«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանն այնտեղ է, որտեղ հայերն են

Հայաստանն այնտեղ է, որտեղ հայերն են
30.04.2015 | 13:48

«Ի՞նչ ունենք մենք ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական հարաբերություններում, ցեղասպանության 100-ամյակը մեզ վերադարձրեց անցյալ դարասկի՞զբ, թե՞ հնարավորություններ տվեց քայլ առաջ անելու»՝ հարցրի ԱԺ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ: Պատասխանը անսպասելի էր:

-Մենք ոչ մի տեղ էլ չգնացինք: Մենք ասացինք, որ ցեղասպանությունը խելագարների ձախողված ծրագիր էր, մենք կանք, վերջին հայը թանգարանում զառանցանք էր, իսկ զառանցանքներից պետք է ձերբազատվել: Ասացինք՝ զուսպ, առանց ողբ ու կոծի, արժանապատիվ ու առանց սպառնալիքների, ցինիզմի, ոխակալ մռայլության կամ անհիմն լավատեսության: 1915-ը ցեղասպանություն էր՝ մեզնից բացի այսօր այդ մասին խոսում է ամբողջ աշխարհը: Ընդունեք, որ ցեղասպանության 100 տարիներին մենք չենք խոսել մեր ցավից, մենք այդ մասին լիաձայն խոսեցինք միայն Հայաստանի անկախացումից հետո, պատճառները պետք չէ մանրամասնել, բոլորին էլ լավ հայտնի են: ՈՒ որովհետև մենք այդքան երկար լռել էինք, ևս մեկ տասնյակ պատճառներով, ի տարբերություն այլ ցեղասպանությունների, հայերիս նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրագործվածը աշխարհի համար կիսամոռացված, կիսահայտնի պատմություն էր: Այսօր այդ կիսամոռացված, համարյա անհայտ պատմությունը պտտվում է բոլոր մայր ցամաքներում ու դատապարտվում իբրև մարդկության դեմ գործված ոճիր: Ես այն կարծիքին չեմ, որ դա արվում է միայն ու միայն հանուն Հայաստանի ու հանուն հայերիս: Ցավոք, աշխարհաքաղաքական զարգացումները այսօր էլ ի հայտ են բերում ցեղասպանությունների օրինակներ: Գլոբալ աշխարհն այսօր կանգնած է քաղաքակրթությունների բախման առաջ, որի մի մասն է քրիստոնյաների ու մուսուլմանների պայքարը, որի մասին արդեն Հռոմի պապն է խոսում՝ կոչ անելով դադարեցնել քրիստոնյաների սպանդը մուսուլմանական երկրներում: Երբ Դեր Զորում պայթեցվում է հայկական եկեղեցին, երբ հարյուր տարի առաջ սպանված հայերին նորից են սպանում, նշանակում է՝ մարդկության մի հատվածը ցեղասպանությունը շարունակում է իբրև գործիք օգտագործել իր նպատակներին հասնելու համար՝ մարդկության մյուս հատվածի դեմ, ուրեմն կանխարգելելու համար հետագա սպանդը, նախորդները պետք է դատապարտել ու մեղավորներին պատժել: Սա իսկապես քաղաքակրթությունների բախում է, որտեղ հաղթելու է ոչ թե ուժը, այլ՝ ճշմարտությունը:
-Ինչո՞ւ ճշմարտությունը հարյուր տարի առաջ պարտվեց, իսկ հիմա հաղթելու է:
-Ո՞վ ասաց, որ պարտվեց: Կպարտվեր, եթե Թալեաթը, Ջեմալը, Էնվերը իրագործեին իրենց ծրագիրը, եթե ստեղծվեր Թուրանը՝ նրանց երազած օսմանյան պետությունը, եթե Հայաստան ընդհանրապես չլիներ: Եթե աշխարհը իսկապես ընդուներ Օսմանյան կայսրության գործած ցեղասպանությունը և Թուրքիայի Հանրապետության ժխտողականությունը: Ի՞նչն եք անվանում ճշմարտության պարտություն: Որևէ կայսրություն հավերժական չէ: Մենք ոչ միայն երկու միլիոնի հասնող զոհեր ենք ունեցել, մենք պատմական հայրենիք ենք կորցրել, բայց պահպանել ենք ոգին ու պատմությունը, հիշողությունը և վերադարձի վճռականությունը:
-«Հուրիյեթին» տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք հողային պահանջ չունենք Թուրքիայից:
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն հարցազրույցում շեշտեց, որ այդ հարցը ավելի հաճախ Թուրքիայում ու թուրքերն են քննարկում, իսկ դա արդեն խոսուն փաստ է: ՀՀ նախագահը, այո, ասաց, որ մենք Թուրքիայից հողային պահանջ չունենք, որովհետև ի տարբերություն շատ շատերիս՝ ՀՀ նախագահը ի պաշտոնե պարտավոր է պրագմատիկ ու ճշգրիտ, անխոցելի լինել իր ձևակերպումներում: Կրկնում եմ՝ անխոցելի, իսկ պատկերացնո՞ւմ եք՝ նա «Հուրիյեթին» կամ որևէ այլ պարբերականի ասեր՝ մենք մեր հողերն ենք պահանջում, եթե չտվեց, վաղը չէ մյուս օրը Թուրքիային պատերազմ ենք հայտարարում: Հարցերը բարձրացվում են այն ժամանակ, երբ կան պատասխանների նախադրյալներ՝ շատ վաղուց և շատ ճշգրիտ է ասված: Ցեղասպանության մեկդարյա տարելիցի միջոցառումները Հայաստանում լուսաբանվեցին ամբողջ աշխարհում: Քաղաքական, բարոյական, քաղաքակրթական հզոր աջակցությունը, որ մենք ստացանք աշխարհի տարբեր անկյուններից, վկայում է, որ հարցը հասունանում է: Վերադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասեմ, որ տարածաշրջանում դանդաղ, բայց իրավիճակ է փոխվում և նոր հեռանկարներ են բացվում, որոնք ստիպելու են, որ Անկարան իր իսկ շահից ելնելով՝ վերանայի իր քաղաքականությունը հարևանների նկատմամբ ու այդ քաղաքականության հիմքում դրված սկզբունքները: Ոչ այս պահին, ոչ մեկ տարի հետո, բայց իրենք՝ թուրքերն են հայտարարում, որ եթե աշխարհը Հայոց ցեղասպանության նկատմամբ այս դիրքորոշումն է ի հայտ բերում, ուրեմն թուրքական արտաքին քաղաքականությունը սխալներ է գործել: Մենք գիտեինք, բայց անցած մեկ ամսում աշխարհն էլ տեսավ, որ Հայաստանը միայն այստեղ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի հարևանությամբ գտնվող երկիրը չէ, Հայաստանն այնտեղ է, որտեղ հայերն են, իսկ Թուրքիայի թեթև ձեռքով անցյալ դարասկզբից հայերն ամենուր են: Այո, Հայաստանում կազմակերպված միջոցառումները արժանապատիվ ու տպավորիչ էին, բայց դեռ աշխարհում շարունակվում է ալիքը՝ հայկական սփյուռքի գաղթօջախներում ցեղասպանությունից փրկվածների ու չփրկվածների ժառանգներն են ապրում ու նրանք դեռ այնքան ասելիք ունեն: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական ամբողջ կորպուսը աշխատեց ուժերի գերլարումով և բոլորովին տեղի չտվեց չհայտարարված «մենամարտում» թուրքական դիվանագիտության հետ, թեպետ նրանց թվաքանակը, լոբբիստական ու նյութական միջոցներն անհամեմատելի են: Դա գուցե անտեսանելի աշխատանք էր Հայաստանում, բայց այդ աշխատանքը կարևոր ու անհրաժեշտ էր ու այսօր նաև հայկական դիվանագիտության շնորհիվ է, որ ունենք այս արդյունքները:
-Մենք հաղթեցինք, բայց Թուրքիան չպարտվեց, թե՞ դեռ ոչ ոքի է:
-Քաղաքականությունը սպորտ չէ: Ի՞նչ հակադրեց Թուրքիան, իր Գալիպոլի՞ն: Թուրքական թերթերն են այսօր գրում, որ ապրիլի 24-ին Չանաքկալեի 100-ամյակ տոնելու որոշումը սխալ էր, որ դրդեց ավելի մեծ ուշադրություն դարձնել հայերի ցեղասպանությանը: Իրենք են խոստովանում, որ չգտան գոնե մեկ փաստարկ, թե ինչո՞ւ ցեղասպանությունը պետք չէ ցեղասպանություն անվանել: Նախագահից սկսած՝ միայն ժխտում են, վիրավորվում ու վիրավորում են, հոխորտում են, սպառնում են: Վերջ: Պատմաբանների հանձնաժողովը մի տասնամյակ պտտվում է իբրև թուրքական դիվանագիտության գլուխգործոց, ուրիշ ասելիք չունեն: Սպասում են՝ հերթական պետությունը ցեղասպանությունը ճանաչի, որ երկրի անունը փոխեն, ու արտգործնախարարությունում վաղուց պատրաստ բողոքի նոտան հիմա էլ այդ երկիր ուղարկեն: Բայց դա խնդրի մի կողմն է՝ արտաքին մեկուսացումը, որ սպառնում է Թուրքիային, եթե որոշի դիվանագիտական հարաբերությունները խզել ցեղասպանությունը ճանաչած պետությունների հետ: Կա շատ ավելի հեռագնա նշանակությամբ իրողություն, որ ծավալվում է Թուրքիայի ներսում: Օրեցօր ավելի բարձր են լսվում թուրք պատմաբանների, լրագրողների, քաղաքական գործիչների ձայները, որ պետական պաշտոնական պատմության բոլորովին այլ տարբերակ են ներկայացնում, որ կասկածի տակ են առնում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերին ներկայացվող մեղադրանքները ու հնարովի «դավաճանության» պատժի ադեկվատությունը: Թուրքիայում հասունացել է նոր մտածողություն, որ հաջողությամբ հակադրվում է ավանդական ազգայնականությանը, որ հայրենասիրությունը չի համարում նախնիների մեղքերի կոծկումը, որ ուզում է իր իրական պատմությունը դասագրքեր մտցնել: Թուրքիայի երիտասարդությունը փոխվում է, ժամանակի խնդիր է նրանց մեծամասնություն դառնալը, և Անկարան դա հասկանում է, բայց ի՞նչ անի՝ ցեղասպանություն սկսի յուրայինների՞ դեմ: Դա էլ է եղել՝ Առաջին համաշխարհային պատերազմում հայերից հետո հազարավոր քրդեր են սպանվել, նաև թուրքեր, որ աջակցել են ու փրկել են քրիստոնյաներին: Քաղաքացիական հասարակությունը Թուրքիայում դեռ ասելու է իր խոսքը:
-Ի՞նչ ստացանք մենք զուտ գործնական իմաստով:
-Ես դեմ եմ այդ կտրվածքով հարցերին: Մենք չէինք ակնկալում ու չէինք ստանալու նյութական ոչինչ: Կարդացեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցները եվրոպական ու ասիական տասնյակ լրատվամիջոցներում, վերջերս նաև ՌԴ հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հետ ու ամփոփ պատասխան կունենաք: ՀՀ նախագահը շատ պարզ ներկայացրել է մեր խնդիրները ու այդ խնդիրների լուծումների մեր տարբերակները: Մենք զոհ չենք, մենք խնդրարկու չենք, մենք տեր ենք մեր պատմությանը, մեր խնդիրներին, մեր որոնածը խաղաղություն է, որի համար պատրաստ ենք և պատերազմել, թեպետ երբեք որևէ պատերազմ ինքներս չենք սկսել, բայց հաղթել ենք ուրիշների մեր դեմ սկսած պատերազմներում: ՈՒ այսօր մենք տեր ենք մեր ամբողջ պատմությանը: Միայն ուժեղ պետությունը կարող է նախորդի իրավահաջորդը դառնալ, չհերքելով ու չզրոյացնելով նախկինում ունեցած հաջողությունները, չժխտելով անցյալում եղած սխալներն ու կորուստները: Սա իսկապես արժանապատիվ պետության դիրքորոշում է, որ Սերժ Սարգսյանը հանդարտ, համոզիչ, առանց տրտնջոցի ու հոխորտանքի ներկայացնում է աշխարհին՝ թիկունքում ունենալով ոչ միայն քաղաքակրթության մի քանի հազարամյակ, այլև այսօր գործող թիմ, որը պատրաստ է դժվար, դանդաղ, բայց հաստատ հաջողության ճանապարհով առաջ գնալ:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ