ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Քաղաքական շահերը տեղի են տալիս քաղաքակրթական արժեքներին»

«Քաղաքական շահերը տեղի են տալիս քաղաքակրթական արժեքներին»
28.04.2015 | 00:20

«Իրատեսի» հյուրն է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Ցեղասպանության 100-րդ տարելիցն ինչպե՞ս անդրադարձավ ԵԽԽՎ նստաշրջանում հայկական և թուրքական պատվիրակությունների աշխատանքների վրա:
-Երբ 2014-ի օգոստոսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չանկայա պալատում մասնակցեց Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ու նրան հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Երևան գալու և մեզ հետ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու հրավերը, թուրք դիվանագիտությունը հայտնվեց փակուղու մեջ, դեմքը փրկելու փնտրտուքի վեց ամիսներից հետո միայն գտնվեց ելքը՝ ապրիլի 24-ին հնարել «սեփական» արարողությունը: Այդպես «հայտնագործվեց» Չանաքկալեի 100-ամյակը: Անկարան հրապարակեց իր պատասխանը թուրքական ժխտողականության ու կեղծարարության արժանի ոճով՝ հրավիրել 100-ից ավելի պետությունների նախագահներին Չանաքկալեի ճակատամարտում Թուրքիայի հաղթանակի մեկ դարը նշելու՝ հակառակ նրան, որ նեղուցների պատերազմը սկսվել է մարտի 18-ին, իսկ Գալիպոլիի ցամաքային մարտերը՝ ապրիլի 25-ին: Անկարան ոչ միայն օրացույցի հետ խնդիրներ ունենալն ի հայտ բերեց, այլև դիվանագիտական «հանճարը»՝ խանգարել, որ ապրիլի 24-ին Երևան գան ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ցեղասպանության զոհերին հարգանքի իրենց տուրքը մատուցեն այլ պետությունների ղեկավարները: Ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին պատասխան նամակում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Մինչ հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»: Թուրքիան իր ողջ դիվանագիտական ներուժը՝ 228 դեսպանատներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսությունները ծառայեցրեց ցեղասպանության ժխտմանը: Թուրքիայի նախագահն անձամբ էր հանձնարարել համակարգված աշխատել և հաղթահարել իր խոսքով «անհիմն մեղադրանքները»։ Բայց եթե անմեղ են, ինչո՞ւ են արդարանում: Նույն քաղաքականությունն էր ընտրել ԵԽԽՎ թուրքական պատվիրակությունն ապրիլյան նստաշրջանում՝ զուգահեռ ցուցահանդես, զուգահեռ հայտարարություն, նպատակը նույնն էր՝ ուշադրություն շեղել, ստվերել, հակադարձել:
-Ի՞նչ ցուցահանդես: Դարձյա՞լ ցեղասպանությանը վերաբերող:
-Թուրքական պատվիրակությունը ցուցահանդես էր կազմակերպել, որտեղ Թուրքիան ներկայացվում էր որպես ժողովուրդների հուսալի ապաստան: Ակնհայտորեն՝ «սխալ» թեմա էր ընտրված, հատկապես ԵԽԽՎ անդամ այն երկրների համար, որոնց պատմության մեջ բազում էջեր կան՝ թուրքերի ձեռքով հայրենազրկումի ու ունեզրկումի, ծաղր էր ուղղակի, որ այդ ժողովուրդներին «գյավուրներ» համարող կայսրությունը դարերով նրանց կոտորելուց հետո ներկայանում է «հուսալի ապաստան»։ Ցուցահանդեսի նյութերի զգալի մասը 20-րդ դարի 60-ականների լուսանկարներ էին, որտեղ թուրք մեսխեթցիներին բնակվելու տարածքներ են տրամադրվում կամ նման թեմաներ: Հայկական պատվիրակության կազմակերպած ցուցահանդեսը ԵԽԽՎ պատվիրակներին ներկայացնում էր պատմական վավերագրեր՝ ի հակակշիռ կասկածելի ծագման նրանց լուսանկարների: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տրամադրած լուսանկարներում անցյալ դարասկզբի հանրահայտ լրատվամիջոցների՝ եվրոպական՝ անգլիական, ֆրանսիական, իտալական ու ամերիկյան մամուլի առաջին էջերում տեղակայված լուսանկարներն ու հոդվածներին էին, որ պերճախոս պատմում էին հայերին դարասկզբին պատուհասած ոճրի մասին: Պատմական իլյուստրացիաներով վերականգնվող ժամանակագրությանն անդրադարձավ նաև ԵԽԽվ նախագահ Անն Բրասերը՝ արձանագրելով, որ 100 տարի առաջ համաշխարհային մամուլը ներկայացրել ու ահազանգել է կատարվողի մասին: Ցուցահանդեսը մեծ ու իրական հետաքրքրություն հարուցեց, մենք չէինք պատմում, չէինք բողոքում, ներկայացնում էինք փաստավավերագրական նյութեր՝ այն, ինչ տեսել ու նկարագրել, արձանագրել են իրենք՝ եվրոպացիներն ու ամերիկացիները: Լուսանկարները խոսուն ու տպավորիչ էին ազգային պատվիրակությունների, հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ աշխատակազմի, դեսպանների, հյուրերի համար: Անթաքույց հետաքրքրությամբ ցուցահանդեսի բացմանը մասնակցեց և ցուցադրությունը դիտեց ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող երկրի՝ Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնոլդսը, որ երկար պտտվում էր ու հարցեր տալիս:
-Նստաշրջանում ԵԽԽՎ համարյա երկու հարյուր պատգամավորներ ստորագրեցին ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, վերջին օրերին Թուրքիայի պատվիրակությունը ներկայացրեց իր հայտարարությունը: Ի՞նչ էր բովանդակում թուրքական հակահայտարարությունը:
-Խղճուկ հակակշիռ: ԵԽԽՎ-ում երկու հարյուր ստորագրությամբ հայտարարություն հազվադեպ է պատահում, մեր հայտարարության տեքստը, համաձայն կանոնակարգի, երեք ամիս բաց է և նոր ստորագրություններ կարող են ավելանալ, նաև նստաշրջանից բացակայող պատվիրակները կարող են վերահաստատել իրենց ստորագրությունները, որ ուղարկել են էլեկտրոնային փոստով: Թուրքիայի պատվիրակության հայտարարության բովանդակության մասին պատկերացում կազմելու համար ընդամենը պետք է հիշել՝ ինչպես են հակադարձում ցեղասպանության մեղադրանքները, ինչ փաստարկներ ու ինչ առաջարկներ են բերում: Նորից նույն պատմությունն է՝ ինը դար համերաշխ ապրելու, Առաջին աշխարհամարտի «ողբերգական իրադարձությունների» մասին, երբ սպանվել են և հայեր, և թուրքեր, պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, արխիվները բացելու և այլն, և այլն:
-Ի՞նչ են ի վերջո առաջարկում:
-Առաջարկում են Առաջին աշխարհամարտի 100-ամյակը և նրա մաս հանդիսացող ողբերգությունը հիշելով՝ դաս առնել պատմությունից դեպի լավ ապագա գնալու համար: Սկսել կառուցողական հարաբերություններ՝ երկխոսություն, փոխադարձ հարգանքի հիման վրա կառուցել հարաբերությունները, ակադեմիական շրջանակներին թողնել պատմական դեպքերի գնահատականը՝ ճշմարտությունը բացահայտելու համար: Հայտարարությունը ստորագրել է 48 պատգամավոր: Փաստացի ևս մեկ անգամ հայտարարության մակարդակով փորձում են վերակենդանացնել պատմաբանների հանձնաժողովի գաղափարը՝ խուսանավելու ցեղասպանության ճանաչումից ու դատապարտումից, երբ աշխարհում այլևս ոչ մեկի համար չկա նման հարց կամ՝ ապացուցելու անհրաժեշտություն: Ամբողջ աշխարհում սփռված հայ ժողովուրդը ամենախոսուն ապացույցն է: Միջազգային կառույցներում՝ Եվրախորհրդարանում, ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևերն ու հայտարարությունները շատ կարևոր են և վկայում են, որ այդ կազմակերպությունների անդամ երկրները հրատապ են պահում թեման իրենց օրակարգում: Թեմային գերակայություն են տալիս ոչ միայն քաղաքական օրակարգում, այլև արժեքային համակարգում: Հռոմի Ֆրանցիսկոս պապի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի վրա հակադիվանագիտական, անթաքույց ցինիկ հարձակումները վկայում են՝ Թուրքիայի իշխանությունն այնքան է համակված այլատյացության և ժխտողականության գաղափարներով, որ հավաքական գիտակցությունն ուղղակի մթագնել է: Աշխարհում ծավալվող գործընթացները վկայում են, որ, այնուամենայնիվ, քաղաքական շահերը տեղի են տալիս քաղաքակրթական արժեքների և արդարամտության ճնշման ներքո: Թուրքիայի իշխանությունը որքան խնդիրներ ունի արտաքին աշխարհի հետ, նույնքան՝ երկրի ներսում. թուրքերը, հատկապես երիտասարդները, գուցե ժամանակակակից տեխնոլոգիաների շնորհիվ, գուցե պատմական օրինաչափությունների թելադրանքով, ավելի ու ավելի են հակվում պետականից տարբեր, այսօր դեռ այլընտրանքային պատմության ուսումնասիրմանը ու իրենց նախնիների արարքների իրական գնահատականին: Չի կարող, չէ՞, այնպես լինել, որ, հայերից բացի, այդքան պետություններ հանիրավի մեղադրանքներ ներկայացնեն ու հիմնավորեն:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող իրադարձություններից ո՞րն եք համարում առավել տպավորիչ ու հեռագնա հետևանքներ ունեցող:
-Այնպիսի հարց եք տալիս, որ մեկ պատասխան չունի: Չեմ ուզում որևէ իրադարձություն առանձնացնել, դա դժվար է, բացի այդ՝ անարդար մյուս իրադարձությունների նկատմամբ: Նախ՝ համահայկական հռչակագրի ընդունումը, որ իսկապես բացառիկ էր՝ որպես առաջին համազգային փաստաթուղթ՝ սփյուռքի համայնքների և եկեղեցու նվիրապետական աթոռների մասնակցությամբ ու հավանությամբ: Ազդեցիկ ու տպավորիչ էին, և, անշուշտ, հեռագնա հետևանքներ կունենան հինգ նախագահների ելույթները Ծիծեռնակաբերդում. նրանցից յուրաքանչյուրը իր մասնակցությամբ և խոսքով անգնահատելի ներդրում ունեցավ ցեղասպանությունների դեմ համամարդկային պայքարում: Կարևոր էին ապրիլյան բանաձևերն ու բոլոր հայտարարությունները: ՈՒզում եմ հատկապես նշել Առաջին համաշխարհային պատերազմում (հետագայում ևս) Թուրքիայի դաշնակից երկրների՝ Ավստրիայի ու Գերմանիայի խորհրդարաններում քննարկումները: Կարծում եմ, դա իսկապես Անկարայի համար շոկ էր, հաշվի առեք, որ Եվրոպայում Գերմանիան ամենաթուրքաբնակ երկիրն է, բայց Բեռլինի մայր տաճարում Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի ելույթը ոչ միայն միանշանակ պատասխանեց՝ եղել է, թե չի եղել ցեղասպանություն հարցին, այլև բանաձևեց համապատասխանատվության հարցը, որը թուրքական դիվանագիտությանը զրկում է դաշնակցին մեղադրելու ու միաժամանակ ինքնարդարանալու հնարավորությունից: Ֆանտաստիկ ու տպավորիչ էին Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագը և նրա քարոզը, նաև մեր երեք կաթողիկոսների զուսպ ու արժանապատիվ ելույթները, որ խաղաղության ու հաշտեցումի խոսք էին ասում քրիստոնյա ու մահմեդական աշխարհին, Գրիգոր Նարեկացուն եկեղեցու ուսուցիչ հռչակելը, որ հայ մշակույթին համաշխարհային ճանաչում տալ է նշանակում: Իրապես հնարավոր չէ որևէ իրադարձություն առանձնացնել, այնքան խիտ էին ու իրարահաջորդ դեպքերը, որ դեռ իմաստավորման ժամանակ է պետք: Թեև ինձ համար ամենատպավորիչն ու իսկապես անանց նշանակություն ունեցող իրադարձությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցեղասպանության զոհերի սրբադասումն էր: Գուցե նաև այն պատճառով, որ գիտակցական արժևորումին այս դեպքում ավելանում էր հուզական մեծ լիցքը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և Անթիլիասի Արամ Առաջին կաթողիկոսի ձեռամբ ոչ միայն սրբադասվեցին մեր միլիոնուկես զոհերը, որ աննախադեպ իրադարձություն է համաշխարհային եկեղեցու պատմության մեջ, այլև մենք ենք ձերբազատվում զոհի բարդույթից: Մի քանի դար Հայ առաքելական եկեղեցում սրբադասում չէր եղել, մի քանի դար՝ պատկերացնո՞ւմ եք: Ինձ թվում է, որ դարասկզբին թուրքական յաթաղանին զոհ գնացած մեր հայրենակիցների հոգիները վերջապես հանգստություն գտան: Դա միայն կրոնական ծես չէր, դա համահայկական ու հոգևոր-պատմական նշանակության իրադարձություն էր, որ մնալու է դարերի պատմության մեջ:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ