«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պահանջատիրությունը` վտա՞նգ, թե՞ գերակա ուղղություն

Պահանջատիրությունը` վտա՞նգ,  թե՞ գերակա ուղղություն
28.04.2015 | 00:15

Հայաստանը «ապրելու ապրիլին» հայտնվեց ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ու այդ ամենից պատվով դուրս եկավ: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները գեղեցիկ ու պատշաճ էին կազմակերպված: Դրան նախորդած իրադարձությունները ևս բավականին ուշագրավ էին: Եղեռնից մեկ դար անց ճիշտ ժամանակն է, որ ամփոփենք այս հարցում մեր ունեցածն ու ուղենշենք ապագա անելիքները: Այսօր հասել ենք մի հանգրվանի, որից հետո պիտի հստակեցնել՝ ի՞նչ մարտավարությամբ ենք առաջ գնալու, ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը. այս հարցերն ուղղեցինք ԱԺ պատգամավորներին:

«ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՐԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ

-Այն, ինչ մինչև այս պահն ունեինք, դրան ավելացավ Հռոմի պապի հստակ մեսիջը,- ասաց պատգամավորը:- Այդ կարևորագույն պատարագը բովանդակային առումով բացառիկ էր, ավելի շատ մարդիկ իրազեկվեցին Հայոց ցեղասպանության մասին: Թուրքիան, քաղաքակիրթ աշխարհին դեմ գնալով, Հայկական հարցի հետ կապված ինքնամեկուսացման ճանապարհ է ընտրել: Հայաստանը նոր փուլ է մտնում: Պետք է հետամուտ լինել, աշխատանքներ ծավալել, որ ազդեցություն ունեցող երկրները ճանաչեն ցեղասպանությունը, այդ թվում՝ Թուրքիան, որ առերեսվի իր պատմության հետ:
-Այս նոր փուլո՞ւմ էլ պետք է ճանաչումը գերակա նպատակ համարել, թե՞ դրան զուգահեռ հարկավոր է խոսել նաև պահանջատիրության, փոխհատուցման մասին:
-Այս փուլում պահանջատիրությունը ՀՀ պետական քաղաքականություն դարձնելը խիստ վտանգավոր եմ համարում և ոչ նպատակահարմար զուտ ցեղասպանությունը որպես իրավական փաստ ճանաչելու սկզբունքից ելնելով: Թուրքիան ունի երկու խնդիր: Առաջին` պետական գործիչները ճանաչման հետ կապված ունեն հոգեբանական պատնեշ: Երկրորդ` նրանք հասկանում են, որ ճանաչումը կարող է հանգեցնել իրավական հետևանքների: Թուրքիան որքան շուտ կարողանա իր մեջ քաղաքական կամք, ուժ գտնել ու ճանաչել, այնքան օգտակար կլինի իր իսկ քաղաքական ուղու համար: Այս հանգամանքն է լավատեսություն ներշնչում, որ ուշ թե շուտ Թուրքիան ճանաչելու է ցեղասպանությունը:

«ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՕԲՅԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ»

ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
-Այսօր չեմ կարծում, որ այդ հարցում մեր քաղաքականությունը հստակեցնելու ժամանակն է, քանի որ իրականացված միջոցառումները դեռ ամփոփելու խնդիր ունենք: Հանրագումարի բերելուց հետո կարելի է նոր հետևություններ անել,- փաստեց պարոն Նիկոյանը:- Շատ կարևոր և պատմական իրադարձություններ եղան, սկսած Վատիկանի պատարագից, որի ազդեցությունը երևալու է ողջ կաթոլիկ աշխարհի վրա: Ավելին, ժամանակին Թուրքիայի դաշնակից պետություններն այսօր արդեն հստակ դիրքորոշում ունեն, անհամբեր սպասում են, թե Գերմանիայի Բունդեսթագում ինչպիսի քվեարկություն կլինի:
-Այսինքն, շարունակելո՞ւ ենք ճանաչման գործընթացը` մի կողմ թողնելով իրավական հետևանքները (պահանջատիրություն, փոխհատուցում):
-Եթե պահանջատիրության խնդիրը դնենք, կխաթարենք ճանաչման գործընթացը: Պահանջատիրության համար պետք է լինեն շատ օբյեկտիվ, անհրաժեշտ պայմաններ: Եթե Հայաստանի Հանրապետությունը հստակ պահանջատիրության քաղաքականություն վարի, միջազգային ընկալմամբ լիովին այլ բան դա կնշանակի: Այն երկրները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, անմիջապես դրան զուգակցել են հայ-թուրքական խաղաղ համագործակցումը` կարծելով, որ դրանով օգուտ են տալիս այդ հարաբերությունների բարելավմանը: Մենք այս պահին պետք է միջազգային հանրության այս մոտեցմանը համահունչ քայլեր կատարենք: Ամեն ինչ պետք է իր ժամանակն ունենա: Եթե ուզում ենք հարցը մեկ այլ փուլ տեղափոխել, պետք է նախ առաջին մակարդակում շատ ամուր հիմք ունենալ: Առանց ամրապնդելու ունեցածդ, չպետք է անցնես մեկ այլ գործընթացի:

«ՃԱՆԱՉՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊՐՈՑԵՍՆ ԸՆԹԱՆԱ»

ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
-Սա շատ ընդգրկուն հարց է: Մի կողմից՝ պետությունն իր քայլերը պետք է իրականացնի, մյուս կողմից էլ՝ գիտական հանրությունը, հասարակությունը պետք է աջակցեն դրան,- ասաց պարոն Մկրտչյանը:- Արդեն քսանմեկ պետություն և բազմաթիվ միջազգային կառույցներ ճանաչել են ցեղասպանությունը: ՈՒ մեր արտաքին գերատեսչության օրակարգում ցեղասպանության ճանաչման հարցը, որպես գերակա ուղղություն, շարունակում է մնալ: Ես, որպես ՀՀ քաղաքացի և պատգամավոր, կարծում եմ, ժամանակն է, որ մենք խոսենք նաև փոխհատուցումից: Միջազգային իրավական նորմերը բավականացնում են, որ մենք կարողանանք համապատասխան ատյաններում վիճարկել փոխհատուցման հարցը: Ցավոք, ճանաչման հարցը իրավականից դուրս հարթություն է: Եթե ողջ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը, իսկ Թուրքիան` ոչ, ոչինչ չի փոխվի: Պարզապես առաջադեմ պետությունների կողմից փաստի ճանաչումը կստիպի Թուրքիային վերանայել իր դիրքորոշումը:
-Սակայն շատերը պնդում են, որ պահանջատիրության հարցը «մեջտեղ բերելով», գործընթացը փակուղի ենք տանելու:
-Պահանջատիրություն ասելով նկատի ունենք հայրենազրկված ժողովրդի իրավունքների վերադարձ: Ցեղասպանության առնչությամբ Հայաստանում անցկացված միջազգային ֆորումի ընթացքում էլ այս հարցը բարձրացվեց, որ հայրենազրկում տերմինը պիտի մտցնել ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայի մեջ: Եղած միջազգային փաստաթղթերի շրջանակում էլ կարելի է լուրջ քայլեր կատարել: Սակայն աշխարհը դեռ պատրաստ չէ սրան:
-Ասել է՝ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային նպատակը ոչ միայն ցեղասպանության ճանաչումը պիտի լինի, այլև պահանջատիրությո՞ւնը:
-Ճանաչմանը զուգահեռ պետք է պահանջատիրության ուղղությամբ պրոցես ընթանա: Սրանով ոչ թե պետությունը, այլ նախ գիտական հանրությունը և հասարակությունը, սփյուռքի կառույցները պիտի զբաղվեն, հարցը հասունացնեն: Համոզված եմ, որ Թուրքիան անպայման տրոհվելու է, և վաղ թե ուշ այդ երկիրը ստիպված է պատմության հետ հաշվի նստել:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ