գյուղացուն չես կարող բարձր պահանջներ ներկայացնել, բայց պատգամավոր եք ընտրվել, ա՛յ ձեր խիղճը մեռնի: Կամ նախարար ես դարձել ու ներկայացնում ես ՀՀ կառավարությունը:
-Ձուկը գլխից է հոտած, շատ այլ չափորոշիչներ չեն կարևորվում, էլ ո՜ւր մնացին գրագետ խոսքն ու լեզուն:
-Նրանցից այնքան հեռու է լեզուն, որպես կարևոր արժեք: Նայեք այսօրվա խորհրդարանի պատկերը. մարդիկ կան՝ տարիներով այստեղ նստած են, բայց մի անգամ չեն խոսել, նրանցից ի՞նչ գրագիտություն պահանջես: Մարդ կա՝ փողով ընտրվել է ու իր սեփականությունն ընդլայնելով է զբաղված: Նույնիսկ անհարմար է նման մարդկանց գրագիտության չափորոշիչ ներկայացնել, նրանցից շատ հեռու է դա:
-ԱԺ-ում պատգամավորների քանի՞ տոկոսը գրագիտության խնդիր ունի, ըստ Ձեզ:
-Ցավալի է, բայց գրագետ մասն է շատ քիչ: Խայտառակություն է: Հնարավոր է` մի քսան տոկոսը գրագետ լինի, իսկ կեսն անգամ մի էջ դիմում գրագետ չի կարողանա գրել:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ