ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա Հայաստանում հեղինակությունները «տանիք» չեն եղել, ֆինանսական հոսքերի տեր չեն եղել»

«Ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա Հայաստանում հեղինակությունները «տանիք» չեն եղել,  ֆինանսական հոսքերի տեր չեն եղել»
13.03.2015 | 01:22

2015-ի առաջին եռամսյակը Հայաստանի համար բացասական իրադարձություններով լեցուն էր: Սկսած քրեական վիճակի լարվածությունից մինչև քաղաքական «տրոհումներ»: Սահմանային միջադեպերն էլ պատկերն ամբողջացնում են: Ի՞նչ է կատարվում ներքաղաքական դաշտում, ինչո՞ւ են ներքին կյանքի այս «երանգներն» այդքան վառ արտահայտված: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

«ԱՍԵԼ, ԹԵ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ԻՐԵՆՑ ԼԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ, ՀԻՄՆԱԶՈՒՐԿ Է»


-Կյանքը բազմազան է ու միայն դրական իրադարձություններից չի բաղկացած: Լավն ու վատը այն հասկացություններն են, որոնց վրա էլ վաղուց կառուցվում է հասարակական կյանքը,- ասաց պատգամավորը:- Որոշ ժամանակ դրականն է գերակշռում, ինչ-որ մի պահի էլ բացասականը: Յուրաքանչյուր դեպք ունի իր բացատրությունը` սկսած քաղաքական իրադարձություններից մինչև քրեածին վիճակ:
-Քաղաքական մեծամասնության համար մտահոգիչ չէ՞ երկրում «մոլեգնող» քրեական ծանր հանցագործությունների զգալի աճը:
-Իհարկե, մտահոգիչ է: Բայց և՛ Երևանում, և՛ Գյումրիում կատարվածը, կարծում եմ, իրավապահների տիրույթում լուծվող հարցեր են, այսինքն` պետք է մեղավորներին, պատճառները բացահայտեն: Դրանից հետո կարելի է որոշակի լուծումներ առաջարկել ու հասկանալ, թե այդ ամենում ինչ տեղ ունեն սոցիալ-տնտեսական վիճակը և այլ հանգամանքներ:
-Հետևելով լրահոսին, կարելի է կարծել, թե Հայաստանը վերածվել է քրեական հեղինակությունների հետաքրքրության գոտու, քանի որ քրեական «տարրերը» բավականին ակտիվացել են: Նախկինում Հայաստանը այս առումով գոնե «ուշագրավ» երկիր չէր: Ի՞նչ է փոխվել:
-Իրականության հետ ոչ մի աղերս չունի այն, որ Հայաստանը վերածվել է քրեական հեղինակությունների հետաքրքրության գոտու, որովհետև Հայաստանը շատ հեռու է այդ ամենից: Որպեսզի Հայաստանում քրեական հեղինակությունները ոտքի տակ ունենան «ամուր հող», իրենց լավ զգան, պետք է ֆինանսական, տնտեսական «ներարկումներ» ունենան: Իսկ սա իսպառ բացակայում է Հայաստանում: Ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա Հայաստանում հեղինակությունները «տանիք» չեն եղել, ֆինանսական հոսքերի տեր չեն եղել: Ասել, թե քրեական հեղինակություններն այստեղ իրենց լավ են զգում, հիմնազուրկ է: Նրանք ձգտում են այնպիսի երկրներում հիմնավորվել, որտեղ ֆինանսական հոսքերը, աշխուժությունը մեծ են, նպաստավոր պայմաններ կան: Հայաստանում դա պարզապես չկա: Ժամանակ առ ժամանակ, եթե մարդը հեղինակություն է, Ինտերպոլի, ՀՀ ոստիկանության կողմից չի հետախուզվում ու գալիս է Հայաստան, չի նշանակում, թե չի կարող ազատ տեղաշարժվելու իր սահմանադրական իրավունքն իրագործել: Ավելորդ եմ համարում, որ մամուլն այդքան մեծ ուշադրություն է դարձնում նման իրողություններին: Եթե չենք ցանկանում նրանցից հերոս սարքել, ինչո՞ւ ենք անդրադառնում, թե ով է եկել, ում հուղարկավորությանը կամ կնունք-ծնունդին ովքեր են մասնակցել: Այս ամենը անտեղի աժիոտաժ է: Ավելի շատ սենսացիաների և վարկանիշ ապահովելու խնդիր եմ տեսնում:


«ԵՐԿՐԻ ԱՅՍՕՐՎԱ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՈՒ ՄԵՂԱՎՈՐԵ՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ,
Ե՛Վ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»


-Վերադառնանք քաղաքական հարթություն: Այսօր հստակ ուրվագծվում է իշխանական ուժը` ՀՀԿ-ն, իսկ ընդդիմադիր ճամբարում ամեն ինչ այնքան խառն է, որ իրենք իրենց են փորձում «կոդազերծել»: ՀՀԿ-ն իր հակադիր բևեռն ո՞ւմ «կերպարով» է տեսնում:
-Որպես իշխանական ուժ, հստակ գործում է ՀՀԿ-ն, և կա ընդդիմադիր ընտրազանգված, որն այսօր անորոշության մեջ է: Նրանք քվեով կօժտեն այն քաղաքական ուժին, որն ի զորու կլինի առաջիկա համապետական ընտրություններին մրցելու իշխանական ուժի հետ: Այս առումով, իհարկե, անորոշությունը շատ մեծ է: Այն քաղաքական ուժերը, որոնք իրենց հայտարարել են ընդդիմադիր և անխնա քննադատում են, ինչպես մամուլն է գրում, գաճաճ կուսակցություններ են: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր փոքր ընտրազանգվածը: Խորհրդարանական ուժերից ամենակայուն ընտրազանգվածն ունի ՀՅԴ-ն: Այն, ինչ ՀԱԿ-ն է անում՝ ատելություն տարածել, վիրավորել, պիտակավորել, նրան երկար «կյանք» ապահովել չի կարող, գնալով «ցամաքելու» են: Վերջին հանրահավաքն էլ ցույց տվեց, որ ունեցած «բեռով» խոսելը լուրջ հավակնությունների մասին ծիծաղելի է:
-Իսկ ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ում:
-Թե այս ամենից հետո ԲՀԿ-ն ինչպիսի՞ն կլինի, ի՞նչ ընտրազանգված կունենա, հստակ ասել դժվար է: Կարծում եմ, դրա պատասխանը ԲՀԿ-ի ղեկավարներն իրենց գործողություններով ու քայլերով պիտի տան: Այսպես թե այնպես մի քանի հարյուր հազար ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներ սպասումների մեջ են: Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե ինչպես կվարվեն այսօրվա կամ, հնարավոր է, նոր ձևավորվող ընդդիմադիր ուժերը:
-Մտավախություն չունե՞ք, որ այն, ինչ կատարվեց ԲՀԿ-ի հետ, կարող է կրկնվել և ՀՀԿ-ի պարագայում, եթե զրկվի իշխանական լծակներից:
-ՀՀԿ-ն գաղափարական հստակ հենք ունեցող կուսակցություն է: Իհարկե, կարող եք վիճարկել, թե ոչ բոլոր անդամներն են դասական իմաստով ազգային պահպանողականության կրողն ու մատուցողը: Բայց ցանկացած հասարակարգում պահպանողականությունը բավականին ուժեղ նստած է յուրաքանչյուրի մեջ: Եթե քաղաքականություն ես մտել հստակ պատասխանատվությամբ քաղաքացիներիդ և պետությանդ հանդեպ, վախը պետք է երկրորդվի:
-Այսինքն, ԲՀԿ-ին մեղադրում եք գաղափարախոսության բացակայության մեջ, ասել է՝ այդ կուսակցությունում մարդիկ անձի շուրջ էին հավաքվել:
-Ես չեմ մեղադրում, իրականությունն եմ ասում: Իհարկե, դա անձակենտրոն կուսակցություն էր: Այսօր հենց ականատես ենք, թե առաջնորդի հեռանալուց հետո ինչ է կատարվում այդ կուսակցությունում: Անկեղծ կարելի է ցավել այդ կուսակցության հետ կատարվածի համար: Բավականին երկար տարիներ ընտրազանգված է ձևավորել, որոշակի վստահություն ներշնչել, բայց հանկարծ պարզվում է, որ այդ ամենը չկա: Կարծում եմ, ժամանակն է, որ քաղաքական ուժերը քաղաքականությամբ զբաղվեն: Քաղաքական ուժ ասելով նախ նկատի ունեմ հստակ գաղափար, որի շուրջ համախմբումն անսասան է լինելու: Ոչ մի փոթորիկ, հարված ոչ միայն չեն կարողանա գաղափարական ուժը տապալել, այլև հակադարձելու հնարավորություն են տալիս:
-Իշխանության համար առավել վտանգավորը գաղափարակա՞ն ընդդիմությունն է:
-Չէի ասի, թե վտանգավոր է: Մի առիթով հանրապետության նախագահն ասել է, որ իշխանությունն ու ընդդիմությունը մարմնի երկու ձեռքն են: Երկուսն էլ կարևոր են: Ցանկալին գաղափարական ընդդիմություն ունենալն է: Մենք չենք կարող հաշվի չառնել գաղափարական ընդդիմության ասելիքը:
-Ընդդիմությունն իր այսօրվա վիճակի համար մեղադրում է իշխանությանը` պնդելով, որ իշխանությունը ընդդիմությունը «քանդում» է: Եթե մարմնի երկու ձեռքն են, ինչո՞ւ է մի ձեռքը վնասում մյուսին:
-Դա ուղղակի սեփական ձախողումների արդարացում է: Միշտ փորձում են իրենց մեղքի բաժինը չտեսնել ու դրսից ուժեր, մարդկանց գտնել ու ձախողումները նրանց վրա բարդել: Երկրի այսօրվա վիճակի և ապագայի համար պատասխանատու են ու մեղավոր և ընդդիմությունը, և իշխանությունը:
-Ո՞րն է ընդդիմության մեղքը, եթե բոլոր լծակներն իշխանության ձեռքում են:
-Ընդդիմությունը կառուցողական պիտի լինի: Չնայած այդ բառը շատ է չարչրկվել: Օրինակ, ներկայացնում են արտագաղթի ցուցանիշներ, տնտեսական վիճակի տվյալներ, որոնց մասին բոլորս էլ գիտենք: Բայց համապարփակ լուծումներ չեն առաջարկվում: Բանավեճերն այս ուղղությամբ պիտի ընթանան: Այլապես ստացվում է մի վիճակ, երբ ընդդիմությունը սպասում է, թե իշխանությունը ինչ քայլ պիտի անի, որ իրենք դա անխնա քննադատեն: Անձնավորում են յուրաքանչյուր քայլ, սակայն երբեք չեն ասում, եթե իրենք լինեին իշխանության ղեկին, ինչպես կվարվեին: Ենթադրենք Դավթյան Արտակին փոխարինեց Պողոսյան Պողոսը, նա ի՞նչ պիտի ավելի լավ անի, որ ես չեմ անում: Ստացվում է՝ իրենք երազում են բազմել այդ իշխանական աթոռներին ու հեքիաթային, կախարդական փայտիկով հարցեր լուծել: Սա հուսախաբ անող գործելաոճ է: Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, պիտի նշել, որ այսօր ամենալուրջ փոփոխությունների կողմնակիցն ու նախաձեռնողը ՀՀԿ-ն է: Եթե իշխանափոխություն ասելով մեր ընդդիմախոսներից շատերը հասկանում են անձի փոփոխություն, ապա ոչինչ էլ չեն ուզում փոխվի մեր կյանքում: Անընդհատ իշխանություններին անիծելու փոխարեն գուցե մի քայլ կատարեն: Ի վերջո, մեզ ի՞նչ է տալիս անընդհատ հայհոյելը:

«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՓՈԽՎԻ»


-Եվ մեր տնտեսական վիճակի մասին: Խոսակցություններ կան, որ այս օրերին հայրենի կառավարությունն ամեն ինչի դիմում է դրսից Հայաստան գումար բերելու համար: Տնտեսական վիճակի բարելավման վերջին հո՞ւյսն է դա:
-Յուրաքանչյուր, անգամ ամենազարգացած տնտեսության համար շատ կարևոր են ներդրումները: Այնպես որ, եթե գործադիրը իր քաղաքականության մեջ մշտապես կարևորում է ներդրումներ ապահովելը, բնական բան է: Մենք ամուր թելերով կապված ենք ՌԴ-ի հետ, և այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա: Պիտի մի կողմից քայլեր անենք վիճակը մեղմելու համար, մյուս կողմից էլ` առաջ քայլենք:
-Իսկ եթե հարկային դաշտը ավելի լավ աշխատեցնելու և բյուջե մուտքեր ապահովելու համար նաև սեփական գործարարների՞ն ստվերից դուրս բերենք:
-Հարկային օրենսդրությունը բավականին լուրջ փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտություն կա: Պիտի պարզեցնել ու հստակեցնել այն: Գործարարների առաջ ծառացած խոչընդոտները, բոլոր երկիմաստությունները, խութերը պետք է հնարավորինս վերացնել: Հարկային մարմին և հարկատու հարաբերությունները շատ պարզ պետք է լինեն, ԱԺ-ի ներգրավվածությունն այս հարցում բավականին մեծ լինի: Ձևակերպումները, որ մենք պետք է անենք օրենքում, պիտի մեկ անգամ կարդալ գործատուի համար, եթե ըմբռնեց ու ասաց` ամեն ինչ հստակ է, ուրեմն ճիշտ ձևակերպում ենք տվել: Որպես տնտեսագետ էլ ես մի քանի անգամ պիտի կարդամ այսօրվա հարկային օրենսդրությունը, որպեսզի ենթատեքստերը հասկանամ: Բավականին դժվարամարս լեզվով է գրված:

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ