«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Եթե հանրությունը լուրջ ճնշում գործադրի, հնարավոր է սակագինը վերանայվի»

«Եթե հանրությունը լուրջ ճնշում գործադրի, հնարավոր է սակագինը վերանայվի»
23.06.2015 | 00:41

Հայաստանում հասարակական ակտիվ հատվածը ստվերում է քաղաքական ուժերին և սեփական ուժերով կարողանում հարցեր լուծել: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները բավականին վճռական են իրենց պահանջների մեջ և համոզված են, որ արդյունքի են հասնելու: Աչքի տակ ունենալով տրանսպորտի գնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի արդյունքները՝ կարելի՞ է ենթադրել, որ այս անգամ էլ հաջողության կհասնեն, հարցրի քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ով ասաց, թե ակցիաներն ավելի արդյունավետ կլինեին, եթե հենց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի օրը լինեին: «Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու բողոքի ակցիաները ոչ թե հունիսի 17-ին, այլ 19-ին անցկացվեցին: Հիմա ավելի դժվար է արդյունքի հասնելը, բայց հնարավոր է: Կախված է նրանից, թե որքան մարդ կլինի փողոցում, որքան վճռական, որքան հետևողական: Այս օրերը ցույց տվեցին, որ կա զանգված, որը երկարատև պայքարի է պատրաստ»,- ասաց քաղտեխնոլոգը, հավելելով, որ չնայած նստացույցը պայքարի պասիվ ձև է, բայց այն նաև «լարվածության օջախ» է, որի շուրջ հավաքվում են մարդիկ և փոխանակում հեղափոխական էներգիա:
Ըստ Վիգեն Հակոբյանի, հնարավոր է ինչ-որ բան փոխել, եթե այս միջոցառումն ավելի զանգվածային դառնա: «Եթե հանրությունը լուրջ ճնշում գործադրի, հնարավոր է սակագինը վերանայվի: Եթե կրիտիկական զանգվածը միայն լոկալ տեղերում հավաքվի, փողոց չփակի, իշխանություններին լուրջ անհանգստություն չպատճառի, պայքարն արդյունավետ չի լինի»,- փաստեց մեր զրուցակիցը, շեշտելով, որ բոլոր երկրներում էլ իշխանություններն արձագանքում են, երբ անհարմարավետ վիճակ է ստեղծվում: «Իշխանությունների համար բացարձակ միևնույն է՝ դու Ազատության հրապարակում միտի՞նգ ես անում, նստա՞ծ ես, թե՞ պառկած, իրենց անհանգստացնում է, երբ մարզերում կամ մայրաքաղաքում փողոց է փակվում»,- ընդգծեց պարոն Հակոբյանը, նշելով, որ դա ոչ միայն տեղեկատվական մեծ հնչեղություն է ստանում, այլև «ձնագնդի էֆեկտ» է ունենում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ