ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Շուշիի հրապարակի «գանձերը»

Շուշիի հրապարակի «գանձերը»
12.06.2015 | 13:46

Մայիսի 28-ին բանաստեղծ, ՀԳՄ հրատարակչության տնօրեն ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆԻ հրավերով եղա Երևանի Շուշիի հրապարակում։ Պանծալի քաղաքի անունը հավերժացնող այս հրապարակի շրջակայքում ամեն բան չէ, որը խորհրդանշում էր հաղթանակը Շուշիում, շատ բաներ պարտության բույրով էին պատված։ Հրապարակում մեզ հյուրընկալեց տեղաբնակ ԱՐՇԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ով նախանձախնդիր է մայրաքաղաքի և այս հրապարակի քաղաքակրթական արժեքների պահպանման հարցում։
-Արշակ, ներկայացեք և ներկայացրեք «ձեզ տանջող ցավը», որը մեզ էլ է պատել։
-Երկար տարիներ աշխատել եմ հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիայում, որպես օպերատոր-վավերագրող։ Այստեղ ապրում եմ վաղուց և շատ եմ սիրում և՛ Երևանը, և՛ այս հրապարակը։ Ի դեպ, ավելացնեմ, որ ազգությամբ հայ եմ, երբևէ չդատված, և այսօր հաջողությամբ և ուրախությամբ եմ վայելում վաստակած կենսաթոշակս։
-Երբևէ չդատված Արշակ Ավետիսյանին ի՞նչն է վրդովեցրել այս տոնական օրը։
-Վրդովեցրել է շատ բան և շատ վաղուց։ Սա հրապարակ չէ, խայտառակություն է։ Սկսենք հուշաքարից, որն օծել է երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսը, որն էլ ազդարարում է, որ հրապարակի մի անկյունում պիտի մատուռ կառուցվի, ի նվիրում Սուրբ Հարությունի։ Սակայն հուշաքարը ինչ-որ մեկը խնամքով տեղափոխեց և մխրճեց այգու մեջ, մարդկանց աչքին անտես։ Հուշաքարի տեղում բենզալցակայան կառուցվեց։ Իսկ բուն հուշասյունը, որը Շուշիի հրապարակի առանցքն է, դարձյալ գտնվում է անմխիթար վիճակում։ Այսինքն` Շուշիում մենք հաղթեցինք, Երևանում պարտվում ենք։ Հրապարակի շուրջը հետթամանյանական շրջանի գեղեցիկ շենքերն են, որոնց հիմքերում, ինչպես տեսնում ենք, թփեր են աճել, է, ո՞ւմ հայտնի չէ, որ թփերի արմատները վաղ թե ուշ խարխլելու են շենքերի հիմքերը։ Բողոքել ենք, դիմել ենք, ահազանգել ենք, ոչ մի ուշադրություն։
-Թփերի հեռացումը, ըստ էության, Ձեր համատիրության գործն է։ Համատիրության անդա՞մ եք։
-Դժբախտաբար, այո, կինս մի քանի անգամ դիմել է այդ հարցով, ոչ մի արձագանք։ Ի դեպ, մեր համատիրությունը կոչվում է «Հաղթանակ»։ Ավելացնեմ, որ ազնվագույն ձևով կատարում ենք մեր վճարումները «Հաղթանակ» համատիրությանը։ Բայց շարունակենք շրջայցը։ Տեսեք, այստեղ կանգառ է, որի մեջ են խցկվել չարաբաստիկ կարմիր գծերը, կանգառն էլ իջեցրել-սեղմել են անցումի վրա։ Ավելի ահավոր բան դժվար է պատկերացնել։ Առհասարակ այն տպավորությունն ունեմ, թե հենց այս կարմրաշերտ կայանատեղի մի քանի մեքենաների վարձն է լուծում բյուջեի ճեղքվածքի հարցը։
-Վստահ եղեք, որ այդպես է։ Ինքս այս պահին առաջարկում եմ հարգարժան քաղաքապետարանին կարմիր գծեր քաշել և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա անցումներում, բոլոր զբոսայգիների ճեմուղիներում և, վերջապես, իմ սեփական պատշգամբում։
-Ես էլ իմ պատշգամբն եմ առաջարկում։ Բայց անհեթեթություններն այսքանով չեն ավարտվում։ Շուշիի հուշասյունից մի քանի մետր հեռու մի կրպակ կա։ Երեկոյան այն փակվում է, և նրա շրջակայքը վերածվում է զուգարանի։
-Տիար Արշակ, Երևանում արտաքնոցների հարցը ամենազավեշտալիների առաջին տասնյակում է։ Ես վստահեցնում եմ, որ այս թեման բարձրացնողները խարխլում են մեր պետականության հիմքերը։
Խնդրում եմ` պարզաբանեք։
-Տեսեք, զբոսաշրջությունը գայթակղություն է, սուր զգացողությունների սիրահարների մեծ մխիթարանքը։ Օրինակ, միլիոնավոր անգլիացիներ կտրում-անցնում են Լա Մանշը Իսպանիայում արևահարվելու, սիդր գինի խմելու և սիրային արկածների մեջ թաթախվելու նպատակով։ Նրանց ոչ ցլամարտն է հետաքրքրում, ոչ էլ Վելասկեսի նկարները։ Մեր հանրապետության ամենանշանավոր գայթակղությունը արտաքնոցների բացակայությունն է, Երևանը, կներեք, առանձին հատվածներում միզաբույր ունի։ Հենց սա է օր օրի աճող զբոսաշրջության գլխավոր խթանը։
-Պարոն Ալեքյան, Դուք, կարծես, չեք բաժանում մեր կայտառ տրամադրությունը։
-Ե՛վ այո, և՛ ոչ։ Ես էլ ապրում եմ Գևորգ Չավուշի հրապարակի մերձակայքում, այսինքն, մենք հրապարակ պահող տղաներ ենք, որովհետև դրանք անտերության են մատնված։ Մեծ ֆիդայի Գևորգ Չավուշի անունը որևէ ձևով չի հիշատակվում այդ հրապարակում, այնինչ այն պիտի շատ ավելի մարդաշատ լինի, այո, դառնա նաև զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկը։ Չնայած բուն արձանը շատ անհաջող և անգեղարվեստ մի բան է։
-Դուք ավելի լավատեսորեն եք նայում Երևանին։
-Համաշխարհային մակարդակով չկա երկրորդ քաղաքը, որտեղ կան ցայտաղբյուրներ։ Սա Երևանի ցայտուն բնութագրերից մեկն է, նրա կերպարը։ Ես ուզում եմ լավատես լինել, քանի որ մենք և՛ ներկա, և՛ վաղվա Երևանի պատասխանատուն ենք։ Բազում խնդիրներին զուգահեռ Երևանում անպայման կան դրական տեղաշարժեր։ Լավագույն շենքեր են կառուցվում, մայրաքաղաքի դիմապատկերի վրա առանձին շենքեր յուրահատուկ գուներանգներ են ավելացնում, որոշ շենքեր էլ, անշուշտ, խաթարում են թամանյանական Երևանը։
-Երևանի շատ նորակառույցներում մարդ չի բնակվում։ Սա ինչպե՞ս պիտի բացատրել։
-Շատ պարզ, դրանք անկենդան կառույցներ են, այդտեղ երբևէ մարդ չի ապրի, և ես դիմում եմ հայ քաղաքաշինարարներին ու ճարտարապետներին. այնպես կառուցեք, որ մեր քաղաքը չտխրի և չխամրի։ Առանձին հատվածներում նորակառույցները կարծես գրկախառնվում են, նրանց ներքնահարկերում էլ ավտոտնակներ են առկա։ Սա երերուն մի բան է, Տերը մի արասցե, երկրաշարժ լինի։
-Մի արվեստագետ, ով ժամանակին արտագաղթել էր ԽՍՀՄ-ից և ապրում էր Գերմանիայում, Հյուսիսային պողոտայի մասին ասաց հետևյալը. «Գիտե՞ք, շատ է տպավորիչ, բայց կարծես քայլում ես ВДНХ-ով»։
-Ցավալի, սակայն ճշմարիտ նկատառում է։ Եթե մեր ճարտարապետները արդեն եղած ինչ-որ բան են կամենում մեզ և Երևանին հիշեցնել, ուրեմն ձախողել են գործը։
Ես կամենում եմ, որ յուրաքանչյուր քայլափոխի Երևանը նոր էջ բացի իր հյուրերի և բնակիչների առաջ։ Մենք սա ի զորու ենք կատարելու, մեր ճարտարապետները հզոր երևակայության տեր են։ Սակայն նրանց երևակայությունն ու տաղանդը ինչ-որ բանի դրդմամբ շեղվում են հունից։ Սա վերաբերում է նաև գրականությանը, թող որևէ մեկը չմտածի, որ այսօր կա ժամանակակից լատինաամերիկյան, ռուսական և այլ գրականություն, բայց չկա արդի հայ գրականություն։ Կա։ Ես հավատացնում եմ` հպարտանում եմ այն գրականությամբ, որն այսօր ստեղծվում է Հայաստանում։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ