ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Հայաստանում իրական աշխատատեղեր կարող է ապահովել արդյունաբերությունը, որի հիմնական բազան գունավոր ու սև մետալուրգիան է»

«Հայաստանում իրական աշխատատեղեր կարող է ապահովել արդյունաբերությունը, որի հիմնական  բազան գունավոր ու սև մետալուրգիան է»
26.05.2015 | 00:37

«Իրատեսի» հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Եթե ամփոփենք Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքները, Հայաստանը ստացա՞վ իր ակնկալիքները:
-Հայաստանի ակնկալիքները ԵՄ-ից և ԵՄ-ի վերաբերմունքը Հայաստանին, իհարկե, որոշակի փոփոխություններ կրել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի ազդեցությամբ: Նաև հայկական դիվանագիտության տոնայնությունն է փոխվել:
-Ի՞նչը նկատի ունեք:
-Հայտարարությունը, թե մենք աշխատեցինք խոչընդոտներ չստեղծել ԵՄ-ի համար, տեսականորեն հաստատում է, որ հարևանության քաղաքականության մեջ ներառված երկրները խոչընդոտներ ստեղծեցին ԵՄ-ՌԴ հարաբերություններում: Եվրապաշտոնյաները, թերևս, դա հասկանում են: Բայց, միևնույն է, Հայաստանի և նրա փաստացի նախագահ Սերժ Սարգսյանի կարգավիճակը մոտավորապես հիշեցնում է Տիգրան Կարապետիչի պահվածքը, երբ նա հայտարարում էր՝ ես կենտրոնամետ եմ ու ոչ այս կողմում եմ, ոչ այն: Իրականում, սակայն, իմիտացիա է այն, ինչ բարձր ամբիոններից Հայաստանի իշխանությունները փորձում են ներկայացնել իբրև հավասարակշռությունը պահելու, և/և-ի քաղաքականություն: Մենք մերժեցինք ԵՄ ասոցացման համաձայնագիրը և արագացված տեմպերով մտանք ԵԱՏՄ, հետևաբար որևէ հավասարակշռության մասին խոսելն անհեթեթ է և սուտ: Եվ երկրորդ՝ դու չես կարող հավասարություն պահել հակադրություն ունեցող կողմերի միջև: Եթե ուզում ես հավասարություն պահել, նրանց միջև չպիտի հայտնվես: Այսպիսի մոտեցման պարագայում ավելի բարոյական էր ասել՝ քանի որ հակադրությունը կա, և մենք էլ ունենք Ղարաբաղի հարց, ոչ ԵԱՏՄ անդամ ենք դառնում, ոչ ԵՄ ասոցացման համաձայնագիրն ենք ստորագրում: Դա կարելի էր համարել հավասարակշռված ու ինչ-որ տեղ հաշվարկված մոտեցում: Ոչ արդյունավետ և բամբասանք հիշեցնող է, երբ ՀՀ գործող նախագահը խոսում է Ադրբեջանում մարդու իրավունքների ու քաղբանտարկյալների մասին, որոնց դատում են իբրև Հայաստանի գործակալ: Եվրոպան լավ գիտի այս թեմաները, լավ գիտի՝ թե Ադրբեջանում, թե Հայաստանում ինչպես են կազմակերպվում ընտրությունները, և որտեղ են ընդդիմադիր տեսակետ ունեցողները: Եվրոպայի հետ քաղաքական համագործակցության ենթատեքստում որոշակի առաջընթաց կարող է լինել, բայց հիմնականը դեռ մնում է ավանդական, քարացած տեսակետը՝ սրա-նրա դուռը գնալ ու բողոքել: Այդ դիրքորոշումը ոչ միայն արդյունավետ չէ, այլև ձանձրալի է:
-Ռիգայից հետո կհեշտանա՞ շարժունակության խնդրի լուծումը:
-Շատ լավ կլինի, որ Հայաստանը կարողանա անցնել առանց վիզային ռեժիմի շարժունակության: Իհարկե, Հայաստանին չի տրվի այն կարգավիճակը, որ ունեն ԵՄ անդամները, բայց վիզաների տրամադրման արագացված ու հեշտացված տարբերակներ կան:
-Ի՞նչ է տալու ազատ երթուդարձը ԵՄ երկրներ սոցիալական այս վիճակում:
-Նախ՝ աշխատելու հնարավորություն: Արևելյան Եվրոպայի շատ երկրներում ռուսերենի իմացությունը դեռ պահպանվում է, և հայերը այնտեղ կարող են աշխատանք գտնել՝ առանց լեզվական խոչընդոտի: Հավելեք, որ այնտեղ բարաքներում չեն ապրի, կունենան աշխատանքի ու ապրուստի նորմալ պայմաններ, բուժապահովագրություն, շփումներ:
-Արտագաղթի լրացուցիչ խթան չի՞ դառնա:
-Ոչ, վիզային ռեժիմի դյուրացման պայմանագրի հետ ստորագրվել է նաև ռեադմիսիայի համաձայնագիրը: Բացի այդ՝ արտագնա աշխատողը չի կարող ընդմիշտ մնալ՝ նա աշխատում է, վերադառնում, նորից մեկնում: Սա նաև մասնագիտական որակավորման բարձրացման հնարավորություն է մանր ու միջին բիզնեսի համար, աշխարհաքաղաքական առումով՝ պատուհան է տնտեսության զարգացման, ժողովրդավարության տարածման համար:
-Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ն ասում էր, որ գործընկերության յուրաքանչյուր պետության հետ անհատական ծրագիր պիտի մշակվի, կա՞ր անհատական մոտեցում Ռիգայում:
-ԵՄ երկրները հստակ հասկացան, որ ասոցացման համաձայնագրի ստորագրումը բերեց լուրջ խնդիրներ, որոնք ժամանակի մեջ իրենց դրական արդյունքները կտան, բայց ներկա վիճակում Եվրոպայի համար բարդ է լուծումներ ապահովելը: Եվրոպան հասկացավ, որ ինքն էլ պատրաստ չէր Ռուսաստանի նման պահվածքին և դիմադրությանը: ՈՒկրաինայի այսօրվա վիճակը դա է վկայում: Եվ դա պատճառ դարձավ մնացած երկրների հետ անհատական ծրագրերի մշակմանը, բայց անհատական մոտեցումը չի նշանակում, որ ճանապարհ է բացվում դեպի եվրասիական շուկա կամ հակառակը:
-Վերադառնանք Հայաստան: Ի՞նչ պիտի լինի «Նաիրիտի» հարցը: Կառավարությունը անընդհատ խոստանում է միայն աշխատավարձի պարտքը փակել: Պետության համար ավելի շահեկան չէ՞ գործարանն աշխատեցնել, քան մաս-մաս վաճառել՝ պարտքերը փակելու նպատակով:
-Պետությունը պիտի երկրի զարգացման ծրագիր մշակի: Իմ եղբայր Վազգենն ասում էր, որ իրեն հարգող պետությունը 20-30 տարվա զարգացման ծրագիր պիտի ունենա: Իմ վարչապետության շրջանում ես պետության զարգացման ու աշխատատեղերի ապահովման հիմքը համարում էի արդյունաբերության վերագործարկումը: Այսօր էլ նույն համոզմունքն ունեմ՝ Հայաստանում իրական աշխատատեղեր կարող է ապահովել արդյունաբերությունը, որի հիմնական բազան գունավոր ու սև մետալուրգիան է: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պիտի «Նաիրիտը» փակվի կամ եթե «Նաիրիտը» փակում ենք, ի՞նչ ենք բացում:
-Վազգեն Սարգսյանի կառավարությունը «Նաիրիտը» վերագործարկելու քաղաքական որոշում ընդունեց:
-Հոկտեմբերի 27-ից հետո «Նաիրիտի» շահագործման ծրագիրը սկսվել է իմ վարչապետության օրոք՝ 1999-ի նոյեմբերից: ԽՍՀՄ-ի ժամանակ կաուչուկի արտադրության համար կար ութ բաժանմունք, որոնցից վեցը մշտապես պետք է աշխատեին, իսկ երկուսը կանգնեին վերանորոգման: Վեցից պակասը աշխատելու դեպքում համարվում էր, որ գործարանը վնասով է դուրս գալու: Ես սեփական պատասխանատվությամբ հանձն եմ առել այդ վնասները հատուցել, որ «Նաիրիտը» վերագործարկվի: Երկու բաժանմունքներով աշխատելով՝ գործարանը 22 % շահույթ է ունեցել: Նման արդյունք գրանցելու միակ հնարքը եղել է, որ կաուչուկը վաճառել է ինքը՝ գործարանը, որևէ երրորդ կողմ իրավունք չուներ գործարքի մեջ մտնել: «Նաիրիտի» փակումը հասկանալի կլիներ, եթե պետությունը այլընտրանքային տարբերակ առաջարկեր և հայտարարեր, որ երկրի զարգացումը, աշխատատեղերի ապահովումը արդյունաբերության հետ կապված չէ, որ նույն խնդիրը մտադիր է լուծել թեթև արդյունաբերությամբ, զբոսաշրջության զարգացմամբ, նոր տեխնոլոգիաներով, տիեզերքը նվաճելով: Եթե կա գործարան, որը կարող է արտադրանք տալ, որի արտադրանքը պահանջարկ ունի, կան մարդիկ, որ կարող են և ուզում են աշխատել, ինչո՞ւ չի աշխատում գործարանը: Հարևան Իրանը պատրաստ է տալ գազը, փոխարենը ստանալ կաուչուկ, ինչպես էլեկտրաէներգիայի պարագայում է: Ի՞նչ կմախքներ կան պահարանում, որ կառավարությունը վախենում է գործարանն աշխատեցնել:
-Դուք սահուն անցաք ՀԷՑ-երի՞ն: Էլեկտրաէներգիայի հերթական թանկացման առաջարկը ռեալ հիմքեր ունի՞, իրակա՞ն թվեր են շրջանառվում, թե՞ սեփականատերը սեփական շահույթն է բազմապատկում:
-Բաշխիչ էլեկտրացանցերը որպես կազմակերպություն մոնոպոլ են, բայց, մրցակից չունենալով, աշխատում են վնասով ու կուտակում են պարտքեր: Սա նշանակում է, որ մոնոպոլը վնասակար է ոչ միայն հասարակության համար, այլև մոնոպոլիայի տիրոջ ու ամբողջ ոլորտի, որ զարգացման խթան չունի: ՀԷՑ-երը կառավարման են տրված ռուսական կապիտալին, տարեցտարի էլեկտրաէներգիայի թանկացման հայտը նշանակում է, որ ռուսական կառավարումը ամենավատն է: Ինչ տվել ենք ռուսներին, կամ չի աշխատում, կամ թալանվում է: Եթե բաշխիչ ցանցերը երեք տարի անընդհատ պարտքեր են կուտակում, բայց այսօր են ձայն հանում, միանշանակ, քրեական հարց կա: «Պեռնո Ռիկարին» պատկանող կոնյակի գործարանը մեկ ամիս վնասով աշխատեր, երկրորդ ամսին կառավարիչ էր փոխվելու: Նույնը՝ ջրի դեպքում, համակարգը արդիականացվում է, ջրագծեր են փոխվում, որակն է փոխվում, շուրջօրյա ջրամատակարարում կա, ջրի սակագնի բարձրացման խնդիր չի դրվում: Հայաստանում աշխատող եվրոպական ընկերությունները հստակ մենեջմենտ ունեն, հաշվարկում են իրենց շահույթը և ծախսերը: ՀԷՑ-երի պարագայում ներկայացվում է վնասով աշխատանք ու ցոփություն՝ թանկարժեք մեքենաներ, հյուրանոցային հաշիվներ, ուղևորություններ, աշխատանքի բնույթին ոչ համարժեք պայմաններ: Հայաստանը խոպան է ռուսական չինովնիկների համար, որ գան ու լցնեն գրպանները: Երբ 2000-ին բաշխիչ ցանցերի մասնավորեցման հարցն էր դրվել, հայտարարում էին, որ հնամաշ են, եթե այսօր չվաճառենք, հինգ ամիս հետո շարքից դուրս են գալու, ու հոսանք չենք ունենալու: Անգամ նման կառավարման պայմաններում այսքան տարի աշխատել են ու էլի կաշխատեն: Դեռ այն ժամանակից գործարքի հիմքում եղել է ապօրինի փող աշխատելը, կատարվել է կեղտոտ գործարք, որի դիմաց վճարողը պիտի լինի ՀՀ քաղաքացին:
-Ինչո՞վ եք բացատրում, որ էներգետիկայի նախարարը ասուլիսում խոսում էր գողության մասին, խորհրդարանում ասում էր՝ հնարավոր չէ գողությունն ապացուցել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի՞ գնալու «Եվ ինձ, և քեզ» ճանապարհով՝ թանկացնելով, բայց՝ պահանջվածից քիչ: Եվ ռուսներն են գոհ՝ թանկացում ստացան, և հայերը՝ ուզածը չտվեցին:
-Հայ մարդն աշխարհի ցանկացած կետում, ներառյալ պատերազմող, ավելի լավ է ապրում, քան իր հայրենիքում: Վերջերս Մարտունու գյուղերից մեկն էինք գնացել հուղարկավորության, հանգուցյալի դագաղը բռնող երիտասարդ չկար ամբողջ գյուղում, մնացել էին տատիկներ ու պապիկներ, ամենաերիտասարդը մենք էինք՝ այսպիսի վիճակի ենք հասել, ու դա չտեսնելը, անհող լավատեսություն սերմանելը, գործարաններ փակելով լուծումներ գտնելը ոչ միայն խելամիտ չէ, այլև անբարոյական է: Թե Երվանդ Զախարյանի, թե Ռոբերտ Նազարյանի ազգանունները յան-ով են վերջանում, հայ են, ապրում են Հայաստանում, բարձր պաշտոնյա են, բայց հարևաններ ունեն, ծանոթներ և տեսնում են, որ մարդիկ ամեն լուման հաշվում են, ու դա չի կարող իրենց չմտահոգել ու չվերաբերել: Բայց երբ սկսվում են Կրեմլից ճնշումները՝ ինչ ասել ու ինչպես պահել, եթե ոչ, կգան այնպիսիները, ովքեր գիտեն ում ինչքան վճարել, նրանք, որ իրականությանն ադեկվատ գնահատականներ են տվել, վերադառնում են ռեալ իրականություն: Միանշանակ է, որ խնդիրները լուծում են ուզում, որ վիճակը ծայրահեղության է հասել ու այսպես շարունակել չի ստացվի: Մարդիկ փող չունեն, ինչի՞ց կտրեն, որ լույսի փողը տան:
-Ի՞նչ եք առաջարկում:
-Գլոբալ առումով՝ համակարգային փոփոխություն, իսկ կոնկրետ խնդրով՝ որպես ՀՀ քաղաքացի, քաղաքական կուսակցության անդամ՝ կատեգորիկ դեմ եմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը ու հնարավորն անելու եմ, որ Հայաստանի հասարակությունը թույլ չտա էլեկտրաէներգիայի հերթական թանկացումը: «Հանրապետության» քաղխորհուրդը որոշում է կայացրել մասնակցել մայիսի 27-ի երթ-հանրահավաքին, բոլորին կոչ ենք անում միանալ պայքարին՝ մեր պետության, մեր շահերը պաշտպանելու համար:
-Երեկ Դուք միացա՞ք երկու ժամով լույսերն անջատելու ակցիային:
-Այո, կարծում եմ՝ դա միակ դեպքն էր, որ խավար ստեղծելով հնարավոր էր հանուն լույսի պայքարել:

Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ