ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Այսօր անհրաժեշտություն է դարձել լրացնել, վերամշակել և հրատարակել «Հայկական հարց» հանրագիտարանը»

«Այսօր անհրաժեշտություն է դարձել լրացնել, վերամշակել և  հրատարակել «Հայկական հարց» հանրագիտարանը»
26.05.2015 | 12:31

Գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:

ՀԱՐՑ- Վերջերս Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս ընծայեց Ձեր «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և արևմտահայությունը (19-րդ դար- 1914 թ.)» աշխատությունը: Որքան ես տեղյակ եմ՝ այն մեր պատմագիտության մեջ առաջին բացառիկ փորձն է բացահայտելու հայ ժողովրդի պատմության բարդ մի տարածք ԱՄՆ արտաքին պետական քաղաքական սկզբունքների տեսանկյունից, վերհանելու ԱՄՆ-Օսմանյան պետություն պաշտոնական փոխհարաբերությունները Հայկական հարցի համապատկերում: Աշխատության մեջ օգտագործված են հարուստ փաստանյութ, նոր տեղեկույթ՝ դուրս բերված արխիվներից, մամուլի հրապարակումներից, գրադարանային հավաքածուներից և այլ աղբյուրներից: Խնդրում եմ՝ հնարավորինս ամբողջական ներկայացնել աշխատությունն ու նրա նպատակները:
ՊԱՏԱՍԽԱՆ- 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ի քաղաքականությունն Օսմանյան կայսրության նկատմամբ և միսիոներական կազմակերպությունների գործունեությունը որոշակի դերակատարություն են ունեցել արևմտահայության ճակատագրում, որի ուսումնասիրությունն ու գիտական ընդհանրացումն ունեն արդիական քաղաքական և կարևոր պատմագիտական նշանակություն: Թեև հայ պատմագրությունը զգալի աշխատանք է կատարել այդ շրջանի Օսմանյան կայսրության, Արևմտյան Հայաստանի, ազգային-ազատագրական շարժման պատմության, Հայկական հարցում եվրոպական տերությունների քաղաքականության ուսումնասիրման բնագավառում, առայսօր բացակայում էր հատուկ աշխատություն, որում սկզբնաղբյուրների հիման վրա լուսաբանված լինեին ԱՄՆ-ի քաղաքականությունն ու դիվանագիտության գործունեությունն Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև արևմտահայության վիճակն ամերիկա-օսմանյան հարաբերությունների համատեքստում:
Ներկա աշխատության մեջ փորձ է կատարված ուսումնասիրելու և վերլուծելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ընդհանուր սկզբունքները, Օսմանյան կայսրության հետ հարաբերությունների ձևավորումն ու զարգացումը, միսիոներական շարժման սկիզբն ու աշխատանքի ուղղությունները, ամերիկյան դիվանագիտության և բողոքական առաքելությունների գործունեությունը, լուսաբանելու արևմտահայության իրավիճակին, 1894-1896, 1909 թթ. հայկական կոտորածներին վերաբերող դիվանագետների և միսիոներների վկայությունները, ամերիկյան հասարակայնության արձագանքն ու տուժած հայերի համար օգնության կազմակերպումը:
Գլխավորաբար ԱՄՆ-ի պետական քարտուղարության արխիվային և հրապարակված փաստաթղթերի, ամերիկյան այլ աղբյուրների ու գրականության հիման վրա գրված ներկա աշխատությունը գալիս է ամբողջացնելու և ամփոփելու ամերիկյան կառավարության քաղաքականությունն ու դիվանագիտության գործունեությունը Օսմանյան կայսրությունում: 2000-2005 թթ. աշխատել եմ ԱՄՆ-ի Ազգային արխիվում, Կոնգրեսի գրադարանում, Վաշինգտոնի Հայկական ազգային ինստիտուտում, Միչիգան-Դիարբորն համալսարանի Հայկական հետազոտությունների կենտրոնում, հավաքել, հետազոտել ու վերլուծել եմ աշխատության ժամանակագրական շրջանին վերաբերող մեծ ծավալի վավերագրական նյութեր, մասնավորապես, ամերիկյան դիվանագիտության գրագրությունը, որն արժեքավոր աղբյուր է ոչ միայն ԱՄՆ-ի, եվրոպական տերությունների, Օսմանյան կայսրության քաղաքականության, այլև արևմտահայության վիճակի և ազատագրական շարժումների ուսումնասիրության համար:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության սկզբունքները (1776-1914)» 1-ին գլխում վերլուծվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ձևավորումը, գլխավոր ուղղությունները, ամերիկյան արտաքին քաղաքական վարդապետությունները՝ սկսած Ամերիկյան հեղափոխությունից և անկախության ձեռքբերումից մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ընկած ժամանակաշրջանը: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության սկզբունքների լուսաբանումը կարևոր է Օսմանյան կայսրության հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության, այդ պետության հետ հարաբերությունների ձևավորման և զարգացման, արևմտահայության և Հայկական հարցի նկատմամբ ամերիկյան կառավարության և հասարակական շրջանակների դիրքորոշման ուսումնասիրության նպատակով:
«ԱՄՆ-Օսմանյան կայսրություն միջպետական հարաբերությունների սկիզբը և միսիոներական շարժումը» II գլխի առաջին ենթաբաժնում ուսումնասիրված են Օսմանյան կայսրության նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության ձևավորումն ու առնչությունների սկզբնական շրջանը 19-րդ դարի առաջին կեսին, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու առաջին միջպետական փաստաթղթերի ստորագրումը, ամերիկյան դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների հիմնադրումն ու գործունեությունը: Գլխի երկրորդ ենթաբաժնում վերլուծվում են ամերիկյան միսիոներների առաջին քայլերն Օսմանյան կայսրությունում, նրանց գործունեության շարժառիթները, քրիստոնյաների, մասնավորապես, արևմտահայության շրջանում տարվող նրանց աշխատանքը, բողոքական համայնքի ձևավորումը, միսիոներական առաքելությունների տարածումը դեպի արևելյան շրջաններ, Արևմտյան Հայաստան:
III գլխում՝ «Ամերիկյան դիվանագիտության գործունեությունն Օսմանյան կայսրությունում 1860-1890-ական թթ.», ուսումնասիրվում է ամերիկյան դիվանագետների և հյուպատոսների աշխատանքն ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԱՄՆ-ի քաղաքացիների, մասնավորապես առևտրականների ու միսիոներների իրավունքների և անվտանգության պաշտպանության ոլորտում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արևմտահայության ծանր իրավիճակը, 1893 թ. Մարզվանի դեպքերը լուսաբանող Կոստանդնուպոլսում ամերիկյան ներկայացուցչության և հյուպատոսների զեկուցագրերին և տեղեկանքներին:
«ԱՄՆ-ի դիվանագիտությունը և 1894-1896 թթ. հայկական կոտորածները» IV գլխի շարադրանքի համար հիմք է կազմել ամերիկյան դիվանագիտական նամակագրությունը՝ պետքարտուղարության, դիվանագետների և միսիոներների նամակներն ու զեկուցագրերը հայկական կոտորածների մասին, որոնք կարևորագույն սկզբնաղբյուր են հանդիսանում օսմանյան իշխանությունների կողմից հակահայկական քաղաքականության կազմակերպման և իրականացման ուսումնասիրության գործում:
V գլխում՝ «Ամերիկյան արձագանքը և օգնության կազմակերպումը կոտորածներից տուժած արևմտահայությանը», ներկայացված է ամերիկահայության համառոտ պատմությունը 19-րդ դարի ընթացքում, լուսաբանվում է ԱՄՆ-ի կրոնական և հասարակական շրջանակների, Կոնգրեսի, պարբերական մամուլի արձագանքն ու դիրքորոշումը 1894-1896 թթ. արևմտահայության կոտորածների նկատմամբ, ամերիկյան բարեգործական հաստատությունների, Ամերիկյան Կարմիր խաչի, միսիոներական կազմակերպությունների և անհատ միսիոներների կողմից արևմտահայությանը ցուցաբերված օգնությունը:
«Ամերիկյան դիվանագիտության գործունեությունն Օսմանյան կայսրությունում 1897-1914 թթ.» VI գլխում վերլուծվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության և Կոստանդնուպոլսում դեսպանության աշխատանքը 1894-1896 թթ. արևմտահայության կոտորածներից հետո ընկած ժամանակաշրջանում, երիտթուրքական հեղափոխության առաջին տարիներին և 1909 թ. Ադանայի հայկական կոտորածների ընթացքում, դեսպան Հենրի Մորգենթաուի գործունեությունն Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին:
Գիրքն օժտված է նաև ծանոթագրություններով, որոնց միջոցով ընթերցողն անհրաժեշտ տեղեկություններ կարող է քաղել օգտագործված աղբյուրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Օսմանյան կայսրության, եվրոպական տերությունների պետական և քաղաքական գործիչների ու դիվանագետների, ամերիկյան և հայ հասարակական և կրոնական գործիչների կյանքի և գործունեության մասին:
ՀԱՐՑ- Խնդրո առարկա քննությունը ժամանակային առումով Դուք հասցրիք մինչև Մեծ եղեռնը: Արդյոք չե՞ք ցանկանում ԱՄՆ-ի պետական և հասարակական կազմակերպությունների գործունեությանն անդրադառնալ հետագայում մեծ նախճիրի ընթացքում և հետայդու:
ՊԱՏԱՍԽԱՆ- Անկեղծ ասած, նյութը հավաքում էի ճիշտ այդ նպատակով՝ «ԱՄՆ-ը և Հայկական հարցը» թեման ընթերցողին մեկ հատորով ներկայացնելու համար: Սակայն երբ շարադրանքի ընթացքում պարզ դարձավ, որ մեկ գրքով այն ընդհանրացնելը շատ ավելի ժամանակ է պահանջելու և գործը չափազանց ծավալուն է լինելու, որոշեցի այն սահմանափակել մինչև 1915 թ.: Ներկայումս սկսել եմ մնացած նյութի մշակման աշխատանքը: Երկրորդ հատորն ընդգրկելու է ԱՄՆ-ի քաղաքականության լուսաբանումն Առաջին համաշխարհային պատերազմի և Մեծ եղեռնի շրջանում, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները 1918-1920 թթ., ԱՄՆ-ի դիրքորոշման արծարծումները Հայկական հարցի նկատմամբ 1920-ական թթ. սկզբին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ինչպես նաև ամերիկյան քաղաքականությունը Հայոց եղեռնի ճանաչման հարցում:
ՀԱՐՑ- Ձեր գիտական գործունեության ընթացքում հեղինակել եք բազմաթիվ հոդվածներ, գրքեր, կազմել մի շարք ժողովածուներ, որոնց մեջ առանձնանում են Բրիտանական դիվանագիտությանը, նրա դերին նվիրված ուսումնասիրությունները Հայոց ցեղասպանության, Հայկական հարցի և թուրքական ջարդարարական քաղաքականության առնչություններում:
Տպավորությունս այնպիսին է, որ աստիճանաբար ամբողջանում է հայ ժողովրդի նկատմամբ մեծ տերությունների վարած քաղաքականության և դիվանագիտական սկզբունքների ներգործության ընդհանուր պատկերը: Ձեր շնորհիվ երկու այդպիսի պետության՝ Մեծ Բրիտանիա և ԱՄՆ, մասամբ առկա են նաև գերմանական արխիվներում պահպանվող փաստաթղթեր, անկեղծ ասած, ես անտեղյակ եմ, կա՞ն արդյոք նյութեր նաև ռուսական և այլ երկրների պահոցներում, որոնք գիտական ուսումնասիրման կարիք ունեն, որոնց լուսաբանման պարագայում ժամանակաշրջանի խոշոր երկրների և Հայոց ցեղասպանության մասին կունենանք համահավաք տեղեկատվություն:
ՊԱՏԱՍԽԱՆ- Իրականում վերջին տասնամյակների ընթացքում հրապարակվել են տարբեր երկրների արխիվներում պահվող Հայոց եղեռնին վերաբերող դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուներ (ԱՄՆ, Ֆրանսիա, Բրիտանիա, Ռուսաստան, Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա), որոնք կարող են սկզբնաղբյուր հանդիսանալ նման վերլուծական բնույթի աշխատության համար: Դեռևս 1990-ական թթ. սկզբին մենք նախաձեռնել էինք «Հայկական հարց» հանրագիտարանի ռուսերեն և հայերեն հրատարակությունը, որն առաջին փորձն էր ամփոփելու Հայկական հարցին վերաբերող տարբեր հիմնախնդիրները, ներառյալ տերությունների քաղաքականությունը՝ այն պահին հայտնի ուսումնասիրությունների և փաստաթղթերի հիման վրա: Այսօր անհրաժեշտություն է դարձել լրացնել, վերամշակել և հրատարակել «Հայկական հարց» հանրագիտարանը, ինչպես նաև հնարավոր է՝ նույնիսկ հրապարակում եղած նյութի հիման վրա, պատրաստել և հրատարակել վերլուծական գիտական աշխատություն:
ՀԱՐՑ- Պատմաբան և դիվանագետ Արման Կիրակոսյանները լրացնում, նեցո՞ւկ են լինում մեկմեկու, թե՞ առաջ են բերում լրացուցիչ դժվարություններ և մեծացնում աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Այնպիսի տպավորություն ունեմ, թե Ձեր մեծավաստակ հոր՝ պատմաբան, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանի գործունեության (ում «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» աշխատությունը, ըստ իս, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում բեկումնային նշանակություն ունի, և արժեր, որ թարգմանվեր աշխարհի շատ լեզուներով, հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով) և Ձեր կենսագրության մեջ կրկնվում են բնավորության հիմնական գծեր ու սկզբունքներ, հայրենապաշտության և ազնիվ գիտության առջև անսահման նվիրումի հոգեբանական ժառանգական դրսևորումներ։ Ջոն Կիրակոսյանի որդին լինելու իրողությունը նաև պատասխանատվություն և պարտավորություն է հայրական վաստակի և հիշատակի առջև։
ՊԱՏԱՍԽԱՆ- Դուք արդեն իսկ որոշ չափով պատասխանեցիք հարցին: Այո, լինել Ջոն Կիրակոսյանի որդին և շարունակել նրա պատմա-դիվանագիտական գործունեությունը Հայաստանի անկախ պետականության շրջանում դժվար, պատասխանատու և պարտավորեցնող գործ է: Սակայն աշխատանքի ճիշտ կազմակերպման, գործի նկատմամբ համակարգված մոտեցման դեպքում հնարավոր է հաջողությունների հասնել ինչպես դիվանագիտության, այնպես էլ պատմա-դիվանագիտական ուսումնասիրությունների բնագավառներում: Ինձ կարևոր լիցք է հաղորդել նաև այն հանգամանքը, որ Ջոն Կիրակոսյանի կյանքի վերջին տարիներին (1980-1985) ինձ վիճակվել է համագործակցել հետ քաղաքագիտական-տեղեկատվական բնագավառում, համահեղինակել հոդված, հրապարակության պատրաստել «Ջիվելեգովը և նրա պատմա-հրապարակախոսական ժառանգությունը» (1986-2007) գիրքը և «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» աշխատության ռուսերեն հրատարակությունը (1986, 1989): Բացի ռուսերենից, «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» աշխատությունը հրատարակվել է նաև ԱՄՆ-ում՝ անգլերեն, և Բուլղարիայում՝ բուլղարերեն:
1980 թ. ես աշխատանքի անցա ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնում, որը ԽՍՀՄ ԳԱ համապատասխան հաստատության մասնաճյուղն էր Երևանում: Կենտրոնը զբաղվում էր ԽՍՀՄ-ում և այլուր հասարակագիտության բնագավառում գիտական տեղեկատվության մշակմամբ և տարածմամբ, պատրաստում էր գրքերի ռեֆերատներ, տպագրված գրականության մատենագիտություն, թեմատիկ տեսություններ: Կենտրոնի «Հայագիտությունը արտասահմանում» իմ ղեկավարած բաժինը տպագրում էր ԽՍՀՄ-ում կամ արտասահմանում լույս տեսած հայագիտական գրականության ռեֆերատներ և տեսություններ: ԱԳՆ-ի հետ հաստատված համագործակցության արդյունքում այս մատենաշարի միջոցով հրատարակվում և բաց կամ ծառայողական օգտագործման համար գրիֆով տարածվում էին քաղաքական հայագիտությանը վերաբերող նյութեր և գրականության տեսություններ: Այսպես, Հայաստանի ղեկավարությունը և գիտական շրջանները հնարավորություն ստացան ծանոթանալու արտասահմանում Հայկական հարցին վերաբերող հոդվածներին և արևմտյան հրապարակումներին: Դրանք տարածվում էին նաև Հայաստանից դուրս, ուղարկվում միութենական և հանրապետական գրադարաններին: Գլխամասային ինստիտուտի և Երևանի Կենտրոնի միջև հաստատված համագործակցության արդյունքում 1985 թ. Մոսկվայում հրատարակվեց այն ժամանակվա համար նախադեպը չունեցող «Օսմանյան կայսրության հայերի 1915-1916 թթ. ողբերգությունը բուրժուական պատմագրության լուսաբանմամբ» վերլուծական տեսությունը:
ՀԱՐՑ- Այս տարին կարևոր է ոչ միայն Ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու, 100-րդ տարելիցի միջոցառումները նպատակային իրականացնելու և հռչակված կարգախոսի նիրավական ընթացք տալու առումով, այլև 1915 թ. մի շարք վայրերում ինքնապաշտպանության անօրինակ իրադարձություններ արձանագրելու առումով: Դրանցից է Մուսա լեռան հերոսամարտը, երբ խաղաղ բնակչությունն ինքնակազմակերպվեց և հիմնականում փրկվեց ֆրանսիական ռազմական նավատորմի շնորհիվ: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ժամանակին ցնցեց աշխարհը, թարգմանվեց աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Ի՞նչ նախաձեռնություններով է հանդես եկել ավստրահայ համայնքն այս կապակցությամբ և, ընդհանրապես, ի՞նչ ձեռնարկներ են անցկացվել Ավստրիայում ՀՀ դեսպանության միջոցով: Նաև մի քանի խոսք համայնքի մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ- 2014 թ. սկզբից Ավստրիայում գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ դեսպանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հայ համայնքի կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովը հաստատել է միջոցառումների ծրագիր, որն իրականացվում է անցյալ տարվա ապրիլ ամսից: Այս տարվա միջոցառումներից կցանկանայի նշել Եվրոպական Միության տանը կայացած խորհրդարանական քննարկումը (7 ապրիլի), Վիեննայի ազգային գրադարանի դահլիճում նշված Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակը (9 ապրիլի), «Հայաստանի արձագանքներ» երաժշտական փառատոնը (23-25 ապրիլի), Վիեննայի կարդինալի հովանավորությամբ Սբ. Ստեֆանի տաճարում իրականացված էկումենիկ եկեղեցական արարողությունը (24 ապրիլի), Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսը, ծառատունկը և խաչքարի զետեղումը Մխիթարյան միաբանությունում (26 ապրիլի), ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ զոհված արևմտահայ գրողների գերմաներեն անթոլոգիայի շնորհանդեսը ¥մայիսի 12-ին¤: Ավստրիայում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի համակարգված գործունեության արդյունքում ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն:
Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա նշենք, որ հայերի թիվն այսօր Ավստրիայում կազմում է շուրջ 5000: Ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է Վիեննայում և նրա շրջակայքում, ոչ մեծ քանակությամբ հայեր են բնակվում նաև Լինցում, Զալցբուրգում, Գրացում: Հայերն Ավստրիայում բնակություն են հաստատել դեռևս 17-րդ դարում, իսկ 1810 թ. Վիեննա փոխադրվեցին Վենետիկի Մխիթարյան միաբանությունից անջատված միաբանները: Առաջին աշխարհամարտից հետո Ավստրիայում ապաստան գտան մի քանի տասնյակ հայ ընտանիքներ Օսմանյան կայսրությունից: Սակայն հայերի ամենամեծ հոսքը դեպի Ավստրիա տեղի ունեցավ 1970-ական թթ. երկրորդ կեսին, երբ Վիեննա տեղափոխվեցին հայեր Լիբանանից, Իրանից և Թուրքիայից: 1990-ական թթ. սկզբներին Ավստրիա գաղթեցին նաև հայեր Ադրբեջանից և Հայաստանից: Ավստրիայի հայերը զբաղված են արդյունաբերության, շինարարության, առևտրի, սպասարկման ոլորտներում, ինչպես նաև արվեստի բնագավառում: Հայկական հոգևոր արժեքների պահպանման, հայագիտության ուսումնասիրման, գիտակրթական կարևոր կենտրոն է Մխիթարյան միաբանությունը, որի վանքն ու եկեղեցին գտնվում են Վիեննայում: Միաբանությունն ունի մատենադարան, ուր պահվում են շուրջ 2600 հայերեն ձեռագրեր, հայ պարբերական մամուլի հարուստ հավաքածու, կա նաև հազվագյուտ ցուցանմուշներով հարուստ թանգարան: Ավստրիայում գործում է Հայ առաքելական եկեղեցու համայնքը: Այն ունի իր եկեղեցական վարչությունն ու հոգևոր հովիվը: 1960 թ. Վիեննայում կառուցվեց Ս. Հռիփսիմե եկեղեցին, որտեղ 1981 թ. հիմնվել է համայնքի «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դպրոցը: Ավստրիայում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ և միություններ:
ՀԱՐՑ- Եվ վերջում, եթե գաղտնիք չէ, ի՞նչ ծրագրեր ունի պատմաբան Արման Կիրակոսյանը, և ե՞րբ կարող է ընթերցողն ակնկալել նոր հանդիպում նրա հետ:
ՊԱՏԱՍԽԱՆ- Ապրիլի 24-ի նախօրյակին Երևանում հրատարակվել է իմ «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության համառոտ պատմություն» գրքույկը հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն, որը ներկայացվել է Հայոց ցեղասպանության միջոցառումներին մասնակցող արտասահմանյան պատվիրակություններին և պետք է տարածվի տարբեր երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով: Շուտով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը անգլերեն հրատարակելու է իմ հեղինակած «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» աշխատանքը: Ընթերցողի հետ հնարավորություն կլինի հանդիպելու այս հրատարակության շնորհանդեսին: Նկատի առնելով այս թեմային վերաբերող աշխատություններն օտար լեզուներով հրատարակելու կարևորությունը, ներկայումս նախապատրաստվում է և մոտ ապագայում Բեյրութում անգլերեն լույս է տեսնելու 2010 թ. Երևանում ռուսերեն հրատարակված «Հայաստանը և խորհրդա-թուրքական հարաբերությունները 1945-1946 թթ. դիվանագիտական փաստաթղթերում» ժողովածուն:

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ