ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Սա այն ճանապարհն է, որով գնացել ենք ու շարունակում ենք գնալ»

«Սա այն ճանապարհն է, որով գնացել ենք ու շարունակում ենք գնալ»
16.02.2015 | 17:07

Փետրվարի 12-ին՝ Հայաստանում Լատվիայի դեսպանատան և Գլոբալիազացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած «Լատվիայի նախագահությունը ԵՄ-ում և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը», «ԵՄ խորհրդում Լատվիայի նախագահության գերակայությունները և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» թեմայով քննարկմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ: Հավարտ քննարկումների «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանին, ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանին տվեցի նույն հարցը. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանից չի հեռանալու, դա քաղաքակա՞ն հայտարարություն էր, թե՞ ապագայի քաղաքականություն»:

Խաչատուր ՔՈՔՈԲԵԼՅԱՆ.
-Վստահ եմ, որ դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև ամրագրվելու է քաղաքականությամբ, ոչ միայն ԵՄ-ի, այլև Արևմուտքի կողմից: Եթե հետևեք վերջին 10-15 օրվա մեսիջներին թե ԱՄՆ-ից, թե ԵՄ-ից, ակնհայտ է, որ Արևմուտքը հասկանում է՝ այն ընտրությունը, որ Հայաստանը կատարել է ԵԱՏՄ-ին անդամակցելով, պարտադրված որոշում էր: Բոլորն էլ պատկերացնում են, որ մենք ունեցել ենք նաև անվտանգության խնդիրներ, այսօր էլ ունենք, և վստահ եմ, որ ինտենսիվ աշխատանք է սկսվելու այդ ուղղությամբ: Որքան էլ նշեն, ելնելով քաղաքական ընդհանուր ձևակերպումներից, որ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը նույն հարթության մեջ են Արևելյան գործընկերության շրջանակներում, մասնավոր զրույցներից, այլ հայտարարություններից պարզ է, որ իրենք էլ շատ լավ պատկերացնում են, որ ակնհայտ տարբերություններ կան: Հայաստանը, եթե ոչ երկու, առնվազն մեկ քայլ առաջ է:
-Հայաստանը դա գիտակցում և օգտագործո՞ւմ է:
-Ցավոք, հնարավորություն չտրվեց, որ ՀՀ քաղաքացիները մասնակցեն դիսկուսիային, թե ինչ է տալու ԵԱՏՄ և ինչ է տալու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը՝ Խոր, համապարփակ ու ազատ առևտրի համաձայնագրով: Դիտարկել, որ մեծամասնությունը կողմնակից է եղել ԵԱՏՄ անդամակցությանը, ճիշտ չէ: Որպես ՀՀ քաղաքացի՝ վստահորեն կարող եմ պնդել, որ ՀՀ քաղաքացու համար արևմտյան արժեհամակարգը, արևմտյան կառավարման մոդելը, մարդու իրավունքների արժեհամակարգերը միանշանակ և ընդունելի են, և ՀՀ քաղաքացիները ձգտում են դրան՝ զուտ որպես ապրելակերպ:


Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆ
-Ես կարծում եմ, որ սա ընդհանուր տեսակետ է, և չեմ կարծում, որ այս հարցերում նրանք խոր վերլուծություններ ու համոզմունքներ ունենալուց հետո են նման հայտարարություններ անում: Շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա բազմաբևեռ կապերը պահպանել և զարգացնել: Այս քննարկումը շատ լավ նախաձեռնություն է՝ դիվանագետների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների ներկայությամբ, անկաշկանդ միջավայրում, երբ կարող են տալ հետաքրքրող հարցերն ու ստանալ սպառիչ պատասխաններ: Այս ձևաչափով հարաբերություններում մենք պիտի կարողանանք այն դիվիդենդները հավաքել, կապերը ստեղծել, որ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ, թե տարածաշրջանում, թե հայ-թուրքական հարցերում, թե ՀՀ-ԵՄ փոխգործակցության մեջ կարողանանք շահող դուրս գալ: Այս ամեն ինչով հանդերձ՝ մենք մեր հիմնական դաշնակից ՌԴ-ի հետ մեր փոխհարաբերությունները չվատացնելու ճանապարհով պիտի գնանք:
-Տրայան Հրիստեան ասաց, որ ԵՄ խնդիրը ՌԴ-ի հետ պատերազմելը չէ և փորձում են համագործակցության հարթակը վերականգնել, դա մեզ ի՞նչ կտա:
-Մենք պիտի կարողանանք այդ փոխգործակցությամբ օգտակար լինել մեր երկրին, մեր երկրի քաղաքացիներին:
-Նկատի ունեք և/և-ը:
-Եվ/և-ի, կամ/կամ-ի ձևաչափերը բազմիցս հնչել են, ես շատ ուրախ եմ, որ եվրոպացի մեր գործընկերները, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կարողանում են սթափ գիտակցել Հայաստանի աշխարհագրական դիրքը, ստեղծված իրավիճակը, քաղաքական փոխհարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված և կարողանում են այդ ամենին ըմբռնումով վերաբերվել: Մենք այդ ամենը պիտի կարողանանք գրագետ կազմակերպել:


Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
-Ես կարծում եմ՝ առաջին հերթին քաղաքականություն է, և երկրորդ հերթին, իհարկե, քաղաքական հայտարարություն, բայց չեմ կարծում, որ Տրայան Հրիստեան նորություն է ասում: Մենք էլ գիտեինք, իրենք էլ գիտեին, երբ սեպտեմբերի երեքին հայտարարվեց Հայաստանի տնտեսական և անվտանգության հարցերով կողմնորոշման մասին: Այդ ժամանակից գիտեինք, որ ԵՄ-ն չի գնա Հայաստանից և մենք չենք էլ ուզում, որ ԵՄ-ն գնա մեր երկրից: Երբ հայտարարվեց ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին, բերվեցին բոլոր այն փաստարկները և բացատրությունները, թե ինչու երկրի ղեկավարությունը նման որոշում կայացրեց, եվրոպական արժեհամակարգին վերաբերող մյուս հարցերում մեր կողմնորոշումը դեպի ԵՄ է: Եվրոպական արժեհամակարգը այլընտրանք չունի՝ այդ մասին նաև ՀՀ նախագահն ասաց Վիլնյուսի գագաթնաժողովում: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց մենք կողմ ենք ամբողջ աշխարհում բոլոր ժողովուրդների ու բոլոր երկրների, առաջին հերթին ԵՄ անդամ երկրների հետ, սերտ համագործակցության, բարեկամական հարաբերությունների: Այն արժեհամակարգը, որ այսօր ունի ԵՄ-ն, մեզ շատ անհրաժեշտ է և մարդու իրավունքների, և ժողովրդավարության, և կոռուպցիայի դեմ պայքարի, և փոքր ու միջին ձեռներեցության զարգացման, և կառավարման տարբեր օղակներում եվրոպական համակարգի ներդրման ոլորտներում: Դեսպան Տրայան Հրիստեայի հայտարարությունը բացարձակ նորություն չեմ համարում, սա այն ճանապարհն է, որով գնացել ենք ու շարունակում ենք գնալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ