ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Եթե տեղերն իրար մեջ բաժանել են, էլ ինչի՞ համար ենք ընտրություններ անցկացնում»

«Եթե տեղերն իրար մեջ  բաժանել են, էլ ինչի՞ համար ենք ընտրություններ անցկացնում»
03.04.2015 | 00:50

ԼՂՀ-ում մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է: Այս անգամ ընտրություններին մասնակցում են երեք իշխանական և չորս ոչիշխանական կուսակցություններ: Վարչապետ Արա Հարությունյանը գլխավորում է «Ազատ հայրենիք» կուսակցության ցուցակը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը` Արցախի ժողովրդավարական կուսակցության, իսկ փոխվարչապետ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանը` ՀՅԴ ցուցակը:
Ընդդիմադիր դաշտն առավել հարուստ գունաբույլով է ներկայացված` «Ազգային վերածնունդ», «Շարժում-88», ինչպես նաև նորաստեղծ «Խաղաղություն և զարգացում»:
Այսպիսով, ընտրություններին մասնակցում է յոթ կուսակցություն: Մեծամասնական ընտրակարգով 11 ընտրատարածքներում էլ 50 թեկնածու է առաջադրվել: Նախընտրական տրամադրությունների շուրջ զրուցում ենք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

-Նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ մրցակցային դաշտում բավականին շատ քաղաքական ուժեր են հայտնվել: Ինչո՞վ է պայմանավորված նման ակտիվությունը:
-Արցախում միշտ էլ ակտիվ են եղել քաղաքական գործընթացները: Այս ընտրություններն էլ բացառություն չեն: Ներկայացված են խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր: Այսօր գործող ԱԺ-ում ներկայացված ու նաև ընտրություններին մասնակցող ուժերն են «Ազատ հայրենիքը», Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն և «Շարժում-88»-ը:
-Նախընտրական մթնոլորտն ինչպիսի՞ն է:
-Հանգիստ է ընթանում: Դեռ մի քանի օր է անցել քարոզարշավի մեկնարկից, կարծում եմ, ամեն ինչ հարթ կանցնի:
-Հստակեցվա՞ծ է, թե որ երկրների ներկայացուցիչներն են դիտորդական առաքելություն իրականացնելու:
-Առայժմ հայտնի է, որ մի քանի տասնյակ երկրներից դիտորդներ լինելու են: Դեռևս բանակցությունները շարունակվում են: Լինելու են աֆրիկյան, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ասիայից: Այլ խոսքով, սպասում ենք աշխարհագրական լայն շառավիղ ունեցող դիտորդական խմբերի:
-ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արթուր Աղաբեկյանի շուրջ խնդիրներ էին ծագել, որին անդրադարձան նաև հայաստանյան լրատվամիջոցները: Ընտրություններին նրա մասնակցության օրինականությունը կասկածի տակ դրվեց: Տեսակետ եղավ նաև, որ դա պայմանավորված է «Ազատ հայրենիք» կուսակցության և Արթուր Աղաբեկյանի միջև հակասությամբ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ի՞նչ հակասություններ:
-Ըստ լուրերի, վարչապետի աթոռի շուրջ «կռիվներ» են ընթանում:
-Այդ հարցին չպետք է խոսակցությունների, շշուկների մակարդակով մոտենալ: Արթուր Աղաբեկյանը ՀՅԴ անդամ է, որը մասնակցում է ընտրություններին: Այստեղ ի՞նչ կապ կարող են ունենալ «Ազատ հայրենիք» կուսակցությունը կամ գործող վարչապետ Արա Հարությունյանը: Լինելով փոխվարչապետ, Արթուր Աղաբեկյանը նաև Արցախի ՀՅԴ-ի ղեկավարներից է ու բնական է, որ ընտրություններին պիտի իր կուսակցությամբ մասնակցեր: Այստեղ որևէ տարօրինակ բան չկա:
-Մեկ այլ խոսակցության համաձայն, իշխանական երեք կուսակցություններն արդեն խորհրդարանի տեղերն այնպես են բաշխել, որ ընդդիմությանը «ոտքի» տեղ չեն թողել:
-Եթե տեղերն իրար մեջ բաժանել են, էլ ինչի՞ համար ենք ընտրություններ անցկացնում: Այդ դեպքում ոչ թե ընտրություն, այլ նշանակումներ պետք է լինեն։ Այդպիսի բան, բնականաբար, չկա: Պայքարը, քարոզարշավը ցույց կտան, թե ժողովրդի կամքն ինչպես է արտահայտվում: Դրանից հետո կտեսնենք, թե ինչպիսի դասավորվածություն կլինի ԱԺ-ում:
-Որպես ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ, այս ընտրություններում ի՞նչն եք կարևորում:
-Բոլոր ընտրություններում էլ մի շարք հանգամանքներ եմ կարևորում: Ընտրությունները պիտի անցնեն բաց և թափանցիկ: Չպետք է լինի անձնավորված քննադատություն, անառողջ մթնոլորտ: Ամեն ինչ փոխադարձ հարգանքի և կոռեկտության սահմաններում պիտի լինի: Սրանով ենք մենք առաջ ընթանում, ու սա է զարգացման հիմքը: Ակնկալում ենք նաև, որ նոր խորհրդարանը կլինի ակտիվ, հատկապես, որ արդեն պրոֆեսիոնալ խորհրդարան է լինելու: Ղարաբաղն առաջին անգամ անցում է կատարում պրոֆեսիոնալ խորհրդարանի: Սա նոր պահանջներ ու որակ է առաջադրելու օրենսդիրներին։
-Ի՞նչ նկատի ունեք պրոֆեսիոնալ ասելով:
-Այսինքն, խորհրդարանականները զբաղվելու են միայն օրենսդրական աշխատանքով: Խորհրդարանից դուրս կարող են զբաղվել միայն դասախոսական կամ մտավոր աշխատանքով:
-ԼՂՀ-ի ԱԺ կանոնակարգ օրենքով մինչ այդ նման դրույթ ամրագրված չէ՞ր:
-Ոչ: Սա առաջին անգամ է: Այս ընտրություններում նաև առաջին անգամ է, որ խորհրդարանում մեծամասնություն են կազմելու համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, ասել է` 11-ը մեծամասնական ընտրակարգով են ընտրվելու, 22-ը` համամասնական:
-Հաշվի առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների գործունեությունը և դրան առնչվող օրենքի արգելքը, միանշանակ կարելի է ասել` համապատասխան օրենքն անգամ չի կարող խոչընդոտել, որ որոշ օրենսդիրներ լինեն խորհրդարանում ու դրան զուգահեռ «այլ զբաղմունք» ունենան:
-Բայց Հայաստանի խորհրդարանը պրոֆեսիոնա՞լ է: Մեզանում պաշտոնապես սահմանված է, որ խորհրդարանն այսուհետ պրոֆեսիոնալ է լինելու:
-Ամեն անգամ Ղարաբաղում ընտրություններ անցկացնելուց առաջ և հետո Ադրբեջանը հայտարարում է, թե չի ճանաչում այդ ընտրությունները: Սա Ղարաբաղին ինչ-որ չափով անհանգստացնո՞ւմ է, թե՞ արդեն արհամարհում եք վաղուց ծանոթ ադրբեջանական ճղճիմ գործելաոճը:
-Բա չե՜ք ասում, մենք այնքա՜ն ենք անհանգստացած, որ այս ընտրությունները նույնիսկ ուզում ենք չեղյալ համարել, որովհետև... Ինչպիսի՜ դժբախտություն, Ադրբեջանը դրանք չի ճանաչում: Դա մեզ համար ողբերգություն է: Սա ընդունեք որպես իմ ապրիլիմեկյան պատգամն Ադրբեջանին: (Զրույցը տեղի է ունեցել ապրիլի 1-ին- Ռ.Խ.)
-Ընտրական մարաթոնի հորձանուտում են ԱԺ նախագահի, վարչապետի և փոխվարչապետի քաղաքական ուժերը, ԼՂՀ նախագահի նախընտրությունն ո՞ւմ կողմն է:
-Արցախում յուրահատկություն կա: Իշխանության և ոչիշխանության տարբերությունն այնքան էլ ցայտուն չէ: Այստեղ ուրիշ մթնոլորտ է: Հանրությունն էլ բևեռված, բաժանված չէ թևերի: Նախագահ Բակո Սահակյանը որևէ կուսակցության անդամ չէ ու չի եղել: Ընդհանրապես այնպես է ստացվել, որ Արցախի որևէ նախագահ չի եղել կուսակցության անդամ: Չեմ կարծում նաև, որ Բակո Սահակյանի դեպքում փոփոխություն կլինի, ու նա կուսակցական կդառնա: Այս պարագայում նախագահը ժողովրդի առաջնորդն է ու նրա ցանկությունների իրագործողը: Սահմանադրությամբ նախատեսված պարտավորություններից բացի, նախագահը նաև արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման երաշխավորն է: Սա է լինելու այս ընտրություններում Բակո Սահակյանի հիմնական նախընտրությունը:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ