«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Էդվարդ Նալբանդյանի հոդվածը «Politique Internationale» հանդեսում

Էդվարդ Նալբանդյանի հոդվածը «Politique Internationale» հանդեսում
21.04.2015 | 12:28

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոդված է հրապարակել «Politique Internationale» հանդեսի հատուկ համարում:


«Շրջադարձային փոփոխությունների ժամանակակից աշխարհում միջազգային հանրությունը և առանձին պետություններ հաճախ չեն կարողանում լուծել այնպիսի խնդիրներ, որոնք առաջին հայացքից թեև ոչ հրատապ են թվում, սակայն դրանց լուծմանը խիստ կարևոր նշանակություն է տրվում:
Ցեղասպանության կանխարգելումը նման խնդիրներից մեկն է: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ազգը բարոյական պատասխանատվություն է զգում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում իր ներդրումն ունենալու հարցում: Մենք շարունակելու ենք գործադրել մեր առավելագույն ջանքերն այդ նպատակով:
Ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար: Ցեղասպանության կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի հետևողական ուշադրությունը և առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ մարդասիրական խնդիրը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկի:
Ոչ ոք չի կարող ապահով զգալ, քանի դեռ աշխարհի ինչ-որ վայրում մի ամբողջ էթնիկ խմբի բնաջնջման փորձեր են արվում: Պետք է նախապես ձեռնարկվեն բոլոր միջոցները՝ առաջին հերթին կանխելու ցեղասպան միջավայրի վերաճումը բռնության անդառնալի գործողությունների: Հայոց ցեղասպանության վկայություններ կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում, մասնավորապես այնտեղ, որտեղ հայեր են ապրում: Հայ ժողովուրդն անցավ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած այդ ողբերգության սարսափների միջով: Փորձ արվեց միլիոնավոր հայերի զրկել կյանքից ու անցյալից` ավերելով հազարավոր մշակութային և կրոնական հուշարձաններ: Ցեղասպանությունից փրկվածները արտաքսվեցին դարեր շարունակ իրենց պապենական հողերից:
Հայոց ցեղասպանությանը ներհատուկ կողմերից մեկը Օսմանյան կայսրության կողմից գերտերությունների հանդեպ ստանձնած միջազգային պարտավորությունների առկայությունն էր. «առանց հետագա հապաղման իրագործելու հայաբնակ մարզերում տեղական կարիքներից բխող բարելավումներն ու բարեփոխումները և ապահովելու հայերի անվտանգությունը», որն ամրագրվել էր 1878-ի Բեռլինի կոնֆերանսում: Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ շարունակական հալածանքների պայմաններում հայերի դրությունը բարելավելու փոխարեն՝ աշխարհն ականատես եղավ հայերի հալածանքներին և ջարդերին: Ցեղասպանությունից առաջ ամենալայնամասշտաբ կոտորածը տեղի ունեցավ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք՝ 1894-1896 թթ., երբ 300 000 հայեր սպանվեցին, 1909-ին երիտթուրքերի իրականացրած Ադանայի ջարդի ընթացքում, երբ 30 000 հայեր կոտորվեցին: Այն ժամանակ ոչ մի արդյունավետ միջոց չկիրառվեց՝ կոտորածներն իրականացնողներին արդարադատության առջև կանգնեցնելու համար: Անպատժելիության մթնոլորտը հանգեցրեց սարսափելի՝ շուրջ 1,5 միլիոն հայերի կոտորածին, ինչի իրականացումը քողարկելու նպատակով Առաջին համաշխարհային պատերազմը «հարմար առիթ» հանդիսացավ: Այսպիսով, Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց ավելի քան քառորդ դար և իր գագաթնակետին հասավ հայերի կողմից «Մեծ եղեռն» կոչված աղետի ժամանակ:
Առաջին անգամ մեծ տերությունները միասնական հայտարարությամբ կոտորածներին անդրադարձան 1915-ի մայիսի 24-ին, երբ Անտանտի տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, հատուկ հռչակագիր ընդունեցին, որով զգուշացնում էին հայերի նկատմամբ վայրագություններ իրականացնողներին, որ նրանք անհատական պատասխանատվություն կկրեն «մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի իրագործած նոր հանցագործությունների համար»: Սա առաջին դեպքերից էր, երբ միջազգային մակարդակով օգտագործվեց «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը՝ հանգեցնելով հետագա լրամշակմանը՝ որպես ժամանակակից իրավական համակարգի անբաժան հասկացություն: 1929-ին ՈՒինսթոն Չերչիլը բնութագրեց հայերի կոտորածը՝ որպես «հոլոքոստ»՝ հավելելով, որ «այս հանցագործությունը պլանավորվել և իրականացվել էր քաղաքական նպատակներով. ի հայտ էր եկել հնարավորություն՝ մաքրելու թուրքական հողը քրիստոնյա ռասայից»:
Ներկա թուրքական պաշտոնական պատմությունն իր ընկալումը ներկայացնում է որպես «արդար հիշողություն», որին պետք է համապատասխանեն մյուս ժողովուրդների հիշողությունները: Սա ոտնձգություն է ընդդեմ թե հիշողության, թե պատմության: Պատմության ուսումնասիրությունը տուժում է, երբ հիշողությունն ընտրովի է ներկայացվում, երբ «հայկական ռասայի կազմակերպված սպանությունը» ներկայացվում է որպես վերապրածների ժառանգների երևակայական հիշողություն: Փաստացի, Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և, ընդհանուր առմամբ, մարդկության պատմության, ներառյալ՝ մահմեդական աշխարհի, հիշողության մի մասն է: Հայոց ցեղասպանության ամենավաղ հիշատակումներից մեկը պատկանում է մահմեդական ականատես Ֆայեզ Էլ-Ղոսեյնին, որ 1916-ին հրապարակեց «Կոտորածներ Հայաստանում» աշխատությունը: Մեքքայի շարիֆ Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմին ճանաչված իսլամական առաջնորդներից էր, որ դեմ էր հայերի բնաջնջմանը և իր ենթականերին կոչ էր անում պաշտպանել հայերին՝ ինչպես կպաշտպանեին իրենք իրենց և իրենց երեխաներին: 1919-1921-ին թուրք հասարակական գործիչները՝ Րեֆի Ջևաթը, Ահմեդ Րեֆիք Ալթընայը և շատ ուրիշներ, անդրադարձան հայերի լայնածավալ կոտորածներին: Մուսուլման բազմաթիվ պատմաբաններ հայերի կոտորածը բնութագրում են որպես ցեղասպանություն, իսկ արաբ պատմաբան Մուսա Բրենսը օգտագործել է «Արմենոցիդ» եզրույթը՝ բնութագրելով որպես «ամենացեղասպան ցեղասպանություն»: Արաբ հեղինակներ Ֆուադ Հասան Հաֆիզը, Սամիր Արբաշը և ուրիշներ բնութագրել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես «20-րդ դարի մարդկության պատմության արյունալի էջ»:
Հայոց ցեղասպանության անվերապահ դատապարտման և հետևանքների վերացման բացակայությունը դրդեց երիտասարդ լեզվաբան Ռաֆայել Լեմկինին՝ 1921-ին հարցնել իր դասախոսից, թե ինչու պատասխանատվության չեն ենթարկվել հայոց ողբերգությունն իրագործողների պարագլուխները: Դասախոսն այս հարցին պատասխանեց, որ չկա որևէ օրենք, որով նրանց կարելի լինի հանձնել արդարադատությանը: Հետագայում Լեմկինը որոշեց մասնագիտանալ միջազգային իրավունքի մեջ՝ իր կյանքը նվիրելով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրությանը, ինչը, ի թիվս այլոց, ճանապարհ հարթեց 1948-ին Կոնվենցիայի ընդունման համար: Լեմկինը նշում էր, որ «ցեղասպանություն» եզրույթը սահմանել է՝ նկատի ունենալով նաև հայերի նկատմամբ իրագործված զանգվածային բնաջնջումը: Շոան էր, որ դրդեց միջազգային հանրությանը՝ կոդիֆիկացնելու ցեղասպանության հանցագործությունը՝ 1948-ին ընդունված Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի միջոցով: Հետագա յոթ տասնամյակները ցույց տվեցին, որ միայն բարի կամքը բավարար չէ՝ նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը բացառելու համար:
20-րդ դարի ցեղասպանությունների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ցեղասպանություն իրականացնողները տարբեր աշխարհագրական տարածքներում և տարբեր պատմական ժամանակաշրջաններում «բավական հմտացել էին» իրենց մարդասպան նախորդների մարտավարությունները յուրացնելու և նրանցից սովորելու գործում: Երիտթուրքերի՝ «Միություն և առաջադիմություն» կոմիտեն Թուրքիայում, Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը Գերմանիայում, Հուտուների՝ Հանուն ժողովրդավարության ազգային հեղափոխական շարժումը Ռուանդայում, բոլորն օգտագործում էին հատուկ ռազմականացված կազմակերպությունները՝ որպես զանգվածային սպանությունների հիմնական իրականացնողներ: Դրանք էին «Թեշքիլաթը Մահսուսեն», «Շուցշտաֆելը», «Ինտերեհամվեն»: Մարդկության դեմ իրականացված այս և այլ հանցագործություններ մի շարք նմանություններ ունեն՝ զոհերի հալածանքները, նրանց ունեցվածքի բռնագրավումը, կոտորածների իրականացման ձևերը: Էթնիկ, կրոնական փոքրամասնությունների և այլ խմբերի նկատմամբ բռնաճնշումները ու նրանց մշակութային ժառանգության ոչնչացումը, անհանդուրժողականությունը և դեմոնացումը, սահմանափակ էթնիկ զտումները կարող են հանգեցնել ցեղասպան մթնոլորտի ի հայտ գալուն, ուստի պահանջում են միջազգային հանրության անհապաղ, անվերապահ և համատեղ կանխարգելիչ ջանքերը:
Մի վայրում ցեղասպանության կանխարգելման ձախողումը պարարտ հող է նախապատրաստում այլ վայրերում կրկնության համար: Այս համատեքստում շատերն են հղում կատարում Հիտլերի` 1939-ի օգոստոսյան արտահայտությանը, երբ նա հռետորական հարց տվեց. «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»:
Ցեղասպանություններն ի հայտ չեն գալիս համաձայն մեկ ընդհանուր մոդելի: ՈՒստի կանխարգելիչ մեխանիզմներ մշակելու նպատակով մենք պետք է հստակ պատկերացում ունենանք՝ ցեղասպանությունների պատմության, նրանց պատճառների, իրագործման մեթոդների և հետագա զարգացումների վերաբերյալ: Միաժամանակ, մենք պետք է պատրաստ լինենք՝ դասեր քաղելու նախկին սխալներից և դիմագրավելու նոր մարտահրավերներին:
Ժամանակակից հիմնարար փաստաթղթերից մեկը, որն ընդգրկում է ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնական միջոցները, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2013-ի մարտի 22-ի Հայաստանի նախաձեռնած բանաձևն է, որը համահեղինակել է 62 երկիր: Այն նախատեսում է ցեղասպանության կանխարգելման համար անհրաժեշտ միջազգային միջոցառումների` ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուների ձեռնարկում, մասնավորապես՝ վաղ նախազգուշացում, մարդու իրավունքների պաշտպանություն և հանրային իրազեկվածության բարձրացում: Այս հենասյուները ներառում են մի շարք բաղկացուցիչ տարրեր:
Առաջին. բանաձևը նախատեսում է, որ միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ բացահայտի ցեղասպանության վտանգը, որպեսզի արագ արձագանքի, քանի դեռ շատ ուշ չէ: Սովորաբար, ցեղասպանություն իրագործողները ձգտում են հնարավորինս երկար թաքցնել իրենց մտադրությունները: Այդուհանդերձ, նրանց համար բավական բարդ է նման ծանր հանցագործության նախապատրաստումը երկար ժամանակ թաքցնել: Հետևաբար, միջազգային հանրությունը և, մասնավորապես, միջազգային կազմակերպությունները պետք է բացահայտեն ցեղասպան մթնոլորտի ակունքները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցագործությանը, և արդյունավետորեն գործեն՝ կանխարգելման նպատակով:
Վերջին տասնամյակի ընթացքում թե ՄԱԿ-ը, թե տարածաշրջանային մարմինները, մարդու իրավունքների հարցերով զբաղվող որոշ հասարակական կազմակերպություններ, զգալի առաջընթաց են արձանագրել նախազգուշացման և գնահատման համակարգերի բարելավման գործում: Մենք պետք է անենք հնարավորինը՝ երաշխավորելու, որ այս առաջընթացը շարունակվի նաև առաջիկա տարիների ընթացքում: Վաղ հայտնաբերումը և նախազգուշացումն ինքնին արդյունավետ չեն լինի, քանի դեռ նրանց չեն հետևում զսպման և պաշտպանության հստակ մեխանիզմներ:
Երկրորդ. ցեղասպանության կանխարգելումը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների համակարգի մի մասն է կազմում: Վերջինս հասարակության մեջ ցեղասպան մթնոլորտի առաջացման հնարավորությունը բացառելու հիմնական և ամենաարդյունավետ միջոցն է: Կայացած իրավական ավանդույթները և բարոյական արժեքները կանգնած են այս սարսափելի հանցագործությունների դեմ պաշտպանության ամենակարևոր գոտում: Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է այնպիսի հասարակության համար, որը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի, համերաշխության և խաղաղության վրա: Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքների պաշտպանության ամուր սովորույթներ ունեցող հասարակության մեջ ցեղասպանությունը մեռելածին է, և հակառակը՝ այնտեղ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը տապալվում է, տեղի է ունենում ցեղասպանություն:
Մարդու իրավունքների պաշտպանությունն ու ցեղասպանության կանխարգելումն իրար կապող շղթան էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների պաշտպանությունն է: Հիմնականում ցեղասպանություն իրականացնողների գլխավոր նպատակն է էթնիկ փոքրամասնության բնաջնջումը: Նման հանցագործության պատճառ կարող է լինել ցանկությունը՝ կանխելու փոքրամասնություն կազմող խմբի ինքնորոշման իրավունքի իրականացումը: Այսպիսի զարգացումների հավանականությունը բացառելու նպատակով միջազգային հանրությունը պետք է օժանդակություն ցուցաբերի հատկապես բազմաէթնիկ բնակչություն ունեցող պետություններին՝ մարդու իրավունքների և, մասնավորապես, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Ավելին, այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, միջազգային հանրությունը պետք է աջակցի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խաղաղ իրագործմանը: Ինչպես նշում է անկախ փորձագետ Ալֆրեդ-Մորիս դե Զայասը վերջերս ՄԱԿ-ի համար պատրաստված զեկույցում` ինքնորոշման իրավունքը որպես հակամարտության ակունք ընկալելու փոխարեն ավելի ճիշտ է զինված հակամարտությունը դիտել որպես ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետևանք:
Վերջապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևում տեղ գտած նպատակների երրորդ հենասյունը կրթության և հիշատակման միջոցով հանրային իրազեկվածության բարձրացումն է: Սերունդները պետք է հստակ գիտելիքներ ունենան նախկինում տեղի ունեցած ողբերգությունների, իրականացված ցեղասպանությունների պատմության վերաբերյալ: Իրականացված ցեղասպանությունների լիակատար ճանաչումը և դատապարտումը ապագայում նրանց կրկին ի հայտ գալը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից են: Սա կարևոր պայման է ցեղասպանությանն անմիջապես առերեսված ժողովուրդների միջև արդյունավետ հաշտեցման հնարավորության համար: Ժողովուրդների հիշելու իրավունքը, նրանց իրավունքը նախկինում տեղի ունեցած ողբերգությունների պատմության իմացության նկատմամբ՝ կրթության և հիշատակման միջոցով, առանցքային նշանակություն ունեն ցեղասպանության կանխարգելման և դատապարտման ճանապարհին:
Ցեղասպանագետները ցեղասպանության ժխտումն ընկալում են որպես ցեղասպանության փուլերից մեկը: «Genocide Watch»-ի դասակարգման համաձայն՝ ժխտումը դասակարգվում է որպես վերջին փուլ, որն իրականացվում է ցեղասպանության ընթացքում և շարունակվում է դրանից հետո: Այն դասվում է հետագա ցեղասպանությունների ամենաակնհայտ պատճառների շարքին, որովհետև անպատժելիությունը, ժխտումը, ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Ապագա ցեղասպանությունների կանխարգելման իրենց ջանքերում միջազգային հանրությունը՝ անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից, պետք է միասնական գործի՝ նախկինում իրագործված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատժման հարցերում` հատկապես հաշվի առնելով Վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968թ. կոնվենցիան: Ինչպես նշվում է բանաձևի նախաբանում` ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիությունը խրախուսում է նրանց կրկնությունը և հիմնական խոչընդոտ է ժողովուրդների միջև համագործակցության խորացմանը և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն աջակցմանը, իսկ նման հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը կարևոր գործոն է՝ դրանցից խուսափելու գործում: Ցեղասպանության հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի ժառանգների, այլև՝ իրականացնողների ժառանգների համար: Այդ օրերին պետք է վերաբերվել ճանաչման և հաշտեցման ձգտումով: Իրական հաշտեցման հնարավոր չէ հասնել՝ անցյալը մոռանալով և երիտասարդ սերունդներին ժխտողական հեքիաթներով սնուցելով:
Ժամանակակից գլոբալացված աշխարհում ավելի ու ավելի անհնար է դառնում պետության համար սեփական հասարակությունից նախկին ողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստերի թաքցնումը: Հետևաբար, ժխտման և փաստերի աղավաղման քաղաքականության շարունակումը պարզապես ավելացնում է անդունդը կառավարության և հասարակության միջև այնպիսի պետության մեջ, որը կամ որի նախնիները իրականացրել են ցեղասպանություն:
Քաղաքակիրթ աշխարհը պետք է վճռականորեն մերժի խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ատելության հրահրման, ռասիզմի և անհանդուրժողականության տարածման, ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության քողարկման փորձերը: Այսօր ժխտողականության գործիքներից մեկը զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման և զոհերի ու հանցագործների հավասարեցման փորձերն են: Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում այս նոր «փափուկ ժխտման» մարտավարությանը:
Սրանք են այն հիմնական միջոցները, որոնք նախատեսված են ցեղասպանության կրկնությունը կանխելու համար: Սակայն ինչպիսի միջոց էլ ձեռնարկվի, մենք չենք կարող ակնկալել դրական արդյունքներ, քանի դեռ չկա հստակ գիտակցում, թե որքան կարևոր է կանխել ցեղասպանության որևէ դրսևորում, և անհրաժեշտության դեպքում իրականացնել գործնական քայլեր՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով: Ձեռնարկվելիք ջանքերը հաջողությամբ կպսակվեն, եթե մենք պահպանենք, կատարելագործենք և կիրառենք կանխարգելման համար բոլոր միջոցները: Ականատես լինելով ցեղասպանությունների նոր փորձերին և դրանց ժխտման նոր մարտավարություններին՝ կարող ենք արձանագրել, որ, ինչպես ուղիղ հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ հրամայական»:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ