Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Պրուսիան ամբողջովին իրազեկ էր հայերի ցեղասպանության գաղափարին և ինքն էր նախապատրաստում իրականացնողներին

Պրուսիան ամբողջովին իրազեկ էր հայերի ցեղասպանության  գաղափարին և ինքն էր նախապատրաստում իրականացնողներին
10.04.2015 | 00:32

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ։


-Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Թեշքիլաթը մահսուսեն»:
-Երիտթուրքերը Հայոց ցեղասպանության իրագործման համար ստեղծեցին գաղտնի կազմակերպություն՝ «Թեշքիլաթը մահսուսե» անունով, որ նշանակում է հատուկ կազմակերպություն: Որպեսզի ժամանակաշրջանի բոլոր հարցերի պատասխանները առավելագույնս ճիշտ տրվեն, պիտի վերլուծվեն բոլոր շահադիտական նկատառումները: Եթե միայն 1900-ական թթ. առաջին տասնամյակը վերցնենք, 1908-ը, երբ երիտթուրքերն արդեն եկել էին իշխանության, թեկուզ կիսով, մինչև 1923-ին հանրապետական Թուրքիայի ստեղծումը, որպեսզի հասկանանք հիմնական դերակատարներին, պիտի պատասխանենք «ո՞ր պետությունները շահեր ունեին» և «այդ պետությունների ներկայացուցիչները ինչպե՞ս էին գործում տարածաշրջանում» հարցերին: Ես ուսումնասիրել եմ Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ներկայացուցիչներին Օսմանյան տերության ժամանակահատվածում: Միայն անունները նայելիս՝ պատկերը պարզվում է: Գլխավոր դերում Գերմանիան է: Առանց Գերմանիայի հնարավոր չէ իթթիհադի մասին խոսել ընդհանրապես: Երբ 1908-ին իթթիհադականները եկան իշխանության, Օսմանյան կայսրության պետական գանձարանը դատարկ էր, եթե հայերի և հույների արտադրությունները չլինեին, պարենով չապահովեին, կայսրությունը գոյություն չունեցող պետություն էր, որ դատարկ ձեռքով մտավ Բալկանյան պատերազմի մեջ, ուներ միայն մարդուժ, որն էլ վերջին ճիգերն էր գործադրում: Մարդիկ էլ արդեն զզվել էին չարքաշ կյանքից և չէին ուզում իրենց զավակներին ուղարկել պատերազմ՝ մեռնելու: Լիման ֆոն Սանդերսը՝ (1) գերմանական բանակի ծագումով հրեա գեներալը, 16-էջանոց զեկույց ունի Վիլհելմ կայսրին (2) Օսմանյան պետությունից, որտեղ նշում է՝ երբ Օսմանյան կայսրությունը անվանում են «հիվանդ մարդ», այդքան էլ իրավիճակը չի բնութագրում, ավելի ճիշտ է ասել՝ «մեռած մարդ»: Սանդերսը կայսերը զեկուցում է, որ օսմանյան բանակ գրեթե գոյություն չունի և եթե Պրուսիան չկարողանա իր ձեռքը վերցնել բանակի վերակառուցումն ու գաղտնի սպասարկության ծառայությունը, չի կարողանա իրագործել «ծրագիրը, որը Ձեզ հարազատ է»:
-Ի՞նչ հարազատ ծրագրի մասին է խոսքը:
-Կայսր Վիլհելմն ուներ աշխարհակալ դառնալու ծրագիր, որին խոչընդոտ էր համարում Ռոմանովյան Ռուսաստանը, Վիլհելմը պատրաստ էր ամեն ինչի, միայն ծնկի բերի Ռուսաստանին: Պրուսիան ամենից շատ վախենում էր ռուսներից, ոչ Անգլիայից, ոչ Ֆրանսիայից, ոչ Իտալիայից: Պրուսիան Օսմանյան կայսրությունը միջոց դարձրեց՝ Ռուսաստանի հետ հարցերը լուծելու համար՝ փակելով Ռուսաստանի հարավային դարպասները ծովում՝ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներից: Օսմանյան կայսրության ամբողջ ներուժը իր ձեռքում հավաքելով՝ կայսրը կարողացավ իր ծրագիրն ավարտին հասցնել: Պրուսիան մեր ազգի պատմության մեջ ունի շատ կարևոր դերակատարում: Նախ՝ Հայկական հարցը 1878-ին Բեռլինի կոնգրեսում բարձրացվեց դառնալով 61-րդ հոդված (3): Արդեն այդ ժամանակ գերմանացիները հասկացել էին՝ ինչ կարելի է անել Հայկական հարցը շահագործելով՝ Օսմանյան կայսրության վրա ճնշում գործադրելու համար: Նրանք գտան փաստարկ, որ խփում էր անգլիացիների, ֆրանսիացիների, ռուսների ուղիղ շահերին՝ Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցման նախագիծը: Պրուսիան շահեց տենդերը 1897-1898 թթ.: Երբ սիոնիստների ներկայացուցիչը փորձում էր հանդիպել սուլթան Աբդուլ Համիդին, այդ նույն տարում առաջին անգամ Կ. Պոլիս է այցելում կայսր Վիլհելմը և մեծ ընդունելության է արժանանում: Այցի ընթացքում էլ կայացվում է օսմանյան բանակի վերակառուցումն ամբողջովին Պրուսիային հանձնելու պատմական որոշումը՝ 1898-ին, Կոստանդնուպոլսում: Ամբողջ ռազմական մեքենան հանձնվում է գերմանացիներին, ինչպես Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը: Գերմանացիների համար շատ կարևոր հանգամանք էր հայերի աշխատասեր, ստեղծարար լինելը, որովհետև հատկապես Կիլիկիայից Բաղդադ ամենահայաբնակ տարածքն էր, և երկաթուղու կառուցումը հայերին կարող էր վերելքի տանել՝ օգտագործելով ճարտարապետական, ճարտարագիտական, շինարարական ողջ ներուժը: Այս ամենը ի գործ դնելով հանդերձ՝ 1912-1913-ին գերմանական մեքենան ամբողջովին իրազեկ էր հայերի ցեղասպանության գաղափարին և ինքն էր նախապատրաստում իրականացնողներին:
-Թուրքիան խնդիր ուներ լուծելու, Գերմանիայի ինչի՞ն էր պետք հայերի ցեղասպանությունը:
-Միանգամայն հակառակը: Գերմանիան խնդիր ուներ, ոչ թե Թուրքիան: Անգլիան ազդեցություն ուներ Բաքվի նավթարդյունաբերության վրա Ռոտշիլդների ձեռքով, նավթարդյունաբերության ոլորտում հայերի զգալի ներկայությունը բրիտանացիներին ցանկալի չէր, որովհետև Ռոտշիլդները, լինելով տնտեսության աշխարհակալության ձգտող սիոնիստական մեգաընկերություն, հայերի հետ շահերի բախման առաջ էին կանգնել: Գերմանիան ուզում էր Կովկասում՝ դեպի հարավ-արևելք, դեպի Հնդկական օվկիանոս իր ազդեցության ոլորտն ունենալ: Այդ ժամանակ երկու կարևոր գործոն կար. մեկը Բաղդադն էր, շատ կարևոր կենտրոն, որ ամբողջությամբ բրիտանացիների տիրապետության տակ էր և այդպես էլ մնաց, երկրորդ հատվածը Կովկասն էր: Գերմանացիները Կովկաս մտան Վրաստանով և Բաքու չհասան, որովհետև այնտեղ բրիտանացիներն էին: Մեծ Բրիտանիան այդ ժամանակ արևը չմարող կայսրություն էր, և աշխարհակալ տերություն դառնալ ցանկացող Գերմանիան պետք է այդ դիրքերը իր ձեռքը վերցներ: Այդ երկու կետով Գերմանիան պատնեշում էր Ռուսաստանը և իջնում էր դեպի հարավ՝ դա էր Վիլհելմ կայսեր մեգածրագիրը, որը պետք է իրագործեր: Ամենաթույլ կետը Օսմանյան կայսրությունն էր՝ գրպանը դատարկ, անգործունակ պետական միավոր: 19-րդ դարի ազգային-ազատագրական պայքարներն էին սկսվել, ոտքի էին կանգնել բալկանյան ժողովուրդները: Բեռլինի կոնգրեսը այդ տարածք մուտք գործելու առիթ դարձավ, և Գերմանիան առիթը սքանչելի օգտագործեց ու մի քանի տարում ֆրանսիական ու անգլիական կառույցները օտարելով՝ ինքը դարձավ տիրապետող: 1897-1898 թթ. գերմանացիները դեռ սուլթան Աբդուլ Համիդի իշխանության օրոք նախապատրաստում էին իթթիհադականների իշխանության գալը, տասը տարուց գերմանական պետական մեքենան հաջողություն գրանցեց՝ գահընկեց արվեց սուլթանը, իշխանության եկան երիտթուրքերը, որովհետև պետության երկու շատ կարևոր հատվածները՝ ռազմական ու տնտեսական, իրենց ձեռքն էին վերցրել: Ասեմ ավելին՝ Պրուսիան միատարր չէր, քաղաքական տարբեր ուժեր կային: Կարևոր քաղաքական դեմքեր էին Կառլ Լիբկնեխտը, Կառլ Կաուցկին, Բեռնշտայնը: Նրանք ինչպե՞ս էին վերաբերվում Հայկական հարցին, Օսմանյան կայսրությունում հայության վիճակին: Պապից ավելի պապական էին: Լինելով կայսեր ընդդիմություն, այս հարցում նրա հետ ձեռք ձեռքի էին գործում և ողջունում էին Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականությունը: Երբ Վիլհելմ կայսրը պիտի գնար Կ. Պոլիս Աբդուլ Համիդի հետ հանդիպման, մամուլը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս պիտի սեղմեք մի մարդու ձեռք, որ թաթախված է հայերի արյան մեջ: Նրան պաշտպանում են սոցիալիստները՝ հայտարարելով, որ կայսեր քաղաքականությունը արտահայտում է Գերմանիայի շահերը: Նրանք կարծում են, որ Գերմանիայի ինդուստրիայի աշխատանքի համար նոր շուկաներ են պետք, նոր շուկաներում կձևավորվի պրոլետարիատը, կլինի դասակարգային պայքար և հակաիմպերիալիստական շարժման ձևավորում: «Դոյչե» բանկը դուրս մղեց Բանկ Օտտոմանին, որ պրոֆրանսիական էր ու ամբողջ առևտրատնտեսական ելումուտը, հաշվարկները, տնտեսական մեծ նախագծերը արդեն գերմանական էին ու այդպես՝ մինչև Մուստաֆա Քեմալ: Մինչև 1923-ին հանրապետական Թուրքիայի ստեղծումը չկա մեկ կարևոր հրամանատար, որ գերմանական բանակում պատրաստություն չի անցել, գերմանախոս չէ ու գերմանական զենքով չի սովորել: Երևի միակ բացառությունը ծովային նախարար Ջեմալ փաշան էր, որ հակված էր դեպի Ֆրանսիան, բայց նրա գաղտնի զեկույցներում կան խոստովանություններ, որ իրեն ֆրանսամետ էր ցույց տալիս՝ ֆրանսիացիների վստահությունը շահելու համար, իրականում աշխատում էր Գերմանիայի ազդեցության մեծացման վրա: Ջեմալ փաշան նաև Ռուսաստանը պատերազմի մեջ ներքաշելու գործում մեծ դեր ունի՝ նա թուրքերի սադրանքը նախապատրաստած գաղտնի խմբի երեք գործող անձանցից մեկն է՝ Թալեաթը, ինքը և մի գերմանացի: Գերմանիայի դեսպանը Վիլհելմ կայսրից հրահանգ ուներ՝ սադրելու ռուսներին, որ մտնեն պատերազմի մեջ, և Օսմանյան կայսրությունը կատարեց այդ հրահանգը: Գերմանիան անմիջապես պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, որովհետև իբր թե Օդեսայում, իր երկու նավերի վրա հարձակում էր գործվել: Ջեմալ փաշայի այդ նախաձեռնության մասին գիրք էլ կա: Կայսր Վիլհելմը 1898-ից օսմանյան մեռած ռազմամեքենան ինչպե՞ս կարողացավ ոտքի կանգնեցնել և պատերազմ մտցնել: Թուրքական կայսրությանը բոլորովին ձեռնտու չէր կտրել ծառի այն ճյուղը, որի վրա նստած էր՝ ոչնչացնել հայերին ու հույներին, չէ որ նրանց աշխատանքով էր ապրում: Լավ, ոչնչացրեց, ինքը ի՞նչ էր շահում դրանից: Այդ շահն ունեին ուրիշները:
-Ի՞նչ շահ ուներ Գերմանիան:
-Գերմանական կայսրությունը ռազմարդյունաբերական հսկա «Կրուպ» և «Մաուզեր» ընկերություններին հինգ միլիոն մարկ էր հատկացրել, որ այսօրվա մի քանի միլիարդ դոլարին համարժեք գումար էր, Օսմանյան բանակի նվազագույն պահանջները բավարարելու համար: Արտադրությունն աշխատում էր առանց ընդմիջումի՝ երեք հերթափոխով: Նպատակը մեկն էր՝ նախապատրաստվում էին համաշխարհային պատերազմի՝ իրենց աշխարհակալությունը հաստատելու համար:
-Հայերն ինչո՞վ էին Գերմանիային խանգարում:
-Գերմանական երկու կազմակերպություններն էլ գործում էին հրեական կապիտալով: Այդ ժամանակվա Գերմանիայում գրեթե ամբողջ տնտեսությունը, արտադրությունը, բանկային համակարգը՝ փողի շրջանառությունը, սիոնիզմի հետևորդ հրեաների ձեռքում էին: Ալեքսանդր Պարվուսը հենց Վիլհելմ կայսեր ծրագրերի իրագործման համար Կոստանդնուպոլիս ուղարկված անձն էր և ինքն էր ապահովում Օսմանյան կայսրության ռազմական արդյունաբերության ֆինանսավորումը և անպատկերացնելի մեծ հարստություն էր կուտակում փողերի ու տոկոսների վրա: Երբ Ալեքսանդր Պարվուսը Օսմանյան կայսրության մեջ իր չար գործը ավարտեց, դեռևս 20-րդ դարի սկզբին սկսած ու կիսատ թողած Ռուսական կայսրության քանդման աշխատանքներին նվիրվեց: Գերմանիան հակառուսական ճակատում՝ դիվանագիտական, տնտեսական, ռազմական, քաղաքական, միշտ պահել է յոթ-ութ մարդու՝ բոլորն էլ ոչ միայն հրեա, այլև գործող սիոնիստական կազմակերպության երևելի դեմքեր: Նրանց նպատակը դեպի Պաղեստին հրեաներին բնակության ուղղելն էր: Ռուսական կայսրության մեջ հրեաները անընդհատ ճնշված վիճակում էին, Օսմանյան կայսրության սուլթանը տնտեսական այդքան վատ վիճակում գտնվելով հանդերձ՝ 21 միլիոն ոսկին մերժելով՝ տեղ չէր տվել: Մնում էր իշխանության փոփոխություն: Իթթիհադը պատրաստող ու խաղի մեջ մտցնող նույն գերմանական մեքենան հրեաներն էին ղեկավարում: Ընդհանուր ծրագիր կար, որ նույն մարդիկ տարբեր երկրներում իրագործում էին: Ռուսաստանը ծնկաչոք անել, Օսմանյան կայսրությունը իրենց ձեռքը հավաքել և ստիպել իրենց քաղաքականությունը առաջ տանել, բրիտանացիներին խեղճացնել, Ֆրանսիայի շահերը ոտնատակ տալ: Թուրքերը մինչև հիմա էլ այդպես են բացատրում՝ մենք իբրև գերմանացիների դաշնակից մտանք պատերազմի մեջ Ռուսաստանի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի դեմ: Ի՞նչ եղավ հետո: Ստեղծվեց մի թուրքական պետություն՝ Թուրքիայի Հանրապետությունը, մի քանի տարի հետո՝ Իսրայել պետությունը: Հայերի ոչնչացումը իրենց տվեց ազատություն՝ հայերն այդ ամբողջ տարածքի բնիկ ժողովուրդն էին վաղնջական ժամանակներից, բարձր քաղաքակրթություն կրող ազգային միավոր, հայերը ուրիշ ուժի չէին կարող ենթարկվել, նույն վայրում ուրիշն էր ուզում իր պետությունը ստեղծել, և հայի ներկայությունը խանգարում էր: Հայաստանն իբրև ինքնուրույն պետականություն, գոնե ինքնավարություն ունենալու ժամանակաշրջանը և սիոնիզմի ծննդի ժամանակաշրջանը զուգահեռ էին և խանգարում էին միմյանց՝ կամ մեկը պիտի մնար, կամ՝ մյուսը:
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
(1) Oտտո Լիման ֆոն Սանդերս կամ Սանդերս փաշա (1855-1929 թթ.), մեծահարուստ կալվածատեր հրեայի ընտանիքում է ծնվել: Գերմանական բանակում ծառայության սկզբից հրեական ծագումը թաքցնելու համար օգտագործել է կնոջ ֆոն Սանդերս ազգանունը և կարճ ժամանակում դարձել գեներալ: 1913 թ. Գերմանիայի բանակի՝ օսմանյան բանակում իբրև ուսուցում և թիկունքային օգնության կազմակերպման հանձնաժողովի նախագահ, նշանակվեց 1-ին բանակային կորպուսի հրամանատար: Վերջին 80 տարիներին օսմանյան բանակը եվրոպական ժամանակակից բանակների մակարդակին հասցնելու ջանքերի իրագործման վերջին մասնակիցն է հանդիսացել: Առաջին աշխարհամարտի նախօրեին երիտթուրքական կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշային դաշնակցելով Գերմանիայի հետ պատերազմին մասնակցելու առաջարկը Բեռլին հասցնող ամենաբարձրաստիճան զինվորական և 1914 թ. օգոստոսի 1-ին Գերմանիայի և Օսմանյան կայսրության միջև դաշնակցության գաղտնի համաձայնությունը ստորագրողն է եղել: Ըստ այս դաշնագրի, օսմանյան բանակների զինվորական որոշումներն ընդունող և գործողություններում որոշիչ ուժը պետք է լիներ Գերմանիան: Կարճ ժամանակ հետո, Էնվեր և Ջեմալ փաշաների ազդեցությամբ օսմանյան բանակների հրամկազմի ամբողջ իրավասությունն ու հսկողությունը գերմանացիների ձեռքում էին: 1915-ի մարտի 18-ից Դարդանելի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով նրան 5-րդ բանակի հրամանատար նշանակեցին: Լիման ֆոն Սանդերսը նշանակվեց պատերազմի վերջին տարում՝ 1918 թ., անգլիացի գեներալ Ալենբիից խայտառակ պարտություն կրած գերմանացի մի այլ գեներալի՝ Էրիխ ֆոն Ֆալկենհայմի տեղը, դառնալով Պաղեստինում օսմանյան կայծակնային կոչվող 4-րդ, 7-րդ, 8-րդ բանակների ընդհանուր հրամանատարը, ստանալով օսմանյան մարշալի կոչում:
Պատերազմի ավարտից հետո 1919-ի փետրվարին, երիտթուրքերի հետ ձերբակալվելով, Մալթա աքսորվող Ֆոն Սանդերսը իբրև «պատերազմի հանցավոր» դատվելով՝ 6 ամիս անց ազատ արձակվեց և Գերմանիա վերադարձավ: Առաջին աշխարհամարտի տարիներին իր ապրածն ու Մալթա կղզի աքսորվելու ժամանակահատվածի մասին հուշերը գրառել է 1927 թ. հրատարակած «5 տարի Թուրքիայում» գրքում:
(2) Վիլհելմ II (1859-1941 թթ.), Գերմանիայի կայսր և Պրուսիայի թագավոր (1888-1918): Վիլհելմի կառավարումը նշանավորվեց Գերմանիայի հզորացմամբ և Եվրոպայի հզորագույն պետությունների մեկի վերածմամբ: Սակայն Վիլհելմի կառավարումը ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությամբ և կայսրության անկմամբ: Նա բավական բացասական դեր է խաղացել Հայկական հարցում` սատարելով Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի հակահայ քաղաքականությանը:
(3) 1878-ին Բեռլինի դաշնադրությունում Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցված 61-րդ հոդվածում ասված էր հետևյալը. «Բարձր դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»: Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Օսմանյան կայսրության ներքին գործերին: Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար: Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով: Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից: Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Օսմանյան կայսրությանը:

Դիտվել է՝ 2613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ