ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Հենվելով մեր անցյալի ձախողված և հաջողված փորձերի վրա՝ կամենում ենք «Հայք» համակարգը ձևավորել»

«Հենվելով մեր անցյալի ձախողված և հաջողված փորձերի վրա՝  կամենում  ենք «Հայք» համակարգը ձևավորել»
12.05.2015 | 09:55

Վերջերս ՀԳՄ մեծ դահլիճում «Հայք» համակարգի մասնակիցների հավաքն էր։ Սա էլ առիթ էր հանդիպելու նախաձեռնության հիմնադիր անդամ, ծովային իրավունքի մասնագետ, բանաստեղծ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐԻ և փորձագետ, տնտեսագիտության դոկտոր ԿԱՐԵՆ ԱԴՈՆՑԻ հետ։

«ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՎ, ՄԵՆՔ ՇԱՏ ԲԱՆ ԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ»


-Պարոն Սուրեն, մեր այս գերքաղաքականացված, միաժամանակ քաղաքականությունից հոգնած և հիասթափված միջավայրում հայտ է ներկայացնում «Հայք» համակարգը։ Ե՞վ։
-Ըստ էության, շատ վաղուց է նախապատրաստվել «Հայք» համակարգի ծնունդը։ Այդ ժամանակաշրջանը 10 հազար տարվա ընդգրկում ունի։ Բազմաթիվ ազգեր և պետություններ են ընթացել սեփական համակարգի կերտման ճանապարհով, Տիբեթից մինչև Միջերկրական ծով։ Այսօր, հենվելով մեր անցյալի ձախողված և հաջողված փորձերի վրա, կամենում ենք հայկական այս համակարգը ձևավորել։ Առհասարակ այն ժողովուրդը, որին հաջողվում է կառույցներ ձևավորել` ընդգրկելով ազգի ամբողջականությունը, շահել է մշտապես։ Ամբողջականությունն է այս համակարգի գաղափարական սկզբունքը։ Ամբողջականությունը կորցնելով՝ մենք շատ բան ենք կորցրել։
-«Հայք» համակարգի ներկա անելիքները։
-Սկսել ամբողջականացման գործընթացը, գտնել սկզբունքներից և բանաձևերից ամենակենսունակները։
-Համակարգում ովքե՞ր են այսօր համախմբված։
-Համախմբված են ազգային-պետական ամբողջականությամբ առաջնորդվող և դրանց կառուցմանը իրենց նպաստը բերող անհատներ և խմբեր, շահագրգիռ շրջանակներ և կազմակերպություններ։ Նպատակը մեկն է՝ վերակառուցել հայկական ողջ կենսադաշտը։
-Այսինքն՝ Չուկոտկայի և ֆրանսիական Ալպերում բնակվող հայերը նույն կենսադաշտո՞ւմ են։
-Լրիվ։ Նրանք գտնվում են միևնույն գործառութային համակարգում։
-Գործնականում ի՞նչ կարող է հայությունն ակնկալել «Հայք»-ից։
-Տեսեք, համահայկական համակարգը չունի աշխատանքային շուկա։ Նման հարթակ ստեղծելով՝ մենք կունենանք այն տեղեկատվական դաշտը, որտեղ աշխատուժի տեղափոխումը և աշխատաշուկայի բոլոր հնարավորությունները կառավարելի կլինեն։ Ի դեպ, սա բնավ քաղաքականացված համակարգ չէ, ներառում է նաև պետական մարմինները։
-Պարոն Սուրեն, «Հայք» համակարգն ի՞նչ է առաջարկում պետությանը և ի՞նչ՝ հասարակությանը։ Այլ կերպ ասած՝ երկրին։
-«Հայքը» լրացնելու է առկա բազմաթիվ բացերը և վերացնելու է խոչընդոտները։
-Ցավոտ մի բնագավառ եկեք «ներխուժենք»՝ գյուղատնտեսության բնագավառը։ Ի՞նչ եք այստեղ առաջարկում։
-Գյուղատնտեսության մեջ բացակայում են ենթակառուցվածքները, գյուղաբնակը հայտնվում է փակուղում, չի կարողանում իր արտադրանքն իրացնել և, բնականաբար, զարգացնել իր տնտեսությունը։ Սակայն ենթակառուցվածքները բացակայում են ամենուր, գյուղատնտեսությունը բացառություն չէ։
-Տարիներ առաջ Դուք ՀՀ տրանսպորտի նախարարությունում բավականին և հեռանկարային ծրագրեր էիք համակարգում։
-Այո, 1998-ին Հայաստանում ձևավորվեց ծովային իրավունքի նոր ուղղությունը, ստեղծվեց նավային պետական «ԱՐՍԿՈ» ընկերությունը։ Փոթիի նավահանգստում հայկական նավատորմ պիտի հիմնվեր և կապ հաստատեր «Կովկաստրանսպորտ» ընկերության հետ։
-Ակամա հիշեցի Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» հրաշալի վեպը։
-Տեղին հիշեցիք, այդ տարիներին ձևավորվեց ծովային իրավունքի ամբողջական համակարգը, որը թույլ էր տալիս ծովային ճանապարհներով և հայկական նավատորմով դուրս գալ բաց ծով՝ ձերբազատվելով տնտեսական շրջափակումից։ Ցավոք, այս աննախադեպ ծրագիրը, բարեհաջող սկսվելով, անհասկանալիորեն ընդհատվեց, ու անարդյունավետ կորստի մատնվեցին արդեն իսկ ձևավորված հայկական ծովային ենթակառուցվածքներն ու ընթացքի մեջ գտնվող իրավական կարգավորման գործիքները։
-Եթե չեմ սխալվում, այդ ծրագրին թև ու թիկունք էր կանգնում ժամանակի վարչապետ Վազգեն Սարգսյանը։
-Այո, և ոչ միայն այդ ծրագրին։ Ձևավորվում էին այսպես կոչված տրանսմիավորումներ, որոնցում ընդգրկվում էին Հայաստանը, Թուրքմենստանը և Իրանը։ Այս մեծ կառույցը ձևավորվեց և մատնվեց անգործության։ Դա ևս մեկ հզոր ճանապարհ էր մեր տնտեսությանը միջազգային շուկա դուրս բերելու համար։
-Պարոն Սուրեն, շատ տպավորիչ, միաժամանակ դառնություն պատճառող փաստեր եք ներկայացնում, քանի որ խոսքը վերաբերում է մեր հերթական կորստին։ Սակայն եկեք վերադառնանք դեպի հայոց չարքաշ գյուղերը։
-Յուրաքանչյուր օբյեկտ պահանջում է կառավարման որոշակի տեխնոլոգիա։ Գյուղի կառավարումը ենթադրում է կոոպերացիայի առկայություն։ Անկախացմամբ լուծարվեցին խորհրդային գյուղական տնտեսությունները (սովխոզներն ու կոլխոզները), վերացան նաև կոոպերացիաները։ Լուծարվեց հողի սպասարկման համակարգը։ Այսինքն՝ անասնապահության, հողագործության, դեղագործության, համակցված կերերի հարստացման բնագավառների ենթակառուցվածքները փլուզվեցին։ Եթե հիշում եք, ՀՀ-ում նոր տեսակի պարարտանյութեր ստեղծվեցին, ցեոլիտային պարունակությամբ պարարտանյութի մասին է խոսքը, որը բարձր գնահատվեց աշխարհում և որը գյուղատնտեսությունում էապես նպաստում է օրգանական արտադրական համակարգի կայացմանը և այլն։ Այսինքն, երկիրն ուներ առհասարակ բոլոր ենթակառուցվածքների ձևավորման և ներդրման հնարավորությունները։
-Այսօր հերթական «ահաբեկչության» ծրագիրն է փաթաթվում ժողովրդի պարանոցին, ինչպես միշտ անորոշ և դղրդուն անվան ներքո՝ «համայնքների խոշորացումը»։ Ի՞նչ է այս հերթական «փրկօղակի» տակ թաքնված։
-Զուտ իրավիճակային մոտեցում է, անհեռանկար է և կարճաժամկետ։
Եվ, իհարկե, հանդիսանում է մինչ օրս իրականացվող անհեռանկար և կարճաժամկետ տնտեսական քաղաքականության հարազատ զավակը։ Անցած տարիներին հենց նման քաղաքականության «շնորհիվ» կրճատվեց գյուղերի քանակը, այսինքն՝ մասնատվեց ընդհանուր գյուղատնտեսական համակարգը, գյուղական բնակչությունն էլ լքեց հայրենի բնօրրանները։ Այսօր համայնքների խոշորացումն էլ ավելի կմեծացնի լարվածությունը, եղած ռեսուրսներն էլ կսեղմվեն, կփոշիանան, և կանխատեսված զարգացումը, իհարկե, չի լինի։
-Պարոն Սուրեն, Ձեր մոտեցումներն ու պարզաբանումները։
-Մենք խոսում ենք նոր համակարգի և նոր գործիքների մասին։ Գործիքները համակարգի խնդիրներից են բխում։ Խնդիրներ, որոնք ծառայելու են ընդհանուր համահայկական համակարգի ձևավորմանն աշխարհում և ՀՀ-ում։ Նախորդ փուլում մենք գյուղատնտեսության և արտաքին առևտրի բնագավառում կորցրինք մեր գործիքները։ Դրանք վերականգնելու ճիշտ ժամանակն է։ Բնականաբար, առաջ է գալիս համակարգի կառավարման հարցը։ Կա կառավարման երկու ուղղություն՝ կառուցվածքային և ոչ կառուցվածքային, որոնք փոխլրացնում են միմյանց։ Դիցուք սփյուռքն այսօր պահանջում է ոչ կառուցվածքային կառավարում։ Այսօր ուծացվում է, ի մասնավորի, ռուսական սփյուռքը, որն ընդամենը քառորդդարյա պատմություն ունի։ Եթե մենք ռուսական սփյուռքի ուծացման դեմն առնելու համար չունենք պետական մտածողություն և արդյունավետ գործելակերպ, ապա ի՞նչ պիտի անենք Սիրիայի հայաբնակ Հասակի և Աբասի գյուղերի համար, ինչպե՞ս պիտի դիմագրավենք Լիբանանի Զահլեի արաբական գոտում գտնվող հազարից ավելի հայերի ուծացմանը։ Աֆղանստանում հայկական մեծ համայնք կա, որի գոյության մասին գրեթե տեղյակ չենք։ Իրանի հյուսիսային գոտում բազում արմենական համայնքներ կան, մեզ դարձյալ անծանոթ։
-Հստակեցնենք, համակարգի կենտրոնը Հայաստանո՞ւմ է։
-Սա բազմակենտրոն համակարգ է։ Այսպես, որտեղ խնդիր է հասունացել, ձևավորվում է «Հայք» համակարգը, համաձայն տեղում առկա խնդիրների և ներուժի։ Ես նշեցի երկու գործիք, ավելացնեմ ևս մեկ, կարևորագույն գործիք, որն է նպատակադրումը։ Օրինակ, հայ համայնքներն ուծացվում են նպատակադրության բացակայությունից։ Նաև չկա երկարատև կառավարման մեթոդը, որը ենթադրում է փուլային անցում, երբ մեկ խնդրի լուծումից բխում է մյուս խնդրի լուծումը։
-Սա ինչպե՞ս եք պատկերացնում։
-Տեսեք, աշխարհի ամենատարբեր երկրներում ողջ հայ հանրությունը գտնվում է ամենատարբեր ազդեցությունների և գործոնների դաշտում։ Ժամանակը դրանք զատում է առաջնայինի և երկրորդայինի։ Այսինքն, սա երկարատև գործընթաց է, հեռանկարային և նպատակադրված գործընթաց։

«ԵԹԵ ՀԻՄՆԱՐԱՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՏԱՐՎԵՆ, ԱՊԱ ՄԵՆՔ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՀԱՅՏՆՎԵՆՔ ՓԱԿՈՒՂՈՒՄ»


-Պարոն Ադոնց, Դուք մասնակցում եք համակարգի քննարկումներին որպես խորհրդական։ Ձեր կարծիքն առավել անկողմնակալ է և ամեն բան դիտարկում է մասնագիտական հարթության մեջ։ Ձեր տպավորությունները։
-Կարծում եմ, որ սա բավականին կարևոր նախաձեռնություն է։ Ամենակարևորը բխում է այն հիմնախնդիրներից, որոնց այսօր առնչվում է Հայաստանի Հանրապետությունը։
-Եկեք հանրապետության տնտեսության զարգացումն ու անկումը դիտարկենք պայմանական երեք փուլով։ Ի՞նչ կատարվեց մեր տնտեսության, վերջնարդյունքում էլ մեր երկրի հետ։
-Առաջին փուլում Հայաստանում իրականացվեցին ինստիտուցիոնալ վերափոխումներ, նոր շուկայական համակարգին բնորոշ կառույցներ էին ստեղծվում, հիմնովին փոխվում էր օրենսդրությունը, դա ավելի շատ թղթաբանական-բյուրոկրատական գործընթաց էր։ Սակայն, սեփականաշնորհման բնագավառում արվեցին քայլեր (շոկային թերապիա, մասնավորեցում, վաուչերների թողարկում), որոնք էապես փոխեցին զարգացման ընթացքը։ Մասնավորեցման գաղափարը ճիշտ էր, իրագործումը սխալ։ Օրինակ, եթե վաուչերները լինեին անվանական և արգելվեր դրանց իրացումը, ասենք տասը տարով, աջակցություն ցուցաբերվեր ձեռնարկություններին արտաքին շուկաներում, իրավիճակը այլ կլիներ։ Իսկ կապիտալի շուկան, ինչի մասին այդքան խոսվում էր, այդպես էլ չկայացավ։
-Չմտածվա՞ծ էին այդ քայլերը, թե՞, այնուամենայնիվ, կանխամտածված։
-Կարծում եմ՝ չմտածված, առանց խոր գիտակցելու հնարավոր հետևանքները։ Իմ տպավորություններով՝ տնտեսական քաղաքականությունը ամբողջովին գտնվում էր Ռուսաստանում Եգոր Գայդարի կողմից իրականացվող ռեֆորմների ազդեցության տակ։
-Բարի, բայց ինչո՞վ էին առաջնորդվում մեր հայրենական արտադրողները։
-Մեր արտադրողները բացարձակապես անտեղյակ էին, թե ինչ իրողություններ և ինչ հնարավորություններ կային նոր արտաքին շուկաներում։ Ի դեպ, անցումային փուլում գտնվող երկրներում, ներառյալ արևելաեվրոպական, գրեթե բոլոր ճյուղային մեծածախ առևտրային ընկերությունները ձևավորվել են հենց այս ընթացքում։ Մենք պետք է նպատակային մասնակցություն ունենայինք այդ գործընթացներին և կապեինք մեր արտադրողներին նոր շուկաներին։ Իսկ պոտենցիալ մենք ունեինք։ Մի օրինակ բերեմ. այն ժամանակ, թուրքական արտադրողները նոր-նոր էին սկսում յուրացնել փոքր հզորությամբ շարժիչների արտադրությունը, իսկ մեր արտադրողները, հսկա ոլորտը, մոլորության մեջ էին հայտնվել. պետության կողմից ոչ միայն չկար աջակցություն, չկար նաև գիտակցություն, որ դա կարևոր, գերակայելի ուղղություն է։ Վստահ ասում եմ՝ այսօր մենք կարող էինք ունենալ տարբեր հզորությամբ շարժիչների համաշխարհային շուկայում մեր կայուն տեղը, եթե լիներ մտածված պետական քաղաքականություն։
-Պետություն ասելով շատերի նման ես ընկալում եմ իշխանությունը։ Իսկ իշխանությունը նախապատրաստվում էր իր աստեղային ժամին՝ օլիգարխիայի կերտմանը։ Դա ինչպե՞ս նրանց հաջողվեց։
-Մի կողմ դնենք նյութականի գործոնը։ Մեծ հաշվով, դրա հիմնական պատճառը վախն էր ապագայի անորոշությունից։ Կա երկու ճանապարհ. իշխանությունը պահպանում է բիզնեսի անկախությունը, ամրապնդում նրան, դարձնելով պետության զարգացման ազդեցիկ գործոն, համագործակցում բիզնեսի հետ հասարակության վերահսկողության ներքո։ Այս պարագայում, եթե հասարակությունը գիտակցում է իր դերը և պահպանում է գործնական ու արդյունավետ հավասարակշռվածություն իշխանության և բիզնեսի միջև, հրաշալի է։ Եթե կա հավանականություն, որ հասարակության ազդեցիկ խմբեր, չունենալով ավանդույթ կամ փորձ, չեն զգա այս նրբությունը, և տարբեր շահերով դրդված կարող են գնալ քաղաքական համաձայնության բիզնեսի հետ, ընդդեմ, իրենց պատկերացմամբ, «թույլ» իշխանության, (ստեղծելով, պայմանական ասենք, «սոցիալ-օլիգարխիկ» բևեռ), ապա իշխանությունը կգնա երկրորդ՝ բիզնեսի հետ մերձեցման ճանապարհով, ինչը և տեղի ունեցավ։ Ինչ խոսք, օլիգարխիկ համակարգի կայացմանը նպաստեցին նաև 2000-2008 թվականների համաշխարհային տնտեսության աճի ահռելի տեմպերը և դրանով պայմանավորված Հայաստանի տնտեսության աշխուժացումը։
-Անդրադառնալով երկրի զարգացման մեծագույն խոչընդոտ հանդիսացող օլիգարխիկ-մենաշնորհային համակարգին, այն կարո՞ղ է մեր երկրի համար որևէ հեռանկար բացել։
-Այս համակարգը որևէ հեռանկար չի կարող խոստանալ, կարծում եմ՝ սա գիտակցում են բոլորը։ Նման համակարգերի ամենավտանգավոր առանձնահատկությունն այն է, որ երկրի զարգացումից կտրվում են հասարակության բոլոր նախաձեռնող խմբերը՝ թե՛ գիտության, թե՛ ձեռնարկատիրութան և թե՛ մշակութային ոլորտներում։ Նույնիսկ պետական համակարգում նրանք «սառեցված», կաշկանդված վիճակում են, և գնալով նրանց ունակությունները դեգրադացվում են։ Տեսեք, ամբողջ հասարակությունը, նույնիսկ սփյուռքում, բաժանված է իշխանամետների և ընդդիմադիրների։ Իշխանամետներն ունեն իրենց «աշխարհը», ընդդիմադիրները՝ իրենց, նույնիսկ սոցիալական ցանցերում դա ակնառու է։ Հայ ժողովրդի համար սա անհեթեթ ու անընդունելի իրավիճակ է։ Պետք է գիտակցել, որ մեր կամքից անկախ, մենք աստիճանաբար մոտենում ենք մեր տարածաշրջանում արդեն գոյացած և խորացող աշխարհաքաղաքական «խառնարանին», թույլ վիճակում դժվար թե կարողանանք դիմակայել այդ մարտահրավերներին։ Մեր երկիրը տնտեսապես շատ թույլ վիճակում է, Երևանից դուրս վիճակը ահագնացող է։ Այսօր առևտրի ու ծառայությունների 85 %-ը բաժին է ընկնում Երևանին։ Պետք չէ մոռանալ, մենք «Երևանյան Հանրապետություն» չենք, մենք Հայաստանի Հանրապետություն ենք։
-Է, վե՞րջը։
-Եթե հիմնարար փոփոխություններ չկատարվեն, ապա մենք վերջնականապես կհայտնվենք փակուղում։ Այժմ անդրադառնամ 3-րդ փուլին։ Ներկա իշխանություններին բաժին է ընկել շատ ծանր վիճակում հայտնված տնտեսություն։ Իշխանությունները գիտակցում են ստեղծված իրավիճակը և ահագնացող վտանգները ու ամեն կերպ համոզելու և «ստիպելու» են ձեռնարկատերերին կատարել ներդրումներ։ Սա իրավիճակը էապես չի փոխի, բայց որոշ ժամանակ կպահպանի հավասարակշռությունը։
Առանց հայ ժողովրդի համակարգված մասնակցության իրավիճակը չի կարող փոխվել։ Խոսքը ո՛չ օգնությունների մասին է, ո՛չ մարաթոնների, կամ հայաստանյան բանկերում փողեր դնելու, ոչ համահայկական հիմնադրամների ծեծված ու անհեռանկար գաղափարների մասին։
Ո՞րն է այն գաղափարը, որի շուրջ արդեն տևական ժամանակ քննարկումներ են ընթանում։ Պետք է ասեմ, որ ուշ թե շուտ, եթե իսկապես խնդիր ենք դնում արժանապատիվ դուրս գալու ստեղծված իրավիճակից, մենք գնալու ենք այդ ճանապարհով, այլընտրանք չունենք։
Եթե հակիրճ, Հայաստանի շուրջ սփյուռքի համախմբման գաղափարը հետևյալն է։ Տեսեք, եթե դուք իսկապես ունեք 7-միլիոնանոց սփյուռք, կնշանակի դուք ունեք առնվազն 20 մլրդ դոլարի սպառողական ապրանքների և առնվազն 10 մլրդ դոլարի ծառայությունների ցրված տարեկան պահանջարկ։ Դուք սփյուռքում ամեն օր կատարում եք այդ գնումները, ասենք 10000 առևտրային և սպասարկման ընկերություններից։ Դուք դուրս եք տալիս այդ ընկերություններին նվազագույնը 3 մլրդ դոլարի մաքուր շահույթ։ Ձեր երկրների օրենքի տառին համապատասխան, առանց փոխելու ապրանքատեսականին, ըստ տարածքային բաժանման, համախմբեք ձեր պահանջարկն ու շահույթը ձեր ստեղծած բաց բաժնետիրական ընկերությունների տանիքի ներքո։ Եթե դուք կարողանաք վերահսկել այդ պահանջարկի և շահույթի կեսը, ապա կարճ ժամանակում կձևավորեք ոչ միայն Հայաստանի համար տարեկան, կրկնում եմ՝ տարեկան, միջինը 1000 արտադրական ձեռնարկություն ստեղծելու երաշխավորված շուկայական և ներդրումային պոտենցիալ, այլ նաև սփյուռքում կստեղծեք 10000-ից ավելի արտադրական և սպասարկման ոլորտի ձեռնարկություններ։ Եթե դուք այս ծրագրի նույնիսկ 20 %-ն իրագործեք, Հայաստանը տնտեսական զարգացման որևէ խնդիր չի ունենա։ Այս ծրագրի բոլոր նրբերանգները հաշվի են առնված, իրագործման, ռիսկայնության որևէ խնդիր չկա։
Մեր պատմության նոր էջը բացելու ժամանակն է։


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ