ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Սա ոչ թե խաղ է, այլ ոճ ու ձև»

«Սա ոչ թե խաղ է, այլ ոճ ու ձև»
06.03.2015 | 00:27

Մամուլը բազմիցս է գրել, որ «Ժառանգություն» խմբակցությունում, ինչպես նաև կուսակցությունում ոչ միայն տարաձայնություններ կան ու չկա միասնական տեսակետ, այլև ամեն մեկն իր քաղաքական վարկանիշը յուրովի է «կերտում»: Տարակարծություն եղավ նաև այս շաբաթ կայացած արտահերթ նիստում, երբ քվեարկության դրվեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքը: Խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և քարտուղար Զարուհի Փոստանջյանը դեմ քվեարկեցին, իսկ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ լրիվ հակառակը` կողմ: Նրանից փորձեցինք պարզել, թե ինչպես է ստացվում, որ նույն խմբակցության անդամները միմյանցից խիստ տարբերվող դիրքորոշում ունեն, ու սա հերթական անգամ չի՞ ապացուցում, որ այդ խմբակցության անդամների «ջրերը» նույն առվով չեն հոսում:
-Խմբակցությունում ընդհանրապես այդ օրենքի հետ կապված քննարկումներ չեն եղել,- ասաց պատգամավորը։- Ես առաջնորդվել եմ իմ սեփական համոզմունքներով, համարելով, որ պետության սիմվոլներն ու ինստիտուտները պիտի հարգել: Այս խնդիրը չպետք է դիտարկել անձնական հարթությունում: Չի կարելի նմանատիպ հարցերին դեմ լինել: Ապագա սերնդին դաստիարակելու, երկրի զարգացման առումով սա կարևոր օրենք է:
-Խոսքը ոչ միայն այս քվեարկության մասին է, այլև ընդհանրապես ի՞նչ է կատարվում «Ժառանգություն» խմբակցությունում: Ակնհայտ է, որ տարաձայնություններ կան, ու խմբակցության յուրաքանչյուր անդամ իր «խաղն» է առաջ տանում:
-«Խաղը» Ձեր ձևակերպումն է: «Ժառանգություն» խմբակցությունում խոսքի ազատությունը միշտ է եղել: Նախկին խմբակցությունում էլ էր այդպես, հիմա էլ: Անցած երկուսուկես տարիների ընթացքում երբևէ որևէ մեկի վրա ճնշում չի եղել: Բոլորս ազատ ենք եղել ու քվեարկել ենք մեր խղճի մտոք և առանց պարտադրանքի: Այնպես որ, մեր խմբակցությունն այդ առումով միշտ է տարբերվել այլ խմբակցություններից: Երկուսուկես տարին այս խմբակցության և հինգ տարին նախորդի ժամանակ բավարար էին հասկանալու, որ սա ոչ թե խաղ է, այլ ոճ ու ձև: Սա ավելի ողջունելի է, քանի որ ցույց է տալիս, որ ամեն մարդ կարող է իր կարծիքով առաջնորդվել: Բոլոր այն սկզբունքային հարցերը, տեսլականը, որոնք եղել են նախընտրական ծրագրում, երբևէ չեն խախտվել ու տարաձայնությունների առիթ չեն դարձել: Այնպես որ «խաղեր» ուրիշ տեղ են տալիս, որտեղ մարդիկ, համաձայն չլինելով, ստիպված «կողմ» են քվեարկում: «Խաղեր» այ այդտեղ ման եկեք, այլ ոչ թե այնտեղ, որտեղ մարդիկ ապացուցել են, որ իրենց քայլերն ազատության, մոտեցման խնդիր են:
-Խմբակցության բոլո՞ր անդամներն են կողմ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռնարկած հրապարակային գործողություններին, իմա` հանրահավաքների անցկացմանը:
-Քանի որ կուսակցական չեմ, էթիկայից ելնելով չեմ կարող Ձեր հարցին պատասխանել: Դիմեք խմբակցության այն երկու անդամներին, որոնք կուսակցական են:
-Ոչկուսակցական, այլ «Ժառանգություն» խմբակցության անդամ, այդ հարցում ո՞րն է Ձեր «ազատ» դիրքորոշումը:
-Մարդը բաց, թափանցիկ բացատրում է իր նպատակները, թե ինչու է նման գործելաոճ ընտրել: Եթե բոլորը կարողանային իրենց անելիքներն այդքան հրապարակային ներկայացնել, մարդկանց հետ շփվելը, հանգիստ քայլելը... Այդպիսի մարդ չկա, որ «բացեր» չունենա: ՈՒրախ կլինեմ, եթե Հայաստանում շատ այդպիսի հրապարակային, թափանցիկ լիդերներ լինեն:
-Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում «կոդազերծեց» նոր ընդդիմությանը: Դուք Ձեզ այդ ընդդիմությունում տեսնո՞ւմ եք:
-Ես ինձ անձամբ այնտեղ չեմ տեսնում: Ես ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ կամ: Այնպիսի միջավայրում, որտեղ նոր քաղաքական մշակույթ է, չի օգտագործվում այն բառապաշարը, որով հիմա խոսում են ընդդիմությունն ու իշխանությունը: Այն մարդկանց կողքին, ովքեր իսկապես ինստիտուցիոնալ են, մտածում են երկրի ապագայի մասին, ոչ թե անձի վրա են սևեռված: Մտածում են այլընտրանքային տեսլականի մասին, որը հաճախ նույնացնում են եվրոպականի հետ ու պիտակավորում, բայց իրականում ճիշտ արժեհամակարգի մասին է խոսքը: Նոր սերնդի մեջ եմ տեսնում, որտեղ չկան այսօրվա պիտակավորված մարդիկ:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ