ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Սուլթանը չներեց, որ կայսրության միլլեթ-ի սադըկա ժողովուրդը երախտամոռությամբ ինքնավարություն է ուզում»

«Սուլթանը չներեց, որ կայսրության միլլեթ-ի սադըկա ժողովուրդը  երախտամոռությամբ ինքնավարություն է ուզում»
20.03.2015 | 01:05

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Ո՞րն էր 1908 թ. երիտթուրքական Սահմանադրության հռչակման նշանակությունը, և ի՞նչ իրադարձություններ էին նախորդել հեղաշրջմանը:
-Կա առաջին և երկրորդ մեշրութիյեթ (1) անցման շրջան. առաջինը 1876-ին էր, երկրորդը՝ 1908-ին, երբ ամբողջ իշխանությունն անցավ երիտթուրքերի ձեռքը: Մինչև 1908-ը, որ հայերը ևս համարում էին ազատության, եղբայրության, արդարության հաստատման հնարավորություն, ֆրանսիական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության «Ազատություն, եղբայրություն, հավասարություն» կարգախոսի արևելյան տարբերակն էր, որտեղ չկար հավասարությունը: Ինչո՞ւ էր հավասարությունը երիտթուրքերին վախեցրել: Դա պարզելու համար պիտի հասնենք 1860-ական թթ. և հասկանանք Օսմանյան կայսրության քաղաքացիական իրավիճակը: Հայերն առաջինն էին Օսմանյան կայսրությունում, որ կարգավիճակ ստացան: Հայերի կարգավիճակն ամրագրվեց 1863-ին, Հայոց ազգային սահմանադրությամբ՝ «Կրոնահամայնական ազգային կյանքը կարգավորող կանոնադրություն» (2), որը տպագրվեց հայերեն և օսմաներեն: Սահմանադրությունը, որի մշակմանը մասնակցել է Գրիգոր Օտյանը՝ իբրև իրավաբան, հայության կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն էր։ Հայերը մինչ այդ ունեին միայն մեկ ներկայացուցչություն:

1453-ին Կոստանդնուպոլսի նվաճվելուց հետո՝ 1461-ին հիմնվել էր Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը: Դա օսմանյան կայսրության պատմության մեջ հայերին տրված առաջին կարգավիճակն էր, որով հայերը ճանաչվում էին իբրև կրոնական համայնք, ոչ ազգ կամ ժողովուրդ: Բոլոր հարցերը կարգավորում էր պատրիարքը: Բայց պատրիարքն ուներ իր վերադասը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոսը, որը սուրբ Էջմիածնում էր, իսկ դա Օսմանյան կայսրության մաս չէր, որպեսզի այս հարցը կարգավորվի, անցավ գրեթե 400 տարի: 1853-ին Կ. Պոլսի հայերին՝ անկախ սոցիալական կարգավիճակից, տրվեց հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված` Ազգային, Հոգևոր և Գերագույն մարմիններն ընտրելու և այդ մարմիններում ընտրվելու իրավունք, այսինքն՝ հայերը կարող էին մեջլիսում ևս իրենց համայնքը ներկայացնել: Հայոց ազգային կանոնադրությունը սկսեց գործել 1863-ից, 1876-ին Օսմանյան Սահմանադրությունն ընդունվեց, իսկ 1877-ին առաջին խորհրդարանը ձևավորվեց (3)։ Դա 1878-ի Բեռլինի կոնգրեսից մեկ տարի առաջ էր: 1877-ի առաջին խորհրդարանում 115 պատգամավոր կար, 69-ը՝ իսլամադավան, 46-ը՝ ոչիսլամադավան: Հայերն ունեին 12 պատգամավոր, հույները՝ 23: Իսլամադավան պատգամավորները միայն թուրք չէին՝ ալբանացիները 25 պատգամավոր ունեին, արաբները՝ 60: Յուրաքանչյուրի էթնիկ պատկանելությունը նշված էր: 1877-ից հետո չորս խորհրդարան եղավ և աստիճանաբար ավելացավ իսլամադավանների թիվը, ազգային էթնիկ պատկանելության տարրերը ընդհանրապես քչանում էին:
-Ինչի՞ հետևանք էր ոչիսլամադավանների պակասելը:
-Բեռլինի կոնգրեսում առաջին անգամ Հայկական հարցը մտավ Օսմանյան կայսրության օրակարգ, 61-րդ հոդվածում նշվում էր, որ հայկական բնակավայրերում, որտեղ հայերը մեծամասնություն էին, վեց վիլայեթներում՝ Էրզրումի, Վանի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Տիգրանակերտի, պիտի կատարվեն բարենորոգումներ, որոնք պիտի վերահսկեն մեծ տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Անգլիան, Իտալիան: Այդ թվականներին վիլայեթներում հանդիպում ենք եվրոպացի ու ամերիկացի առաջին դեսպաններին, հյուպատոսներին: Երբ Օսմանյան կայսրության մեջ առաջին անգամ խոսվեց մեկ այլ էթնիկ տարրի՝ հայ քրիստոնյաների, իսլամադավանների հետ իրավահավասար պայմաններում ապրելու պահանջի մասին, խորհրդարանը դառնում է այդ բնակչության հարցերի քննարկման վայր: Եթե 1877-1908 թթ. գրված նամակները, դիմումները, խնդրագրերը ուսումնասիրեք, կտեսնեք, որ հայկական վեց վիլայեթներից, Կիլիկիայից անընդհատ բողոք-նամակներ կան, որ ճնշում են, հարստահարում են, հարկահանությունը խեղդում է: Ո՞վ պիտի այդ վիճակը ներկայացներ, եթե ոչ պատգամավորները:

Նրանք խորհրդարանում բոլոր հարցերը բարձրաձայնում էին, ասելով, որ ներկայացնում են ազգի որոշակի հատվածի, որը խոչընդոտների է հանդիպում իր գործերում: Ինչո՞ւ, չէ՞ որ սուլթանը երաշխավորել էր բարենորոգումների ընթացքը: Խորհրդարանը Օսմանյան կայսրության լուսանկարն էր. ինչքան կայսրությունը բազմազգ էր, այնքան ներկայացուցիչներ ուներ խորհրդարանում:
-Ի՞նչ լիազորություններ ուներ խորհրդարանը, հարցը բարձրացնում էր, իսկ հետո՞:
-Քանի որ իբրև միապետ սուլթանն էր պետության ղեկավարը, խորհրդարանում բարձրացված հարցերը ներկայացվում էին սուլթանին: Սուլթանն ուներ ևս մեկ խորհրդատվական մարմին, դա ծերակույտի նման մի կառույց էր, որի անդամների հետ խորհրդակցում և որոշում էր կայացնում: Սուլթան Աբդուլ Համիդը, որի գահակալության հետ է համընկնում այս շրջանը (31 օգոստոս 1876-27 ապրիլ 1909 թթ.), վարչապետները խորհրդարանում բարձրացված խնդիրները հիմք ընդունելով՝ հակասության մեջ էին մտնում սուլթանի հետ, մինչդեռ սուլթանի կամքը օրենք էր, նրա խոսքն ամեն ինչից վեր էր, սուլթանը աստվածն էր՝ երկրի վրա: Այդ հակասությունների ընթացքում էր Եվրոպան մուտք գործում Օսմանյան կայսրության կյանք: Փաշաների մի մասը իրենց ժամանակի համար դեմոկրատ կարող էր համարվել, սխրագործություն էր սուլթանի առաջ հարց բարձրացնելը, դրանից ընդամենը հիսուն տարի առաջ ո՞վ կհանդգներ սուլթանի առաջ հարց բարձրացնել, սուլթանին հակառակվել՝ իսպառ բացառվում էր: Պետական նոր կառավարիչներն անխտիր ուսանել էին Եվրոպայում, մի քանի լեզուների էին տիրապետում, գերմաներենը, ֆրանսերենը՝ պարտադիր: Նրանք համեմատում էին իրենց երկրի վիճակը այն երկրների հետո, որտեղ ուսում էին ստացել և ամեն անգամ հարց բարձրացնելիս սուլթանին օրինակ էին բերում, որ նման հարց, ասենք, Ֆրանսիայում եղել է 200 տարի առաջ, ու սուլթանին հորդորում էին, որ հին ժամանակներն անցել են, փոխվել է պետք, պետությունները ոչ թե ռազմարշավների, ուրիշի ունեցածը թալանելու և ավարի հաշվին են ապրում, այլ արտադրություն են հիմնում, առևտուր են անում միմյանց հետ: Պետության գոյության կենցաղային հատվածը ներկայացնողը հայկական համայնքն էր, եթե Օսմանյան կայսրությունում չլինեին հայերն ու հույները, ոչինչ չէր արտադրվի, չէր վաճառվի: Տնտեսության 80 %-ից ավելին այս երկու ժողովուրդների ճակատի քրտինքով էր ստեղծվում: Սուլթանը դա տեսնում ու հասկանում էր, տեսնում էր նաև, որ հայերն ու հույները սկսել են իրենց իրավունքների պաշտպանության հարց բարձրացնել: Բեռլինի կոնգրեսին հաջորդեց նաև ապստամբական շարժումը, որ վերածվում էր ազգային-ազատագրական պայքարի և հստակ քաղաքական պահանջներ էր ներկայացնում՝ մենք ինքնավարություն ենք ուզում: Հույներն ուզում էին դեռ Օսմանյան կայսրության տարածքում գտնվող իրենց տարածքներն ազատագրել ու Հունաստանին միացնել, հայերը պետականություն չունեին, որպեսզի միացման պահանջ դնեին, ուստի պահանջն ինքնավարությունն էր: Այդ պահանջը 1860-ական թթ. մինչև 1885 թ. արդեն հստակ էր, առաջին փորձը արեց Վանում Արմենական կուսակցությունը, որ կարճ կյանք ունեցավ, ասպարեզ եկավ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: 1887-ին Ժնևում մի խումբ արևելահայ երիտասարդներ ստեղծեցին Հնչակյան կուսակցությունը և առաջին անգամ մարտահրավեր նետեցին Օսմանյան կայսրությանը՝ բարձրացնելով հայերի ինքնավարության հարցը կայսրության հողատարածքում: Նրանք իրենց աչքի առաջ ունեին Սերբիայի օրինակը, բուլղարական, ռումինական ազգային-ազատագրական շարժումները, և այլն, և այլն: Բալկանյան պետություններում ապրող ազգություններից էին նրանք իրենց օրինակը վերցնում: Քաղաքական պահանջների հետևանքը եղավ սուլթանի քաղաքականության կարծրացումը: Հայերը քաղաքակիրթ, թերթերով, այս ու այն պետությանն ուղղած նամակներով հարց էին բարձրացնում, հետո զինված բախումներ եղան, ռազմական կառույցներ ստեղծեցին, ֆիդայական շարժումները սկսվեցին:


-Սուլթանը քաղաքակիրթ պահանջներին ինչո՞վ արձագանքեց:
-1894-1896 թթ. հենց իր իսկ անունով՝ համիդյան կնքված հայկական ջարդերով, որը և դարձավ հայկական ցեղասպանության սկիզբ և ավարտվեց 1923-ին, իսկ մինչև այսօր շարունակվում են ցեղասպանության հերքումն ու մերժումը, որը ևս ցեղասպանություն է: Մենք մոտ 30 տարի շարունակական ցեղասպանության ենթարկված ժողովրդի զավակ ենք:
-Դրանից առաջ հայերին չէի՞ն սպանում Օսմանյան կայսրությունում:
-Սպանում էին, բայց այդ սպանությունները նախօրոք ծրագրված և կազմակերպված չէին մեկ կենտրոնից, այլ տեղական բնույթի էին՝ Էրզրումում, Տիգրանակերտում, Սեբաստիայում և այլ վայրերում ազգամիջյան ընդհարումների տեսքով, որոնց պետությունն իր ռազմական համակարգով մասնակցում էր: 1894-ին սուլթան Աբդուլ Համիդը ուղղակի որոշում կայացրեց հայերին մի լավ դաս տալ ինքնավարության պահանջի դիմաց: Սուլթանը չներեց, որ կայսրության միլլեթ-ի սադըկա(4) ժողովուրդը երախտամոռությամբ ինքնավարություն է ուզում:
(շարունակելի)

(1) Մեշրութիյեթ՝ միապետության համակարգում խորհրդարանական վարչակարգի անվանումն է:
(2) Կրոնահամայնական ազգային կյանքը կարգավորող կանոնադրություն
(3) 1877 թ. Խորհրդարանի հայազգի անդամներն էին՝ Ռուբեն Սահակ Յավրումյան, Մելքոն Դոնիկյան, Հովսեփ Քազազյան, Մանուկ Կարաջայան, Հովհաննես Հուդավերդյան, Հովնան Շիշմանյան, Ալեքսան Սակայան, Հակոբ Շահինյան, Գրիգոր Պզտիկյան, Սեպուհ Մաքսուդյան, Համազասպ Հալաջյան, Դանիել Կարաջյան:
(4) Միլլեթ-ի սադըկա «հավատարիմ ազգ» է նշանակում։

Դիտվել է՝ 2653

Մեկնաբանություններ