«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Դրանք պետություններ են, մարդիկ չեն, որ խռովեն, չգան»

«Դրանք պետություններ են, մարդիկ չեն, որ խռովեն, չգան»
05.05.2015 | 00:57

Արդեն հինգերորդ ամիսն է, ինչ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, սակայն առայժմ միայն տնտեսական ակնհայտ խնդիրներ ունենք: Գործարար հատվածը, հատկապես արտահանող, բավականին դժգոհ է «խոստացված» շուկայի առնչությամբ: Ավելին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ԵԱՏՄ երկրների ղեկավարներից միայն ՌԴ ղեկավարն էր եկել Հայաստան, Ղազախստանից ընդհանրապես ոչ մեկը չկար: Ի վերջո, այս միությանն անդամակցելը սխալ չէ՞ր` նկատի ունենալով նաև հիշյալ երկրների ղեկավարների այսպիսի քամահրական վերաբերմունքը: Այս հարցն ուղղեցի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներին:

«ԴԱ ՆՐԱՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՏԵՍԱԿՆ Է»

ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ

-Հունվարից ԵԱՏՄ անդամ ենք, բայց միայն տնտեսական կորուստների մասին ենք լսում: Եթե այս հինգ ամսվա հեռավորությունից գնահատեք, արժե՞ր այդ միությանն անդամակցել:
-Իմ կարծիքը չեմ փոխել, Ձեր թերթի պես իրատես եմ ու կարծում եմ, որ Հայաստանը երկու կառույցներում լինելու հնարավորություն ունի: Այսինքն, Եվրասիականի մաս լինել և ԵՄ-ի հետ էլ արտոնյալ առևտրի պայմանագիր ունենալ: Սա Հայաստանին նաև հնարավորություն է տալիս Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջ լինելու: Հայտնի է եվրոպական երկրների վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, ռուսական կապիտալը կարող է Հայաստանով ուղղվել դեպի Եվրոպա և հակառակը` եվրոպական արտադրանքը մեր երկրով կարող է Եվրասիական երկրներ մուտք գործել: Սա Հայաստանի բիզնես աշխարհին այս մեծ շուկաներում իրացվելու հնարավորություն կընձեռի:
-Բայց ԵԱՏՄ երկրներն իրար հետ բավականին մեծ տարաձայնություններ ունեն:
-Եթե ամեն ինչ «պադ կազիրյոկ» վերցնեին, լա՞վ էր: Շատ նորմալ է, երբ տարբեր երկրներ ունեն իրենց շահերը, փորձում են համաձայնություններ ձեռք բերել: Այնպես չէ, որ մեկը հզոր է ու ինքն է թելադրելու, բոլորն էլ իրենց շահերը պաշտպանելու հավասար իրավունք ունեն: Իհարկե, ԵԱՏՄ-ի ստրատեգիական ուղենիշները հստակ ամրագրված են, բայց, ցավոք, դեռ կազմակերպաիրավական որոշ հարցեր լուծված չեն: Այսօր ԵԱՏՄ ղեկավարները փորձում են այդ ուղղությամբ հարցերը կարգավորել: Համոզված եմ, խոչընդոտները կհաղթահարվեն:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցին ԵԱՏՄ երկրների ղեկավարներից միայն ՌԴ ղեկավարն էր եկել Հայաստան, չկային ԵԱՏՄ անդամ մյուս երկու երկրների նախագահները: Եթե մի երկիր չի հարգում քո զոհերի հիշատակը, արժե՞ նրա հետ համագործակցության գնալ: Հայտնի ֆիլմի հանգով`«բա դրանք ճանապարհ գնացող ե՜ն, սեղան նստող ե՜ն»:
-Դա նրանց իրավունքն է ու բարոյական տեսակը: Ովքեր հարգում, գնահատում են հայ ժողովրդին, իրենց պատվիրակություններն ուղարկել էին: Մեր ժողովուրդը ստեղծարար, արարող ու արժանապատիվ է: Վաղն էլ, երբ ղազախները նման կարևորության միջոցառում կունենան, շատ հնարավոր է՝ մենք էլ մեր պատճառներն ունենանք դրան չմասնակցելու: Եվ այդուհանդերձ, ԵԱՏՄ-ը քաղաքական միավորում չէ, այլ տնտեսական: Քաղաքականությունը պետք է ծառայի տնտեսությանը, հիմքում պետք է տնտեսությունը լինի, այլապես Խորհրդային Միություն կդառնա, երբ ամեն ինչ ենթակա էր գաղափարախոսությանը, քաղաքականությանը: Նազարբաևի, Պետրոսովի կամ Կիրակոսովի չափորոշիչները չպիտի գործեն, այլ տնտեսական:

«ՉՄԻԱՆԱԼԸ ՍԽԱԼ ԿԼԻՆԵՐ»


-Անդամակցությունը մի օրվա բան չէ,- ասաց պատգամավորը:- Դա երկարաժամկետ գործընթաց է, որ պետք է էտապներով անցնել: Բնական է, առաջին փուլում կարող են կորուստներ, խնդիրներ լինել: Դեռևս չենք քաղել այդ կառույցի պտուղները, բայց արդեն կորցրել ենք մյուս միության` ԵՄ-ի առավելությունները:
-Հայաստանի գործարարները ռուսական շուկայում մեծ կորուստներ ունեցան, մինչդեռ նախապես ոգևորված էին այս անդամակցությամբ:
-Այո, կան խնդիրներ, բայց պատճառը Ռուսաստանում առկա ճգնաժամն է: Անդամակցեինք այդ միությանը, թե ոչ, միևնույն է, Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներն ազդելու էին նաև Հայաստանի վրա: Չանդամակցելու պարագայում, այո, որոշակի օգնություն կստանայինք ԵՄ-ից: Միանալու առաջին արդյունքն արդեն ունենք` գազի գնի իջեցում: Կարծում եմ, աստիճանաբար այսպիսի դրական քայլեր լինելու են: Ռուսական շուկան իսկապես մեզ համար ընդունելի է և շահավետ: Շատ թելերով ենք կապված Ռուսաստանի հետ, չմոռանանք նաև հայկական հզոր համայնքը: Սա չի նշանակում, որ մենք ընդհանրություններ չունենք ԵՄ-ի հետ: Իսկ եթե ԵԱՏՄ-ին չմիանայի՞նք, ի՞նչ կլիներ: Անվտանգության խնդիրները չպետք է մոռանալ: Չեմ պնդում, թե սա ամենալավ տարբերակն էր, բայց չմիանալը սխալ կլիներ:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցին ԵԱՏՄ երկրների երկու ղեկավարներ Հայաստան չեկան, սա չի՞ «խոսում» այդ միության որակի մասին:
-Դա քաղաքականություն է, իսկ ԵԱՏՄ-ը տնտեսական կառույց է:
-Բայց քաղաքականությունն էլ չի կարելի բացառել:
-Քաղաքականություն կա, բայց դա առայժմ տնտեսական միություն է: Կարևորը Ռուսաստանի դերակատարումն է, իսկ մնացածները երկրորդական, երրորդական դեր են կատարում: Կարծում եմ, այդ շրջանակում Ղազախստանի, Բելառուսի հետ մենք տնտեսական շահերը կարող ենք զարգացնել, իսկ քաղաքական առումով այդ երկրներն ունեն այլ կուրս: Այս միությունում իրենք քաղաքական որոշակի պարտավորություն չեն ստանձնել: Դրանք պետություններ են, մարդիկ չեն, որ խռովեն, չգան: Կա իրավական փաստաթուղթ: Խորհրդային Միությունը երբ ստեղծվեց, շատ պետություններ իրար հետ վատ հարաբերություններ ունեին: Ժամանակի ընթացքում իրավական պարտադրանքը ստիպեց, որ հարթվեն շատ տարաձայնություններ:
-Այսուհանդերձ, Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք նրանց բացակայությունը:
-Թուրքիան մեծ ազդեցություն ունի թուրքալեզու ազգությունների վրա, Մեծ Թուրանի, պանթուրքիզմի գաղափարախոսությունը իշխող է նաև Ղազախստանում:
-Դա Ղազախստանի պարագայում, իսկ Բելառուսի՞: Կա տեսակետ, թե Լուկաշենկոն Հայաստանի ղեկավարներից «նեղացել» է, որ իր ընկեր Գագիկ Ծառուկյանի հետ «վատ» են վարվել:
-Նույնը կարելի է ասել նաև Բելառուսի պարագայում՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չի ցանկանում փչացնել: Ինչ վերաբերում է Ձեր նշած տեսակետին, կարծում եմ, այդ կարգի հարաբերություններում նման բաներ չեն լինում: Իսկ ինչո՞ւ չեկան Բուլղարիայի, Հունաստանի նախագահները: Եթե դիտարկում ենք պատմությունը, այդ երկրների նախագահները պարտավոր էին գալ, որովհետև նույն ողբերգական ճանապարհն են անցել, ինչ մենք: Բայց քանի որ Բուլղարիայի վրա տնտեսական առումով Թուրքիայի ազդեցությունը շատ մեծ է, նրանք չեկան: Գալ-չգալու հարցում շատ կարևոր են և՛ քաղաքական, և՛ տնտեսական շահերը: Դիվանագիտական քայլերը չպետք է խառնել քաղաքականության հետ, դրանք շախմատային քայլերի պես պետք է հաշվարկել:


Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ