ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կան բնական մենաշնորհներ

Կան բնական մենաշնորհներ
31.05.2015 | 17:54

«Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը հնարավոր համարո՞ւմ եք, եթե այո, ի՞նչ հիմքով»՝ հարցրի ԱԺ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին: Պատասխանեց՝ այդ խնդիրը մասնագիտական խոր վերլուծության կարիք ունի և դեռ քննվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Ճիշտ չի լինի նախքան այդ կառույցի մասնագիտական գնահատականին ծանոթանալը քաղաքական գնահատական հնչեցնել:


-Հանձնաժողովը միշտ տալիս է քաղաքական լուծումներ, հիշո՞ւմ եք, որ հանձնաժողովը երբևէ հայտը չբավարարելու որոշում կայացնի:
-Հանձնաժողովը ստեղծված է ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական գնահատականներ և լուծումներ տալու համար ու այդպես էլ գործում է: Հայտ ներկայացնող կառույցը գիտի, որ հայտը պիտի բխի առկա իրողություններից, հակառակ պարագայում կմերժվի: Այդուհանդերձ, ես քիչ դեպքեր եմ հիշում, երբ հայտերը ամբողջությամբ հանձնաժողովի կողմից բավարարվեն:
-Հայտը կարող է բխել տվյալ ձեռնարկությունում առաջացած իրողությունից, որը հետևանք է վատ կառավարման, սխալ մենեջմենտի, պարզապես գողության ու կոռուպցիայի, կարող է հիմք ունենալ ամբողջությամբ օբյեկտիվ պատճառներ:
-Եթե տնտեսավարող սուբյեկտը գործում է ազատ շուկայական դաշտում, այդ բոլոր խնդիրները լուծվում են ինքնաբերաբար` մրցակցության կանոններին համապատասխան: Սակայն կան ոլորտներ, որտեղ օբյեկտիվորեն առաջարկի ու պահանջարկի մրցակցային կանոնները գործել չեն կարող, էլեկտրականության մատակարարման ոլորտը դրանցից մեկն է: Ոչ մրցակցային ոլորտում գործող ընկերությունների գործունեությունը կարգավորելու համար Հայաստանում ստեղծվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Հանձնաժողովի գործունեությունը պետք է թափանցիկ լինի, իսկ որոշումները` փաստարկված: Հանձնաժողովի որոշումները ցանկալի չեն կարող լինել միաժամանակ և տնտեսավարողի և սպառողի համար, բայց պետք է լինեն հիմնավոր: Ձեր թվարկած խնդիրները՝ արդյունավե՞տ է աշխատել կառույցը, օբյեկտի՞վ որոշումներ է կայացրել, թե՞ անձնական կամ խմբակային շահերով է առաջնորդվել, պարզելը հանձնաժողովի պարտականությունն է: Հանձնաժողովի մասնագիտական եզրակացության ներկայացումից հետո կլինեն հիմնավորված, փաստարկված քննարկումներ և կհասկացվի ի՞նչ պատճառներով է ստեղծվել այս իրավիճակը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ ի՞նչ գործոններ են եղել: Ի՞նչ պիտի արվի, որ բարձրացվի տնտեսավարողի գործունեության արդյունավետությունը:
-Մենք տարեցտարի պայքարում ենք հետևանքի դեմ, շատ ավելի ճիշտ չէ՞ր լինի պատճառը վերացնել: Ինչո՞ւ հնարավոր չէ մոնոպոլիան վերացնել այդ ոլորտում: Հեռահաղորդակցության ոլորտում մենք ունեինք մի վիճակ, ստացանք բոլորովին այլ վիճակ «Վիվասելից» ու «Օրանժից» հետո՝ և քանակի, և որակի, և գնի առումով:
- Հեռահաղորդակցության ոլորտը ազատականացվեց բջջային կապի համար, եթե մնար լարային կապը, դա հնարավոր չէր լինի: Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում այդպիսի լուծում չեք կարող տալ, ոչ լարային` բջջային էլեկտրամատակարարման համակարգ գոյություն չունի:
-Ինչո՞ւ չի կարող երկու ընկերություն գործել:
-Այսինքն՝ այս շենքում, որտեղ հիմա հարցազրույց ենք անում, երկու տարբեր ընկերությունների հաղորդալարեր մտնե՞ն, սկզբունքորեն հնարավոր է, բայց դրանից ծառայությունների գինը միայն կբարձրանա:
-Հայաստանում քանի՞ մարզ կա, թող կատարվեն մարզային բաժանումներ:
-Դա նշանակում է շուկան բաժանել սեգմենտների, բայց ամեն սեգմենտում թողնել մոնոպոլիստի: Կան բնական մենաշնորհի այլ ոլորտներ ևս: Օրինակ՝ խմելու ջրի, ոռոգման, կոյուղու, գազամատակարարման համակարգերը, այս համակարգերը մենաշնորհային են ոչ միայն Հայաստանում:
-Հրաշալի օրինակ էր՝ ինչո՞ւ եվրոպացիներին կառավարման տրված համակարգերը խնդրահարույց չեն, գնի բարձրացման խնդիր չեն դնում, կարողանում են իրենց շահույթը այնպես բաշխել, որ համակարգը նորացնեն, մատուցվող ծառայության որակը բարձրացնեն, իսկ ռուսական կառավարման տրված համակարգերը մեկը մեկի հետևից սկանդալներ են հարուցում՝ գազը, էլեկտրաէներգիան, հայկական երկաթուղին…
- Տնտեսավարողի միայն ըստ ամենայնի հիմնավորված հայտերը պիտի բավարարվեն, կամ հայտերը միայն իրենց հիմնավորված մասով պիտի բավարարվեն, սա քննարկման հարց չէ: Տնտեսավարողը պետք է ունենա ողջամիտ շահույթ և կարողանա համակարգը արդիական պահել: Եթե համակարգը անընդհատ չի արդիականացվում, համակարգում կորուստները չեն կարող նվազել, նրանք մեծանալու են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագին հաստատելիս պիտի հավասարակշռի սպառողների ու մատակարարողի շահերը, ու ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ շահերը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ