Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Մարդը միշտ հավաքական սուբյեկտի մասնիկ է, միշտ ինչ-որ հոսանքի ներկայացուցիչ է»

«Մարդը միշտ հավաքական սուբյեկտի մասնիկ է, միշտ ինչ-որ հոսանքի ներկայացուցիչ է»
15.05.2015 | 00:44

Հարցազրույց ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ՝ առանց սկզբի ու ավարտի:

-Եթե համակեցությունը մարդկանց և մարդկային խմբերի համաժամանակյա գոյության նախադրյալն է, համակեցութային ի՞նչ դրսևորումներ կան:
-Համակեցությունը մարդկային փոխհարաբերությունների չորս ընդհանուր ձև ունի: Մեկը՝ հակամարտությունն է, որ միշտ եղել է ու միշտ կլինի: Հակամարտությունը ձևավորում է թշնամական հարաբերություններ՝ մի կողմը մյուս կողմին ուզում է վերացնել: Երկրորդը հարկադիր ենթարկվածությունն է: Կա կարգավորում և չկա մրցակցություն: Երրորդը անկախ գոյակցությունն է՝ ազատ մրցակցությունը, երբ չկա հակամարտություն, չկա ենթարկվածություն, միմյանց չեն ոչնչացնում, չեն խանգարում: Չորրորդը համագործակցությունն է, համատեղ աշխատանքը: Համակեցութային դաշտի այս հիմնական փոխհարաբերությունները միշտ եղել են ու միշտ լինելու են, բայց համամարդկային իմաստով քաղաքակրթությունը միշտ ինչ-որ հիմքերի վրա է կառուցվում, այս հարաբերություններից որևէ մեկը լինում է հիմնականը, մյուսները՝ ըստ անհրաժեշտության: Օրինակ՝ հին դարերում Հռոմեական կայսրության, եգիպտական փարավոնների, չինական կայսրերի հակամարտությունն է եղել հիմնականը կյանքի կազմակերպման հիմքում: Երբ ես գնում եմ ինչ-որ երկիր գրավելու, որ ավար ունենամ, երրորդ երկիրն ինձ չի մեղադրում, կարող է ինձ միանալ, կարող է իմ թշնամուն, դա է համագործակցությունն ըստ անհրաժեշտության: Կամ երրորդը կարող է ոչ մեկին էլ չմիանալ, ինչ ուզում եք արեք՝ ինձ հանգիստ թողեք: Այս դեպքում ըստ անհրաժեշտության՝ դրսևորվում է անկախ գոյակցությունը: Երկրորդ քաղաքակրթական աստիճանին հասանք, երբ համակեցութային հարաբերությունների հիմքը փոխվեց, նախկին միջոցները համարվեցին բացասական, և կյանքի կազմակերպման հիմք համարվեց մրցակցությունը: Դա արտացոլվեց սահմանադրությունների, օրենքների մեջ, ժամանակի մեջ հասանք միջին դարերին: Եվրոպան հենց այդ պատճառով դարձավ քաղաքակրթության կենտրոն:
-Ե՞րբ կլինի նոր քաղաքակրթությունը:
-Ե՞րբ, Դուք տեսաք օրինաչափությունները: Այն ժամանակ, երբ փոխվի համակեցութային հարաբերությունների գործող հիմքը:
-Իսկ գուցե հիմա գլխավոր խնդիրն այն է, որ իրականում հիմքը փոխվել է, բայց դեռ չի գիտակցվում: Փոխվել են արտադրահարաբերությունները, կենսամակարդակը, փոխհարաբերությունների ազդակները, բայց չկա փոփոխությունների իմաստավորումը, գուցե միջանկյալ աստիճան է, այդ պատճառով էլ պարբերաբար վերադառնում ենք հին աստիճաններին:
-Հիմքը պիտի փոխվի, համակեցութային կարգավորման հիմքում պետք է լինի համագործակցությունը, բայց երրորդ քաղաքակրթությունը դեռ առջևում է, հակամարտությունը, հարկադիր ենթարկվածությունը, մրցակցությունը ի հայտ կգան ըստ անհրաժեշտության՝ չլինելով դոմինանտ: Սա այն քաղաքակրթությունն է, որ հաջորդելու է ներկա քաղաքակրթությանը: Արժեքային համակարգով, նիստուկացով, օրենքներով, մենթալիտետով հիմա մենք ազատ մրցակցության աստիճանին ենք: Քաղաքակրթությունը կրողները իրենց ունեցածը ժառանգաբար չեն փոխանցում: Եթե հին աշխարհում քաղաքակրթության կենտրոնը Հռոմն էր, Եգիպտոսն էր, նոր քաղաքակրթությունը նույն կետում չծնվեց: Երբ մարդկությունը երկրորդից անցնի հաջորդ քաղաքակրթության, փոխվելու է կենտրոնը՝ Եվրոպան երբեք չի կարող նոր քաղաքակրթության կրողը լինել:
-Որտե՞ղ պետք է լինի նոր կենտրոնը:
-Ոչ ոք չի կարող ասել, գուցե Կոնգոն, գուցե Հայաստանը, գուցե Նոր Զելանդիան, բայց ոչ Եվրոպան, որ գենետիկորեն հնի կրողն է և պայքարելու է ունեցածը չկորցնելու համար: Արժեքային տեսակետից մարդկությունն արդեն առաջնություն է տալիս համագործակցությանը, իսկ ապրելակերպով դեռ չի հասել այդ աստիճանին: Հասարակությունը պիտի կարողանա այդպես ապրել, դա ուրիշ ապրելակերպ է, մարդու ուրիշ տեսակ, որ դեռ առջևում է: Իհարկե, լինելու են անցման փուլեր: Խանութում մեկ հաց է, երկու հոգի գալիս են գնելու: Առաջին քաղաքակրթության ժամանակ կռվով տանում ես, արդար է, եթե ուժով տարել ես: Երկրորդ քաղաքակրթության ժամանակ՝ երկուսից հացը տանում է առաջին եկողը, երկրորդը չի կարող բողոքել: Երրորդ քաղաքակրթությունում երբ առաջին եկողը փորձի հացը տանել, փաստարկ չէ, հացը պիտի կիսվի, երկուսն էլ պիտի պայմանավորվեն: Յուրաքանչյուր հաջորդ քաղաքակրթություն մերժում է նախորդի բարոյական օրենքները, արդարության, ազնվության, ճշմարտության ըմբռնումները, որ հարաբերական են և պայմանավորված են քաղաքակրթության բովանդակությամբ, որը որոշվում է նրանով, թե հարաբերություններից ո՞րն է համարվում գլխավորը: Դժվար է պատկերացնել՝ ինչպիսի կյանք կլինի 100-200 տարի հետո, օրենքով, ավանդույթներով, նիստուկացով, արժեքային համակարգով միշտ առավելությունը տրվելու է համագործակցությանը, մյուս բաղադրիչները գործելու են ըստ անհրաժեշտության: Դժվար է ասել՝ դարերի մեջ որտեղ կձևավորվի այդ կենտրոնը, առավել մեծ հավանականություն ունեն այն պետությունները, որտեղ հարաբերությունները կզարգանան այդ ուղղությամբ, բայց պիտի փոխվի և սերունդը, որ հին մտածողության կրողն է:
-Ինչո՞ւ եք ամեն ինչ սխեմայի մեջ մտցնում. բացատրելո՞ւ, ծրագրելո՞ւ համար, թե՞ մտածողության ձև է:
-Նախ և առաջ՝ հասկանալու: Ասում են՝ հաջորդ քաղաքակրթությունը տեղեկատվականն է կամ հետինդուստրիալը: Եթե քաղաքակրթությունը անվանելիս մարդը չի սխալվում, բնորոշման մեջ չի նշվում բովանդակությունը, որի համաձայն մարդիկ կարողանան կառուցել նոր հարաբերությունները: Մտածողությունը հասկանալու ուրիշ ձև չունի՝ հասկացություններ, սխեմաներ, անալոգիաներ, մոդելներ, մտածողությունը կարող է որսալ կատարվածն ու կատարվելիքը, բայց դա չի նշանակում, որ կարող է զգալ: Երբ փորձում են ապագա քաղաքակրթությունը ինչ-որ ձևով պատկերացնել. միտումներից, նախադրյալներից, կանխատեսումներից ելնելով, տալիս են նկարագրական տարբերակ ընդամենը: Չեն ասում՝ ինչ է լինելու էությունը: Իսկ նկարագրական տարբերակը միշտ թերի է, նկարագրում են, թե արտաքին ինչ հատկություններ կունենա այդ քաղաքակրթությունը և ըստ այդ հատկությունների էլ՝ անվանում են՝ օրինակ տեղեկատվական, հետինդուստրիալ կամ գիտելիքահեն:
-Երբ մի կողմ թողնենք անվանումները, բովանդակային պատկերացումը չե՞նք կարող սահմանել:
-Որոշակի հատկություններն առանձնացվում են և հիմք են տալիս այսպես կամ այնպես անվանելու, որովհետև էական պատկերացումը չկա: Կարլ Մարքսը փորձեց քաղաքակրթությունների, տնտեսական ֆորմացիաների մասին ըստ էության խոսել: Հետմարքսյան փիլիսոփաներն ու քաղաքագետները ևս փորձեր արել են կոմունիզմի հայեցակարգի նկարագրական պատկերը տալ:
-Նրանց ուրվագծածը և հետո հաստատվածը ադեկվա՞տ էր, մի՞շտ է իրականությունը համապատասխանում կանխատեսումներին:
-Մարքսը փաստորեն կապիտալիզմի էությունն է բացահայտել և հաջորդ հասարակարգի էությունն է քննարկել: Դա շատ մեծ առավելություն է և հզոր բացահայտում: Համանման ուրիշ աշխատանք չկա:
-Գիտական միտքը կա՞նգ առավ, այլևս բովանդակային բացահայտումներ չեղա՞ն:
-Գիտական միտքը կանգ չի առել, հաստատ: Մենք պատմության մի երկար ժամանակահատված ունեցանք, երբ գաղափարախոսական հիմքերում, փիլիսոփայության դասավանդման հարցերում քաղաքականացված ու քարոզչական տեսակետն էր իշխում: ԽՍՀՄ-ի տարիներին, այնուամենայնիվ, եղել են լուրջ գիտնականներ, որ զարգացրել են Մարքսի գաղափարները, ժամանակին նրանց տեսակետները չեն տարածվել, բայց այսօր հասանելի են: Փիլիսոփայական միտքը անցյալ դարում մեծ առաջընթաց է ապրել, այդ թվում սովետական փիլիսոփաների շնորհիվ: Պետք է շատ հստակ տարբերակել փիլիսոփա Մարքսին քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության հիմնադիր Մարքսից: Շատ փորձեր են եղել հայտնաբերելու Մարքսի տեսության հակասությունները ու սահմանափակումները: Որպես կանոն՝ անհաջող: Ոչ թե Մարքսի տեսության, այլ մեթոդաբանական հիմքերի ուսումնասիրման լուրջ աշխատանքներ սկսվեցին Պոպերից: Գիտության մեթոդաբանական շարժման ներկայացուցիչներն արդեն հետաքրքիր թերություն հայտնաբերեցին՝ Մարքսը հասարակության զարգացման հարցերում անփոխարինելի էր համարում գիտական մոտեցումը. գոյություն ունեն հասարակության զարգացման օրենքներ, և վերաբերմունքը պետք է լինի մատերիալիստական, այսինքն՝ հասարակությունն օբյեկտիվորեն գոյություն ունի և նրան բնորոշ են զարգացման օբյեկտիվ օրինաչափություններ:
-Պոպերը ժխտո՞ւմ էր այդ օրինաչափությունները:
-Ոչ այնքան ժխտում, որքան հաստատում էր, որ հասարակական իրողությունը չպետք է ներկայացվի որպես պատճառահետևանքային կապերով օժտված իրողություն: Բնագիտության օրենքներով թերի է մտածել հասարակության զարգացման մասին՝ այդ դեպքում դուրս է մնում սուբյեկտային մեթոդաբանությունը: Հասարակական հարաբերությունները պայմանավորված են գործող սուբյեկտների մտադրություններով:
-Սուբյեկտ ասելով՝ ի՞նչ ենք հասկանում:
-Ազգ, կուսակցություն, կազմակերպություն: Հասարակական իրավիճակների վրա վճռորոշ ազդեցություն ունեցող սուբյեկտների մտադրություններով է պայմանավորված հաջորդ իրադարձությունը, ոչ թե տվյալ իրադրությունը միարժեքորեն պարունակում է հաջորդ իրադրությունը, այլ պայմանավորված է վճռորոշ նշանակություն ունեցող սուբյեկտների մտադրություններով:
-Հնարավո՞ր է այդ մտադրությունները կանխատեսել կամ ծրագրավորել:
-Երեկ Դուք կո՞ւշտ եք եղել:
-Գլուխս էր ցավում:
-Երեկվա ընթացքը առավոտից հայտնի՞ էր:
-Բոլորովին:
-Մենք մի քանի րոպե առաջ խոսում էինք Մարքսի, Պոպերի տեսակետներից, այդ իրադրության մեջ հիմք կա՞ր, որ հաջորդ հարցը լինելու է Ձեր օրվա ընթացքի վերաբերյալ: Նախորդ իրադրության մեջ պատճառ չկար հաջորդ իրադրությունն իբրև հետևանք ունենալու համար:
-Դա վերաբերում է միայն միջանձնային հարաբերությունների՞ն, կան միջպետական, միջազգային հարաբերություններ, որոնք չե՞ն ծրագրվում:
-Վերջին երկու-երեք ամսվա ներքաղաքական իրադարձությունները որևէ կերպ կանխատեսելի չէին ստեղծված իրադրությունից, դա կախված էր գործող վճռորոշ սուբյեկտների նպատակներից:
-Եթե խնդիր ես դնում, հասարակական իրավիճակը չե՞ս ծրագրում:
-Եթե խնդիր դնողը սուբյեկտն է, ծրագրանպատակային պայմանավորվածության հետ գործ ունենք: Այն, ինչ այսօր ունենք, միարժեքորեն չի որոշում, թե ինչ կունենանք վաղը: Վաղը կունենանք այն, ինչ ծրագրել ու ցանկանում են որոշակի վճռունակ, ակտիվ սուբյեկտները:
-Ակտիվ գործող սուբյեկտները մի՞շտ են նույնացվում իշխանությունների հետ:
-Ի՞նչ կապ ունեն իշխանությունները: Դա չի վերաբերում միայն իշխանություններին, կամ միայն որևէ կուսակցության, կամ միայն հավաքական ինչ-որ սուբյեկտի: Երբ տարբեր սուբյեկտներ տարբեր ծրագրեր և մտադրություններ ունեն, արդյունքում ինչ-որ պատկեր է ստացվում, որտեղ բոլոր մտադրությունները, ծրագրերը, ցանկություններն իրենց դերն ունեն, ընդհանուր ազդեցությամբ ստեղծվում է կոնկրետ իրադրություն:
-Զուգահեռներ ունե՞ն համակեցությունն ու կառավարումը: Ինչ-որ կառավարում պե՞տք է լինի, թե՞ ազդեցությունների համագումարն է թելադրողը:
-Իշխանությունը, ընդդիմությունը համակեցութային սուբյեկտներից մեկն են ընդամենը: Կան նաև ուրիշ սուբյեկտներ և բոլորի ընդհանուր մտադրություններից, հարաբերություններից կախված՝ կայանում է վաղվա օրը: Չի որոշվում՝ կայանում է:
-Մարդու վարքագիծը միանշանակ կառավարվում է, թեկուզ իր կողմից, ցանկացած շփման մեջ պիտի պահպանես որոշակի նորմեր, և՝ ի՞նչ:
-Մարդու վարքագիծը կառավարվում է և իր, և ուրիշների կողմից: Ինքը կառավարում է՝ բոլոր իրադրություններում գործելով ըստ իր պատկերացումների: Եթե կյանքի, մարդկանց, իրավիճակի վերաբերյալ մարդու պատկերացումները խեղաթյուրված են, իր վարքը իր համար միշտ անարդյունավետ է լինելու: Ինչքան պատկերացումները ճիշտ են արտացոլում իրադրությունը, այնքան մարդը հաջողություն է ունենում: Հաջողությունը բարդ հասկացություն է:
-Չափանիշը ո՞րն է:
-Չափանիշը յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ իրադրության մեջ կողմնորոշվելով, եթե գործում է և հասնում է նպատակին, ուրեմն հաջողակ է, եթե գործում է և նպատակին չի հասնում, հաջողակ չէ: Նշանակում է՝ լավ չի կողմնորոշվում: Ամեն ինչ կախված է մարդու ընդհանուր պատկերացումներից, մարդն իր վարքը կարգավորում է իր պատկերացումներով, ուրիշն այլ մարդու վարքը կարգավորում է ազդեցությունների միջոցով:
-Կան տաբուներ, մարդը գիտի, որ հաջողություն կունենա՝ սկզբունքներից հրաժարվելով, ո՞րն է լինելու նրա վարքը:
-Սկզբունքի հարց է, մարդը գործում է՝ հետևելով իր փորձին ու պատկերացումներին:
-Ի՞նչ ճանապարհով է հասարակությունը գնում, մի՞շտ է հետևում եղած պատկերացումներին:
-Հասարակությունը բազմաբնույթ սուբյեկտների համակեցություն է:
-Դուք բացառո՞ւմ եք լիդերի դերը:
-Լիդերը սուբյեկտներից մեկն է:
-Մեկը պիտի՞ իդեալ տա, առաջնորդի:
-Հասարակության զարգացումը կապված է շատ տարբեր սուբյեկտների մտածողությունից, շատ տարբեր: Առաջնորդ, վճռորոշ ազդեցության հնարավորություն ունեցող սուբյեկտները շատ են: Մենք միշտ գործ ունենք համակեցութային սուբյեկտների առկայության իրավիճակի հետ, որտեղ նրանք մեկ համագործակցում են, մեկ պայքարում են միմյանց դեմ, մեկ անկախ են գործում, մեկ ենթարկվում են իրար՝ սրանք համակեցութային ձևերի տարբերակներ են, որոնց արդյունքում ստացվում է հաջորդ իրադրությունը:
-Մշակույթը որոշման մեջ դեր ունի՞:
-Առանց մշակույթի ոչինչ հնարավոր չէ: Մշակույթը լայն իմաստով՝ մարդկության յուրացրած մտածողության և գործունեության կազմակերպման ձևերն են: Լինելով տվյալ մշակույթի կրողներ՝ մարդիկ մտածում ու գործում են այդ մշակույթի շրջանակներում:
-Ի՞նչն է ազդում մարդու որոշում ընդունելու վրա:
-Մարդը, որքան էլ ցայտուն արտահայտված անհատ լինի, առանձին որոշում ընդունող չէ: Գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ մարդը միշտ ինչ-որ շարժման ներկայացուցիչ է և ավելի վճռորոշ դեր ունեն մարդկային միավորումները՝ ընտանիքը, շրջապատը, կուսակցությունը, հասարակական կազմակերպությունը: Մարդը միշտ հավաքական սուբյեկտի մասնիկ է, մտածելակերպով, արժեքային համակարգով, իրադրության վերաբերյալ պատկերացումներով միշտ ինչ-որ հոսանքի ներկայացուցիչ է:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ