ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Դատական և օրենսդիր իշխանությունները գործադիրի կողքից կախված թևեր են դարձել»

«Դատական և օրենսդիր  իշխանությունները գործադիրի  կողքից կախված թևեր են դարձել»
21.04.2015 | 00:17

Թեև օրենքներ գրելն ու մշակելը Ազգային ժողովի հիմնական «գործն» է, բայց պարզվում է, կառավարությունն ավելի շատ օրենքներ է ներկայացնում խորհրդարանի քննարկմանը, քան պատգամավորները: Քառօրյաներ են լինում, երբ օրակարգում մեկ կամ երկու նախագիծ է պատգամավորների ձեռքի «շնորհքը» լինում, մեծ մասը կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնություն է: Այս խնդրի մասին վերջերս բարձրաձայնեց նաև անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, ում մի քանի հարց ուղղեցինք:

-Ինչո՞ւ է պատկերն այսպիսին: Պատգամավորնե՞րն են թերանում իրենց աշխատանքում, որ կառավարությունն իր ուսերին է վերցրել նրանց գործը:
-Խնդիրը, նախ, Սահմանադրության տեսանկյունից պիտի դիտարկել: Երկու կառույց իրավունք ունեն օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու` կառավարությունը և Ազգային ժողովը: Նախկին Սահմանադրությամբ (մինչև 2005-ի սահմանադրական բարեփոխումներ) երեք մարմին օրենսդրական նախաձեռնությամբ կարող էին հանդես գալ՝ նախագահը, կառավարությունը, պատգամավորը: Երբ դիտարկում ենք՝ ընդունված օրենքների քանի տոկոսն է կառավարության ներկայացրածը, քանիսը` պատգամավորների, պարզվում է` 95 տոկոսը կառավարությանն է: Իհարկե, նորմալ է, որ իշխող մեծամասնությունն իր քաղաքականությունն է իրականացնում, բայց անգամ քաղաքական մեծամասնության անդամների ու նաև այլ խմբակցությունների պատգամավորների նախագծերը, ունենալով հանձնաժողովի դրական եզրակացությունը, «լռվում-մնում» են օրակարգում, քանի որ կառավարությունը մշտապես օգտվում է արտահերթ նիստ հրավիրելու, քսանչորսժամյա ռեժիմ սահմանելու իր իրավունքից: Քառօրյաների ժամանակ իրենց նախագծերն արագ-արագ քննարկվում, ընդունվում են, պատգամավորների նախագծերն էլ մնում են չքննարկված և օրակարգից օրակարգ են տեղափոխվում:
-Ի՞նչ կերպ պետք է կարգավորվի հարցը:
-ԱԺ նախագահը պետք է առաջնահերթությունների հարցը վերանայի և ավելի շատ պատգամավորների նախագծեր քննարկման դնի: Բայց ակնհայտ է, որ կառավարությունն անընդհատ ճնշում է գործադրում, որ իր նախագծերը շուտ քննարկվեն, ուստի 95 տոկոսը կառավարության հեղինակած նախագծերն են: Այստեղ կա նաև սահմանադրական իրավունքների խախտման խնդիր, որովհետև պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքը դառնում է պատրանքային իրավունք: Մինչդեռ այդ իրավունքը հավասարապես է տրված ու չի կարող մեկի պարագայում մյուսի նկատմամբ դոմինանտ լինել:
-Գուցե պատճառն այն է, որ խորհրդարանում քի՞չ են օրենսդրական աշխատանքից «գլուխ» հանող պատգամավորները, և կառավարությունը որոշել է ի՞նքը լրացնել բացը:
-Անգամ այդ քիչ պատգամավորների նախագծերն էլ տարիներով մնում են օրակարգում ու չեն քննարկվում:
-Գուցե կառավարությունը չի՞ վստահում անգամ այդ քիչ պատգամավորների նախագծերին:
-Բայց կառավարությունն ի՞նչ գործ ունի խորհրդարանի հետ: Որ նախագծին չի վստահում, ի սկզբանե բացասական եզրակացություն է տալիս: Խոսքն արդեն դրական եզրակացության արժանացած նախագծերի մասին է, որոնք օրակարգում են, սակայն չեն դրվում քննարկման:
-Ստացվում է՝ երկրի կառավարման մեկ օղակի` Ազգային ժողովի դերակատարությունը, որպես օրենքներ ստեղծող մարմնի, ստվերվում է մյուս թևի` կառավարության գործելաոճի պատճառո՞վ:
-Գործադիրը իշխանության մյուս երկու թևերից շատ առաջ է անցել, մինչդեռ պետք է գործի փոխզսպման և հավասարակշռման սկզբունքը: Մեզանում այդ սկզբունքը ոչ թե խախտվել է, այլ ընդհանրապես գոյություն չունի: Դատական և օրենսդիր իշխանությունները գործադիրի կողքից կախված թևեր են դարձել, ոչ թե իշխանության հավասար ճյուղեր: Այստեղ կան և՛ օրենսդրական, սահմանադրաիրավական խնդիրներ, և՛ բազմաթիվ պրակտիկ քաղաքական հարցեր: Օրինակ, օրենսդրական գործունեությամբ զբաղվելու ամբողջ ռեսուրսը կենտրոնացած է կառավարությունում: Եթե կառավարությունում օրենքի նախագծերը մշակում են վարչությունները, միջազգային վարկերով աշխատող ԾԻԳ-երը, իրավաբանական խմբերը, խորհրդարանում օրենքի նախագիծն ստեղծվում է պատգամավորի ու նրա օգնականի ջանքերով: Պարզ է, չէ՞, որ այնտեղ ավելի շատ օրենքներ կգեներացվեն: Խորհրդարանն ի՞նչ պիտի անի, սպասի՞, որ կառավարությունից օրենքներ բերեն, ու ինքը ընդունի՞: Պարզ է, որ ինձ նման պատգամավորները ձեռքները ծալած չեն սպասում, փորձում են ազդել ներկայացված նախագծերի վրա: Առաջարկություններ, մտահոգություններ ենք ներկայացնում, հղկում ենք, բայց սա լուծում չէ, սա օրենսդրական նախաձեռնություն չի նշանակում: Օրենսդրական նախաձեռնության ինստիտուտն այս պահին խաթարված է:
-Պատգամավորներին մշտապես հասցեագրվող այն մեղադրանքները, թե ընդամենը «կոճակ» են սեղմում, կառավարության նախագծերն են դակում, հիմք ունե՞ն:
-Այդ որակումները շատ են հնչում: Այն, որ կառավարության ներկայացրած նախագծերը պետք է շատ լինեն, պարզ է ու նորմալ, որովհետև քաղաքական մեծամասնությունը ձևավորել է կառավարություն, որպեսզի իր ծրագրերն իրականացնի: Կառավարությունն էլ դրա հիման վրա կազմում է օրենսդրական նախաձեռնություններ ու բերում խորհրդարան, նրանք էլ «կոճակները» սեղմում, ընդունում են: Բայց դա չի կարող 95 ու 5 տոկոսի հարաբերակցություն լինել, գոնե 60/40, 70/30 հարաբերակցություն պիտի պահպանվի, որպեսզի չտուժեն պատգամավորների նախագծերը:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ