ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Աշխարհը միշտ է պատերազմների մեջ»

«Աշխարհը միշտ է պատերազմների մեջ»
05.05.2015 | 00:47

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության հասարակական կազմակերպությունը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը ապրիլի 30-ին հրավիրել էին Եվրասիական փորձագիտական ակումբի նիստ՝ «Մեծ հաղթանակի 70-ամյակը. պատմության դասեր և արդիական հնչողության հարցեր» թեմայով կլոր սեղան անցկացնելու նպատակով: Նախքան նիստը, լրագրողական վաղեմի սովորությամբ հարցազրույցներ վերցրի օրվա «մեղավորներից»: «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆՆ առաջինն էր: Նա ասաց, որ Եվրասիական փորձագիտական ակումբը երկու տարին է բոլորում և արդեն ունի 21 անդամ՝ Հայաստանում ճանաչված տնտեսագետներ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, միջազգայնագետներ:

-Մեր երկամյակը համընկավ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հետ, և մենք սկսում ենք միջոցառումների շարքը տոնի առիթով,- ասաց պարոն Սաֆարյանը։- Պատմական հիշողությունը ազգի գոյության հիմնական գրավականներից է: Մեր պատմության հին ու նոր էջերի լավ իմացությունը մեզ պիտի հնարավորություն տա ճիշտ կողմնորոշվել ապագայի կերտման հարցերում: Այդ պատճառով մենք դեմ ենք բոլոր փորձերին՝ ուղղված վերջին 80-90 տարվա մեր պատմության տարբեր էջերը ու դրանց նշանակությունը մոռացության տալուն, նսեմացնելուն, հանդես ենք գալիս այդ էջերի լուսաբանման, իմաստավորման գործընթացի շարունակման օգտին: Մենք ուսումնասիրել և պարզել ենք, որ Հայաստանի ավագ և միջին սերնդի և մինչև 30 տարեկանների ընկալումներում կա խզում: Երիտասարդների աշխարհընկալումներում, տարածաշրջանում ու աշխարհում Հայաստանի դերի ու նշանակության հարցում ավագների հետ էական տարբերություններ կան:
-Դուք պլյուրալիզմին դե՞մ եք:
-Ոչ, ես դեմ չեմ պլյուրալիզմին, բայց համոզված եմ, որ երիտասարդները, ովքեր հետաքրքրված են հայ-ռուսական հարաբերություններով, եվրասիական գործընթացներով, արտաքին քաղաքականության այս վեկտորի իմացությամբ, պիտի ինքնարտահայտվելու հնարավորություն ունենան: Այսօր մենք նաև «Նոր Եվրասիա» ամսագրի առաջին համարի շնորհանդեսն ենք անելու:
-«Նոր Եվրասիա» ամսագրո՞վ:
-Այո, ամսագիր, որի խմբագրական խորհրդի անդամ եմ ես ու Հայաստանի գծով խմբագիր: Մենք ամեն ինչ անելու ենք, որ տաղանդավոր երիտասարդները ինքնարտահայտման ու ինքնահաստատման հարթակ ունենան՝ և՛ այդ ամսագրի, և՛ լրատվական այլ ռեսուրսների շնորհիվ:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԸ նիստում ներկայացնելու էր «Հայերը Հայրենական մեծ պատերազմում» զեկույցը, ուստի նրան հարցրի, թե ո՞րն է իր ելույթի առանցքը.
-Հայ ժողովուրդը, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ, շատ մեծ ներդրում է ունեցել հաղթանակի մեջ: Պատերազմի ժամանակ ձևավորվել է հայկական վեց դիվիզիա, որոնցից հինգը եղել են ռազմաճակատում, վեցերորդը եղել է Թուրքիայի հետ սահմանին: Մեր դիվիզիաները մասնակցել են Մոսկվայի, Ստալինգրադի պաշտպանությանը, Ղրիմի, Կերչի կռիվներին, Սևաստոպոլի ազատագրմանը: Մալգոբեկի և Գրոզնու պաշտպանությանը հայկական 89-րդ դիվիզիան, որ հետո ստացավ Թամանյան անունը, գնդապետ Զաքիյանի, ապա Վասիլյանի հրամանատարությամբ, շտաբի պետը հայրս էր՝ գնդապետ Արտաշես Ղազարյանը, շատ ծանր մարտերում պահեցին ճակատը և թույլ չտվեցին, որ գերմանական դիվիզիաները, այդ թվում` հանրահայտ «Վիկինգները», հասնեն Գրոզնու նավթին, այնտեղից էլ՝ Թբիլիսի ու Բաքու մտնեն: Հայկական դիվիզիան առաջին գծում էր և ծանր կորուստներ կրելով՝ չնահանջեց ոչ մի քայլ: Թամանյան դիվիզիան մարտերով հասավ Բեռլին և Բեռլին մտած ազգային միակ դիվիզիան էր:
-70 տարի անց՝ քաղաքական փոփոխություններից հետո, ի՞նչ է փոխվել:
-Յուրաքանչյուր հայ ընտանիք այն ժամանակ կորուստներ է ունեցել և հիշում ու հարգում է նրանց հիշատակը: «Մայր հայրենիք» հուշակոթողում վառվում է անմար կրակը, որտեղ իրոք հայ զինվորի մասունքներ են հողին հանձնված՝ Մալգոբեկում զոհված: Ժամանակին նրա մասունքները հայրս է բերել Հայաստան: Նա իսկապես անհայտ զինվոր է՝ Թամանյան դիվիզիայի եղբայրական գերեզմանից: Այն ժամանակ շատերն էին մեր տուն գալիս ու հարցնում՝ ո՞վ է այդ զինվորը: Հայրս բոլորին ասում էր՝ այո, ձեր որդին է, հայրն է, եղբայրն է, ամուսինն է, որպեսզի նրանց սիրտը չկոտրի: Ի վերջո, գուցե կարևոր էլ չէր՝ ով է: Հայ զինվոր, որ զոհվել է պատերազմում, և դա չի կարելի մոռանալ: Անկախ՝ ինչ է փոխվում, հայ ժողովուրդը մեծ ուժ ու էներգիա է տվել այդ պատերազմին: Ոչ միայն Մեծ հայրենականին, այլև՝ Երկրորդ համաշխարհայինին՝ մեծ թվով հայեր էին կռվում ֆրանսիական դիմադրության շարժման հետ, դաշնակիցների բանակներում: Հայերը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գումար էին հավաքում՝ սովետական բանակը զինելու համար, նրանք 1944-ին երկու տանկային շարասյուներ գնեցին, որոնցից մեկը կոչվեց «Սասունցի Դավիթ»: Դա չի կարելի մոռանալ: Չինացիներն ասում են՝ դավաճանություն է սեփական պատմությունը մոռանալը: Մենք պիտի պահպանենք հիշողությունը, որ երիտասարդները իրենց պապերի ու գուցե արդեն պապերի պապերի պատմությունը չմոռանան, մինչդեռ վերջին քսան տարվա տարուբերումները հանգեցրել են նրան, որ երիտասարդներից շատերը ոչ միայն նրանց պատմությունը չգիտեն, այլև ընդհանրապես չգիտեն պատմությունը՝ ինտերնետից ստացած ինչ-որ կցկտուր դեպքեր ու արտահայտություններ չեն կարող ամբողջությամբ վերականգնել պատկերը: Եթե հայրենասիրությունը մոռանանք, կարող ենք հայրենիք կորցնել:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ներկայացնելու էր «Պատմությունը և տեղեկատվական պատերազմները» զեկույցը, բայց նա շեշտադրում էր Հայրենական մեծ պատերազմի նշանակությունը, ուստի նրան հարցրի, թե ինչո՞ւ է «Նորավանքի» համար այդ թեման սկզբունքային դարձել:
-Որովհետև կան զուգահեռներ անցյալ դարի Երկրորդ համաշխարհային պատերազմի և այսօրվա միջև: Մենք ուզում ենք այդ նմանությունները հիշեցնել և բացատրել՝ ինչ անել պատերազմը կանխելու համար: Աշխարհը միշտ է պատերազմների մեջ, այսօր էլ մեր հարևանությամբ զինված բախումներ են լինում՝ «Իսլամական պետության» հետ, Սիրիայում, ՈՒկրաինայում և այլ վայրերում: Ի՞նչ է պետք անել, որ մենք հաղթենք: Այսօր փոխվել են պատերազմ վարելու սկզբունքներն ու ձևերը: Մեր հանրությունը պետք է պատրաստ լինի ժամանակակից պատերազմներին:
-«Նորավանքի» ծրագրերում կա՞ն անդրադարձներ Առաջին համաշխարհային պատերազմին ու այդ ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը:
-«Նորավանքը» հիմնականում զբաղվում է արդիական խնդիրներով, մենք 15 մենագրություն ենք հրատարակել հայկական համայնքների մասին, նրանց հիմնական մասը ձևավորվել է ցեղասպանության հետևանքով, ուստի անդրադառնում ենք նաև այդ խնդիրներին, բայց դա պատմական հատուկ ուսումնասիրություն չէ: Այդ խնդիրների համար կան պատմության, արևելագիտության ինստիտուտները: «Նորավանքը» ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումների է մասնակցել, ելույթներ ենք ունեցել, հոդվածներ հրապարակել:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ով նույնպես Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ է ու ամփոփելու էր զեկույցները, հարցրի՝ 70 տարի անց ինչպե՞ս է գնահատում Մեծ հայրենականում հաղթանակի նշանակությունը Հայաստանի համար:
-Որպեսզի մենք հասկանանք նշանակությունը, պետք է հասկանանք հաղթանակի ազդեցությունը Հայաստանի, մեր սերնդի վրա այսօրվա իրավիճակում: Եթե ԽՍՀՄ-ը պարտվեր այդ պատերազմում, Թուրքիան մտնում էր տարածաշրջան՝ իբրև Գերմանիայի դաշնակից: Հաղթանակը մեզ համար ապահովեց անվտանգություն և հետագա զարգացում: Մեր պապերից ու հայրերից, որ հաղթանակած բանակի զինվորներ էին, մեզ փոխանցվեց հաղթական ոգին, և դա ապահովեց մեր հաղթանակը ղարաբաղյան պատերազմում: Մենք տեսնում ենք՝ ինչ զարգացումներ կան այսօր՝ պատմության մեջ փոփոխություններ չկան, աշխարհաքաղաքական նույն հակամարտությունը շարունակվում է, որտեղ կա Արևմուտք և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա, մյուս կողմից` Ռուսաստան ու Հայաստան, որ անդամակցել է ԵԱՏՄ-ին:
-Ձեր կարծիքով՝ ներկա գործընթացները Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական ու քաղաքական արդյունքների վերագնահատման փո՞րձ են:
-Իհարկե, վերագնահատումը սկսվեց դեռ 1946-ին` ՈՒինսթոն Չերչիլի Ֆուլտոնի ելույթով, նույնիսկ ավելի շուտ, երբ ԱՄՆ-ը ատոմային ռումբեր նետեց Հիրոսիմայի ու Նագասակիի վրա, թեպետ այդ զենքի օգտագործման ռազմաքաղաքական անհրաժեշտություն բոլորովին չկար: Ճապոնիան արդեն պարտված էր: Ռմբահարման նպատակը մեկն էր՝ ցույց տալ ԽՍՀՄ-ին այն, ինչ ինքը չունի: ԱՄՆ-ը հայտ ներկայացրեց, որ ինքն է համաշխարհային առաջնորդը: Հայտնի է, որ Չերչիլը ԱՄՆ-ի նախագահ Հարրի Տրումենից պահանջում էր ԽՍՀՄ-ը ատոմային զենքով ռմբահարել:
-Վերջ չկա՞: 21-րդ դարում էլ պիտի նույն շրջագծում պտտվե՞նք:
-Սա պատմություն է, որ միշտ եղել է ու կլինի: Միշտ լինելու են պետություններ, որ ձգտելու են լիդերության, լինելու են պետություններ, որոնք դեմ են լինելու, և պայքարը նրանց միջև շարունակվելու է:
-Մեր դարում պատերազմներն իրենց բնույթը չե՞ն փոխել:
-Միջուկային զենքի ստեղծումը փոխեց պատերազմների բնույթը: Երբ ատոմային զենք ստեղծեց նաև ԽՍՀՄ-ը, Ռուսաստան-Արևմուտք ուղիղ հակամարտություն չի եղել, որովհետև դա կարող էր փոխադարձ ոչնչացման բերել: Պայքարը շարունակվում է, խնդիրները չեն փոխվել, բայց փոխվել են ձևերը. պատերազմները, որպես կանոն, մղվում են այլ պետությունների տարածքներում՝ Կորեա, Վիետնամ, ՈՒկրաինա: Երկրորդ ճանապարհը ներպետական հակասությունների օգտագործումն է՝ իշխանություն-ընդդիմություն հակամարտությունները՝ ինչպես Հարավսլավիայում, Լիբիայում եղավ, կամ ազգային հակամարտություններ, որոնց մեջ միջկրոնական բախումներն էլ են ներառվում: Ինչ աշխարհաքաղաքական դիրք ունի պետությունը, ուժային կենտրոնները ինչ խնդիրներ ունեն, և ինչ թույլ կետեր ունի այդ պետությունը՝ այս երեք գործոնների իմացությունը թույլ է տալիս սեփական նպատակների համար օգտագործել այդ պետությունը, ինչպես եղավ Լիբիայում, փորձեցին, բայց չհաջողվեց Սիրիայում: Նպատակը աշխարհաքաղաքական գերազանցություն ստանալն է՝ լինել այնտեղ, որտեղ ռեսուրսներն են, ունենալ քաղաքական ու տնտեսական լծակներ՝ սեփական քաղաքականությունը պարտադրելու:

Երբ ժամը 11-ին եվրասիական փորձագիտական ակումբի նիստը սկսվեց, Արամ Սաֆարյանը ներկայացրեց մասնակիցներին ու հյուրերին՝ ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի դեսպանատներից: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի ուղերձը ներկայացրեց դեսպանատան խորհրդական ԱՆԴՐԵՅ ԻՎԱՆՈՎԸ: «Հնարավոր չէ գերագնահատել Մեծ հաղթանակի նշանակությունը, ինչպես և ԽՍՀՄ ժողովուրդների ներդրումը հաղթանակի համար: Ցավոք, ժամանակակից Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, մի քանի այլ երկրներում կան ուժեր, որ ոչ առաջին տարին փորձում են 70-ամյա վաղեմությամբ պատմական դեպքերը վերագնահատել, նվազեցնել ԽՍՀՄ ժողովուրդների ներդրումը հաղթանակի մեջ կամ նույնիսկ արդարացնել հարձակվողներին, հավասարեցնել ֆաշիզմն ու սովետական կարգերը, հանցագործներին ու նրանց հանցակիցներին վերածել ազգային հերոսների: Մեզ չեն կարող չհուզել ՈՒկրաինայում ծավալվող իրադարձությունները, երբ ամերիկյան ու արևմտյան ղեկավարների թողտվությամբ վերականգնվում է նեոֆաշիզմը, աջակցություն են ստանում ռուսաֆոբության և ռասայական ատելության գաղափարները, հերոսական անցյալի ամբողջ շերտեր են ջնջվում, հասարակությանը պարտադրվում են կեղծ հերոսներ՝ պատժիչներ ու մարդասպաններ: Արդեն սպանվում են վարչակազմին անցանկալի մարդիկ՝ ինչպես ուկրաինացի հայտնի լրագրող Օլես Բուզինան: Մինչդեռ ուկրաինացի ժողովուրդը բազում կորուստներ է ունեցել պատերազմի ժամանակ, ամբողջությամբ կրել է ֆաշիստական օկուպացիայի սարսափները: Պատմության փաստերի բոլոր աղավաղումները պետք է արժանի հակահարված ստանան»:
Հայաստանում Բելառուսի դեսպան ՍՏԵՊԱՆ ՍՈՒԽՈՐԵՆԿՈՆ կարծում է, որ ինչպես էլ անվանեն՝ պատերազմը եղել է Մեծ հայրենական, որտեղ սովետական ժողովուրդը մեծագույն հաղթանակ է տարել: «Բելառուսը հիշում է այդ պատերազմը, և դեռ մի քանի սերունդ չի կարող մոռանալ, որովհետև այդ պատերազմում մենք կորցրել ենք յուրաքանչյուր երրորդին: Ես դեռ երեխա էի, երբ տատիկս ու պապիկս պատմում էին՝ ինչպես է վառվել Խատինը: Այսօր մեր պետությունները միավորվել են ԵԱՏՄ-ում, որպեսզի ոչ միայն նոր դինամիկա հաղորդեն մեր հարաբերություններին, այլև եկել է կենտրոնաձիգ ուժերի ժամանակը: Հեռացանք՝ տեսանք ինչ կա դրսում, այս դաժան աշխարհում մենակ չենք դիմանա ո՛չ քաղաքականապես, ո՛չ տնտեսապես, ո՛չ ֆիզիկապես: ՈՒզում եմ շնորհավորել բոլորիս ու առողջություն մաղթել բոլոր վետերաններին, որ դիմավորեն մյուս հոբելյաններն էլ»,- կարճ ու ազդու ասաց դեսպանը:
«Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ հանձնվեց Եվրասիական ակումբի անդամության սերտիֆիկատ, որից հետո նա հանգամանալից ներկայացրեց Ռաֆայել Իսրայելյանի կառուցած թանգարանի ցուցանմուշների, գործունեության ու նպատակների մասին իր զեկուցումը:
Պաշտոնաթող փոխգնդապետ ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԸ ներկայացրեց ՀՀ զինված ուժերի մարտունակության խնդիրները՝ ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական կտրվածքով: Նրա ելույթը, որ չափազանց հետաքրքիր էր ու վերաբերում էր ոչ միայն անցյալին, այլև ներկա ու ապագա խնդիրներին, անչափ հետաքրքիր էր ու նաև նեղ մասնագիտական, ուստի չեմ վերաշարադրի: Նրա և կլոր սեղանի մյուս մասնակիցների ելույթները կարող եք կարդալ soyuzinfo.am կայքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ապրիլի վերջին օրվա առավոտն ու կեսօրն անցկացնելով պատմության գնահատման ու վերագնահատման տարբեր տեսակետների, անցյալի ու ներկայի խնդիրների կլոր սեղանի շուրջ ու վերջապես դուրս գալով փողոց՝ ինքս ինձ դառնորեն հաստատեցի՝ պատերազմները երբեք չեն դադարում, փոխվում են զինվորների համազգեստները, ու ընդհանրապես հաղթում են զորահրամանատարները, բայց կռվում ու մեռնում են զինվորները: Հաղթում են զորահրամանատարները, բայց հաղթանակի ու պարտության հաշվեկշիռը, ի վերջո, կազմում են քաղաքական գործիչները, ու դա հազվադեպ է արդար ու համարժեք լինում մարտադաշտում արյունով ստացած հաղթանակին:

Դիտվել է՝ 1593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ