«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երիտթուրքերին տրոյական ձի էր պետք, նրանք գտան ՀՅԴ-ին

Երիտթուրքերին տրոյական ձի էր պետք, նրանք գտան ՀՅԴ-ին
27.03.2015 | 00:54

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Ինչո՞ւ փաշաները չէին կարողանում սուլթանի վրա ներգործել:
-Փորձում էին, բայց չէր ստացվում, դժվար էր, որովհետև փոփոխությունների անհրաժեշտության գիտակցությունը դեռ չկար: Օսմանյան կայսրության ամենազարգացած տարրը քրիստոնյաներն էին: Ազգային վիրավորանքի մասն էլ կար՝ երբ սուլթանը հայից ու հույնից էր լսում իր անելիքը, հակազդեցությունը միանգամից դառնում էր «ոչ»-ը: Եվրոպական բանակների կողմից պատրաստված փաշաները շատ լավ հասկանում էին, որ այդ «ոչ»-ը սխալ է, բայց սուլթանի հակազդեցությունը միլլեթ-ի սադըկային՝ միակ հավատարիմ ազգին ամբողջ կայսրության մեջ, չէին կարող թուլացնել: ՈՒ այդ միլլեթի սադըկան ոչ միայն արևմտյան երկրների, այլև Ռուսաստանի հովանու ներքո Բեռլինում ինքնավարության խնդիր է բարձրացնում, բարենորոգումներ է պահանջում և պարտադրում քաղաքական ներկայությամբ, զենքով, ապստամբություններով Սասունի և Զեյթունի լեռներում, ուրեմն պետք է նրան սաղմում խեղդել, որ չմեծանա: Օսմանյան կայսրության մեջ այլ տարբերակներ չեն եղել, միայն դա են իմացել՝ արշավել, սպանել, հարցը փակել: Բիրտ ուժի ավանդույթ:
-Իսկ ի՞նչ էին անում արևմտյան տերությունները: Ի՞նչ էին հակադրում հայկական քաղաքական ուժերը:
-Կոստանդնուպոլսում ապրող հայոց վերնախավը՝ ամիրաների գլխավորությամբ, շատ ապահովված էր, Բարձր դռան ամենայն վստահությունն էր վայելում, անմիջական շփումների մեջ էին սուլթանի հետ, հայ էին, հայախոս, հայկական ամբողջ կյանքի կազմակերպիչն էին, մշտապես պատրիարքարանի հետ էին, բայց հայոց բնօրրանում՝ Կարինում, Վանում, Մուշում, Խարբերդում, Բիթլիսում, Տիգրանակերտում հողը մշակող, բարիքներ ստեղծող հայերը բոլորովին այլ կարգավիճակ ունեին, նրանք անընդհատ թուրքերի ու քրդերի ճնշման տակ էին, չերքեզների ավազակային հարձակումների ենթակա: Երբ գյուղացիները գնում էին Կ. Պոլիս՝ իրենց վիճակից բողոքելու, օգնություն խնդրելու, աջակցություն գտնելու, նրանց վիճակը չէր ընկալվում, մայրաքաղաքի համեմատ վիլայեթների կյանքի պատկերը չէր հասկացվում: Պալատներ, բարձրաշխարհիկ շքեղ կյանք, կերուխում, ամեն հայ ամիրայի կրծքին մի քանի շքանշան, ավելի շատ, քան թուրք պետական պաշտոնյաների: Նրանք չէին պատկերացնում գավառների կյանքը: Մի կողմում պատրիարքն էր, որ պետք է պաշտպաներ իր հոտը, մյուս կողմում՝ բալկանյան ժողովուրդներն էին, որ իրենց ցանկություններին հասնում էին: Բալկանյան օրինակը փոխադրել վեց վիլայեթնե՞ր, բայց դա հնարավոր չէր (1)։ Բալկանյան ժողովուրդները համահավաք էին ապրում՝ իրար մոտ և կար հսկայական ցարական Ռուսաստան՝ հոգևոր-կրոնական դավանանքի իմաստով, սլավոնական ընդհանրության, որ ամեն գնով պաշտպանում էր իր ուղղափառ հոտը (2)։ Մենք ոչ կաթոլիկ էինք, ոչ ուղղափառ, և ոչ էլ ավետարանչական, մենք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ էինք, որը գերտերություններից և ոչ մեկի հովանին չուներ: Մեր կողքին մեր եղբայր ու բախտակից ժողովուրդները չէին, մենք սերբ, բուլղարացի, մակեդոնացի, չեռնոգորիացի, հույն, ռումինացի հարևաններ չունեինք: Նրանք բոլորն էլ իրենց ձգտումներն ունեին, բայց դրանք նույն ձգտումներն էին: Մեր շրջապատում ովքե՞ր էին: Թուրքեր ու քրդեր: Քրդին ասա՝ անկախություն, ի՞նչ պիտի աներ: Հարյուր տարի հետո նոր-նոր են սկսել հասկանալ, թե ինչ է դա: Չերքեզը, թուրքը, քուրդը ուրիշի աշխատանքի-քրտինքի վրա նստած պորտաբույծ հատվածն էին, որ չէին կարող կիսել մեր ձգտումները: Հայության այդ երկու իրարամերժ նպատակներ հետապնդող հատվածները ի վերջո 1900-ական թթ. սկսեցին իրար հասկանալ, բայց այդ ժամանակ մեր դիմաց արդեն սուլթանը չէր, այլ՝ երիտթուրքերը, որ բոլորովին այլ խնդիր ունեին:
-Ո՞րն էր երիտթուրքերի խնդիրը:
-Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ երիտթուրքերը սուլթանին հաջորդող իշխանություն չէին: Օսմանյան կայսրությունը ավարտվել էր, սկսվում էր նոր համակարգ, նոր մարդկանցով, նոր նպատակներով: Այդ նպատակների իրականացման ճանապարհին ոտքի տակ ընկնող ժողովուրդը հայերն էին:
1908-ին գործում էր երրորդ խորհրդարանը, որին 1912-ի չորրորդ խորհրդարանի ընտրությունը պիտի հետևեր (3)։
-Քրիստոնյաները խորհրդարանում պակասում էին Աբդուլ Համիդի վարած քաղաքականությա՞ն պատճառով:
-Ոչ այնքան, ինչքան երիտթուրքերի, որ արդեն ակտիվորեն մտել էին խաղի մեջ և հակադիր բևեռ էին ստեղծել: Ամեն ինչ միանշանակ սուլթանի ցանկությամբ չէր կատարվում: Սուլթանը տեսնում էր, որ գնալով իշխանությունը կորցնում է, իրեն ազգային անվանող նոր շարժում կա, որը համոզված է, որ Օսմանյան կայսրությունը պիտի պանթուրքական լինի, թուրքերի վաթան՝ թուրքերի հայրենիք պիտի ստեղծի և էթնիկ զտում պիտի անի, դա շատ հստակ էր իրենց ծրագրի մեջ: Մինչև սուլթանին տապալելը երիտթուրքերն իրենց կոսմոպոլիտ էին ներկայացնում՝ բոլոր ազգերի հետ միասին սուլթանին պիտի տապալենք, մեր խնդիրը ֆեոդալական հասարակարգին վերջ դնելն է և առաջադեմ երկիր կառուցելը: Դար է փոխվել, 20-րդ դարը նոր է սկսվում, նոր ժամանակներ են եկել, նոր երկիր է պետք, եվրոպական գաղափարներով՝ ազատության, արդարության, եղբայրության կարգախոսներով: Պետականության մոդել նրանք եվրոպական պետական կառավարման մոդելն էին վերցնում: Ասում էին՝ Պրուսիան մեծ կայսրություն է, բայց ինչ ինդուստրիալ զարգացած երկիր է, քաղաքացիները ինչքան բարեկեցիկ են ապրում: Նույնը՝ Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան: Օսմանյան կայսրությունում էվոլյուցիոն ճանապարհ չկար, ընտրվեց պետական հեղաշրջումը: 1908-ին Սահմանադրության վերադարձի շրջանում ազգերի տարանջատում եղավ: Յուրաքանչյուր ազգություն երիտթուրքական վերելքի տարիներին հասկացավ նրանց քաղաքականությունը, տեսավ նպատակները և որոշեց, որ նրանց հետ գնալու ճանապարհ չունի: Բոլոր ժողովուրդների մեջ միայն հայերը չհասկացան:
-Ինչո՞ւ հայերը չհասկացան երիտթուրքերի նպատակները:
-Այդ հարցի պատասխանը միանշանակ չէ: Ոչ թե հայերը չհասկացան, այլ հայության մի հատվածը (4)։ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը միակ քաղաքական ուժն էր, որ երբևէ երիտթուրքերի հետ չի համագործակցել: Երիտթուրքերը իրենց կուսակցության բոլոր համագումարներում նրանց դեմ որոշումներ են ընդունել և անընդհատ հալածել: Երիտթուրքերի հետ առաջին օրից համագործակցում էր ՀՅԴ-ն, և երիտթուրքերը ՀՅԴ-ին սքանչելի օգտագործեցին: Իսկ նրանք այնքան էին տրվել թուրքերի հետ եղբայրության գաղափարներին, այնքան բաց էին ու սերտ նրանց հետ, որ, իմ կարծիքով, ցեղասպանության իրականություն դառնալու մեջ շատ լուրջ մեղք ունեն: Երևի թե արդեն ժամանակն է, որ 100 տարի հետո քննարկվի ՀՅԴ-ի դերակատարումը ցեղասպանության մեջ, թեկուզ իրենց կրավորական կեցվածքի պատճառով՝ իրեն ազգային անվանող կուսակցություն այդպես տրվի հայաջինջ նպատակներ ունեցող թշնամուն, չի կարող այդպես լինել:
-Ո՞րն էր պատճառը, որ ՀՅԴ-ն չէր տեսնում երիտթուրքերի բուն քաղաքականությունը:
-Երկու պատճառ կարող է լինել: Կամ՝ իրենք ծախու էին, որը ես բացառում եմ, ես չեմ կարծում, թե դաշնակցությունը ներդրված էր հայկական իրողության մեջ, որ ներսից պայթեցնի, դա չէր կարող լինել: Երկրորդ պատճառը հայ քաղաքական մտքի տհասությունն էր, միամտությունն ու դյուրահավատությունը (5)։ Ես լսել եմ, որ ՀՅԴ-ն վերջապես որոշել է իր արխիվները բացել և սկսել է այդ շրջանի փաստաթղթերը տասը հատորով հրատարակել Բեյրութում: Կարծում եմ՝ դա էլ հերիք է իրենց այդ ժամանակվա ամբողջ անհեթեթ գոյությունը և երիտթուրքերին ծառայելու գործելակերպը բացահայտելու համար: Եթե ՀՅԴ-ն իրոք քաջություն ունենա և անաչառ բացի իր գաղտնի արխիվները, առավել քան համոզված եմ, որ այդտեղ գտնելու ենք իր մեղսակցության բազմաթիվ ապացույցներ հայերիս Մեծ եղեռնի ենթարկվելով՝ հայրենազուրկ դարձնող ցեղասպանության մեջ:
-Որքա՞ն էր ՀՅԴ-ի ներգործությունը հայ ժողովրդի վրա, ինչո՞ւ ոչ հնչակները, որ նրանք գերակշիռ ազդեցություն ունեցան:
-Թե սուլթանի ժամանակ, թե երիտթուրքերի՝ հնչակները միշտ կարևորագույն թիրախ են եղել, նրանց վերացման ծրագիր է գործել, 1894-1896 թթ. նրանց խմբերով էին կախաղան բարձրացնում, Աբդուլ Համիդի ժամանակ ՀՅԴ-ին ձեռք չէին տալիս: Ի տարբերություն հնչակների, Պոլսի պատրիարքարանում էլ նրանց ներգործությունը մեծ էր:
-Ֆինանսակա՞ն հարցեր կային:
-Ոչ: Հայաստանի երկու հատվածներում էլ նրանք ջրի երեսին մնացին և ունեին թելադրող դառնալու ուժ հայ կյանքում:
-Ինչի՞ հաշվին:
-Իրենց կառույցների, իրենք ամենուրեք էին, ինչպես այսօր: Մի՞թե աշխարհի 33 պետություններում նրանք կառույցներ չունեն այսօր: Ինչպե՞ս, որտեղի՞ց: Ինչի՞ հաշվին: Թող հետազոտողները պատասխանեն այդ հարցերին (6)։ Դա իմ խնդիրը չէ: Եթե հարցին նայենք երիտթուրքերի տեսանկյունից, նրանց տրոյական ձի էր պետք իրենց ծրագրերը իրականացնելու համար, որովհետև դժվար էր ներսից քանդելը, պետականություն չունենալով՝ հայերը ներքուստ կուռ կառույց էին, իրենց ազգային եկեղեցին ունեին, հոգևոր և աշխարհիկ առաջնորդները, ազգային-հայրենասիրական, արհեստագործական, մշակութային միությունները, դպրոցները, մամուլը և այլն.:
-Բայց տրոյական ձին էլ պիտի իր նկատառումներն ունենար՝ այդ դերը խաղալիս, ո՞րն էր ՀՅԴ-ի խնդիրը:
-Ես չունեմ այդ հարցի պատասխանը, որովհետև պատասխանի համար հիմքեր ու ապացույցներ պիտի ունենամ: Ես չեմ ուզում ասել, թե նրանք դավաճան էին, որքան էլ իրերի վիճակը այդ պատասխանին է բերում, ինչպես էին երկու տարի առաջ սարերում ըմբոստության կրակներ վառում, հետո մեկ որոշումով եղած-չեղած զենք-զինամթերքը հավաքեցին-տվեցին թուրքերին՝ շատ լավ իմանալով, որ չի կարելի անպաշտպան թողնել անտերության մատնված սեփական ժողովրդին: Դաշնակցությունը չգիտե՞ր ժողովրդական խոսքը՝ շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր: Երբ հնչակյանների գաղտնի հրովարտակներն ու շրջաբերականները կային՝ հանկարծ զենքը չհանձնել, ինչքան հնարավոր է զինվել, ՀՅԴ-ն կոչ էր անում զենքը հանձնել: Ինչո՞ւ: Չկա բացատրություն: Ո՞Ւր էր ՀՅԴ-ն 1913-1918 թթ.: Երբ 1918-ին Հայաստան ստեղծվեց, դաշնակներին կրկին տեսանք, բայց ո՞ւր էին մինչ այդ: Ես չեմ կարող ու չեմ ցանկանում միակողմանի մեղադրել, բայց երբ հավաքում ես եղելությունների պատկերը, չես կարող չմեղադրել: Անպատկերացնելի է, որ անմեղ ու անպաշտպան ժողովրդին ցեղասպանության էին տանում իրենց տհաս ու ոչ մի կերպ չպատճառաբանվող քաղաքականության պատճառով:
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

(1) Բալկաններից վեց վիլայեթներ փոխադրվեց «հայդուկ» բառը, որ նշանակում է պարտիզան, ազատամարտիկ, ֆիդայի, մարտիկ:
(2) Ասվածի մասին են վկայում 1568-1570, 1676-1681, 1686-1700, 1710-1713, 1735-1739, 1768-1774, 1787-1792, 1806-1812, 1828-1829, 1853-1856, 1877-1878 թվականներին ռուս-օսմանյան 11 պատերազմները:
(3) 1908-1912 թ. խորհրդարանում 142 թուրք, 60 արաբ, 25 ալբանացի, 23 հույն, 5 հրեա, 4 բուլղար, 3 սերբ, 2 ռումինացի, 1 ասորի և (4-ը դաշնակցական, 2-ը հնչակյան) 12 հայ պատգամավոր է եղել։ Նրանք են՝ Հակոբ Բաբիկյան, Հակոբ Բոյաջյան, Պետրոս Հալաջյան, Ստեփան Սպարտալըյան, Նազարեթ Դաղավարյան, Հովհաննես Վարդգես Սերենգյուլյան, Գրիգոր Զոհրապ, Արթին Բոշգեզենյան, Գարեգին Պաստուրմաճյան, Վահան Փափազյան, Գեղամ Տեր Կարապետյան, Համբարձում Բոյաջյան (Մեծն Մուրատ)։
(4) Երիտթուրքերը հնչակյաններին և դաշնակցականներին առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ։ Հնչակյանները հրաժարվեցին երիտութուրքերի հետ համագործակցելուց, որովհետև ինչպես իրենք են նշել. «…թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջ մէկդի դնել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա»։ Մինչդեռ դաշնակցական գործիչները ընդունել էին համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել համիդյան վարչակարգի տապալումը։ 1907-ի դեկտեմբերին, Փարիզում կայացած կոնգրեսում Իթթիհատ վե Թերաքքի և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություններն ու արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։
(5) Սուլթան Աբդուլ Համիդը հնչակյաններից ընդամենը 3 տարի հետո հիմնադրված ՀՅԴ-ի ստեղծման լուրը լսելիս ուրախացել ու ասել էր. «Էլ մտահոգվելու առիթ չկա, այս մի կազմակերպությունը մեզ թողնելով կսկսի մյուսի դեմ պայքարել»։
(6) ՈՒսումնասիրել ցանկացողներին առաջարկում եմ ընթերցել ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ տպագրվող «Նյութեր ՀՅԴ պատմության համար» Ա-Դ հատորների խմբագիր Հրաչ Տասնապետյանի, Ե-Ժ հատորների խմբագիր Երվանդ Փամպուքճյանի կազմած առավել քան ուսանելի փաստա-վավերաթղթերը:

Դիտվել է՝ 5586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ