ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Մենք դեռ կարիք ունենք մեր ներսը նայելու»

«Մենք դեռ կարիք ունենք մեր ներսը նայելու»
13.03.2015 | 02:43

ԳՐԻԳՈՐԻՍ արքեպիսկոպոս ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ հետ իմ առաջին հանդիպումը Գյումրիում էր, ուր սրբազանը նոր էր ստանձնել Շիրակի թեմի առաջնորդությունը: Դժվարին ժամանակներ էին` աղետի գոտի, տնավեր, կարիքավոր մարդիկ, ովքեր եկեղեցի էին գալիս մխիթարանքի խոսք լսելու, առ Աստված իրենց աղոթքներում երկրաշարժի զոհերին երկնային թագավորության դռները բացելու աղերսներով ու հույսով, թե վերքի բալասանը կգտնվի մի օր: Ամենշաբաթյա մատուցած պատարագներում հընթացս ասվող քարոզներում սրբազանի խոսքը հույսի դուռը բաց պահելու, ավերմունքի դեմ վերաշինման կամք դրսևորելու, հոգու երկրաշարժը կանխելու հորդոր էր: Եվ իրավիճակի թելադրանք` արտերկրի թեմական առաջնորդ իր ընկերների ուշադրությունը դեպի աղետի գոտի գրավելու հրամայականն ուներ սրբազանը, որի հետևանք` բարերարներ սկսեցին գալ թեմական տարածքներ, վերաշինման ու նորոգչական աշխատանքներ կատարելով Շիրակի գյուղերում ու քաղաքներում: Այդպես կառուցվեց Արթիկի մանկական բուժարանը, վերաշինվեց Հառիճի մանկապարտեզը, վերաբացվեց Թալինի եկեղեցին, բարենորոգվեց Հառիճավանքը։
Ավելորդ բան կլինի թվարկել բարենորոգչական այն բոլոր աշխատանքները, որ սրբազանի նախանձախնդիր վերաբերմունքով արվեցին Շիրակի մարզում: Կրոնական առումով վերազարթոնք ապրող բնակչությունը սիրեց ու վստահեց իր հոգևոր առաջնորդին, եկեղեցու ճանապարհին տեսավ նրան և նրա մեջ տեսավ եկեղեցին՝ փառավոր մի վիճակ հոգևոր հոր համար, որ նրա հանդեպ վստահության ու հեղինակության գրավական է:
Հետո` հայոց թեմի առաջնորդ ՈՒկրաինայում, որտեղից էլ ահա այս օրերին եկավ այդ վշտալի լուրը: ՈՒ հիմա անցյալով խոսելու այս պարտադրանքը, որ նրա հետ հանդիպումների բոլոր առիթներին կենսախինդ, առույգ ու լավատես սրբազան հոր հետ պիտի շրջեմ հուշերի դաշտում, պիտի մեկ առ մեկ վերապրեմ տասնամյակների մեր ընկերության հրաշալի պահերը: Դրանցից մեկով, ահա, փորձեմ էսքիզներ ավելացնել սրբազանի դիմանկարին:
…ՈՒկրաինայից կարճատև այցով Հայաստան եկած Գրիգորիս սրբազանի հետ մեր զրույցը թե հիշողություն էր, թե հայ եկեղեցու անելիքների շուրջ նրա խոհերի բարձրաձայնում և թե Հայաստան երկրի այսօրվա ու վաղվա մասին հայ քրիստոնյայի մտորումներ:

-Անկախությունից հետո, սրբազան, երբ հոգևոր վերազարթոնքն արդեն փաստ էր, բացվեցին եկեղեցու դռները: Եկեղեցու գործը հեշտացա՞վ, թե՞ ավելի դժվարացավ:
-Եկեղեցին Ավետարանի ճշմարտությունների քարոզչության կրողն է` հիմնական նպատակ ունենալով այն տարածելը: Ավետարանական, կրոնական ճշմարտությունների հետ նաև մեր ազգային պատկերացումները, մեր ազգային ճաշակը, մեր ազգային մղումներն են եկեղեցու միջոցով տարածվում ժողովրդի մեջ: Այս աշխատանքը թե՛ դժվար է և թե՛ դյուրին: Խորհրդային տարիներին եկեղեցու ձեռքերը մի տեսակ կապված էին. նա զրկված էր ամեն ինչից` իր եկեղեցական շենքերից, եկեղեցական միջավայրից: Հիմա եկեղեցին գտնվում է իր բնականոն գործունեության վիճակում, և նրա գործունեությունն առավել դյուրին է նաև այն իմաստով, որ մեր պետական իշխանություններն էլ իրենց հերթին օժանդակում են եկեղեցուն, որ նա շատ արագ ինքն իրեն գտնի: Այս հանգամանքը, անշուշտ, որևէ կերպ չի խաթարում նրանց երկուստեք ունեցած անկախությունը: Եկեղեցին իրապես գիտակցում է իր առաքելությունը. նրա գործունեությունը ճիշտ սահմանների մեջ է, և ամբողջ եկեղեցականությունը այսօր, փառք Աստծո, նվիրված, գիտակցորեն, կարգապահության, հնազանդության ոգով փորձում է կատարել մեծ աշխատանք: Նաև այն, ինչ չէր կատարված անցնող 70 տարում:
-Ասել կուզեք, թե պետությունից անկախ լինելը մենք չշփոթենք այդ սերտ հարաբերության հետ:
-Պետությունից անկախ լինելն ընդամենը կարգավիճակային երևույթ է` այն, որ եկեղեցին իր կառույցով չի ընդգրկված պետական կառույցի մեջ և հակառակը: Եկեղեցին ինքնուրույն կառույց է, որը կատարում է իր նպատակային գործունեությունը:
-Դուք Շիրակի թեմի առաջնորդն էիք ամենադժվար շրջանում. երկրաշարժն արել էր իր ավերմունքը, և մարդկանց հուսահատ վիճակի մեջ շատ կարևոր էր մնում հոգու երկրաշարժը կանխելու խնդիրը: Եվ սկզբնական շրջանում, կարծես, եկեղեցին առավելապես բարեգործության ճանապարհների փնտրտուքի մեջ էր:
-Երկրաշարժից հետո բնական է, որ օգնության, օժանդակության կարիքներ շատ կային, և եկեղեցին այդ շրջանը պատվով անցավ: Դա ընդամենը խիստ ժամանակավոր մի բան էր, որը եկեղեցին կարողացավ կատարել, և մեր ժողովուրդն էլ դա զգաց ու նաև երախտագետ գտնվեց:
Եկեղեցու կառույցի կատարելությունն էլ այն է, որ կյանքը որ պահին ինչ անհրաժեշտություններ ներկայացնի, կարողանա իր գործունեության մեջ անդրադառնալ և կատարել: Ավետարանը քարոզելը, քարոզչություն կատարելը, մարդկանց կրոնական արարողություններ մատուցելը, մարդկանց մխիթարելը, հընթացս խորհուրդներ կատարելը և այլն եկեղեցու ծառայությունն են: Ի շարս այս ամենի, հայ եկեղեցին նաև հայ ընկերության մեջ է գործում, և եթե ընկերային ինչ-որ անհրաժեշտություններ են առաջանում, եկեղեցին պարտավոր է արձագանքել դրանց: Փա՜ռք Աստծո, դրանք արդեն հաղթահարված շրջաններ են, կյանքը, բարեբախտաբար, փոխվել է դրական իմաստով:
-ՈՒկրաինայում աշխատելու տարիների Ձեր դիտարկումներով հայերն ինչպե՞ս են իրենց պահում արտերկրում. ամենուր հայը նո՞ւյն հայն է:
-Իր էությամբ, արյունով ու իր ներքին ամբողջ զգացողությամբ հայ մարդու հատկանիշները գրեթե միևնույնն են. ըստ երևույթին գենետիկական հասկացությունը ճշմարտություն է: Անշուշտ, մարդը միջավայրի որոշ ազդեցությունների ենթարկվում է, սակայն, ըստ էության, հիմնական նույնությունը պահպանվում է` բնավորության գիծ, մտածողություն, ազգային ավանդույթների հանդեպ ունեցած վերաբերմունք և այլն:
-Եթե շատ համառոտ ներկայացնելու լինենք, ի՞նչ է իրենից ներկայացնում ՈՒկրաինայի թեմը:
-ՈՒկրաինայում հայերն ապրում են 9-10-րդ դարերից սկսած, և միշտ հայ եկեղեցական ներկայություն եղել է ՈՒկրաինայում ապրող հայության մեջ, հետևաբար, երբեմն որոշ ընդհատումներով, ՈՒկրաինայում գործել է հայոց թեմ, և հայերն այնտեղ կազմակերպել են իրենց կյանքը: Այսօր լրիվ նոր մի իրավիճակ է, արդեն մոտ կես միլիոն հայություն է հավաքվել, և արդեն 20 տարի է, որ հաստատապես հիմնադրվել ու գործում է հայոց թեմը: Այսօր, կարծես թե, մի նոր սկիզբ է: ՈՒկրաինայի տարածքում մենք ունենք հնուց մնացած եկեղեցական շենքեր, որոնցից մի քանիսն օգտագործելի են՝ փոքրիկ, թեթև նորոգություններով, իսկ մի քանիսն էլ դեռ կիսավեր վիճակում են, որ ավելի լուրջ վերականգնման պետք ունեն: Համադրաբար նոր եկեղեցիներ են կառուցվում: Վազգեն Առաջին կաթողիկոսի հայրապետությամբ ՈՒկրաինայում 1991-ին բացվեց և սկսեց գործել առաջին հայկական եկեղեցին: Ասեմ, որ ժողովուրդն էսպես եկեղեցուն մոտ է կանգնած: Բոլորն էլ մեր եկեղեցու հանդեպ ունեն որդիական նվիրվածություն և սեր:
-Դուք բավականաչափ տեղեկություն միշտ էլ ստանում եք Հայաստանից, և համոզված եմ, որ այսօրվա Հայաստանի կացությանը տեղյակ եք՝ պաշտոնավարելով ՈՒկրաինայում: Ձեր կարծիքով, այսօր ամեն ինչ կարգի՞ն է Հայաստանում:
-Անշուշտ, չկա որևէ երկիր, այդ թվում` Հայաստանը, որտեղ ամեն ինչ բացարձակապես կատարյալ լինի, ժողովրդի հնարավորությունները բարձրագույն մակարդակի վրա լինեն և այլն: Հայաստանն էլ բոլոր երկրների նման` իր առանձնահատկություններով, իր խնդիրներով, բայց նաև իր համաչափ զարգացմամբ, իր առաջընթաց ապրող փաստերով, շարունակում է պետականության կայացման իր դժվարին ճանապարհն անցնել: Անշուշտ, մենք դեռ կարիք ունենք մեր ներսը նայելու, հանդեպ հայրենիք ունեցած մեր վերաբերմունքը չափելու բարձր բարոյական պատկերացումների և դրանք կիրառողի մակարդակով: Այսօր այդ է պահանջում բարոյախոսությունը` թե աշխարհիկ և թե կրոնական առումով:
-Նաև համախմբման պահանջ կա երևի:
-Անշուշտ, ամեն հայ, ուր էլ ապրելիս լինի, հայրենիքին պիտի զորակցի նրա անկախության ճանապարհն անցնելու այս դժվարին պահերին:
-Այսինքն, անկախության ճանապարհ անցած երկրին հատուկ դժվարությունները բնակա՞ն համարենք:
-Դա բնական է, անգամ 4-5 հարյուր տարվա անկախ պետականություն ունեցող երկրներն են պարբերաբար դժվարություններ ունենում. կյանքն այդպիսին է` ունի զարգացման իր տարբեր կերպերն ու տարբեր փուլերը: Պարզապես պետք է, որ յուրաքանչյուր գիտակից մարդ իր կյանքի ընթացքում գործուն մասնակցություն ունենա. կյանքը ճիշտ ընկալի, իր համար ճիշտ դիրքորոշում մշակի, իր գործողությունները ճիշտ կազմակերպի:
Ահավասիկ, ես հավատում եմ, որ մոտ ապագայում Հայաստանը պիտի լինի մի հրաշալի երկիր, որտեղ ամեն մի քաղաքացի պիտի լինի շատ երջանիկ: Ես լավատես եմ մեր երկրի վաղվա հանդեպ:
-Սրբազան, Ձեր լավատեսությունը ինձ համոզում է, բայց և տարակուսանք ունեմ, թե այսօ՞ր ինչու կան Հայաստանից հեռացողներ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանը լքողներին:
-ՈՒկրաինայի թեմում կան թե՛ Հայաստանից գնացած, թե՛ Վրաստանի, Ադրբեջանի տարածքներից այնտեղ հավաքված հայեր: Ոմանք, ի դեպ, շատ հաջող դիրքերի են հասել: Չեմ կարող մարդու արարքը քննել` ոչ արդարացնում, ոչ էլ կարողանում եմ դատապարտել: Ինձ համար առավել կարևոր է, թե այդ մարդն ինչքանո՞վ է փորձում պահպանել իր հայությունը, կապ պահպանո՞ւմ է հայության հետ: Այսօր ես հաստատում եմ, որ ՈՒկրաինայում բնակվող բոլոր հայերը անխտիր, ոչ միայն Հայաստանից գնացածները, այլև իմ թվարկած երկրներից և նախկինում սովետական շրջանում այնտեղ ապրող հայերից բոլորն էլ, թե՛ իրենց ապրած միջավայրում՝ քաղաքում, գյուղում, շրջկենտրոնում, մայրաքաղաքում իրար հետ կապ են պահում, չեն խուսափում դրանից, հպարտությամբ արտահայտում են իրենց հայությունը, աշխատում են այնտեղ կազմակերպված կյանք ստեղծել: Մենք էլ փորձում ենք ամեն տեղ հայ եկեղեցու ներկայությունն ապահովել:
-Մարդը եկել է Ձեր հորդորը լսելու. ո՞րն է Ձեր ասելիքը նրան:
-Իրոք, այսօր շատ նման հայեր կան, ովքեր մի քիչ շփոթ վիճակում են, մի քիչ լքված են զգում իրենք իրենց: Մարդը մեղք չունի, եթե չունի բարձր գիտակցական վիճակ և այդ պատճառով ընկել է թշվառության մեջ, մի վիճակում է, որից հնարավորություններ չունի դուրս գալու: Նրանց, ովքեր գալիս են եկեղեցի, մենք փորձում ենք բացատրել, որ փորձեն պատկերացնել և հասկանալ, թե ըստ էության ինչ վիճակ է դա և ինչ է ենթադրում: Եկեղեցին, մանավանդ բարոյական առումով, իր փորձառությունից ելնելով՝ խորհուրդներով, խորհրդատվությամբ, կարծիք ներկայացնելով անպայմանորեն աջակից է այդ բոլորին. դա հենց եկեղեցու ծառայությունների մեջ է մտնում: Շատ կարևոր է մարդուն հավատ ներշնչել իր ուժերի, իր կարողության հանդեպ:


Զրույցը`
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆԻ

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ