«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հնչած բոլոր գնահատականները համարում եմ տեղին և համարժեք»

«ՀՀԿ խորհրդի վերջին նիստում  հնչած բոլոր գնահատականները  համարում եմ տեղին և համարժեք»
20.02.2015 | 00:28

Հայաստանյան քաղաքական դաշտը նորից վերադարձավ նախկին հուն: «Եվ գայլերն են կուշտ, և ոչխարներն առողջ» տրամաբանությամբ բոլորը վերստին զբաղեցրին իրենց տեղերը: Սակայն հարաբերությունները, բնականաբար, առաջվա պես չեն լինի: Արդյունքում հասարակությունը մի քանի սերիայով ներկայացման ականատես եղավ, որը «դերակատարների» համար «երջանիկ» ավարտ ունեցավ: «Ի վերջո, ի՞նչ կատարվեց, ինչպիսի՞ն է իրավիճակի Ձեր գնահատականը»,- հարցրի ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՆ:

-Ոչ մի ներկայացում էլ չկա,- վստահեցրեց տիկին Աճեմյանը:- Պարզապես ՀՀԿ նախագահը կանխեց որոշակի բացասական երևույթներ, որոնք կարող էին լինել: Կարծում եմ, հիմա հանրահավաքների, հակասահմանադրական կոչերի ժամանակը չէ: Համախմբման ժամանակն է: Առջևում ցեղասպանության 100-րդ տարելիցն է, որի շրջանակներում ծրագրեր պետք է իրականացվեն: Մենք սահմաններ պահելու, անվտանգության հարցեր ունենք: Ներքին ջլատումը, իրար դեմ պայքարը մեզ միայն թուլացնում են ու ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու: ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հնչած բոլոր գնահատականները համարում եմ տեղին և համարժեք: Այսպիսի լուծում էլ պետք է լիներ: Ինչ վերաբերում է հաշտեցմանը, բազմիցս ասվել է, որ հանրապետության նախագահը կողմ է համագործակցությանը, կոալիցիոն կառավարությանը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ որոշ գործիչներ կամ գերագնահատում են իրենց ուժերը, կամ չեն հասկանում այն պատասխանատվությունը, որ իրենց ուսերին կա:
-ՀՀԿ խորհրդի նիստից հետո Ձեր շատ կուսակիցներ սկսեցին նախագահի ելույթի «մոտիվներով» քննադատել Գագիկ Ծառուկյանին: Այս հաշտեցումից հետո նրանք անհարմար վիճակի մեջ չե՞ն հայտնվելու:
-Նախ` յուրաքանչյուր գործիչ պիտի հասկանա, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ: Հետագայում, կարծում եմ, նախագահի հնչեցրած դրույթներն ի կատար են ածվելու, և որոշակի իմաստով Հայաստանի խորհրդարանական հարթակում քաղաքականությունը փոխվելու է:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Դատելով նաև ԲՀԿ ղեկավարի վերջին հայտարարությունից, այդ կուսակցությունում որոշակի փոփոխություններ տեղի կունենան:
-Քաղաքական պատերազմն ավարտվեց, փողոց դուրս գալու «ցանկությունները» մարեցին: Այսուհետ քաղաքական զարգացումները ո՞ր «հարթակ» են տեղափոխվելու:
-Կուզենայի բոլոր զարգացումներն ի սկզբանե քաղաքական բանավեճի շրջանակում լինեին: ՀՀԿ-ն այս առումով միշտ էլ լսելու քայլեր է արել, բաց է եղել բոլոր տեսակի քննարկումների համար: Երբևէ մեջքով շուռ չի եկել որևէ ուժի: Այսինքն, քաղաքական բանակցությունների առումով ՀՀԿ-ն միշտ պատրաստ է եղել, հիմա էլ է այդպես: Ցնցումներից, վտանգներից, հասարակությանը ջլատող երևույթներից մենք միշտ պիտի խուսափենք: Անկախ նրանից` ընդդիմադիր, թե իշխանական կուսակցության լիդեր ես, պետք է այս հանգամանքը միշտ գիտակցես: Դրական եմ գնահատում, որ սա, ի վերջո, հասկացան:
-Եթե պատկերացնենք՝ ինչ-որ պահի ԲՀԿ-ն ցանկություն է հայտնում ՀՀԿ-ի հետ համագործակցելու կոալիցիայի շրջանակներում, ինչպե՞ս կվարվի ՀՀԿ-ն։
-Դա քաղաքական որոշում է, և կուսակցությունը պետք է որոշի: Իսկ իմ անձնական կարծիքով, քաղաքականության մեջ ոչինչ չես կարող բացառել: Ականատես ենք եղել՝ ինչպես են տարբեր քաղաքական ուժեր և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական կոալիցիայում իրենց մասնակցությունն ունեցել: Այսինքն, փոխվում են քաղաքական իրավիճակները, ու ամեն ինչ հնարավոր է դառնում: Այս պահին չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել, քանի որ կուսակցությունում նման քննարկում չի եղել: Բայց որ բոլոր ուժերի հետ էլ կարելի է համագործակցության եզրեր գտնել, երբեք չեմ բացառում:
-Ենթադրենք, ԲՀԿ-ն կոալիցիա կազմելու ցանկություն հայտնեց, ՀՀԿ-ին չե՞ն կաշկանդելու ավելի վաղ իր արած հայտարարություններն այդ կուսակցության նախագահի հասցեին:
-Նույն այդ խորհրդի ժամանակ ԲՀԿ քաղաքական ուժի հասցեին այլ գնահատականներ էլ են հնչել: Այսինքն, որ այնտեղ կան բանիմաց, խելացի գործիչներ: Ընթացքը ցույց կտա քաղաքական երկխոսությունների ճակատագիրը: Այսուհանդերձ, կարծում եմ` հանրապետության նախագահի կողմից կոշտ քայլ պետք էր, պարտադիր էր, որը միայն դրական լուծումների կբերի:
-ԲՀԿ-ում կարծում են, որ իրենց հանդեպ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հետապնդում իրականացվեց:
-Նրանք սխալ են այդ հարցում, որովհետև քաղաքական հետապնդման փորձ անգամ չի եղել: Ամեն ինչ եղել է օրենքի սահմանում: Երբ քաղաքական ուժը, գործիչը քայլեր են անում, անպայման պետք է հետևանքների մասին մտածեն: Եթե գնում ես մի ճանապարհով, որը չգիտես քեզ ուր է տանում, ավելի լավ է այդ ճանապարհով ընդհանրապես չթեքվես:


Զրույցը`

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ