«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մենք ավելի խոր ճգնաժամի մեջ ենք հայտնվելու»

«Մենք ավելի խոր ճգնաժամի մեջ ենք հայտնվելու»
31.03.2015 | 00:28

«Չկա հստակ հաշվարկ, թե Հայաստանը տնտեսապես ինչքան կորուստ է ունեցել ԵԱՏՄ-ին անդամակցելով, ինչպես նախապես չէր հաշվարկվել, թե ինչ ենք շահելու»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Մինչ այդ միությանն անդամակցելը որոշ գործարարներ խանդավառված էին, թե մեծ շուկա է իրենց առջև բացվելու, հիմա նրանք շատ մեծ դժգոհություններ ունեն:


-Ո՞րն է այս հիասթափության պատճառը:
-Երբ պատրաստվում էինք անդամակցելու, բացի չհիմնավորված հայտարարություններից, խոստումներից, փաստարկված ոչինչ չենք տեսել իշխանության կողմից: Չի եղել հստակ հաշվարկ, թե անդամակցությունից հետո Հայաստանի համար ինչ օգուտներ կլինեն: ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար տարիներ շարունակ նույն շուկան է եղել (նկատի ունեմ ԱՊՀ շուկան և առանձին երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերը): Այս շուկայից օգտվելու այլ արտոնություններ չէին տրվելու անգամ այս պայմանագրով: Հակառակը, Հայաստանի համար առավել վատ պայմաններ են ստեղծվել: Մեզանում մաքսադրույքաչափերն ավելի ցածր են, քան ԵԱՏՄ-ում: Ձեր նշած «խանդավառությունը» պայմանավորված էր արտահանման մեծացմամբ, որ մեր գործարարները կարող են այդ շուկա առանց մաքսազերծման, ազատ մուտք գործել, բայց մի շատ կարևոր բան մշտապես մոռանում են: Հայաստանը ուղիղ սահման չունի ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ: Մեծագույն խնդիրը սա է, ու հիմա դժվարության առջև են կանգնել: Խաղի կանոնները փոխվել են, եղածն էլ ավելի մեծ խնդիրներ է ստեղծել: Սրան ավելացել է նաև Ռուսաստանի այսօրվա տնտեսական վիճակը: Եթե անգամ ԵԱՏՄ անդամ էլ չլինեինք, Ռուսաստան ապրանք արտահանելն այսօր ձեռնտու չէ: Սա է պատճառը, որ համատարած դժգոհություն կա: Ես չգիտեմ` ինչով է պայմանավորված եղել այդ խանդավառությունը, ի վերջո, գործարար մարդիկ են ու պետք է կարողանային այդ հաշվարկները կատարել: Անցյալ տարի հուլիս-օգոստոսից արդեն ամեն ինչ տեսանելի էր: Ռուսական շուկա մուտք գործելը լուրջ խնդիրներ է հարուցում: Մեկ այլ հանգամանք էլ պետք է հաշվի առնել. Ռուսաստանը, ԵԱՏՄ-ն ստեղծելով, ցանկանում էր նախ իր շուկան պահպանել: Հետո էլ որոշում ընդունեց երկու ամիս սառեցնել գների բարձրացումը: Սա նշանակում է, որ եթե մենք ապրանք ունենք ռուսական շուկայում բարձր գնով վաճառելու, չենք կարողանալու այդ հնարավորությունից օգտվել: Այս ամենը հանգեցրեց այսօրվա իրավիճակին:
-Հայաստանի ղեկավարությունը վերստին ԵՄ-ի հետ բանակցությունների մասին հայտարարեց: Սա նշանակում է, որ Հայաստանը հասկացել է, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունն իրեն ձեռնտու չէ՞:
-ԵՄ-ն Հայաստանից վերջնականապես չէր հրաժարվել: Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ակնկալիքները դեռևս պահպանվում են: Այդ իսկ պատճառով նրանք որոշել են տնտեսական մասը` ազատ առևտրի խոր և համապարփակ համաձայնագիրը, հանել և թողնել համագործակցության այլ բնագավառներ` կրթություն, առողջապահություն, մարդու իրավունքներ և այլն: Սա նշանակում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ինչից Հայաստանը չէր կարող հրաժարվել: Այսօր ամենակարևոր խնդիրը հենց գումարներ չլինելն է:
-Հայաստանի ղեկավարությունը փորձում է այդ բացը լրացնել և դրսից գումարներ բերելով, և ներսից` հարկային խստացումների միջոցով: Գործը հասել է անգամ սեփական գործարարների հարկուտուգանքին:
-Տնտեսությունը պետք է շնչի, աշխատի: Տնտեսական զարգացման մասին խոսելն անլուրջ է, բայց կառավարությունը պետք է գոնե իր պարտականությունները կատարի: Խնդիրների լուծման միակ ձևը դա է` արտաքին պարտք կամ վարչարարության ուժեղացում: Սրա հետևանքն այն է լինելու, որ մենք ավելի խոր ճգնաժամի մեջ ենք հայտնվելու: Փոխանակ հարցերը լուծելու, նոր խնդիրներ ենք ստեղծում:
-Կառավարության վերջին որոշումից հետո էլ (եվրաբոնդերի թողարկում), արտաքին պարտքը բավականին մեծացել է: Սա վտանգավոր չէ՞:
-Վտանգավոր է, քանի որ այն պետք է նաև սպասարկել: Բայց իշխանությունն այսօր իրավիճակային խնդիրներ է լուծում: Այսօր պետք է այդ հարցը լուծել, լուծում են, թե վաղը, մյուս օրը ինչ կլինի, Հայաստանում ֆինանսատնտեսական ինչ վիճակ կլինի, իշխանությանը չի հուզում:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ