«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ախր մի հատ օբյեկտիվորեն նայեք ոստիկանության աշխատանքներին»

«Ախր մի հատ օբյեկտիվորեն նայեք  ոստիկանության աշխատանքներին»
26.06.2015 | 10:52

«Իրատեսի» հարցերին պատասխանում է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ:

-Պարոն Ադիբեկյան, Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող ցույցերը համեմատում են Մայդանի հետ։ Նման աղերսներ տեսնո՞ւմ եք։
-Ո՛չ։ Մայդանի թիկունքում կանգնած էին լուրջ ուժեր՝ ֆինանսական և այլ հզոր կարողություններով, և կարող էին այդ մարդկանց երկար ժամանակ պահել, կերակրել։ Այդքան էլ թափանցիկ չէր, և չէին կարողանում հասկանալ, թե ով է ֆինանսավորողը՝ տեղական օլիգարխնե՞րը, թե՞ Վաշինգտոնի կամ Եվրոպայի «ձեռքը»։ Եթե մեզ մոտ նման բան լինի, բոլորը կիմանան` հայերը գաղտնիք պահել չգիտեն։ Իմ կարծիքով՝ սա տարերային շարժում է։ Հնարավոր է՝ որոշ ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը՝ նախապատրաստվելով խորհրդարանական ընտրություններին կամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Բոլոր դեպքերում, շարժումը կզարգանա՝ ինչպես տրանսպորտի ուղեվարձի թանկացման ժամանակ, հետո ինքնաբերաբար հետաքրքրությունը կմարի։ Ինչքա՞ն կարող են լրատվամիջոցները լուսաբանել, հոգնելու են։ Մենք հեղափոխական ազգ չենք։
-Հնարավո՞ր է՝ իշխանությունները զիջման գնան, և կասեցվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը։
-Իշխանություններն արդեն գնացել են զիջման։ Ռուսները պահանջել էին բարձրացնել 17 դրամով, իջեցվել է մինչև 7 դրամ։ Սա արդեն զիջում է։ Զիջում է նաև այն, որ սոցիալապես անապահովները պետք է փոխհատուցում ստանան։ Արհմիությունները պետք է ոտքի կանգնեն՝ ստիպելով իրենց աշխատողների աշխատավարձը բարձրացնել՝ հոսանքի ծախսերը փոխհատուցելու համար։ Եվ պրոբլեմ չենք ունենա։ Պետությունը պետք է վերահսկի էլեկտրացանցի ամբողջ աշխատանքը։ ՀԷՑ-ը պարտավոր է ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ներին հաշվետվություն ներկայացնել հավաքագրած գումարի և ծախսերի մասին։ Այդ ժամանակ խնդիրներ չեն լինի։
-ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, թե ուշի ուշով հետևում են հայաստանյան իրադարձություններին, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարությամբ հանդես եկավ…
-Թող հանդես գան, ի՞նչ է պատահել։ Իրենց գործը ո՞րն է։ Չեն ասում՝ ինչո՞ւ ես գինը բարձրացրել, ասում են, եթե մարդը բողոքում է, խոսիր նրա հետ, գնա երկխոսության, դուրս մի արի նորմայի սահմաններից։ Ընդամենը՝ այսքանը։ Սակագնի բարձրացումն օբյեկտիվ հիմքեր ունի։ Եթե տնտեսագիտության մեջ խորանանք, կհասկանանք, որ գնի ձևավորումը բնության օրենքներից ավելի խիստ օրենք է, որովհետև մեր շահերի հետ է կապված։ Քիչ փող տանք, համակարգը կհանգչի, և վաղը լույս, տրանսպորտ, գազ, ջուր չենք ունենա։ Համակարգը մաշվում է, վերականգնման կարիք ունի, ինչի համար պետք է վճարենք, այդ ծախսերը սպառողի ուսերի վրա են։ Եվ պետությունը պետք է օգնի մեր ուսերի բեռը թեթևացնելուն։
-Ոստիկանության գործողություններն ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Երբ ես նայում եմ, թե Ֆրանսիայում ինչպես վերաբերվեցին մեքենա հրդեհողներին, ինձ համար սա այնքան էլ զարմանալի չէ։ Այնպես որ, բոլոր երկրներում էլ նույն բաներն են տեղի ունենում, ընդ որում՝ ավելի խիստ։ Ամերիկայում, երբ 14 տարեկան երեխաների է ոստիկանը գնդակահարում, Սպիտակ տունն ընդամենը կարեկցանք է հայտնում ընտանիքներին՝ ասելով, թե էլ չի լինի, բայց նորից կրկնվում է։ Ախր մի հատ օբյեկտիվորեն նայեք ոստիկանության աշխատանքին։


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ