ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Դուք քսաններիս եք կախում, բայց մեզ հետևելու են քսան հազարները»

«Դուք քսաններիս եք կախում, բայց մեզ հետևելու են քսան հազարները»
16.06.2015 | 00:47

«ԻԹԹԻՀԱԴԱԿԱՆՆԵՐԻՆ ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԷՐ ՄԻԱՅՆ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»


Արձակագիր ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԸ վեպ է գրել, որը երևութացնում է մեր իրականությունում գրեթե անհայտ, սակայն հիշատակման խիստ արժանի իրադարձությունները։
-Պարոն Ջանիկյան, Հայոց ցեղասպանությանը հայ գրողները մեծ դժկամությամբ (գուցե ասեմ` դժվարությամբ) են անդրադառնում։ Իսկ ահա Դուք «հանդգնել» եք։ Ի՞նչ է ներառվում Ձեր վեպում։
-Ես անդրադարձել եմ հայ ազգային-ազատագրական պայքարի ամենանշանավոր գործիչներից «20-ներին»։ Ցավոք, մինչև այժմ հանիրավի անտեսված։ Ժնևում հիմնադրված հնչակյան կուսակցության ծրագիրը հիմնովին տարբերվում էր այլ քաղաքական ուժերի ծրագրերից, որը ներառում էր մոտավոր և հեռավոր գործողություններ։ Մոտավոր ծրագրով պիտի ազատագրվեր Արևմտյան Հայաստանը, հեռավոր ծրագրով պիտի ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը։ Հնչակյանները գործում էին հիմնականում Արևմտյան Հայաստանում։ Հիշենք Զեյթունի և Սասունի ապստամբությունները, Կում Կապուի ցույցը և այլն։ Կուսակցությունն Արևելյան Հայաստանում բավականաչափ հայտնի չէր, չնայած հնչակյանների գաղափարախոսն ու առաջնորդը՝ Փարամազը, ծագումով Մեղրիից էր։
-Դուք առնչություն ունե՞ք սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ։
-Ոչ, ես կուսակցության անդամ չեմ։ Այս խնդիրն այն էր, որ 1915-ի ցեղասպանությունը մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունն էր, որը սթափ գնահատում էր միայն հնչակյան կուսակցությունը և փորձում էր կանխել աղետը։ Այսօր էլ բազմաթիվ օտարերկրացիներ, որոնց ուղեկցում եմ Եղեռնի հուշահամալիր, միևնույն հարցն են տալիս լավ, մի՞թե հայ իրականությունում չկար թեկուզ մեկ քաղաքական ուժ, որն ունակ լիներ եթե ոչ կանխելու, ապա գոնե ընդդիմանալու այս աղետին։
-Այսպիսով հնչակյան կուսակցությունն էր միակ քաղաքական ինքնաբուխ ուժը, որը փորձում էր ընդդիմանալ։ Ի դեպ, այդ մասին դիվային Թալեաթը նշել է իր նամակներում։
-Այո, իթթիհադականներին ընդդիմանում էր միայն հնչակյան կուսակցությունը։ Հայոց մյուս քաղաքական կազմակերպությունները այս կամ այն չափով համագործակցում էին երիտթուրքական կառավարության հետ։ Իհարկե, նրանք համագործակցում էին` բնավ չգիտակցելով, որ հնարավոր է ցեղասպանությունը։ Իսկ հնչակյան կուսակցությունը քաղաքական մեծ հեռատեսություն հանդես բերեց։ 1913-ի Սալոնիկում երիտթուրքերի համագումարում որոշում էր կայացվել ուղղակի բնաջնջել հայությանը։ Դա խիստ գաղտնի համագումար էր։ Նույն 1913-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայանում է հնչակյանների դարձյալ խիստ գաղտնի 7-րդ համագումարը, որի ժամանակ ծրագրվում է մահապատժի ենթարկել երիտթուրքական պարագլուխներին։ Սակայն այս մասին լրտեսի միջոցով տեղեկացվում է թուրքական կառավարությանը։ Լրտեսը Արշավիր Եկայանն էր։
-Պարոն Ջանիկյան, մեր թերթի նախորդ համարում այս պատմաքաղաքական չափազանց ուշագրավ իրադարձություններին անդրադարձել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։ Մենք անդրադառնանք այլ դեպքերի և եղելությունների։ Նախ, ով էր Փարամազը։
-Նրա անունն էր Մաթևոս Սարգսյան։ Կիսատ էր թողել ուսումը Գևորգյան ճեմարանում իր գաղափարների պատճառով։ Քչերին է հայտնի, որ Փարամազն էր կազմակերպել տխրահռչակ հայատյաց և մոլի միապետական, Կովկասի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար և քաղաքացիական մասի կառավարիչ Գրիգորի Գոլիցինի մահափորձը։
-Գոլիցինն իր մյուս հակահայկական «մեծագործությունները» պսակել էր փորձում՝ Էջմիածնի կաթողիկոսներին զրկելով «Ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսից։
-Այո, և նա պիտի, անշուշտ, պատժվեր։ Եվ ահա 1903-ի հոկտեմբերի 14-ին Փարամազի խումբը՝ երեք հոգի, Թիֆլիսում հարձակվում է Գոլիցինի կառքի վրա։ Մեկը բռնում է ձիերին, երկուսը ներխուժում են կառք։ Նրանք պիտի շատ արագ գործեին, չէ՞ որ կառքին ուղեկցում էր պահակազորը։ Դրա համար էլ հարձակվում են գեներալ Գոլիցինի վրա դաշույններով։ Սակայն կառքում նրանց շատ տհաճ անակնկալ էր սպասում. կառքում էր նաև Գոլիցինի կինը։


«ԳՈԼԻՑԻՆԸ ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ Է, ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ Է ՀԱՍՆՈՒՄ»


-Հայի բախտ ասվածը եղել է Փարամազի և նրա խմբի հետ։
-Գոլիցինի կինը, շատ փարթամ մի տիկին, իր մարմնով փակում է ամուսնուն և բղավում, որ թող իրեն սպանեն, ոչ ամուսնուն։ Բնական է, որ ահաբեկիչները, ովքեր Արևմտյան Հայաստանից էին, Սասունից և ֆիդայիներ էին, չէին կարող կնոջ վրա ձեռք բարձրացնել։
-Պարոն Ջանիկյան, դատել անկարող եմ, բայց այստեղ ես ստիպված եմ ասել. այս դեպքո՞ւմ էլ բավարարվենք բարոյական հաղթանակով։
-Խնդիրն այն էր, որ որպես ֆիդայիներ, համաձայն իրենց ուխտի, կնոջ վրա ձեռք չէին կարող բարձրացնել, դաշունահարել նրան։ Սա էլ գրկում է Գոլիցինին, նրան հարվածում են կնոջ թևերի տակից, բոլոր հնարավոր մասերից։ Գոլիցինը ծանր վիրավորվում է, հոգեկան խանգարման է հասնում, և ցարը նրան հետ է կանչում Թիֆլիսից։
-«Քսաններն ու քսան հազարները» Ձեր հրատարակվող գրքի վերնագիրն է։ Ինչո՞ւ է վերնագիրն այսպիսին, մի փոքր անսովոր։
-1915-ի հունիսի 15-ին Կ. Պոլսի Բայազետ հրապարակում կախաղան են բարձրացվում Փարամազը և նրա 19 զինակիցները։ Նրանց մեջ էր նաև դոկտոր Պեննե Թորոսյանը, խարբերդցի բժիշկն ու անզուգական մտավորականը, ով պարանն անցկացնում է սեփական պարանոցին և բացականչում է. «Դուք քսաններիս եք կախում, բայց մեզ հետևելու են քսան հազարները»։ Ես իմ վեպով հավաստում եմ, որ քսան հազարներն իսկապես հետևեցին նրանց։ ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողությունը, որը իրականացվեց Փարիզում, հնչակյանների ձեռքով կատարվեց։ Գործողության հրամանատար Գևորգ Գյուզելյանը ֆրանսիական բանտից ազատվելով չայցելեց անգամ ծնողներին, ուղիղ եկավ Հայաստան, կազմավորեց «Մեծն Մուրադ» ջոկատը, որին զինվորագրվեցին հնչակյանները բազում երկրներից։
-Այսպիսով՝ ո՞րն է Ձեր վեպի առանցքը։
-Պեննեի գաղափարախոսությունն է վեպիս առանցքը, քսանները դարձան քսան հազար։

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՍԱՅԼԵՐՈՎ ՇՐՋԱՓԱԿԵԼ ԷՐ ՀՐԱՊԱՐԱԿԸ»

-Անդրադառնանք վեպին քիչ ավելի մանրամասն։
-Ծավալուն է վեպը, որն սկսել եմ գրել շատ վաղուց։ Սակայն ավարտին հասցնելու համար մեծ խթան էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ես ավարտեցի այն և շուտով, օգոստոսի 5-ին կներկայացնեմ հանրության դատին։ Օգոստոսի 5-ը պատահական օր չէ, միջազգայնորեն է նշվելու քսան կախվածների 100-րդ տարելիցը։ Ի դեպ, այս տարի եղա Ստամբուլում։ Ապրիլի 24-ն էր։ «Բայազետ» հրապարակում։ Այն քաղաքի խոշոր հրապարակներից է, գտնվում է քաղաքի կենտրոնում, ուր նաև մեծ շուկան է և համալսարանը, առավոտյան, ժամը 10-ին պիտի միջոցառում տեղի ունենար, հարգանքի տուրք ի հիշատակ այդ հրապարակում կախաղան բարձրացվածների։ Միջոցառումը չկայացավ ինձ անհայտ պատճառով։ Թուրքական կառավարությունը, սրան անտեղյակ ժամը 9.30-ից հրասայլերով շրջափակել էր այդ ահռելի հրապարակը։ Ամենուր ոստիկաններ էին վխտում, դիրքավորվել էին ջրցան մեքենաները, այսինքն՝ հարյուր տարի անց էլ թուրքերը սարսափում են հնչակյան կուսակցությունից։
-Ցանկանանք, որ այդ սարսափը երբևէ չլքի նրան, և փառք ու պատիվ Փարամազին ու նրա համախոհ զինընկերներին։ Ձեզ էլ շնորհակալություն այս զրույցի համար։

Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ