«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Պատգամավորները կառավարության հետ նրա «լեզվով» են խոսելու»

«Պատգամավորները կառավարության  հետ նրա «լեզվով» են խոսելու»
27.03.2015 | 01:22

Ձայների 88 կողմ, 20 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ այս քառօրյայում խորհրդարանականներն ընդունեցին ԱԺ-ին կից «բյուջետային գրասենյակ» ստեղծելու մասին օրինագիծը: Մինչ այդ որոշ ընդդիմադիրներ խիստ քննադատության արժանացրին այն` համարելով հակասահմանադրական: Ընդդիմությունը «կիսվեց», մի մասը կողմ էր (ՀՅԴ, ՕԵԿ), մյուսը (ԲՀԿ, ՀԱԿ)՝ դեմ: Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, թե սա առաջին հերթին հենց ընդդիմությանն է ձեռնտու, քանի որ հնարավորություն է ստեղծում վերահսկելու բյուջեի ծախսերը: Օրինագծի համահեղինակ, ՀՀԿ խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ներկայացրեց նախագծի հիմնական գործառույթները:


-Օրենքն աջակցելու է ԱԺ-ի կարևորագույն գործառույթներից մեկի իրականացմանը,- ասաց պատգամավորը:- Բոլոր խորհրդարաններն ունեն երեք առաքելություն` օրենսդիր, ներկայացուցչական և վերահսկողական: Աշխարհի շատ երկրներում վերահսկողական գործառույթն իրականացնելու համար ԱԺ-ում ստեղծում են օժանդակ կառույցներ, որոնք պետք է իրականացնեն կառավարության գործունեության վերահսկումը: Պատգամավորների մի ստվար հատված ֆինանսիստ կամ տնտեսագետ չէ, ինչպե՞ս պետք է իրականացնի կառավարության ֆինանսական և տնտեսական գործունեության վերահսկման գործառույթը: Հենց սրանով է պայմանավորված այդ կառույցների անհրաժեշտությունը: Զարգացած շատ երկրներում դա իրականացվում է «բյուջետային գրասենյակի» միջոցով, որի բազմաթիվ մոդելներ կան: Մենք փորձել ենք նվազ կարողություններով ու քիչ ֆինանսական ապահովում պահանջող «բյուջետային գրասենյակ» ստեղծել: Միջազգային փորձը հուշում է, որ եթե սահմանափակ կարողություններով ու պարտականություններով «բյուջետային գրասենյակն» իրեն արդարացնում է, կամաց-կամաց հնարավոր է և՛ պարտականությունները, և՛ աշխատողների թվաքանակն ավելացնել: Ստեղծված «բյուջետային գրասենյակի» հինգ աշխատակիցների գործառույթներից մեկը պատգամավորներին համապատասխան տեղեկանք տրամադրելն է: Օրինակ, բյուջետային քննարկումների ժամանակ մի սեղմագիր ենք հրապարակում, որը բավարարում է բոլոր պատգամավորների, հանձնաժողովների պահանջները: Բայց որքան ավելի արդյունավետ կլիներ, եթե յուրաքանչյուր հանձնաժողովի համար իր ոլորտային սեղմագիրը հրապարակեինք: Սա պատգամավորների համար կլիներ տվյալ ոլորտը «բացող» բանալի: «Բյուջետային գրասենյակի» մյուս գործառույթը պատգամավորների հարցապնդումները պատրաստելն է: Միշտ չէ, որ պատգամավորների տեղեկացվածությունը թույլ է տալիս իրենց մտահոգությունները դիպուկ արտահայտել: Այս կառույցն օգնելու է, որպեսզի հարցերը կոռեկտ ձևակերպվեն և կառավարության համար հեշտ լինի պատասխանելը: «Բյուջետային գրասենյակը» նաև առցանց դիտարկում կարող է անել` օրվա կտրվածքով պարզելու, թե ինչպիսի բյուջետային մուտքեր են եղել:
-ԱԺ-ում բազմաթիվ վարչություններ կան, որոնք կարող են այդ աշխատանքը լիարժեքորեն կատարել: Ի՞նչ իմաստ ունի լրացուցիչ մարմին ստեղծելը:
-«Բյուջետային գրասենյակի» մասին կա միջազգային փորձագիտական եզրահանգում, ըստ որի, դրա առավելությունն այն է, որ անկախ մարմին է, չի կարող որևէ կառույցի մեջ լինել, այսինքն, չի կարող իրականացնել իր գործառույթները, եթե որևէ մարմնի ենթակայության տակ է գործում: Որպեսզի այդ գրասենյակը ունենա բոլոր քաղաքական ուժերի վստահությունը, այնտեղ յուրաքանչյուր խմբակցություն մեկական անդամ կունենա:
-Ասել է՝ ընդդիմադիրները քանակական առումով գերազանցելու են իշխանությունը ներկայացնող մեծամասնությանը, այդ դեպքում ինչո՞ւ են դեմ:
-Այո, ընդդիմության վերահսկման հնարավորությունն ավելի մեծ է, բայց հարցի հասցեատիրոջը ճիշտ չեք ընտրել: Ակնհայտ է, որ այս կառույցի արդյունավետ աշխատանքի պարագայում ԱԺ-ում քննարկումների մակարդակն էապես կբարձրանա: Ստացվել է այնպես, որ այսօր կառավարության օրինագիծն ԱԺ-ում ներկայացնում է գործին քաջատեղյակ տնտեսագետը, իսկ հարակից զեկուցումով հանդես եկող պատգամավորը այլ մասնագիտության տեր է ու խորամուխ չէ ֆինանսատնտեսական հարցերում: Այս պարագայում քննարկումները չեն կարող արդյունավետ լինել, ինչը տեղիք է տալիս անհարկի դրսևորումների:
-Փաստորեն, նպատակը պատգամավորների պատրաստվածությունը մեծացնելն է:
-Այո, էապես տարբերությունը մեծ է լինելու: Սա ոչ միայն խորհրդարանին է ձեռնտու, այլև կառավարությանը, որովհետև պատգամավորները կառավարության «լեզվով» են խոսելու գործադիր իշխանության հետ, ճիշտ առաջարկություններ են անելու: Բնականաբար, սա միանգամից չի կարող լինել, կամաց-կամաց պետք է հասնել այդ մակարդակին:
-Ընդդիմադիրներից մեկը այս օրենքը համարեց հակասահմանադրական:
-Այդպիսի բան չկա: Սա փորձագետների խումբ է, որն ԱԺ նախագահն է ձևավորելու իր լիազորությունների շրջանակում:
-Բյուջեի վրա սա լրացուցիչ ծախս չէ՞:
-Սա հինգ աշխատողի ֆինանսավորում է ենթադրում այն ամենի դիմաց, ինչը վերևում արդեն ասացի: Կարելի է գնահատել՝ արժե՞ ունենալ այդ հինգ հաստիքը, թե՞ ոչ: Կարծում եմ, առավել քան արժե: Մի կողմում՝ հինգ հաստիք է, մյուս կողմում` հսկայական տեղեկություն:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ