ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ռուսաստանում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունները միավորում են ջանքերը

Ռուսաստանում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունները միավորում են ջանքերը
20.02.2015 | 00:21

Օրերս հայտարարվեց «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես» համառուսաստանյան հայկական երիտասարդական կազմակերպության ստեղծման մասին։ Ի՞նչ նպատակներ, խնդիրներ ունի նորաստեղծ այս կառույցը։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք համաժողովի մասնակից, Յարոսլավլի պետական բժշկական համալսարանի ասպիրանտ ԶԱՔԱՐ ԽՈՋԱԲԱՂՅԱՆԻ հետ։


-Փետրվարի 7-8-ին Մոսկվայում անցկացված համաժողովում հայտարարվեց «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես» համառուսաստանյան հայկական երիտասարդական կազմակերպության ստեղծման մասին։ Ովքե՞ր էին նախաձեռնողները, համաժողովի մասնակիցները։
-Ռուսաստանյան երիտասարդության համատեղ աշխատանքի համար նման հարթակ ստեղծելու գաղափարը տրամաբանական էր։ Նախաձեռնությունը ռուսաստանյան իրականության մեջ գործող մի քանի երիտասարդական կառույցներինն էր, որոնց մեջ առանցքային դերակատարում ունի Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան, որի ղեկավարը ներկայումս Անդրանիկ Հովսեփյանն է։ Համաժողովին հրավիրված էին ռուսաստանյան շրջանների համայնքների երիտասարդական կառույցների և Ռուսաստանում գործող հայկական երիտասարդական այլ կառույցների ղեկավարներ։ Մեծ թվով երիտասարդական կառույցներ (Պոդոլսկ, Պերմ, Եկատերինբուրգ, Ռոստով, Պյատիգորսկ, Կրասնոդար, Կրասնոյարսկ, Ղրիմ, Յալթա, Ստավրոպոլ, Սոչի, Վորոնեժ, Իժևսկ,Կալինինգրադ, Նովոսիբիրսկ...) արձագանքել էին հրավերին և ներկա էին հիմնադիր համաժողովին (կային և գաղափարակիցներ, որոնք տեխնիկական պատճառներով ներկա չէին հիմնադիր համաժողովին), որտեղ, ըստ էության, հաստատվեց «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես» գաղափարի իրականություն լինելու փաստը։ Երկրորդ օրվա հանդիսավոր նիստին հրավիրված էին նաև Ռուսաստանում գործող հայկական կառույցների ղեկավարներ, նշանավոր հայեր։
-Ինչո՞ւ է նման կառույց ստեղծելու անհրաժեշտություն առաջացել։
-Ռուսաստանը, լինելով մեծ և բազմազգ երկիր, առնչվում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են ներազգային համերաշխությունը և համատեղ արդյունավետ աշխատանքը։ Ներկայումս Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր, բնականաբար, հայկական ներկայությունը ենթադրում է որոշակի գործունեություն, ուստի տրամաբանական է, որ ակտիվ զանգվածը գերազանցապես երիտասարդներն են, ովքեր ստեղծում են լոկալ երիտասարդական կառույցներ կամ ընդգրկվում գոյություն ունեցողների մեջ։ Տրամաբանությունը ենթադրում է, որ սեփական շրջանում կայանալուց հետո ցանկացած առողջ կառույց ձգտում է չսահմանափակել իր գործունեության շրջանակը և իր փորձով օգնել ընդհանուր գործին ծառայող նման կառույցների կայացմանը։ Խոշորացման գործընթացը բնական պրոցես է։ Այս կառույցը, ըստ էության, դառնում է այն հարթակը, որը հնարավորություն է ստեղծում ռուսաստանյան հայկական երիտասարդական կազմակերպությունների համար` միավորելու ջանքերն ընդհանուր գործի շուրջ։
-Ի՞նչ նպատակ ունի համառուսաստանյան այս կազմակերպության ստեղծումը և ի՞նչ խնդիրներ է լուծելու։
-Կառույցը եզակի է նրանով, որ, ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նրա կառավարումը «վարից վեր» սկզբունքով է կատարվում։ Այսինքն, ինչպես և մարդկային օրգանիզմում, ծայրային օղակներից ստացված խնդիրներն առաջարկված սխեմայով դրվում են ղեկավար օղակի առջև, որի առաջադրանքն է իր ձեռքի տակ եղած լծակներով լուծել դրանք։ Կառույցի հիմնական առաջադրանքները, բնականաբար, ուղղված են հայապահպանությանը, հայ երիտասարդության բազմակողմանի զարգացմանը, կայացմանը, առաջխաղացմանը և ինտեգրմանը ռուսաստանյան իրականության մեջ։
-Ո՞վ է ղեկավարելու «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը»։ Ի՞նչ կառուցվածք է ունենալու այն։ Հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցություն լինելո՞ւ է։
-Ինչպես արդեն նշեցի, կառույցի կառավարման առանձնահատկությունը նրա «վարից վեր» ղեկավարման սխեման է։ Ռուսաստանի շրջաններում գործող հայկական համայնքների երիտասարդական կառույցներն ընտրում են իրենց ներկայացուցիչներին, որոնք դառնում են կառույցի խորհրդի անդամներ։ Խորհուրդն է կառույցի հիմնական ղեկավար կազմը, որն էլ քննում է առկա խնդիրները, տալիս է դրանց կատարման հաջորդականության առաջնահերթությունը, հետևում դրանց կատարմանը և այլն։ Խորհուրդն ընտրում է ներկայացուցիչ, ով ձևավորում է կատարող օղակը, որն էլ տեղական շրջանային կառույցների հետ համատեղ զբաղվում է խնդիրների լուծմամբ։ Կառույցն ունի նաև հոգաբարձուների խորհուրդ, որի անդամների ընտրության հարցում նույնպես որոշիչ է կառավարող խորհրդի որոշումը։ Առաջին հիմնադիր համաժողովին ներկա կառույցները ներկայումս կառավարման խորհրդի անդամներ են, ովքեր միաձայն բաց քվեարկությամբ ներկայացուցիչ ընտրեցին Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ղեկավար Անդրանիկ Հովսեփյանին, ում, ըստ էության, պատկանում է կառույցի կայացման գործում ներդրած ջանքերի առյուծի բաժինը։ Կառույցը համաժողովի երկրորդ օրվա օրակարգում ներառել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներին ռուսաստանյան հայկական երիտասարդական կառույցների մասնակցության հարցը։ Առաջարկվեց և որոշվեց ընդհանուր ծրագրեր իրականացնել, վերահաստատվեց նոյեմբերի 8-ին Նովոսիբիրսկում համառուսաստանյան հայ երիտասարդության ֆորումում ընդունված միջոցառումների ծրագիրը, որը որոշակիորեն հարստացվեց լրացուցիչ առաջարկներով։ Կառույցի հիմնական ջանքերը, իհարկե, ուղղված կլինեն Ռուսաստանում գործող հայկական երիտասարդական կառույցների հետ աշխատանքին, բայց տրամաբանական է, որ հայկական և ոչ մի կառույց չի կարող կապ չունենալ Հայաստանի հետ։ Իհարկե, «Ռուսաստանի հայ երիտասարդական կոնգրեսը» բաց է գաղափարակից բոլոր կառույցների հետ համատեղ աշխատանքի համար։ Կարծում եմ՝ շուտով կլինի կառույցի կողմից ձևակերպված պաշտոնական հայտարարությունը, որն ավելի մանրամասն կտեղեկացնի ամեն ինչի մասին։ Արդեն իսկ գործարկվել է կազմակերպության համացանցային էջը, որը, սակայն, դեռ կատարելագործման ընթացքի մեջ է։ Ցանկացողները կարող են այցելել՝ kamr.am:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ