ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Բուժքույրերն իրենք պետք է ձգտեն դառնալ առաջատարներ և լինել ոլորտի զարգացման առաջին դիրքերում»

«Բուժքույրերն իրենք պետք է ձգտեն դառնալ առաջատարներ և լինել ոլորտի զարգացման առաջին դիրքերում»
19.05.2015 | 00:33

Անցած շաբաթ Հայաստանը նշեց Բուժքույրերի միջազգային օրը։ Միանալով բոլոր շնորհավորանքներին` «Իրատեսը» ևս շնորհավորում է բուժքույրերին իրենց մասնագիտական տոնի առթիվ։ Ինչ խոսք, օրը տոնական էր, բայց նաև պարտավորեցնող, քանի որ բուժքրոջ մասնագիտությունն ուղղակիորեն առնչվում է մարդու առողջության պահպանմանը։ Կարող ենք այսօր նշել, որ Հայաստանի անկախությունից հետո բուժքույրական ծառայության ոլորտն ունի ձեռքբերումներ և հասել է ինչ-որ սանդղակի։ Եվ քանի որ ցանկացած մասնագիտության հիմքում կրթությունն է, ապա այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք առողջապահության նախարարության բուժքույրական գործի գլխավոր մասնագետ, «Էրեբունի» հայ-ամերիկյան բժշկական քոլեջի տնօրեն, բուժքույրական գործի կազմակերպիչների Հայաստանի ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր ԱԼԻՆԱ ՔՈՒՇԿՅԱՆԻ հետ։

-Շնորհակալություն շնորհավորանքների համար,- նշեց տիկին Քուշկյանը։- Առիթից օգտվելով՝ «Իրատեսի» միջոցով ուզում եմ շնորհավորել բոլոր բուժքույրերին իրենց բարդ, պատասխանատու և մարդասիրական մասնագիտության միջազգային օրվա առթիվ։ Իհարկե, վերջին 20 տարում քույրական գործում արձանագրվել են լուրջ ձեռքբերումներ, հատկապես կրթության ոլորտում։ Գաղտնիք չէ, որ ցանկացած ոլորտի երաշխիքը բարձրագույն կրթությունն է։ Այս տարիներին ներդրվել են նոր մասնագիտություններ, հաստատվել են մասնագիտությունների անվանացանկերը, կառավարությունը հաստատել է կրթական նոր չափորոշիչները։ Բուժքույրերի մասնագիտական որակավորման բարձրացմանը նպաստում է նաև «Էրեբունի» բուժքույրական լրատու գիտագործնական հանդեսը, որը լուսաբանում է բուժքույրական գործի բոլոր նորությունները և կառավարության որոշումները։ Բացի դրանից, հայերեն տպագրվել և տպագրվում են դասագրքեր, ինչը շատ կարևոր է, քանի որ մասնագիտական գրքերը մեծ մասամբ օտարալեզու են։ Ներդրվել է մոդուլային նոր համակարգ։ Ինչպես բոլոր ոլորտներում, բուժքույրական գործում ևս բարձր մասնագիտական պատրաստվածության համար տեղեկացված լինելը գլխավոր նախապայմաններից մեկն է։ Այդ նպատակով մի քանի տարի առաջ ստեղծեցինք բուժքույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա, ինչը հնարավորություն է տալիս միջազգային դաշտում համախմբելու բուժքույրերին, որոնք միմյանց հաղորդում են տեղեկատվությունը և նորությունները։ Այսօր բուժքույրերն իրենք պետք է ձգտեն դառնալ առաջատարներ և լինել ոլորտի զարգացման առաջին դիրքերում, բարձրացնելով բուժքրոջ դերն ու նշանակությունը առողջապահության համակարգում և ազգաբնակչության առողջության բարելավման գործում։ Հարկ է նշել, որ առողջապահության համակարգում բուժքույրերը մեծ ներուժ են և առանց այդ կարևոր մասնագիտական ռեսուրսի անհնար է պատկերացնել առողջապահության համակարգը և բուժման կազմակերպումը։ Եթե բժիշկը ախտորոշում և բուժում է նշանակում, ապա այն իրականացնողը բուժքույրն է։ Եվ եթե բուժքույրը հմուտ է և գրագետ, ապա բուժման որակն ապահովված է։ Պատահական չէ, որ ըստ ԱՀԿ-ի՝ առողջապահության որակը գնահատվում է բուժսպասարկման որակով, որի հիմնական կազմակերպիչները բուժքույրերն են։ ՈՒստի նրանց դերը շատ կարևոր է։
-Չնայած ԱՀԿ-ի այդ գնահատականին, այնուհանդերձ պետք է նկատեմ, որ մեզանում ինչ-որ տեղ կան դժգոհություններ։ Երբեմն բուժքույրերը բողոքում են, որ իրենց տեղ չեն տալիս, բժիշկները ճնշում են։ Իրենց հերթին բժիշկներն էլ դժգոհում են բուժքույրերից։ Նման երևույթ Դուք նկատե՞լ եք։
-Չեմ բացառում, երկու դեպքերն էլ ոլորտում կան, սակայն համոզված եմ, որ եթե բուժքույրն ու բժիշկը ունեն բարձր մասնագիտական որակավորում, ապա այդ դեպքում համատեղ աշխատանքը լինում է էֆեկտիվ։ Յուրաքանչյուր բժիշկ մեծ ուրախությամբ աշխատում է գիտակ բուժքրոջ հետ։ Առավել ևս գլխավոր բժիշկները ցանկանում են, որ իրենց մոտ աշխատեն մասնագիտական բարձր որակավորում ունեցող բուժքույրեր։ Իրենց հերթին բժիշկները ևս պետք է կարևորեն բուժքրոջ դերը։
-Ճիշտ եք, գլխավոր բժիշկները կուզենան բարձրակարգ բուժքույրեր ունենալ, սակայն գործնականում դա այդպե՞ս է, թե՞ Խորհրդային Միությունից ժառանգած մտածողությունը՝ բուժքրոջն ավելի ցածր դասելը, դեռևս գործում է։ Որպես բուժքույրական գործի կազմակերպիչների միջազգային ասոցիացիայի նախագահ և առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, ի՞նչ կասեք այս տեսանկյունից։
-Գիտե՞ք ինչ, գուցե և ինչ-որ չափով այդ մտածողությունը կա, սակայն մեծ տոկոս չի կազմում, եղածն էլ փոխվում է։ Ամեն դեպքում պետք է կրկնեմ. շատ դեպքերում ամեն ինչ պայմանավորված է բուժքույրերի մասնագիտական կարողությամբ։ Համոզված եմ, որ լավ բուժքույրը միշտ էլ պահանջված է։ Մենք հնարավոր ամեն բան անում ենք բուժքույրերի դերը բարձրացնելու և կարևորելու գործում։ Սակայն եթե այդ գործընթացին զուգահեռ բուժքույրերը տեր չկանգնեն մարտահրավերներին և առաջին դիրքերում չլինեն, ակտիվ զարգացնելով իրենց գիտելիքները, միշտ էլ խնդիրներ կունենան։ Շարունակական կրթությանը հետամուտ պետք է լինեն։ Մասնակցեն միջազգային կոնֆերանսներին։ Բայց, ցավոք, շատ դեպքերում նկատվում է պասիվություն։
-Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նման դիրքորոշումը։
-Միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար նախատեսված անդամավճարը հաճախ դառնում է խնդիր, մինչդեռ խոսքը չնչին գումարի մասին է։ Կոնֆերանսի անցկացման մասին հայտարարվում է տարի, տարիուկես առաջ։ Մինչ այդ, եթե ամիսը 500 դրամ տնտեսի բուժքույրը, ապա կարող է լուծել անդամավճարի հարցը։ Եվ երբ փորձում են գումարային խնդրով պայմանավորել իրենց բացակայությունը կոնֆերանսից, ապա դա արդարացված չէ և հակառակը, փաստում է, որ խնդիրը ոչ թե գումարային է, այլ պայմանավորված է մասնագիտական որակավորման բարձրացման նկատմամբ անտարբերությամբ։ Լինում են նաև դեպքեր, որ գլխավոր բժիշկները հեշտությամբ ներդրում են կատարում այլ բաներում, անտեսելով իրենց բուժքույրերի որակավորման խնդիրը։
-Բուժքույրական գործի կազմակերպիչների Հայաստանի ասոցիացիան երկու անգամ Երևանում և անցած տարի էլ Ղարաբաղում է անցկացրել միջազգային կոնֆերանս։ Գործնականում, ըստ Ձեր ուսումնասիրությունների, ինչպիսի՞ արդյունավետություն է արձանագրվել։
-Կոնֆերանսի մասնակից բուժքույրերի մասնագիտական կարողությունների բարձրացման ճիշտ գնահատականը կարող են տալ իրենց բուժհիմնարկների ղեկավարները։ Սակայն փաստ է, որ կոնֆերանսի մասնակիցները ստանում են բարձր գիտելիք, քանի որ այն ոչ թե ներկայացուցչական բնույթի է, այլ գործնական՝ ստեղծվում են աշխատանքային խմբեր, որոնք մի քանի օր շարունակ ծանոթացնում են մասնակիցներին աշխարհի փորձի հետ։ Այն փաստը, որ նախորդ կոնֆերանսների մասնակիցները կրկին հայտեր են ներկայացնում հաջորդ կոնֆերանսին մասնակցելու համար, փաստում է կոնֆերանսի դրական արդյունքների մասին։ Այս տարի սեպտեմբերին նախատեսվում է Երևանում անցկացնել 3-րդ միջազգային կոնֆերանսը։ Այն նպաստում է ոչ միայն միջազգային փորձի փոխանակմանը և նորություններին հաղորդ լինելուն, այլև կարևորվում է Հայաստանի բուժքույրական գործն աշխարհին ներկայացնելու առումով։
-Մեր զրույցի վերջում ուզում եմ հարցնել՝ երկու տարի է, ինչ բժշկական քոլեջները գործում են ԿԳ նախարարության ենթակայությամբ։ Մինչ այդ բժշկական կենտրոնների շատ ղեկավարներ, բժիշկներ և բուժքույրեր համոզված էին, որ այդ մոտեցումը սխալ է, ինչի արդյունքում քոլեջները կտուժեն։ Այդ մտավախությունները, ըստ Ձեզ, արդարացա՞ն։
-Կարծում եմ՝ ոչ։ Համոզված եմ, որ դա պայմանավորված է երկու գործոնով։ Առաջին՝ ԿԳ նախարարը մասնագիտությամբ բժիշկ է, որի արդյունքում նախարարությունը լավատեղյակ է առողջապահական համակարգի կրթության խնդիրներին։ Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ քոլեջները կտրված չեն առողջապահության նախարարությունից։ Եվ եթե առողջապահական համակարգի որևէ խնդիր է առաջանում, օրինակ, տարբեր հիվանդությունների կամ արդի խնդիրների, ապա այդ դեպքում մեզ տրված է ինքնուրույնություն, և մենք կարող ենք շատ ճկուն ձևով կազմակերպել մեր աշխատանքները։ Կազմակերպել կոնֆերանսներ, սեմինարներ և անհրաժեշտության դեպքում կատարել որոշ փոփոխություններ ուսումնական պլաններում, որոնք համահունչ են արդի խնդիրներին։ Ավելացնեմ, որ դրական կողմերից է նաև համակարգված մոտեցումը կրթության և գիտության նախարարության կողմից։ Շատ կարևոր է, որ և՛ կրթության ու գիտության, և՛ առողջապահության նախարարությունները գործում են համատեղ՝ ի բարօրություն մեր համակարգի զարգացման։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ