ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ընդդիմադիրներին միավորել է միայն մեկ խնդիր` ամեն գնով վերցնել իշխանությունը»

«Ընդդիմադիրներին միավորել է միայն մեկ խնդիր` ամեն գնով վերցնել իշխանությունը»
06.03.2015 | 00:58

«Ինչո՞ւ Հայաստանում ընդդիմությունն այդպես էլ չի կայանում»,- հարցով սկսեցինք զրույցը ԱԺ պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

-Նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեզանում բոլոր ժամանակների ընդդիմադիրներին միավորել է ոչ թե հանրային կյանքի բարենորոգման հայեցակարգային մոտեցումների ընդհանրությունը, այլ միայն մեկ խնդիր` ամեն գնով վերցնել իշխանությունը։ Ընդ որում՝ այս գաղափարի շուրջ համախմբվում են ոչիշխանական համարյա բոլոր ուժերը` անկախ իրենց գափարական տարբերություններից` լիբերալները, սոցիալ-դեմոկրատները, նույնիսկ կոմունիստները: Ըստ իս, քաղաքական պայքարի նման ռազմավարությունը հանրությանը որևէ կանխատեսելի, կառուցողական հեռանկար չի կարող խոստանալ: Ինչո՞ւ: Բանն այն է, որ ցանկացած կուսակցության նպատակը պետք է լինի հասարակությանը ներկայացնել հանրային կյանքում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման սեփական հայեցակարգն ու ծրագրային մոտեցումները, պայքարել վերջիններիս հանդեպ հանրության ավելի լայն շերտերի աջակցությունը ստանալու համար, այդ կերպ ձևավորել համակիրների հնարավորինս մեծ և կայուն բանակ, համապետական ընտրություններում նրանց աջակցությամբ գալ իշխանության և օգտագործել այդ իշխանությունը սեփական ծրագրերն իրականացնելու համար: Այսպիսին է քաղաքական պայքարի և քաղաքական կառավարման ալգորիթմը: Մինչդեռ մեր բոլոր ժամանակների ընդդիմադիրները իրենց քաղաքական պայքարի միայն մեկ գերնպատակ են հռչակել` իշխանափոխություն: Ընդ որում, մոտավորապես հետևյալ մեկնաբանությամբ. «Եթե մենք գանք իշխանության՝ ամեն ինչ կշտկվի, միայն թե այս իշխանություններից ազատվենք»։ Այսինքն՝ ընդդիմությունը հասարակությանը առաջարկում է պայքարել ոչ թե հանուն սեփական կյանքը բարելավող գաղափարների իրականացման, այլ ընդդեմ գործող իշխանությունների: Թե՛ մեր, թե՛ օտարների փորձը ցույց է տվել, որ «ընդդեմ պայքարը» քայքայիչ է, կառուցողական չէ և երկարաժամկետ հատվածում ապագա չունի:
-Ի դեպ, որոշ քաղաքական մեկնաբանների պնդմամբ, ներքաղաքական վերջին իրադարձությունները քաղաքական ճգնաժամի հանգեցրին։ Համամիտ եք այդ տեսակետին։
-Նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ նկատի ունեն բոլոր նրանք, ովքեր ներկա քաղաքական իրավիճակը բնութագրում են որպես ճգնաժամ։ Եթե ճգնաժամ ասելով ենթադրում են մեր առօրյա կյանքում առկա դժվարությունների հավաքականությունը, ապա դա ճգնաժամ չի կարող համարվել։ Որպես կանոն ճգնաժամ է բնութագրվում այն իրավիճակը ¥լինի տնտեսական, թե քաղաքական¤, երբ պետական կառավարման գործընթացում քաղաքական որոշումների կայացման և իրականացման գործիքակազմն այլևս չի գործում։ Սակայն մեր պարագայում նման իրավիճակ առկա չէ։ Եթե նույնիսկ մեր այսօրվա վիճակը գնահատենք որպես ճգնաժամային, ապա պետք է նաև նկատել, որ ճգնաժամերն ինքնին, որպես այդպիսին, վտանգ չեն ներկայացնում հանրային օրգանիզմի համար։ Անհամեմատ կարևոր է այն, թե պետական կառավարման համակարգը ունա՞կ է հաղթահարելու այդ ճգնաժամը: Այսինքն՝ հանրային կյանքի կազմակերպման առումով առավել վտանգավոր է ոչ թե ճգնաժամը, այլ դրա հաղթահարման կարողությունների պակասը։ Հետևաբար, եթե անգամ ընդունենք, որ այսօր մեզանում առկա է ճգնաժամ, ապա հիմնական հարցը մեկն է՝ գործող իշխանություններն ունա՞կ են հաղթահարելու այդ ճգնաժամը։ Այո՛, ունակ են, և հստակ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ։ Այն, որ մեզանում բազում խնդիրներ կան կուտակված, որոնք, ի դեպ, կուտակվել են վերջին տասնամյակներում, փաստ է։ Սակայն քննարկվող խնդրի համատեքստում օգտակար է դիտարկել գործող իշխանությունների այն քայլերը, որոնք ուղղված են այդ խնդիրների համակարգային բնույթի լուծումներին։ Օրինակ, միջազգային հեղինակավոր կառույցները մեր իշխանությունների բարեփոխումներ իրականացնելու կարողությունները արդարացիորեն պայմանավորում են հանրային կյանքի առանձին ոլորտներում ստվերի և կոռուպցիոն ռիսկերի կրճատման ուղղությամբ համակարգային փոփոխություններով: Եվ հարց է առաջանում, արդյոք գործող իշխանությունները բռնե՞լ են ժամանակի այդ քննությունը: Ըստ իս, մեծ հաշվով, որոշ ոլորտներում իշխանություններին հաջողվել է կատարել համակարգային այնպիսի փոփոխություններ, որոնք էապես բավարարել են հանրության սպասելիքները այդ ոլորտներում: Մասնավորապես, մեզանում նոտարական ծառայությանը մի հինգ տարի առաջ մարդիկ չէին վստահում, քանի որ ոլորտը ամբողջությամբ թաթախված էր կոռուպցիայի մեջ, օրինակ, մարդը կարող էր զրկվել իր սեփականությունից մեկ այլ անձի և նոտարի ստվերային գործարքի արդյունքում։ Այսօր շնորհիվ այն համակարգային փոփոխության, որն իրականացվեց վերջին տարիներին ոլորտում, ըստ էության, իսպառ վերացվեց կաշառակերության հնարավորությունը նոտարական ծառայության մեջ: Անցած շաբաթ նույն այս համակարգում կառավարությունը որոշում կայացրեց նվազեցնելու նաև վճարների չափը։ Մի շարք այլ ոլորտներում, օրինակ, կադաստրի համակարգում, հարկային մարմիններում, կրթության ոլորտում (բուհական ընդունելության քննությունների մասով), անձնագրային սեղանների համակարգում, մեքենաների գրանցման և վարորդական իրավունքի տրամադրման խնդիրներում, շնորհիվ վերջին տարիներին իրականացված բարեփոխումների կոռուպցիոն ռիսկերը էապես կրճատվել են: Շատ լավ հիշում ենք, թե ինչպես էին փոքր և միջին ձեռնարկատերերը «զզվում» հարկային տեսուչների անհարկի ստուգումներից։ Այսօր շնորհիվ շրջանառության հարկի և արտոնագրային վճարների ներդրման որևէ հարկային տեսուչ անհարկի չի կարող անհանգստացնել և գործնականում չի էլ անհանգստացնում փոքր և միջին ձեռնարկատիրոջը: Եվ եթե ավելացնենք նաև վերջին շրջանում էլեկտրոնային հարկային հաշվետվությունների համակարգի ներդրումը, ապա հարկային վարչարարության «զոհ» դառնալու հավանականությունը էապես նվազել է նաև խոշորների շրջանում: Հետևաբար, կարո՞ղ ենք պնդել, որ իշխանությունները բավականին քայլեր են ձեռնարկել հանրային կյանքը մաշեցնող խնդիրների լուծման ուղղությամբ: Անշուշտ՝ այո՛: Բավարա՞ր են արդյոք այդ քայլերը: Անշուշտ ո՛չ: Բայց մի բան անտարակույս է, և այդ են վկայում բերված բոլորը փաստերը` իշխանությունները ոչ միայն գիտակցում են եղած խնդիրները լուծելու իրենց պատասխանատվությունը, այլև ունակ են լուծելու դրանք: Հետևաբար, բոլոր պնդումները մեզանում առկա ճգնաժամի մասին ոչ այլ ինչ են, եթե ոչ ցանկալին որպես իրականություն ներկայացնելու անհաջող փորձեր:
-Պարոն Հարությունյան, հարկայինի մասով դժվար թե համաձայնեմ Ձեզ հետ, քանի որ այսօր էլ գործարարներն աչք չեն բացում հարկային տեսուչների անընդմեջ այցելություններից, և կարծում եմ, Դուք նույնպես դրա մասին գիտեք, քանի որ գործարարների մեջ կան նաև Ձեր գործընկերները։
-Ես չեմ պնդում, թե չկան դժվարություններ և ամեն ինչ իդեալական է: Ես փաստում եմ, որ եթե անգամ չլուծված խնդիրների հավաքականությունը կոչենք ճգնաժամ, ապա գործող իշխանություններն իրենց կամային հատկություններով և պրոֆեսիոնալիզմով ապացուցել են այդ ճգնաժամի ազդեցությունը, եթե ոչ ամբողջությամբ չեզոքացնելու, ապա առնվազն մեղմելու իրենց ունակությունը։ Հանրային կյանքում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ մի կարևոր դիտարկում ևս, որն ինքս շատ եմ կարևորում, կարևորում են նաև ոչիշխանական ուժերը, սակայն այդ մասին խուսափում են բարձրաձայնելուց:
-Ինչի՞ մասին է խոսքը։
-Խոսքս մեզանում այսօր արդեն սովորական դարձած քաղաքացիական նախաձեռնությունների ազատությունների մասին է: Հարց եմ տալիս՝ Մարտի 1-ը և հետմարտյան զարգացումնե՞րը հանրային կյանքը կանգնեցրին խոր քաղաքական ճգնաժամի առջև: Թվում էր, թե բռնություններն ու ազատությունների սահմանափակումներն անխուսափելի են (համենայն դեպս, այդ է վկայում մեր ոչ վաղ անցյալը): Մինչդեռ իշխանություններին հաջողվեց, դրսևորելով լայնախոհություն և քաղաքական իմաստնություն, հանդուրժողականություն և կամք, հանրային կյանքը զերծ պահել խոր քաղաքական և քաղաքացիական ցնցումներից և աստիճանաբար վերականգնել հանրային կյանքի բնականոն ընթացքը: Ընդգծում եմ՝ այդ ամենը հաջողվեց անել առանց մամուլ փակելու, առանց քաղաքացիական նախաձեռնությունները ճնշելու, առանց այլախոհներին ձերբակալելու և այլն: Մի՞թե սա մեր բոլորի ձեռքբերումը չէ։ Մի՞թե սա մեր հասարակության քաղաքական հասունության ապացույցը չէ: Մի՞թե սա չի վկայում հանրային կյանքը ժողովրդավարական զարգացումների ուղիով առաջ տանելու իշխանությունների անշրջելի քաղաքականության մասին: Կարո՞ղ ենք և պարտավո՞ր ենք արդյոք սա վերագրել իշխանությունների քաղաքական ակտիվին։ Անշուշտ՝ այո՛:
-Իհարկե կարող ենք, բայց դրան զուգահեռ ժողովուրդն ունի սոցիալական լուրջ խնդիրներ, այն է՝ հացի խնդիր։ Եվ երևի թե Ձեր թվարկած բոլոր ձեռքբերումներն այդքան էլ նկատելի չեն սոցիալական խնդիրների ֆոնին։
-Ես համաձայն եմ, որ թեպետ շատ բան արված է, սակայն դա բավարար չէ և, անշուշտ, շատ ու շատ բաներ դեռևս պետք է արվեն: Եթե նույնիսկ հաշվի առնենք ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտների զարգացման, սահմանամերձ շրջանների սոցիալական խնդիրների լուծման, մասնավորապես կոմունալ ծախսերը պետական դոտացիայի հաշվին մարելու ուղղությամբ կատարված կառավարության վերջին շրջանի նախաձեռնությունները, որոնք, անկասկած, լուրջ սոցիալական ծրագրեր են և պետության գերակա խնդիրներն են համարվում, միևնույն է, դեռ անելիքները շատ են և ոչ մեկ կառավարության համար:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ