ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գործարար պատգամավորները «զբաղված» են նաև խորհրդատվությամբ

Գործարար պատգամավորները  «զբաղված» են նաև  խորհրդատվությամբ
03.03.2015 | 00:48

«Շատ ավելի կարևոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել»,- փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի աղմկահարույց նիստում հայտարարել էր Սերժ Սարգսյանը` նկատի ունենալով ԲՀԿ ղեկավար, ՀՀ թիվ 1 օլիգարխ Գագիկ Ծառուկյանին: ՀՀԿ խմբակցությունը ևս զերծ չէ գործարարների «դասից»: ՀՀԿ ղեկավարի ասածը արդյոք չպե՞տք է տարածվի սեփական կուսակցության անդամների վրա, և ԱԺ-ն «մաքրվի» բոլոր գործարարներից, հարցրի ՀՀԿ խմբակցության գործարարներին:

«ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՔ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎԵ՞Լ»

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ


-Այն գործարարները, որոնք զբաղվում են գործարարությամբ, պետք է քաղաքականությամբ չզբաղվեն: Կոնկրետ ես, որ սեփականություն ունեմ, չեմ զբաղվում բիզնեսով: Բիզնեսով զբաղվում են իմ ընտանիքի անդամները, եթե խորհուրդների կարիք լինում է, միայն խորհուրդներ եմ տալիս: Այդ ասածն ինձ չի վերաբերում:
-Ճիշտ չէ՞ր լինի գործընթացը սկսել սեփական կուսակցությունից:
-Հանրապետության նախագահը սկսել է հենց ՀՀԿ խմբակցությունից:
-Այդ ինչպե՞ս:
-Այսօր ՀՀԿ խմբակցությունում ոչ մեկը բիզնեսով չի զբաղվում, դա վստահված է նրանց ընտանիքի անդամներին:
-Ազնիվ լինենք, ի՞նչ կապ ունի, թե ժամանակավորապես այդ բիզնեսներն ում անունով են գրանցված, ակնհայտ է, չէ՞, որ դրանք գործարար պատգամավորինն են, և նա է անձամբ դրանց գլխին կանգնած:
-Խորհուրդ տալը Դուք համարում եք բիզնեսով զբաղվե՞լ: Կոնկրետ բիզնեսով, համոզված եմ, ոչ մեկը չի զբաղվում:
-Ձեր առաջ քաշած «սկզբունքից» ելնելով, ԱԺ-ում ոչ մի գործարար չկա:
-Մյուսների փոխարեն ոչինչ չեմ կարող ասել, իմ մասով միայն կարող եմ հավաստիացնել: Հենց հիմա գնում եմ ագրարային համալսարան` քննություն ընդունելու: Ըստ Ձեզ, պատգամավորը դրա իրավունքը ունի՞, թե՞ ոչ:
-Պատգամավորի այդպիսի գործունեություն նաև օրենքով է թույլատրելի:
-Օրենքով նաև սահմանված է, որ ցանկացած բնագավառում պատգամավորն իրավունք ունի խորհուրդներ տալու:
-Վերադառնանք նախագահի նույն ելույթին` «չմուծված» հարկերի մասով: «Խորհրդով» զբաղվող մյուս գործարարները լիարժեքորեն հարկային դաշտո՞ւմ են աշխատում:
-Երկրորդեմ. այդ հարցում էլ առաջինը սկսել են ՀՀԿ-ից: Այսօր մեր երկրում, անկախ կուսակցական պատկանելությունից, չկա արտոնյալ մարդ: Բոլորը օրենքի առջև հավասար են: Կարող եմ օրինակներ բերել: Եթե ֆինանսների նախարարության կայքը բացեք, կտեսնեք` ո՛ր կազմակերպություններն են տուգանվել, և ովքեր են սեփականատերերը: Համոզված եմ` շատ հանրապետականների կտեսնեք այնտեղ:
-Եթե այդպես է, ընդդիմությունն ինչո՞ւ է մշտապես հակամրցակցային պայմանների, ստվերային բյուջեի, արտոնյալների մասին խոսում:
-Ոչ մեկի լեզվի տակ փուշ չկա: Ով ինչ ուզում է, ասում է: Սա մեր ազգի թերությունն է: Անկախ զբաղեցրած պաշտոնից, եթե մեկը տասը լավ բան է անում, մեկը` վատ, շատերը` ավել-պակաս խոսողները, տասը լավը չեն տեսնում, վերցնում են մեկը և փորձում են զարգացնել դա: Դա կործանարար վարվելակերպ է: Իմ բնավորությունից ելնելով, ես միշտ լավին լավ եմ ասել, վատին` վատ:
-Ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ ԲՀԿ-ից մասսայաբար հեռանում են գործարարները:
-Չեմ ուզում հրապարակել այդ առնչությամբ իմ կարծիքը, բայց կասեմ, որ դա տեսել եմ, երբ ՕԵԿ-ում էի: Ես ոչ մեկի` սկսած ԲՀԿ նախագահից մինչև խմբակցության յուրաքանչյուր անդամի, այդ հարցում չեմ մեղադրում:

«ՄԵՐ ԱՉՔԻ «ԳԵՐԱՆԸ» ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ»

ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ


-Ըստ նախագահի, քաղաքականությամբ պիտի զբաղվեն քաղաքական գործիչները, ասել է` ԱԺ-ում գործարարները տեղ չունե՞ն:
-Ո՞ր գործարարները: Ընդհանուր առմամբ ես համամիտ եմ և շատ եմ կարևորում նախագահի հնչեցրած միտքը, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Բիզնեսմենը` բիզնեսով, քաղաքական գործիչը` քաղաքականությամբ: Մեր անկախ պետականության պատմությունը այնքան էլ երկար չէ, որ այդ ամենը հստակ իր տեղերում լինի: Նոր սերունդ պիտի փոխվի, որ դասակարգումները հստակ լինեն: Մենք, ցավոք, չունենք մարդկանց կոնկրետ խումբ, որոնք քաղաքագիտական կրթություն են ստացել կամ բիզնես գործունեության կանոններն են ուսումնասիրել: Այսօր թատերաբեմում հիմնականում Խորհրդային Միության սերունդն է: Նախագահն ասաց, որ կամաց-կամաց պիտի սկսել և այդ ռելսերի վրա կանգնել:
-Զարգացած երկրներում սովորաբար բիզնես ունեցողն ինքը չի զբաղվում օրենսդիր աշխատանքով, իր ներկայացուցչին է գործուղում օրենսդիր մարմին, որն օժտված է և՛ ինտելեկտով, և՛ օրենսդրական փորձով: Սրա գոնե միտումը մեզանում տեսնո՞ւմ եք:
-Այո, նման միտում կա: Դա միայն մեր երկրի շահերից է բխում: ՈՒզենք-չուզենք, պետք է դրան գնանք: Պետք է ըմբռնումով մոտենալ դրան ու կամաց-կամաց առաջ շարժվել:
-Այն, որ խորհրդարանը պետք է թողնել քաղաքական գործիչներին, կասկածից վեր է, բայց գուցե արժե նաև սեփական աչքի «գերա՞նը» տեսնել:
-Այնպես չէ, որ մեր աչքի «գերանը» չենք տեսնում: Ամեն ինչ էլ լավ տեսնում ենք: Քաղաքական պահ էր, և նախագահը պետք է այդպիսի ելույթ ունենար: Համոզված եմ, որ դա վերաբերում է բոլորին:
-Հայաստանում ընդունված «ավանդույթ» է դարձել, երբ կուսակցության հետ ինչ-որ խնդիր է, լինում, գործարարներն արագ հեռանում են: ԲՀԿ-ում էլ նման իրավիճակ է: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ընդհանուր առմամբ այն, ինչ տեղի է ունենում այդ կուսակցության հետ, ցավալի է: Ցանկացած երկրում ուժեղ ընդդիմությունը հարստություն է, որը իշխանություններին թույլ չի տալիս զգոնությունը կորցնել: Այն զարգացումները, որ տեղի են ունենում ընդդիմադիր դաշտում, մտահոգիչ են:


Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ