«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տունն առանց կողպեքի չի լինում

Տունն առանց կողպեքի չի լինում
03.03.2015 | 00:12

ՈՒ մինչ բոլոր նախագահներով ԲՀԿ-ՄՀԿ են խաղում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը փետրվարի 27-ին նիստ էին հրավիրել՝ Եվրասիական փորձագիտական ակումբի: Թեման էր՝ «Գլոբալ մարտահրավերները և եվրասիական ինտեգրումը»: Նիստն այնքան էլ նիստ չէր, իրականում կլոր սեղան էր երիտասարդ քաղաքագետների և միջազգայնագետների համար, նաև՝ Նորավանքյան ընթերցումներ, որոնց ներկա էին ՌԴ և Ղազախստանի դեսպանատների ներկայացուցիչները (Բելառուսը ԵԱՏՄ-ից «դուրս էր եկել» մի քանի ժամով): Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ելույթներով, կարող են կարդալ soyuzinfo.am կայքում: Ես լսեցի, հետո որոշեցի կարդալ, ասեմ՝ հետաքրքիր է, վիճելի, բայց՝ հետաքրքիր, մարդիկ գործ են անում ու չեն տարփողում, որ իրենք գործ են անում, որ իրենց առաջարկները շատ ավելի գործուն են, քան կառավարության նիստերում առաջարկվող լուծումները, որովհետև այստեղ մտքի ընթացք է՝ ի տարբերություն նպատակահարմարության սկզբունքով կայացվող որոշումների:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հերթական համատեղ միջոցառման մասին չէր ուզում խոսել, համոզեցի ու պատմեց.


-Մեր ընթերցումների ու կլոր սեղանների շարքից «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության հետ համատեղ նիստ է, մի քանի խնդիրներ կան, որ վերաբերում են ԵԱՏՄ-ի անվտանգությանը, հրավիրվել են երիտասարդ վերլուծաբաններ, ուսանողներ Երևանի պետական համալսարանից ու Սլավոնական համալսարանից: ՈՒզում ենք ներկայացնել տեղեկատվական, տնտեսական ու ռազմական անվտանգության ոլորտների մարտահրավերներն ու դիմակայման ճանապարհները:
-ԵԱՏՄ-ում կա՞ տեղեկատվական անվտանգությունն ապահովող որևէ կառույց:
-Որպես այդպիսին, թերևս, ոչ, սակայն ընդհանրական կառույց լինելը պարտադիր չէ, կարևոր է, որ համապատասխան կառույցները, որոնք կոչված են հանրապետություններում ապահովել տեղեկատվական անվտանգությունը, համագործակցեն միմյանց հետ և համադրեն քայլերը: Դյուրին գործ չէ, բայց շատ խնդիրներ կան, որ կապված են կիբեռանվտանգության, տեխնիկական անվտանգության հետ, խիստ կարևոր է տեղեկատվական անվտանգության բովանդակային մասը՝ հասկացությունները, լեքսիկոնը, տեղեկատվական տարածքի իդեոլոգեմները, որոնք ոչ միշտ են ադեկվատ պատկերացում տալիս իրականության մասին:
-ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցը Հայաստանում միանշանակ չընդունվեց, պատճառներից մեկն էլ՝ չբացատրվեց, թե ինչ է ԵԱՏՄ-ն, տեղեկատվական անվտանգությունը առաջին խնդիր չպիտի՞ ունենա հասարակության տեղեկացվածությունը, որը թյուրըմբռնումները կկանխի:
-Տեղեկատվական անվտանգության առաջնային խնդիրն իրազեկումն է, առայսօր և հայկական հանրությունը, նաև ռուսական, բելառուսական, ղազախական, լավ չեն պատկերացնում հեռանկարներն ու հնարավորությունները, մարտահրավերները ԵԱՏՄ-ում: Ավելին՝ երբեմն անգամ միմյանց մասին տարրական իմացություն չկա: Ի՞նչ գիտենք մենք ղազախական հանրության մասին, ի՞նչ՝ բելառուսական: Միայն Ռուսաստանի մասին գիտենք, քանի որ գործում են ռուսական հեռուստաալիքները, հաղորդակցության միակ միջոցը «ՄԻՌ» ընկերությունն է, որ հեռու է այդ բացը լրացնելուց: Սա մեծ բացթողում է: Ընդհանրական հանրությունների իմացության չափն է իջել բոլոր, ոչ միայն հայկական, հանրություններում, որը չի նպաստում տեղեկատվական անվտանգության ապահովմանը, և հաճախ են ի հայտ գալիս ոչ ադեկվատ, աղճատված պատկերացումներ ու գնահատականներ: Լավ հիշելով խորհրդային տարիների քարոզչական պրոպագանդայի ու ագիտացիայի մեթոդները, հիմա ևս պակաս չեն նման մեթոդները, որոնք աղճատում են մարդու գիտակցությունն ու մտածողությունը, սա լուրջ հիմնախնդիր է, որի մասին պետք է խոսվի:
«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ ասաց, որ Եվրասիական փորձագիտական ակումբն աշխատանքի նոր ոլորտ է ուրվագծել:
-Անցած տարվա հոկտեմբերի 10-ից հետո, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ պայմանագրին, որոշակիորեն մեծացավ հասարակության հետաքրքրությունը այս ուղղությամբ և հատկապես նոր տարվանից, երբ պայմանագիրը և կազմակերպությունը սկսեցին գործել: Երիտասարդության շրջանում մեծացել է ԵԱՏՄ թեմայով կուրսային, մագիստրոսական թեզեր, ասպիրանտների շրջանում հոդվածներ և թեզեր գրողների քանակը: Մենք մտադիր ենք այս տարի աշխատել Հայաստանի առաջատար բուհերի գիտնականների, ասպիրանտների, ուսանողների հետ՝ նրանց օգնելու իրենց հետազոտություններում, նրանց համար համագործակցության ճանապարհ բացելու Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում իրենց տարեկիցների ու հետաքրքրությունը կիսողների հետ: Առաջիկայում Մոսկվայում կսկսի լույս տեսնել «Եվրասիական հետազոտություններ» երիտասարդական վերլուծական ամսագիրը, որի առաջին համարում կլինեն նաև Երևանի պետական համալսարանի մի խումբ լավագույն ուսանողներ, որ մասնակցում են մեր կլոր սեղանին: Կարծում եմ՝ տարվա ընթացքում կլինեն Հայաստանից չորս-հինգ երիտասարդների հոդվածներ: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների խորին համոզմամբ՝ առանց մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման տնտեսական ալյանսի հեռանկարը մեծ չէ:
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ասաց, որ ակումբում հաճախ են հավաքվում բուհերի ուսանողները, և նրանց ներկայացվում են տեսական և պրակտիկ դրույթներ, որպեսզի նրանք ճիշտ կողմնորոշվեն այսօրվա բարդ իրավիճակում:
-Որո՞նք են այսօրվա բարդ իրավիճակից դուրս գալու ելքերը:
-Մենք սկզբունքային ելքը գտել ենք՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով, հիմա պետք է օգտագործենք այն ներուժը, որ տալիս է համագործակցությունը, այսինքն՝ զարգացնել տեխնոլոգիական և գիտական արդյունաբերությունը: Այս համակարգաստեղծ ուղղության շուրջ կստեղծվեն այլ տնտեսական ու սոցիալական համակարգեր, որոնք կկերպարանափոխեն պետությունը:
-ԵԱՏՄ տարածքում եղած պրոբլեմները չե՞ն խանգարի:
-Ոչ, աշխատանքն ունի իր առանձնահատկությունները: Այսօր սրվել են աշխարհաքաղաքական ու ռազմաստրատեգիական հարաբերությունները, բայց դա լինելու էր բոլոր դեպքերում, անկախ՝ Ռուսաստանը ինչ դիրք կունենար ՈՒկրաինայի հարցում: Հայաստանը պետք է կողմնորոշվեր այդ իրավիճակում: Ալտերնատիվ կողմնորոշումը շատ ավելի վատ հետևանքների կբերեր, քան այսօրվա կողմնորոշումը: Երբ գլոբալ իրավիճակը վատանում է, առաջին հերթին վատ վիճակում են հայտնվում փոքր երկրները՝ ճիշտ այնպես, ինչպես երբ վատանում է հասարակության վիճակը, առաջին հերթին տուժում է հասարակ ժողովուրդը: Մեծ համակարգերում պատվերները կրկնվում են տարբեր մակարդակներում, դուք կարող եք նույն տեսական դրույթները կիրառել ցանկացած մակարդակի վրա՝ հաշվի առնելով այդ մակարդակների առանձնահատկությունները: ՈՒսումնասիրեք պատմությունը թարմ հայացքով, ոչ թե այն հայացքով, որ 25-30 տարի տեղադրվում է մեր ուղեղներում լիբերալ գաղափարախոսության առաջամարտիկների ձեռքով: Գոյություն ունի աշխարհամակարգային վերլուծության մակրոսոցիոլոգիական տեսությունը, որ հասարակագիտական մակրոտեսություն է և բացատրում է վերջին 500 տարիների աշխարհամակարգի զարգացումները: Երբ մակրոտեսական համակարգում դիտարկում ենք այսօրվա իրողությունները, կարողանում ենք ճշգրիտ համեմատության եզրեր գտնել նախկին փուլերի հետ և տեսնել խորքային պարադիգմաները, որոնք թույլ են տալիս կողմնորոշվել բազմաթիվ փոքր ու միջին գործոնների պատմության մեջ:
Տնտեսագիտության դոկտոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻՆ հարցրի իր ելույթի հիմնաթեման.
-Հակաճգնաժամային միջոցառումների համաձայնությունը ԵԱՏՄ երկրներում: Մենք պետք է տեսնենք, ինչպես է հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունը, հակակոռուպցիոն պայքարը արձագանքում դժվարություններին, որ կան ԵԱՏՄ երկրներում, հատկապես Ռուսաստանում, որի ՀՆԱ-ն ԵԱՏՄ երկրների մոտ 85 տոկոսն է, ուստի ՌԴ-ում տեղի ունեցող գործընթացները գերակշռող ազդեցություն ունեն մյուս երկրների վրա:
-Կոնկրետ ի՞նչ ցուցանիշներ նկատի ունեք:
-Ինչպես արձագանքել ՀՆԱ-ի անկմանը, գործազրկությանը, դրամի տատանումներին և այլն: Այդ դեպքերում քայլերը պետք է լինեն համաձայնեցված: Ռուսաստանն ունի մշակված ծրագիր՝ ներմուծմանը փոխարինող արտադրանքների խրախուսումը, աջակցությունը արտահանմանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, պաշտպանական արդյունաբերության զարգացումը, բյուջետային ծախսերի օպտիմալացումը, խոցելի խավերի փոխհատուցումը:
-ԵԱՏՄ անդամ չորս երկրները տնտեսական տարբեր վիճակներում են, ելնելով ազգային տնտեսության առանձնահատկություններից՝ Ձեր թվարկած ծրագրերը կարո՞ղ են ընդհանուր լինել և բարձր օգտակար գործողության գործակից ունենալ:
-Մենք իհարկե պետք է հաշվի առնենք Հայաստանի յուրահատկությունները, առայժմ տեսնում ենք շահութահարկերի էապես նվազեցումը այն արտադրողների համար, որոնք զբաղվում են արտահանմամբ: Մենք պետք է համաձայնեցնենք մեր դրամավարկային քաղաքականությունները, դա հիմա առանցքային հարց է դարձել: Դրամավարկաին իրավիճակը չորս երկրներում տարբեր է, մեզ մոտ փոխարժեքը նվազեց 18 %, Ռուսաստանում՝ գրեթե 70 %, Բելառուսում՝ 50 %, Ղազախստանում՝ 20 %, այս իրավիճակում արտահանման և ներմուծման պայմանները միանգամից փոխվում են: Հիմա ձեռնտու է դարձել հումք ներմուծել Ռուսաստանից, բայց դժվարացել է պատրաստի արտադրանքը արտահանել, իսկ մեզ համար առաջնային է արտահանումը, որը կազմում է ՀՆԱ-ի 15 %-ը, իսկ զարգացման համար պետք է գերազանցի 30 %-ը: Իհարկե, ԵԱՏՄ պայմանագրի չորրորդ հոդվածն ասում է, որ պետք է համաձայնեցնել դրամավարկային քաղաքականությունը, գնաճը չպետք է գերազանցի 5 %-ը, գնաճն ու փոխարժեքի փոփոխությունը պիտի համապատասխանեն, մենք փողայնացման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, բոլոր երկրներում դրամի սով է: Մենք ուշադրություն ենք դարձնում գնաճին, բայց ոչ փողայնացման մակարդակին՝ ՀՆԱ-ի հետ հարաբերած դրամի ծավալին, որ Հայաստանում 40 %-ից քիչ է: Նույնը վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին՝ Հայաստանը վարում է թանկ փողերի քաղաքականություն, և համարվում է, որ բարձր տոկոսադրույքը կարող է հակազդել գնաճին և փոխարժեքի փոփոխությանը, բայց այդպես չէ՝ հատկապես այն երկրներում, որտեղ մեծ դեր ունի ներմուծումը, և երկրից դուրս ծավալվող գործընթացներն անմիջապես ազդում են երկրի վրա: Շատ կարևոր է, թե զարգացման ինչ սցենար ես ընտրում՝ տնտեսությունը զարգացնել բանկերի, գրանտների ու տրանսֆերտների հաշվի՞ն, թե՞ վերափոխել տնտեսությունը, պատրաստի արտադրանք արտահանել: Վերջին դեպքում պետք է ինտեգրվել այն երկրներին, որտեղ կա պատրաստի արտադրանքի սպառում: Հայաստանը գնում է երկրորդ ճանապարհով, մենք ունենք արտադրական մեծ ռեզերվ և պետք է համաձայնության գանք առաջին հերթին Ռուսաստանի հետ այդ հարցում:
Ակումբի ևս մեկ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պետք է ներկայացներ ԵԱՏՄ երկրների ռազմական անվտանգության ապահովման վերաբերյալ իր նկատառումները: Նա կարծում է, որ տունն առանց կողպեքի չի կարող լինել:
-ԵԱՏՄ տարածքի ռազմական անվտանգությունն ապահովում է միայն ՀԱ՞ՊԿ-ը:
-Անվտանգության ապահովման միջոցը ՀԱՊԿ-ն է և դա միայն ռազմական անվտանգությունը չէ, կան շատ գործոններ՝ տնտեսությունը, տեղեկատվական անվտանգությունը: Թույլ տնտեսությունը չի կարող հզոր բանակ ապահովել: Հիմնական երաշխավորը, իհարկե, ՀԱՊԿ-ն է:
-Հայաստանի համար է՞լ է այդպես:
-Իհարկե: ՀԱՊԿ-ը գործում է մի քանի ուղղություններով և հիմնվում է պետական բանակի ուժի վրա: Կովկասյան ուղղությամբ գործում է հայ-ռուսական ռազմական խմբավորումը, որն ունի զինված ուժերի համատեղ պլան, միացյալ հակաօդային պաշտպանություն, արագ արձագանքման խմբեր:
-Ո՞ր պայմաններում կարող են գործել արագ արձագանքման խմբերը:
-ՀԱՊԿ պայմանագիրը և խմբերը գործում են միայն ագրեսիայի դեպքում, չորրորդ հոդվածում գրված է, որ կազմակերպությունը գործում է, եթե իր անդամ պետության նկատմամբ ագրեսիա է կատարվել:
-Ագրեսիայի սահմանումը ո՞րն է: Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները տեղավորվո՞ւմ են այդ շրջագծում:
-Ագրեսիան վաղուց և հստակ սահմանված է՝ երբ մի պետության զինված ուժերը հարձակվում և գրավում են մեկ այլ պետության տարածքները: Մենք ունենք միջադեպեր, որոնք կանխում է մեր բանակը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քանիցս ասել է, որ մեր ուժերը բավարար են միջադեպերը կանխելու համար, նույնիսկ ոչ բանակի, այլ՝ մարտական ծառայություն իրականացնող ուժերը:
Մեր լրատվամիջոցները այդ հարցը միշտ են տալիս՝ չգիտակցելով, որ ագրեսիան հստակ տարբերակվում է միջադեպից:
-ՀԱՊԿ-ը չունի՞ կանխարգելիչ ֆունկցիա:
-Եթե մենք 25 տարի չունենք պատերազմ, դա նաև ՀԱՊԿ-ի համակարգում գտնվելու արդյունք է: Ամեն ինչ հասկանալով՝ Ադրբեջանը չի սկսում պատերազմ: Եթե հարցնեք՝ ինչքան է լայնածավալ պատերազմի հավանականությունը, կասեմ՝ գրեթե զրո: Բացառել չի կարելի, որովհետև կան պետության ղեկավարներ, որ որոշումներ են կայացնում հակատրամաբանության մեջ, ուստի զգոնությունը չի կարելի կորցնել: Ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում թույլ չի տալիս Ադրբեջանին պատերազմ սկսել, և Բաքուն շատ լավ դա գիտակցում է:
-Դա գիտակցո՞ւմ է Թուրքիան՝ իբրև Ադրբեջանի բնական դաշնակից, երբ պարբերաբար գոնե մեկ շրջան հանձնելու կոչեր է անում:
-Մեկ-երկու կամ երեք շրջան հանձնելը նշանակում է փոխել ուժերի հավասարակշռությունը: Մենք շփման գիծը երկու անգամ պիտի ավելացնենք, եթե հրետանին այսօր չի կարող ռմբակոծել կենտրոնները՝ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանակերտ, որևէ շրջան հանձնելիս մոտենում է շփման գիծը և ծանր հրետանու կրակը կարող է հասնել այդ կենտրոններ: Պատերազմի ժամանակ մշակված ռազմավարություն է եղել՝ ուր գնալ, ինչ հեռավորությամբ՝ անվտանգությունը պահելու համար: Բացի բալանսը փոխելը, մենք կկորցնենք ճակատային ճանապարհները, որոնք ապահովում են զորքերի արագ տեղաշարժը, կապը Հայաստանի հետ: Այդ ամեն ինչից կտրված՝ խոսել շրջան հանձնելու մասին քաղաքական հայտարարություն է, որ բխում է իրենց շահերից: Հարցը պետք է լուծել փաթեթային:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ես մի քանի ժամ ևս անցկացրի «Նորավանք» հիմնադրամում և բազում մանրամասներ իմացա տեղեկատվական, տնտեսական ու ռազմական անվտանգության մասին: Ոչ բոլոր դրույթների հետ համաձայն լինելով և միայն ԵԱՏՄ-ում չտեսնելով նշված ու չնշված խնդիրների լուծումը, վստահ եմ, որ Եվրասիական փորձագիտական ակումբը ուսանողներին նոր քննարկումների հնարավորություն կտա, իսկ ինձ՝ տետատետ հարցազրույցների:

Դիտվել է՝ 1515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ