ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Զուտ անգլիական հումոր

Զուտ անգլիական հումոր
20.03.2015 | 01:20

«ՈՒինստոն Չերչիլի ծոռը գալիս է Մեծ Բրիտանիայից հազարավոր մղոններ հեռու` Կոստանդնուպոլիս. նշելու է իր պապի ռազմական ու քաղաքական պարտությո՞ւնը»

Գալիպոլիի ճակատամարտը, ավելի ճիշտ՝ Դարդանելի գրավման ռազմական գործողությունը, սկսվել է 1915-ի փետրվարի 19-ին և ավարտվել 1916-ի հունվարի 9-ին: Դարդանելի ռազմական օպերացիան Առաջին համաշխարհային պատերազմում եղել է Անտանտի երկրների, հիմնականում՝ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը և ծովային նախարար ՈՒինստոն Չերչիլի առաջարկը՝ գրավելու համար Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և մայրաքաղաքի մատույցներում գտնվող նեղուցները՝ ճանապարհ բացելու դեպի Ռուսաստան: Պատերազմի մեջ Թուրքիայի մտնելուց հետո Դարդանելի նեղուցներին տիրապետելը անվիճելի ռազմական առավելություններ կտար Անտանտի երկրներին: Ծրագիրը կար դեռ 1906-ից, բայց Բրիտանիայի պաշտպանության կոմիտեն համարել էր ռիսկային և հրաժարվել էր: Ռազմական օպերացիային մասնակցել են մի կողմից՝ Օսմանյան կայսրությունը և Գերմանական կայսրությունը, մյուս կողմից՝ Բրիտանիան, Ավստրալիան, Հնդկաստանը, Նյուֆաունդլենդը, Նոր Զելանդիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: Թուրք-գերմանական զինուժը ղեկավարել են Օտտո Լիման ֆոն Սանդերսը, Մուստաֆա Քեմալը, Էսաթ, Վեհիբ, Ջևադ, Ֆուադ փաշաները: Դաշնակիցների հրամանատարներն են եղել Յան Համիլտոնը, Հորացիոս Հերբերտ Կիտչեները, Ջոն դե Ռոբեկը, Սեկվիլ Կարդենը, Ալբեր Ամադը, Անրի Ժոզեֆ Գուրոն: 450 000 գերմանաթուրքական զինուժի դիմաց եղել են Մեծ Բրիտանիայի 490 000 և Ֆրանսիայի 120 000 զինվորները: Գերմանացիներն ու թուրքերը կորցրել են 74 635 զինվոր, Մեծ Բրիտանիան՝ 21 255, Ֆրանսիան՝ 10 000, Ավստրալիան՝ 7594, Նոր Զելանդիան՝ 2701, Հնդկաստանը՝ 1358, Նյուֆաունդլենդը՝ 49: Հունվարի 11-ին ՈՒինստոն Չերչիլին Դարդանելի գրավման պլանը ներկայացրել է փոխծովակալ Կարդենը՝ խնդիրն էր արտաքին ամրությունները ոչնչացնել, ականազերծել և ոչնչացնել միջանկյալ ամրությունները, ոչնչացնել ներքին ֆորտերը և դուրս գալ Մարմարա ծով: ՈՒժերի բացարձակ անհավասարության պարագայում թուրք-գերմանական զինուժը հաղթանակ է տարել, և Անտանտի երկրները հրաժարվել են նեղուցները գրավելու մտադրությունից: Դարդանելի համարյա մեկ տարի տևած ռազմական գործողությունը, իհարկե, Առաջին համաշխարհային պատերազմի բազում ռազմական բախումներից մեկն էր և վճռական ներգործություն չի ունեցել պատերազմի ընթացքի կամ ավարտի վրա՝ Թուրքիան պատերազմն ավարտեց պարտությամբ և Մուդրոսի դաշնագրով, երեք փաշաների՝ Թալեաթի, Էնվերի, Ջեմալի հրաժարականով ու երկրից փախուստով: Բայց հակառակ Առաջին համաշխարհային պատերազմում պարտվելուն և Օսմանյան կայսրության կործանմանը՝ Դարդանելի նեղուցների, հետևաբար՝ մայրաքաղաքի պաշտպանության, ռազմական հաղթանակը Թուրքիայի Հանրապետությունն առանձնացրել է ու նշել իբրև մեծագույն նվաճում: Եթե թուրքերի դեպքում դա հասկանալի է, ինչո՞ւ է այդ հաղթանակի տոնակատարությանը մասնակցում Մեծ Բրիտանիան, որ նախաձեռնել է նեղուցների գրավումը, որ տանուլ է տվել նեղուցների համար մղվող համարյա բոլոր ծովային ու ցամաքային մարտերը և 21 255 զինվոր է կորցրել: Պարտություն, որ հանգեցրել է ՈՒինստոն Չերչիլի առաջին հրաժարականին: Ինչո՞ւ են Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակի տոնակատարությանը, որ Անկարան որոշել է ապրիլի 24-ին նշել, թեպետ վերջնական հաղթանակը 1916-ի հունվարի 9-ին է ձեռք բերվել, որոշել մասնակցել Մեծ Բրիտանիայի գահաժառանգները: Խիստ տրամաբանական կլիներ, եթե Գերմանիայի կանցլերը մասնակցեր, բայց ոչ այդպես պարտված, այդքան զոհեր ու վիրավորներ տված կողմը: «Ի՞նչ է որոնում Գալիպոլիում Մեծ Բրիտանիայի արքայազնը» հարցը ուղղեցի ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ.

-Տրամաբանական պատասխան չկա: Ավելին՝ Մեծ Բրիտանիայի որևէ ներկայացուցիչ Դարդանել պիտի մեկներ ոչ թե Թուրքիայի հաղթանակը տոնելու, այլ կայսրության զինվորների հիշատակը հարգելու համար: Բրիտանական The independente հայտնի պարբերականում օրերս տպվեց «Գալիպոլիի 100-ամյակի տոնակատարությունը հայերի ցեղասպանությունը թաքցնելու խայտառակ փորձ է» վերնագրով հոդված, որտեղ բառացի ասվում է. «Երբ համաշխարհային առաջնորդները, ներառյալ արքայազն Չառլզը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետները, թուրքական կառավարության հրավերով հավաքվեն ապրիլին Գալիպոլիում Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտի հիշատակի միջոցառումներին մասնակցելու, սպանված 1,5 միլիոն հայ քրիստոնյաների ուրվականները կհետևեն նրանց: Կիրառելով անօրինակ դիվանագիտական խելահեղություն՝ Թուրքիան ծրագրում է օգտագործել 1915 թ. դաշնակից զորքերի Թուրքիա ներխուժման 100-ամյակը, որպեսզի դուրս մղի իր կատարած՝ Օսմանյան կայսրության հայ բնակչության մասսայական սպանության՝ 20-րդ դարի առաջին կիսաարդյունաբերական հոլոքոստի մասին հիշողությունը»: Հոդվածագիրը մանրամասն վերլուծում է հայտնի փաստերը և նշում, որ երբեք Գալիպոլիի հերթական ամյակները ապրիլի 24-ին չեն նշվել: ՈՒ չեն նշվել այն պարզ պատճառով, որ ապրիլի 24-ին այդ մարտադաշտում իրադարձություններ չեն կատարվել: Համաշխարհային մամուլի էջերում տեղեկություններ կան, որ Գալիպոլիի 98-ամյակը նշվել է 2013-ի մարտի 20-ին և այլն: Թերթն արձանագրում է. «Թուրքերն, անկասկած, վախենում են, որ 1915-ը կմտնի պատմության մեջ՝ նշելով մարդկության դեմ դաժանագույն հանցագործությունները, որ կատարվել են իրենց երկրի կողմից՝ ձգտելով ոչնչացնել հայ ժողովրդին»: Այսինքն՝ այն, ինչի մասին Թուրքիայի նախագահ Էրդողանին իր պատասխանի մեջ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ բազմիցս հնչեցվել է միջազգային ամբիոններից, բոլորին հայտնի և պարզ է: Թուրքական դիվանագիտության հնարքները, սուտն ու կեղծիքը բացահայտման պետք չունեն:
-Տարօրինակ չէ՞, որ նեղուցների պատերազմում պարտված ու անհամաչափ շատ զոհեր տված երկրներն են մղվում նեղուց՝ Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան:
-«Պարտություն ծովում, աղետ՝ ցամաքում, ձախողում՝ դիվանագիտության մեջ»՝ այդպես է բնութագրվում Գալիպոլիի կամ Դարդանելի, կամ թուրքական տարբերակով՝ Չանաքկալեի ճակատամարտը դաշնակիցների, հատկապես Բրիտանիայի համար պատմության մեջ: Այդ ռազմական օպերացիան, իրավամբ, համարվում է Անտանտի դաշնակիցների բոլոր ուղղություններով ամբողջական և բացարձակ ձախողման օրինակ, որի համար մի փոքրիկ հողակտորի վրա իրենց կյանքով ու արյունով վճարեցին հարյուր հազարից ավելի զինվորներ: «Անիծյալ Դարդանելներ, դրանք կդառնան մեր գերեզմանը»՝ գրում էր բրիտանացի ծովակալ Ֆիշերը իր ղեկավարին՝ ծովային նախարար ՈՒինստոն Չերչիլին: Տրամաբանական կլիներ, որ Մեծ Բրիտանիայի որևէ ներկայացուցիչ Դարդանել գնար ոչ թե Թուրքիայի հաղթանակը տոնելու, այլ Բրիտանական կայսրության զինվորների հիշատակը հարգելու համար: Բրիտանական համագործակցության անդամ Ավստրալիան և Նոր Զելանդիան, օրինակ, իրենց զոհերի հիշատակը նշում են ապրիլի 25-ին, որ պետականորեն սգո, կամ ինչպես իրենք են անվանում «Ազգային հիշատակի» օր է: Այդ օրը սարսափելի էր ճակատամարտի բոլոր հատվածներում՝ մի քանի րոպեում ամբողջությամբ ոչնչացվեց գրոհի առաջին էշելոնը: «Դա սատանայի խրախճանք էր: Սարսափելի էր: Այդ օրվա հիշողությունները ինձ երբեք չեն լքի՝ տեղատվության ալիքները ամեն տեղից բախվում էին մեր սպանված զինվորների դիակույտերին ու տարուբերում էին»՝ հետագայում հիշում էր փոխծովակալ Հերբերտ Կիտչեները:
Հատկապես ավստրալացի նորակոչիկները աչքի ընկան իրենց քաջությամբ, բայց ինչքան էլ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Ջիլարդը հայտարարի՝ «Մենք հիշում ենք, թե ինչ են նրանք արել մեր երկրում խաղաղության համար», շատ ավստրալացիների համար անհասկանալի էր, թե ինչու են զոհվել իրենց մի քանի հազար հայրենակիցները երկրագնդի այլ ծայրի անհասկանալի պատերազմում: Մանավանդ որ շատերը վստահ են բրիտանական հրամանատարության սխալների և մարդկային կորուստների նկատմամբ արհամարհական վերաբերմունքին: 1916-ի հունվարին ճակատամարտն ավարտված էր, Անտանտի բանակները նավերով տարան իրենց վիրավորներին ու ողջ մնացած զինվորներին, Կոստանդնուպոլսում ու Բեռլինում տոնակատարություններ կազմակերպվեցին: Անտանտի երկրները լուրջ խնդիրներ ունեցան: ՈՒինստոն Չերչիլը, որպես ռազմական օպերացիայի նախաձեռնող, ստիպված էր հրաժարական տալ ծովային նախարարի պաշտոնից, Բրիտանիան 120 հազարից ավելի զոհ, կրկնակի վիրավոր ու բազում անհայտ կորած զինվորներ ստացավ: Այսօր, սակայն, ի տարբերություն 1916-ի, Անկարայի հետ Գալիպոլիի հաղթանակը տոնում է նաև Լոնդոնը:
-Գուցե այդ հարցն այլևս քաղաքական հարթության մեջ է և բրիտանա-թուրքական ներկա՞ հարաբերությունների մակարդակում:
-Բրիտանա-թուրքական քաղաքական ու տնտեսական հարաբերությունները բարելավելու, խորացնելու, նոր լիցք հաղորդելու, նոր մակարդակի բարձրացնելու տասնյակ այլ հնարավորություններ երկու կողմերն էլ ունեն: Առավել ևս բանակցությունների հաջողության համար, ընդունեք, որ վատ մեկնակետ է սեփական պարտության օրն ընտրելը: Գուցե դա անգլիական հումոր է, որ կղզուց դուրս չի հասկացվում: Բայց արքայազն Չառլզը կամ նրա որդին՝ ՈՒինստոն Չերչիլի ծոռը, իրականում հենց այդ օրը Դարդանելի շրջակայքում անելիք չունեն: Գուցե կան քաղաքական խնդիրներ, որ ի հայտ կգան տոնակատարության ընթացքում: Ես չեմ կարծում, որ դա թուրքական դիվանագիտության հաղթանակն է, դա պարզապես բրիտանական «դիվանագիտության» տարօրինակությունն է: Ի վերջո ևս մեկ խնդիր կա, որ առավել վերաբերում է ոչ թե արքայազն Չառլզին, որքան նրա որդուն՝ արքայազն Հարրիին: Եթե Չառլզին համարենք արքայական ընտանիքի ավագ սերնդի ներկայացուցիչ, որ ավանդական բրիտանական պահպանողականության կրողն է, ե՞րբ են նոր սերնդի մտածողությունը, ժամանակակից աշխարհին համարժեք ընկալումներն ու արժեքները Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիք մտնելու, ե՞րբ և ո՞ւմ միջոցով, եթե ոչ գահի երկրորդ սերնդի ժառանգների: Չգիտեմ երբվանից՝ քաղաքականությամբ զբաղվող մարդկությունն իր համար ներքին ինդուլգենցիա է սահմանել, որ քաղաքականությունը անբարոյական զբաղմունք է, բայց զբաղմունքը չի կարող անբարոյական լինել, եթե դրանով զբաղվեն բարոյական մարդիկ, որ բարոյական բարձր չափանիշներ ունեն: Լավ, ասենք real politik-ը, տասնամյակներ շարունակ շահերի սարդոստայնում խորացած՝ արյունը նավթից թեթև է ներկայացրել, բացատրել, որ «անգլիական նավերը հայոց լեռները չեն բարձրանում», այսպես խուսանավելու ճանապարհով՝ 100 տարի, մինչև 2015-ը ու հիմա ապրիլի 24-ին Գալիպոլի է նշում: Բայց երիտասարդներին ինչո՞ւ եք ձեր real politik-ի մեջ խրում, ազնիվ և արդարամիտ մարդկության հետ միասին ապրիլի 24-ին անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու փոխարեն ՈՒինստոն Չերչիլի ծոռը գալիս է Մեծ Բրիտանիայից հազարավոր մղոններ հեռու` Կոստանդնուպոլիս. նշելու է իր պապի ռազմական ու քաղաքական պարտությո՞ւնը, և ի՞նչ արժեքներ է նա հաստատում իր այդ քայլով: Նոր սերնդի՝ 21-րդ դարի ներկայացուցիչը իրեն պարտավորված չի՞ համարում նոր հայացք նետել անցյալին ու ներկային: Պահպանողական են՝ հասկանալի է, ավանդապաշտ են՝ հասկանալի է, բայց ավանդույթը նոր ավանդույթի հաստատումով է պահպանվում, ո՞վ պիտի առաջինը լինի, որ թուրքին թուրք ասի ու թրքությունը հասկանա: Հայտնի է, չէ՞, ոչ ոք չի խաբվում ավելի շուտ, քան նա, ով խաբվել է ուզում: Ի՞նչ է ներկայացվելու թագավորության բնակչությանը՝ ո՞ւր են արքայազունները մեկնել, ի՞նչ անելու և իրենց այդ այցի ընթացքում ներկայացնո՞ւմ են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության ժողովրդին ու պետության պաշտոնական դիրքորոշումը, թե՞ մասնավոր այց է՝ սեփական նախաձեռնությամբ, համարյա որսորդության պես, որի ընթացքում կարող ես զբոսնել ու վերադառնալ, ոչ մի կենդանու վնաս չտալով: Պահպանողական անգլիացիները շատ ուշադիր են արքայական ընտանիքի բոլոր անդամների և հատկապես արքայազունների նկատմամբ, շատ կցանկանայի իմանալ նրանց արձագանքը:
Խոսեցինք «The independent»-ի հոդվածից, իսկ լրահոսը նոր լուրեր է բերում. Նորվեգիայի կառավարությունը որոշել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցել դեսպանի մակարդակով։ Նորվեգացիներն իրենք հայրենի կառավարության որոշումն անվանել են «թույլ և վախկոտ», ինչը պայմանավորված է Թուրքիայի դժգոհությունը չբորբոքելու մտավախությամբ: «Սա մասնակցություն է պատմության խեղաթյուրմանը»,- համոզված են նրանք: Կարծում ենք՝ հարցը բոլորովին էլ այն չէ՝ արքայազուննե՞րը Գալիպոլի կգնան, թե՞ դեսպանները կգան Երևան, կարևորն այն է, որ Բրիտանիայում, Նորվեգիայում, Թուրքիայում և ամենուրեք ազնիվ ու առաջադեմ մարդիկ բողոքի ձայն բարձրացնեն ցինիզմի, անարդարության ու երեսպաշտության դեմ, որ մեկ բառով կոչվում է «real politik», որով փորձում են արդարանալ ու պաշտպանվել, մինչդեռ այդ «real politik»-ը ոչ մի կապ չունի իրական քաղաքականության հետ:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հ.Գ.- Դարդանելի նեղուցների պաշտպանությունը համաշխարհային պատերազմի դրվագներից մեկն էր, Դարդանելի ռազմական գործողության 100-ամյակի տոնակատարությունը շարքային իրադարձություն է, աշխարհը ոչ քանդվելու, ոչ կառուցվելու է, այնուամենայնիվ, իսկապես զուտ անգլիական հումոր է, որ Չերչիլի ծոռը պապի պարտությունն է պատրաստվում տոնել:

Դիտվել է՝ 2053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ