Ամեն խաղ խաղացել էինք, մնացել էր մասնավոր ընկերության պարտքերը մարեինք։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, որը պատճառաբանվում է ԲԷՑ-երի մոտ 20 մլն դոլար պարտքով, հունից հանել է բնակչությանը։ Եվ ո՞նց չհանի։ Ներկայացված տարբերակով ստացվում է, որ հարևանի պարտքը պետք է մարի երրորդ հարևանը, ավելի պատկերավոր ասած, եթե դուք ինչ-որ մեկին պարտք եք, ապա մտահոգվելու կարիք չկա, այդ պարտքի վերադարձման բեռը պետք է ուղղակի դնել բարեկամի վրա։ Կասեք աբսուրդ է, սակայն Հայաստանում աբսուրդներն են, որ իրականություն են դառնում։ Ինչևէ, խորհրդարանում սակագնի բարձրացման շուրջ թեժ քննարկման ժամանակ ԲՀԿ-ն առաջարկեց հարցի վերաբերյալ լսումներ կազմակերպել։ Արդյո՞ք դրանով կուսակցությունը չնպաստեց, որ հարցը մտնի փակուղի։
ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ (ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ)
«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ` ԻՆՉ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ ՊԱՏԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ»
-Բազմաթիվ օրինակներ ունենք, որ երբ լսումներ են կազմակերպվում, հարցը «ջրվում» է։ Համամիտ չե՞ք, պարոն Մելքումյան։
-Ո՛չ։ Այս խնդրում մենք կարևորում ենք լսումները, քանի որ մինչ օրս չունենք կառավարության և պետական ատյանների տեսակետը։ Մենք չգիտենք ինչպիսին է նրանց մոտեցումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և դրա պատճառների վերաբերյալ։ Լսումների միջոցով ուզում ենք իմանալ` ինչ դիրքորոշում ունի պատկան կառույցը, որ կարողանանք արդիական առաջարկություններ ներկայացնել։
ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ (առողջապահության նախարար)
«ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԻՄ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ»
-Հարցը Ձեր ոլորտին չի առնչվում, սակայն Ձեզ այս հարցով որպես անձ եմ դիմում, որն իր վրա է կրելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը։ Դուք պատրա՞ստ եք մասնավոր ընկերության պարտքը մարելու։
-Ես պատրաստ եմ իմ պարտականությունները կատարելու։
-Ի՞նչ եք կարծում, սակագնի բարձրացման արդյունքում կբարձրանա՞ն բուժծառայությունների գները։
-Հիվանդանոցների կոմունալ և պահպանման ծախսերը ոչ մեծ տոկոս են կազմում հիվանդանոցային ծառայությունների ընդհանուր գնագոյացման մեջ։ Այնպես որ, կարծում եմ, էական ազդեցություն չպետք է ունենա։
ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)
«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՏԱԼ»
-Իհարկե, որպես մարդ, ինձ մտահոգում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, սակայն այս պահին գնահատական չեմ ուզում տալ, քանի որ խնդրի էությանը խորապես ծանոթ չեմ,- ասաց նախարարը։
-Լավ, այդ դեպքում անդրադառնանք Ձեր ոլորտին։ Չե՞ք կարծում, որ սակագնի բարձրացումն ուղղակիորեն բացասաբար է անդրադառնալու սոցիալական ոլորտի վրա։
-Սակագնի բարձրացման հարցը պետք է քննարկվի հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովում, քանի որ դա մասնագիտական խնդիր է։ Երբ լինի մասնագիտական կառույցի եզրակացությունը, այդ ժամանակ էլ կարելի է գնահատել իրավիճակը։ Ինչ խոսք, որպես ոլորտի ղեկավարի, ինձ մտահոգում է սակագնի բարձրացման խնդիրը, քանի որ, բնականաբար, սոցիալական ոլորտում այն իր ազդեցությունը կունենա։
-Ինչ-որ միջոցառումների ծրագիր մշակո՞ւմ եք այդ ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար։
-Քանի դեռ որոշում չկա, չենք կարող քննարկումներ ծավալել։
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ («Ալյանս» ցենտրիստական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր)
«Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ»
-Իհարկե, ժողովուրդը չէ, որ պետք է փակի էլեկտրացանցերի պարտքը։ Ինձ հետաքրքրում է մեկ այլ հարց` ի՞նչ է մտածում գլխավոր դատախազը էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հնչեցրած գողությունների, ֆինանսական չարաշահումների, էներգետիկ կորուստների մասին հայտարարության վերաբերյալ, և ե՞րբ է պատրաստվում դատախազությունը քրեական գործեր սկսելու էներգետիկ ոլորտում։ Կարծում եմ` խորհրդարանում այդ հարցով բավականին լուրջ պայքար է ծավալվելու։
Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ