ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Անվերնագիր-անառիթ

Անվերնագիր-անառիթ
13.03.2015 | 01:33

Մեր ընթերցողին ենք ներկայացնում 1998-ի փետրվարին «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրված Կարմեն Դավթյանի և Վանո Սիրադեղյանի զրույցը՝ Աստծո, Հավատի, Հոգու և Հոգևորի մշտահոլով-բարդ թեմայով: Նյութն ընթերցելու դաժան բավականությունը թողնելով ձեզ, ընդամենն ասենք, որ Աստծո ու Հավատի իշխանությունից իրեն դուրս դրած ՀՀՇ-ական վարչախումբն այս հրապարակումից ուղիղ 40 օր անց հրաժարական տվեց:

Ես չգիտեմ` էս մեր խորհրդարանն իսկի կապ ունի՞ մեր հասարակության հետ, նրա մանրակերտը հանդիսանո՞ւմ է, թե ոչ, բայց մի բան լավ գիտեմ. խորհրդարանը լիդեր («քաղպաշտոն տվող») շա՜տ է սիրում։ Էն մարզպետ նշանակելու տարիները հիշո՜ւմ եք. հա. էդ փետրվարին էս խորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ պարա՜ն-պարա՜ն շրջում էին Էդիկ Եգորյանի հետևից, շրջապատում նրան, ժպտում. «իմաստուն»-խելացի մտքեր արտածում... Հետո` գիտեք ինչ եղավ։ Եգորյանին էսօր ոչ մեկը չի շրջապատում։
Հետո մի օր էլ տեսնեմ պատգամավորներս էլի մի տեղ հավաքվել են, էլի պարան-պարան ձգվում են` նայեցի` Թելման Տեր-Պետրոսյանն էր (հոգին լույս դառնա)...
Իրենից հետո խորհրդարանիս միջանցքները մի պահ դատարկ մնացին։
Վերջերս պատգամավորներս էլի «պարան-պարան» են ման գալիս` Վանո Սիրադեղյանի հետևից... Շուրջը... «Շուրջկալներից» մեկի ժամանակ ես հայտնվեցի պարոն Սիրադեղյանի կողքին. ասի հիմա էլ ես մի «քըննեմ» մեր գրողին (համա կքննես, ականջդ կանչի, Դիլա՜ն դայի, որ միրհավից երկու փետուր ձեռդ մնաց. մեր ձեռն էդ էլ չի մնում...)։ Խոսեցինք դեսից-դենից։ Ես մտածեցի` դե խոսեցինք, էլի... Ինքը ինձ` «Ո՞Ւր ա հարցազրույցը` ես քեզ հարցազրույց եմ տվել»: Է, շուռ գամ ասեմ` էդպես հարցազրույց չի լինում. մի նստենք, մի մարդավարի հարցազրույց անենք` Դիլան դայուց, միրհավից, Սոնայից, «բանից» (ինքը կասեր)...
Ինքը` «Չէ, ես քեզ արդեն հարցազրույց եմ տվել»: Է՛, տվել ես, «հարցազրույցն» էլ` հրե՛ս.

-Ի՞նչ կարծիքի եք Պասկալևայի հաղորդման փակման մասին։
-Ոչ մի կարծիքի։ Լեզվի օրենք է խախտվել. փոխանակ ասեն, որ լեզվի օրենքը խախտվելով էր հաղորդումը «գնում» ու հիմա լեզվի օրենքը հունի մեջ ենք «դնում», հեռուստատեսության ղեկավարները ծամծմում-կմկմում են։ Մյուս կողմից էլ Պասկալևայի անունը հնչո՜ւմ է։
-Դա մեր փոքր-ինչ օտարամոլության արգասիքը չէ՞։
-Դու հայերին չես կարող մեղադրել օտարամոլության մեջ, որովհետև դա հայի արյունն է. ազգային երկրորդ հատկանիշը և ոչ առաջինը։
-Առաջի՞նը որն է։
-Առաջի՞նը... Սեփական արժանիքները չգնահատելը, մեկը մյուսին լրացնում է։ Երրորդ հատկանիշն էլ եկեղեցաշինությունն է։ Էդ համաճարակը. փոխանակ հրաշալի մեր եկեղեցիները վերականգնեն, ամեն մեկը մի եկեղեցի է սարքում` գողականից սկսած մինչև եսիմ ով։
-Դա՞ ինչի պակասությունից է «գալիս»։
-Խելքի։ Էն ըմբռնողության պակասի, որ էդ եկեղեցիները որ սարքվել են, մի օրվա, տարվա մեջ չեն սարքվել. հարյուր տարի հետո մի «շյուղ» է ավելացել, երկու հարյուր տարի հետո նոր ժամատուն է ավելացել, նոր կառույց ստեղծվել, եկեղեցիները հո միանգամից չե՞ն նախագծվել ու դրվել Աստծո դնելու պես։ ՈՒ փոխանակ շարունակենք եղած եկեղեցիների վրա աշխատել, եղածը` քանդված եկեղեցին, թողել ենք մի կողմ, նորն ենք կառուցում։
-Իսկ իմ կարծիքով, դա իսկի էլ խելքի պակասությունից չի գալիս։ ՈՒրիշ բանի պակասությունից է, իսկ ընդհանրապես, որ կանք ու գոյատևել ենք, որ 600 տարի անպետություն էինք, ու էլի եկել ու հետն էլ պետություն ունենք` դա նրա համար, որ մտքի-խելքի ազգ ենք եղել։
-Չե՜նք եղել։ Խելքի ազգ չենք եղել։ Իմ ասելն էլ էն է, որ մենք չունենք էն ըմբռնողությունը, որ եկեղեցին 500-600, հազար տարի շարունակաբար է սարքվում... հարյուրավոր շինականներ, իշխաններ, «սպոնսորներ», ամենքը մի բան ավելացրել են՝ ունեցել ենք Հռիփսիմե, Մայր տաճար։ Շարունակականություն պիտի լինի, չէ՞։ Էդ ըմբռնողության համար խելք է պետք, չէ՞։ Որ հասկանանք, որ էս հիսունամյակում-հարյուրամյակում եկեղեցու վրա մի բան պիտի ավելացնենք։
-Խե՞լք, թե՞ հավատ։
-Խե՛լք, խելք։ Սովորական շինարարական խելք։
-Որ հավատում-սիրում ես` խելք էլ ես ունենում, շինարարություն էլ։
-Ես եկեղեցին չեմ ընդունում որպես հավատի տուն։ Հայի համար այն հավատի տուն չի եղել, այլ իր ճարտարապետական շնորհքը, ամբիցիաները իրագործելու միջոց։
-Բա մեր հավատի տունն ո՞ւր է։
-Հայերը հավատացյալ չեն։
-Հը՜ը՜մ...
-Ըհը՜ն...
-Բայց կարծեմ մեր պետությունը մի այլ բան է ասում. ասենք թե, որ մենք ունենք 1700 տարվա քրիստոնեական պատմություն։
-Դե հիմա... Դա մեր ցանկությունն է, մեր բովանդակությունը չէ։
-Բա «մեր հավատի հերոսնե՞րը»` Լուսավորիչ, Մաշտոց, Եղիշե, Տաթևացի, Նարեկացի։
-Մաշտոցը իրապաշտ-ազգապահպան գործ է արել, ոչ թե հավատից ելնելով է ինչ-որ բան արել։
-Աղոթքներ է գրել, Աստվածաշնչից Բանն է թարգմանել. հիշո՞ւմ եք՝ «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ», շարականներ է գրել, հոգևոր գործունեություն ունեցել։
-Բանաստեղծություններ, շարականներ, պատմվածքներ գրելը դեռ հավատ չի նշանակում։
-Բանաստեղծությունը, շարական գրելը հոգևոր գործ է։
-Հոգևոր գործունեություն է, ոչ` հավատի գործունեություն։
-Այդ բոլորը գալիս հանգում են նույն կետին` հոգևոր սկզբին, որ է Աստված։
-Հոգևորը հավատի հետ ոչ մի կապ չունի։
-Չունի՜...
-Ո՛չ, չունի՛։
-Բա ինչի՞ հետ կապ ունի։
-Հոգևորը մարդու տեսակն է` մարդը ծնվում է հոգևոր կերտվածքով կամ էլ ծնվում է ոչ հոգևոր կերտվածքով։
-ՈՒրեմն մարդը հոգի է, Աստված ևս հոգի է։ Էդ հոգին որտեղի՞ց է գալիս...
-Չգիտե՜մ։ Կարող է կոսմիկական ինչ-որ ճառագայթների կամ եսիմ ինչի հատումից։
-Եսիմ ինչի՞ հատումից...
-Ի՞նչ իմանանք, է, որ իմանայինք, Աստծո տեղն էլ կիմանայինք։
-ՈՒրեմն Աստված կա՛։
-Չկա՛ Աստված... Ցավալի է, բայց չկա։
-Չե՞ք վախենում, որ էդպես ասում եք։
-Բոլորովի՛ն... (ծիծաղում է)...

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ