ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ոստիկանությունը սկսել է գործել շատ ավելի բաց ու հրապարակային»

«Ոստիկանությունը սկսել է  գործել շատ ավելի բաց ու հրապարակային»
22.05.2015 | 06:57

«Իրատեսի» հյուրն է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր ՎԱՐԴԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:

-Սկսենք թվերից՝ ինչպե՞ս ամփոփեցիք տարին:
-Չոր թվերով՝ հանրապետությունում գրանցվել է 16833 հանցագործության դեպք: 100000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը՝ 561, համարյա ինչպես անցած տարի: Եղել են 192 առանձնապես ծանր և 3151 ծանր դեպքեր՝ ընդհանուր հանցագործությունների 19,9 %-ը, 58 սպանության դեպք, դեռևս բացահայտված չեն 16-ը: Գերակշռում են գողության դեպքերը (4452), արձանագրվել է ավազակային հարձակումների և կողոպուտների նվազման կայուն միտում:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված՝ 874, կաշառակերության 82, թրաֆիքինգի 9, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 947 ¥իրացման նպատակով 497¤ և հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառության 521 դեպքեր են եղել:
-Ոստիկանության համակարգում բարեփոխումների առաջին փուլն ավարտվել է՝ ի՞նչ արդյունք պիտի ստանար հասարակությունը:
-Բարեփոխումները վերաբերում են ամբողջ համակարգին, առանձին ծրագրերի իրականացման գործընթաց չեն միայն, այլ գլոբալ աշխատանք: Գլոբալ ու ամենօրյա՝ ուղղված ոստիկանությունն ավելի բաց, թափանցիկ կառույց դարձնելուն, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի, նրանց իրավագիտության ու իրավագիտակցության բարձրացմանը, ոստիկանության նկատմամբ վստահության մեծացմանը և, որ ամենակարևորն է, ոստիկանությունը ներսից փոխելուն՝ ոստիկանի նոր կերպարի ձևավորմանը: Մեծ ու երկար ճանապարհ է դա, որի ընթացքում ամենակարևորը մարդկային գործոնն է: Եթե մարդը չվերափոխվեց, աշխատանքային պայմանների փոփոխությունը ոչինչ չի փոխում: Ոստիկանության բարեփոխումների հիմնական թիրախը, ամբողջ գաղափարախոսությունն ուղղված են նոր ոստիկանի կերպարի ձևավորմանը:
-Նոր ոստիկանի կերպար ձևավորելու չափանիշը ո՞րն է, ո՞րն է նրա խնդիրը այսօրվա պայմաններում:
-Արագ զարգացող հասարակական հարաբերություններում, իրավագիտության առաջընթացի, հարափոփոխ իրավիճակների, մարտահրավերների մեջ ոստիկանը պարտավոր է ոչ թե համահունչ քայլել, այլ մի քայլ առաջ լինել: Հակառակ դեպքում մենք միշտ ստիպված կլինենք հետևանքները վերացնել, պատճառները վերացնելու փոխարեն:
-Առաջին հերթին ի՞նչը պիտի փոխեք:
-Առաջինը և հիմնականը մտածողության փոփոխությունն է, կառուցվածքային ու սկզբունքային փոփոխություններ են լինելու, որոնք մեզ տանում են դեպի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ, առաջին պլան է գալիս մարդու, նրա գույքի, շահերի ու իրավունքների պաշտպանվածությունը:
-Առաջ այդպես չէ՞ր:
-Նախկինում գլխավորը պայքարն էր հանցատեսակների հետ, պետական գույքի պահպանությունը, հիմա առաջին պլան է գալիս մարդը իր արժեհամակարգով:
-Ոստիկանի աշխատանքի օբյեկտը հանցագո՞րծն է, թե՞ մարդը, որ կարող է հանցանք գործել:
-Երկուսն էլ: Իհարկե, ավելի լավ է կանխարգելել, քան հետո հերոսաբար պայքարել ձևավորված հանցագործի և նրա գործողությունների դեմ: Մեր նպատակը կանխարգելիչ միջոցառումներն են: 2014-ին քրեական հետախուզության գլխավոր վարչության կազմում ստեղծեցինք նոր վարչություն՝ անչափահասների հանցագործությունների դեմ նախականխման և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի: Սա նոր կառույց էր ձևով ու բովանդակությամբ: Շեշտադրվում է ոչ թե հանցանք կատարած անչափահասին կամ կենցաղային պայմաններում իրավախախտին պատասխանատվության ենթարկելը, այլ բռնության դեպքերը, անչափահասների իրավախախտումներն ու հանցագործությունները նվազագույնի հասցնելը:
-Ոստիկանությունը մենակ այդ հարցերը լուծել չի կարող, գործ ունեք մարդկանց կրթական ցենզի, սոցիալական վիճակի, ընտանեկան դաստիարակության, տասնյակ այլ հարցերի հետ: Կա՞ այլ կառույցների հետ համագործակցություն:
-Պարտադիր: Կա կառավարության որոշումով հաստատված ծրագիր մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, որտեղ միջոցառումները ունեն համակատարողներ, առաջին գծում են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական ապահովության, պաշտպանության նախարարությունները և ամբողջ շարք գերատեսչություններ ու շահագրգիռ կառույցներ, որոնք մշակել և շրջանառության մեջ են դրել մեր ռազմավարության հայեցակարգը, որը շուտով ներկայացվելու է կառավարություն:
-Եվս մի հայեցակա՞րգ, ի՞նչ եք առաջարկում:
-Ծրագիրը միտված է անչափահասների մուրացկանության, թափառաշրջիկության, անօթևանության խնդիրների կարգավորմանը: Բոլոր շահագրգիռ կողմերը ներառված են փաթեթում: Մենք, իհարկե, ունենք մեր ուղղվածությունը, մեր ծրագրերը, բայց աշխատանքները միշտ համակարգվում են թե կառավարության, թե հանձնաժողովների հետ համագործակցությամբ:
-Դա ոստիկանության բարեփոխումների առաջի՞ն փուլին է վերաբերում:
-Այո, թե այս կառույցը, թե դպրոցական տեսուչների ինստիտուտի ստեղծումը առաջին փուլի մաս էին: Սկզբում ասում էին՝ ինչո՞ւ պիտի միլիցիան դպրոց մտնի, դպրոցը ոստիկանացվում է:
-Եվ ինչո՞ւ է միլիցիան մտնում դպրոց:
-Միլիցիան դպրոց չի մտնում՝ մենք դասապրոցեսի հետ կապ չունենք, ընդամենը սերտ համագործակցում ենք թե նախարարության, թե դպրոցների տնօրենների հետ՝ ունենալով աճող սերնդին հնարավոր սայթաքումներից հեռու պահելու խնդիր:
-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ արդյունքների մասին խոսենք:
-Արդեն կարող ենք. 2014-ից նվազել է անչափահասների հանցագործությունների թիվը, հատկապես կարևոր է, որ նվազել է խմբերով, խառը խմբերի՝ անչափահասների և մեծահասակների կատարած հանցագործությունների թիվը: Թվական հաշվետվություններում այդ դինամիկան անմիջապես երևում է: Կարևորը՝ փոխվել է աշխատանքի հոգին, մթնոլորտը: Հարցրեք դպրոցների տնօրեններին, թե ինչպե՞ս են վերաբերվում մեր աշխատանքին, մեզ անընդհատ առաջարկում են փորձը տարածել մյուս դպրոցների վրա, բայց մենք ավագ դպրոցների վրա կանգ առանք՝ իբրև անհատի զարգացման խնդրահարույց շրջանի վրա: Սովորաբար մեր տեսադաշտում անչափահասները հայտնվում են 14 տարեկանից հետո: Մյուս ուսումնական հաստատություններում ևս՝ ուսումնարաններ, քոլեջներ, վարժարաններ, մեր տեսուչներն աշխատում են: Ես միայն մեկ օրինակ բերեցի, բայց բազում նման քայլեր են արվել:
-Ո՞րն եք այդ քայլերից առանձնացում:
-Կարևորում եմ համայնքային ոստիկանության կայացումը՝ նախկին տեղամասային տեսուչների ինստիտուտի հիման վրա: Հիմնական միտումն էր նպատակուղղել ոստիկանությունը դեպի բնակչությունը:
-Ասենք, ես համայնքային ոստիկան եմ, ի՞նչ պարտականություններ ու իրավունքներ ունեմ:
-Դժվար է Ձեր գործը, դժվար, բայց որոշակի ու ճշգրտված: Կառավարության որոշումով հաստատվել են համայնքային ոստիկանի գործունեության ուղղությունները: Կարևորը՝ նրանք աշխատում են ոչ թե ըստ փաստի, շրջելով տարածքում, այլ տարածքի բնակչության հետ, ստեղծվել ու ստեղծվում են համայնքային խորհուրդներ, որոնք աշխատում են տարածքի համայնքային ոստիկանի հետ: Երևանում գործում են 11 հենակետեր, երեք տարի անց կունենանք 40 հենակետեր, որոնք հիմնականում բազմաբնակարան շենքերի բակերում են, աշխույժ անցուդարձի վայրերում: Այդ հենակետերում եթե ոչ 24, 16-18 ժամ միշտ ներկա է ոստիկանության աշխատակիցը՝ պարեկապահակետային ծառայողը, անչափահասների տեսուչը, օպերատիվ անձնակազմից մեկը: Այնպես որ, խնդիր ունեցող բնակիչը ամեն պահ կարող է նրանց դիմել:
-Իսկ դիմո՞ւմ են:
-Բոլոր հարցերով: Ոչ միայն մեր գործառույթներին առնչվող, այլև կենցաղային՝ գազս կտրել են, ջուրը չի գալիս, հոսանքի հետ խնդիր ունենք, աղբահանության հարցը ի՞նչ եղավ, և այլն, և այլն: Գործնականում մենք դարձել ենք միջնորդ օղակ քաղաքապետարանի, այլ կառույցների միջև:
-Դուք ուզում եք ասել, ժողովրդի մեջ կոտրվե՞լ է «գործ տվողի» հոգեբանությունը:
-Դա այլևս ակտուալ չէ, ժամանակները փոխվել են, կա խնդիր, որ պետք է լուծվի: Մենք, իհարկե, ունենք մեզ օժանդակող մարդիկ, բայց շեշտը դրվում է լայն օժանդակության վրա, ոչ թե մեկը գա ու մեկ ուրիշի կրիմինալ գործունեության վերաբերյալ «գործ տա»: Մեր խնդիրն է մշտապես լինել բնակչության հոգսերի, խնդիրների կիզակետում, հասկանանք՝ ինչով է մարդը ապրում, ինչով կարող ենք օգնել: Մեր բարեփոխումների հիմնական խնդիրներից մեկը համայնքային ոստիկանության ստեղծումն էր, մեզ համար սկզբունքային ու կարևոր է այդ համակարգի կայացումը:
-Ինչպե՞ս եք ֆինանսական խնդիրը լուծում՝ նոր շինությունների կառուցման, աշխատատեղերի ստեղծման:
-Դեռևս 2012-ին մենք կտրուկ կրճատեցինք ոստիկանության կենտրոնական ապարատը և 200 հաստիքները բաժանեցինք տեղերի վրա: Առաջին ճակատը միշտ պիտի պինդ լինի, նրանց աշխատանքը շատ կարևոր է: Մենք, իհարկե, նախատեսել ենք որոշակի ծախսային մասեր, կառավարության գերակա խնդիրների հոդվածներով էլ են գումարներ հատկացվում հենակետերի կառուցմանը: Ոստիկանապետը կարողանում է նյութական միջոցները այնպես բաշխել, որ այդ հարցերը բավարար լուծվեն: Մեզ օգնում են միջազգային կառույցները:
-Ոստիկանության բարեփոխումների համար միջազգային փորձը ուսումնասիրո՞ւմ եք:
-Անպայման: Տեսուչների գործառույթի ներդրումը սկսել ենք դեռևս 2008-ին իբրև պիլոտային ծրագիր Արաբկիրի շրջանում, մեզ օգնում էին Մեծ Բրիտանիայից, Կանադայից, ԱՄՆ-ից եկած խորհրդատուներ:
-Մեր և նրանց իրականությունը շատ տարբեր չէ՞, որ նրանց խորհուրդները Հայաստանում աշխատեն:
-Ոչ, պարզվում է՝ ոչ: Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ փորձի ուսումնասիրման համար երկու տարի առաջ մեր աշխատակիցները եղան ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ֆեյրֆաքս քաղաքում և այնտեղից բերեցին համայնքամետ ոստիկանության ձևավորման գաղափարը, այսինքն՝ պարեկային ծառայության ունիվերսալ խմբերի, նրանց խնդիրն ամեն տեղ լինելը և ծագող խնդիրները լուծելն է: Նրանք պտտվում են տարածքում, մշտական կապի մեջ են կենտրոնի հետ, որ կարողանան ապահովել տարածքի սպասարկումը:
-Համայնքային ոստիկանությունը միայն մայրաքաղաքի՞ առավելությունն է:
-Ոչ, արդեն գործում է նաև մարզերում, օրինակ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հասարակական կազմակերպությունների օգնությամբ և միջազգային կառույցների ֆինանսավորմամբ հենակետ ստեղծեցինք:
-Միջազգային ո՞ր կառույցներն են շահագրգիռ այդ հարցում:
-Կոնկրետ այդ դեպքում Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնը ծրագիր մշակեց և Հրազդանում, Չարենցավանում, Եղվարդում մեր ոստիկանների հետ համատեղ աշխատեցին, մասնագիտական սեմինարներ անցկացրին, աշխատանքները տարվում էին թե ոստիկանների, թե բնակչության հետ:
-Գյուղերում ևս հենակետեր ստեղծվելո՞ւ են:
-Անպայման: 874 գյուղական համայնքներում արդեն ունենք 760 համայնքային ոստիկանական աշխատասենյակներ, որ, իհարկե, հենակետեր չեն, բայց տեղական պահանջներին բավարարում են:
-Իսկ քանի՞ աշխատակից կա:
-Մեկ աշխատակիցը սպասարկում է մի քանի գյուղերի, 5000 բնակչին՝ մեկ աշխատակից:
-Մի մարդը 5000-ին, այն էլ տարբեր տեղերում բնակվող, քիչ չէ՞:
-Քիչ չէ, ընտրված է օպտիմալ թիվը, ի վերջո, ռիսկային հատվածի հետ միայն տեսուչը չի զբաղվում, կան նաև ուրիշ ուժեր: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ մենք կարողանում ենք սերտ համագործակցել, նրանք հիմա մեզ աջակցում են և աշխատասենյակների տրամադրման, և խորհուրդների ձևավորման հարցերում: Խորհուրդների կազմում նաև մեր թոշակառու աշխատակիցներն են՝ ոստիկանության վետերանները, որ մեծ օգնություն են ցուցաբերում երիտասարդության կրթադաստիարակչական հարցերից մինչև հանցագործությունների բացահայտում: Նրանք երբեք չեն դադարում ոստիկան լինելուց: Բայց այս ամեն ինչի մեջ ես ուզում եմ շեշտել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Մենք ունենք ծառայություններ, որ ամենօրյա շփման մեջ են մարդկանց հետ՝ ճանապարհային ոստիկանությունը, անձնագրային, վիզաների ծառայությունը, հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները:
-Դուք գո՞հ եք նրանց աշխատանքից:
-Ոստիկանության ոչ մի ղեկավար աշխատակից չի կարող գոհ լինել, կա անվերջ կատարելագործման ու զարգացման ճանապարհ: Հենց սկսում ես գոհ լինել քո աշխատանքից, դադարում ես տեսնել հեռանկարներն ու զարգացման միտումները: Գոհ կարելի է լինել կոնկրետ հարցում կոնկրետ արդյունքի հասնելով: Մենք ունենք նման արդյունքներ: Օրինակ՝ նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներով անձնագրային համակարգի ներդրումը, որին անցանք անցյալ տարի:
-Ի՞նչ առավելություն է քարտը տալիս սովորական անձնագրի համեմատ:
-ՈՒնիվերսալ տեղեկատվություն անձի մասին, որ ճանաչվում է աշխարհի բոլոր երկրներում իր կենսաչափական տվյալներով: Տալիս է փաստաթղթի բարձր պաշտպանվածություն կեղծիքներից: Դուք ազատ եք անձնագիրը փոխելիս քարտ չստանալ: Եթե արտասահման չեք մեկնում, լիովին բավական է նույնականացման քարտը, որով կարող եք անհրաժեշտ գործարքները կատարել: Մենք հնարավորություն ենք ստացել կարգավորել պետական ռեգիստրի տվյալների պահոցը, որ ոչ միայն մեզ է ծառայում, այլև բազմաթիվ նախարարությունների, ընտրական գործընթացների հիմքն է: Անձնագրային, վիզային վարչությունում ևս մեկ նորարարություն կա՝ մենք կապ ենք ստեղծել արդարադատության նախարարության ԶԱԳՍ-երի տվյալների հանգույցի հետ և ծնված ու մահացած քաղաքացիների տեղեկատվությունն անմիջապես փոխանցվում է պետռեգիստր, որտեղ կատարվում են տվյալների ճշտումներ, դա լիովին կբացառի հանգուցյալների «քվեարկության» դեպքերը՝ վերջ դնելով տարաձայնություններին ու ասեկոսեներին:
-Շատ իդեալական չէ՞ պատկերը, Դուք ուզում եք հավաստել, որ համակարգում կոռուպցիա էլ չկա, նույնիսկ քաղաքացի-ոստիկան հարաբերություններո՞ւմ:
-Քաղաքացի-ոստիկան հարաբերություններում միշտ ռիսկ կա, բայց ճանապարհային ոստիկանության օրինակով մենք փորձել ենք նվազեցնել քաղաքացի-ոստիկան անմիջական շփումները: Եվս մի նորարարություն ունենք՝ ՃՈ բոլոր տեսուչների վրա լինելու են տեսախցիկներ, որոնք տեսագրելու են քաղաքացու հետ շփումների ամբողջ գործընթացը:
-Դա մարդու իրավունքների խախտում չէ՞:
-Հիմա շատերն են օգտվում այդ սարքերից, մենք հնարավորություն ունենք հսկել ու հարկ եղած դեպքում պաշտպանել ոստիկանին: Հերթապահության ավարտին նա չիպը հանձնում է կենտրոնին, որն ուսումնասիրվում է:
-Այսքանից հետո ի՞նչ է նախատեսվում ոստիկանության բարենորոգումների երկրորդ փուլով:
-Մենք արդեն մշակել ենք 2015-2017 թթ. ծրագիրը, որ շուտով կներկայացնենք կառավարության հաստատմանը: Դեռ նախորդ փուլի կարևոր գործերից էր կապի և տեխնոլոգիաների վարչության ստեղծումը, որ անհրաժեշտություն էր կիբեռհանցագործությունների և այն հանցատեսակների ի հայտ գալով, որ նախկինում բնորոշ չէին՝ կապված տեխնիկական հնարավորությունների, ինտերնետի զարգացման հետ: Տեխնիկական վերազինումը ցանկացած հիմնարկում, առավել ևս ոստիկանությունում, պահանջում է սերվերային, ցանցային, ծրագրային ապահովում՝ լուրջ համակարգ ու սպասարկում: Պետք էր տեխնոլոգիական լուծում՝ հատուկ ստորաբաժանում, որ այս ամբողջը կատարեր, վերացրինք նաև որոշ ստորաբաժանումների միմյանց կրկնող գործառնությունները:
-Ձեր նշած նորարարությունները նպաստում են մարդկանց հետ շփումների կրճատմա՞նը, թե՞ հաճախակիանալուն:
-Միանշանակ՝ ոստիկանությունը սկսել է գործել շատ ավելի բաց ու հրապարակային:
-Դա Ձեզ չի՞ խանգարում:
-Սկզբում մի քիչ կաշկանդում էր, հիմա նույնիսկ հաճելի է դարձել, երբ օբյեկտիվ ներկայացվում է մեր աշխատանքը, երբ լրագրողը ոչ թե սկանդալների, այլ խորքային պատճառների լուսաբանման խնդիր է դնում: Մենք հանգիստ աշխատում ենք լրատվամիջոցների հետ, հրավիրում մեր միջոցառումներին, երբևէ չենք խուսափում տեղեկատվություն տրամադրելուց: Մեր լրատվական վարչությունն անցած տարի արժանացավ Տեղեկատվության ազատության կենտրոնի «Ոսկե բանալի» մրցանակին, իսկ կայքը 1790555 այցելու է ունեցել՝ դա վկայում է հասարակության հետաքրքրությունը: Հավելեք՝ հասարակություն-ոստիկանություն ուղիղ կապը, թեժ գիծը, 2013-ից Երևանում գործում է օպերատիվ կառավարման կենտրոնը: Արդեն նաև մարզերում ենք ուզում նման կենտրոններ ստեղծել: Համաշխարհային բանկի հետ այդ հարցով բանակցեցինք և ֆինանսավորման հարցը լուծեցինք: Դա էլ է երկրորդ փուլի ծրագրերից: Դիմապատկերների նույնականացման համակարգն ենք ներդնելու, որ արտասահմանում վաղուց գործում է և բավականին ծախսատար է:
-Կարգազանց ոստիկաններ չունե՞ք:
-ՈՒնենք կարգապահական հանձնաժողով, որ զբաղվում է իրավախախտումներ թույլ տված, ծառայական պարտականությունները չկատարած ոստիկանների հարցով: Եթե հաստատվում է մեղքը, հեռացվում է համակարգից, տույժերի ու պատասխանատվության են ենթարկվում: Անցյալ տարի 1657 ծառայողական քննություն է կատարվել, կարգապահական տույժ են ստացել 846 ոստիկաններ, 81 անձի վերաբերյալ 63 դեպք է արձանագրվել, 40 քրեական գործ է հարուցել 55 անձանց նկատմամբ, 4 գործով 6 անձինք դատապարտվել են: Ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:
-Եթե խնդիրը ոստիկանի կերպարը փոխելն է, որտե՞ղ և ի՞նչ պիտի ոստիկանը սովորի կերպարանափոխության համար:
-Ոստիկանության ամենալուրջ խնդիրներից մեկը մասնագիտական պատրաստվածության մակարդակն է՝ չունենալով լավ կրթված ոստիկանության ծառայող, մենք չենք կարող մեր ծրագրերը կատարել: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է մասնագիտական որակների բարձրացման խնդրով զբաղվում՝ երբևէ չի եղել, որ տարածքային բաժինների պետերը գան ոստիկանություն, և անձամբ ոստիկանապետը նրանց հետ պարապմունքներ չանցկացնի: Ոստիկանության դպրոցի հիման վրա ստեղծված մեր կրթահամալիրը հիմա եռաստիճան է՝ ուսումնական կենտրոն, քոլեջ և ակադեմիա, գործում է եվրոպական ծրագրերով: Երեք աստիճաններն անցնելուց հետո ոստիկանը կարող է ժամանակակից պահանջները բավարարող մասնագետ համարվել: Շատ բարձր պահանջներ են ներկայացվում ոչ միայն սաներին, այլև պրոֆեսորադասախոսական կազմին:
-ՀՀ նախագահն ասաց, որ աշնանը նորից գալու է ոստիկանություն, կլինե՞ն նրան ներկայացվելիք արդյունքներ:
-Նախագահի յուրաքանչյուր այց մեզ համար մեծ պատիվ է, առավել ևս, որ պետք է ներկայացվեն կատարված աշխատանքներն ու խնդիրները: Նա միշտ ուշադիր է մեր նկատմամբ՝ կարևորելով կատարվող բարեփոխումների հաջողությունը: Վստահ եմ, որ մի շարք հարցերում նախագահը մեզ կաջակցի: Նախագահի աջակցությամբ արդեն երկրորդ տարին մենք հնարավորություն ունենք կարիքավոր, փորձառու, լավագույն աշխատակիցներին բնակարան տալ՝ 47 բնակարան Երևանում և մարզերում: Սա ոչ միայն սոցիալական հարց է, այլև բարեխիղճ ծառայության լուրջ խթան: Ոստիկանապետի սահմանած լավագույն աշխատակցի նոմինացիաները նույնպես այդ խնդիրն են լուծում՝ մարդկանց աշխատանքը գնահատվում է, արժանանում են իրենց մասնագիտության մեջ լավագույնը լինելու գնահատականին, թերևս նյութական ոչ մի պարգևատրում այդ բերկրանքն ու հպարտությունը չի տա:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ