«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Փետրվարի 13-ի ուրբաթը Գագիկ Ծառուկյանի հետ չար կատակ խաղաց

Փետրվարի 13-ի ուրբաթը Գագիկ Ծառուկյանի հետ չար կատակ խաղաց
14.02.2015 | 13:30

«Ինչպե՞ս կամփոփեիք փետրվարի 13-ի ուրբաթը Հայաստանի համար: Սատանայի օրը ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահի խոսքից ու այսօր ԲՀԿ նախագահի պատասխանից հետո կայացա՞վ, թե՞ սնահավատներն են միայն վախենում 13-ի և ուրբաթի համընկնումից»՝ հարցրի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին:

-Սնահավատ չեմ ու ոչ 13-ից, ոչ ուրբաթից վախենալու իմաստը չեմ հասկանում: Օրը իրոք դժվար էր, բայց ի վերջո՝ սովորական օր էր: Տրամաբանական էր, որ ԲՀԿ-ն պետք է սեփական ուժերի զորահավաք աներ, որից հետո գուցե պատասխաներ: Զորահավաքին ոմանք չներկայացան, բայց պատասխանը հնչեց:
-Դուք այդ տոնով և այդ բովանդակությամբ պատասխան սպասո՞ւմ էիք:
-Ես ընդհանրապես կարծում եմ, որ պատասխանը պարտադիր չէր նախ, և հետո՝ ավելի ճիշտ կլիներ պաուզա վերցնել զարգացումները պարզելու համար, ոչ թե հուզական ու չհիմնավորված ելույթ ունենալ, թեկուզ գրագետ շարադրված: Առավել ևս՝ անթույլատրելի եմ համարում Գագիկ Ծառուկյանի բնորոշումներն ու կոչերը: Նա շարունակում է ինքնախաբեությամբ զբաղվել, եթե կարծում է, որ ժողովուրդը սպասում է իր խոսքին ու քայլերին: Նույնիսկ ոչ դասական իմաստով քաղաքական գործիչը որևէ պարագայում պարտավոր է նախ մտածել պետության, հետո քաղաքականության, հետո սեփական շահի մասին: Գագիկ Ծառուկյանի համար հակառակ սանդղակն է գործում:
-Բայց նա ներկայացնում է կոնկրետ մեղադրանքներ:
-Ոչ, կոնկրետ մեղադրանքներ նա չի ներկայացնում ու չի կարող ներկայացնել: Այն, ինչ Դուք անվանում եք կոնկրետ մեղադրանք, պատճենում է նրա տարբեր ելույթներից, որոնք հնչել են համագումարում, խորհրդաժողովում, հանրահավաքում:
-Իսկ առաջարկնե՞րը, այդ թվում՝ նախագահի պաշտոնի:
-Ի՞նչ տարօրինակ բան կա, որ խորհրդարանում քաղաքական երկրորդ ուժի ղեկավարին համագործակցության առաջարկներ են արվում, տարօրինակ կլիներ, եթե չարվեին: Նախագահի պաշտոնը ոչ առաջարկվում է, ոչ նշանակվում, ոչ ի ծնե տրվում: Նախագահը Հայաստանում ընտրվում է, ի տարբերություն այլ երկրների, որտեղ նախագահին ընտրում է խորհրդարանը, Հայաստանում ընտրում է ժողովուրդը: Եվ իրականությունը դա է: Գագիկ Ծառուկյանը սխալմամբ համարում է, որ ՀՀ նախագահի ելույթն անձամբ իրեն էր վերաբերում ու ծրագրված պատերազմ էր հայտարարում: Գագիկ Ծառուկյանը իրենով չի փակում Հայաստանի քաղաքական դաշտը, խոսքը քաղաքական դաշտում քաղաքական մշակույթի հաստատման անհրաժեշտության մասին է՝ ոչ պատերազմի, ոչ էլ առավել ևս մարտահրավերի: Դեպի ի՞նչ հաղթանակ է գնում ԲՀԿ նախագահը, ո՞ւմ է հաղթելու ու ինչպե՞ս է հաղթելու: Որևէ մեկի վիրավորված ինքնասիրությունը չի կարող արտահերթ նախագահական ընտրությունների պատճառ դառնալ, չկան արտահերթ ընտրական գործընթացների նախադրյալներ: Ես իսկապես ուրախ եմ, որ ԲՀԿ-ն իր համախոհ ուժերի հետ երկու-երեք օրվա դադար է վերցրել՝ խորհրդակցելու ու քայլերը ճշտելու համար: Կրկնում եմ, որ այդ դադարից հետո պետք է հնչեր նրա խոսքը, ոչ թե մինչև խորհրդակցելն ու լավ կշռադատելը սեփական քայլերը:
-Ինչո՞ւ երկրորդ նախագահը Կիևից արագ վերադարձավ Երևան:
-Պիտի մնար Կիևո՞ւմ: Ես որևէ արտառոց բան չեմ տեսնում նրանում, որ Գագիկ Ծառուկյանը նաև նրա հետ խորհրդակցի, ինչո՞ւ ոչ, համատեղ ճանապարհ անցած մարդիկ միշտ էլ կարող են միմյանց ճիշտ ուղղորդել:
-Հավանակա՞ն է, որ Գագիկ Ծառուկյանը կորցնի ԲՀԿ-ն ու գտնի Ռոբերտ Քոչարյանը:
-ԲՀԿ-ն ոչ մանրադրամ է, ոչ էլ թանկարժեք իր, որ ինչ-որ մեկը կորցնի, ինչ-որ մեկը գտնի: Քաղաքական ուժը ինքն է որոշում իր ծրագիրը ու գործունեության ուղղությունը: Եթե ԲՀԿ-ն որոշում է երկիրը վտանգել իր արկածախնդրությամբ ու, ինչպես Գագիկ Ծառուկյանն է ասում՝ ամբողջ ժողովրդին փողոց հանել, ինքն էլ պիտի պատասխան տա այդ ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ ամբողջ ժողովրդի անունից խոսելը ուժից ծանր հանձնառություն է ու, բացի արկածախնդրությունից, վկայում է նաև սթափ մտածողության անկարողություն:
-Այսինքն՝ Դուք համարում եք, որ Գագիկ Ծառուկյանի «կյանքի ամենամեծ գործը»՝ «չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը» արկածախնդրությո՞ւն է։
-Թերևս իրոք փետրվարի 13-ի ուրբաթը Գագիկ Ծառուկյանի հետ չար կատակ խաղաց:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ